Գրքեր
Աքաաբը բարկանո՞ւմ է Եղիա մարգարեի խոսքերի պատճառով:

Այո՛, բարկանում է, սակայն վախենալով մարգարեին որևէ վնաս չի կարողանում հասցնել: Քանի որ թագավորին ծանր է թվում նրա հրամանով Կարմեղոս լեռան մոտ ամբողջ ժողովրդին և Բահաղի սուտ մարգարեներին (որոնք Հեզաբելի պաշտպանության ներքո էին) հավաքելը, ուստի չի ցանկանում կատարել սույն հրամանը, և այս է պատճառ, որ սովը  վեց ամսից ավելի է տևում, քանի որ երրորդ տարվա ավարտին պետք է անձրևեր, սակայն հետաձգվում է ևս վեց ամիս (Ղուկ. Դ:25):

Պարզ է, որ առանց Եղիայի հրամանը կատարելու անձրև չէր գալու, և  Աքաաբը Իսրայելի ժողովրդին և սուտ մարգարեներին ճարահատյալ հրավիրում է` վերոհիշյալ լեռան մոտ հավաքվելու: Եղիան, որն արդեն իսկ այնտեղ էր, ժողովրդին իր մոտ կանչելով, ասում է. «Մինչև ե՞րբ երկու կողմի հակամետ պիտի լինեք, Ո՞վ է զորությունների Տերը, Նրան պաշտե՛ք» (Գ Թագ. 18:21): Ժողովուրդը լռում է, քանի որ շատերը չէին ընդունել կուռքերի զորավոր լինելը, սակայն Աքաաբից  երկյուղելով լռում են, ուստի Եղիան որոշում է բացահայտ հրաշքով ամբողջ ժողովրդին համոզել, որ կռապաշտությունից հեռու մնան, որն իսրայելացիներին ամեն կերպ վնասակար և վտանգավոր է:

Արդ, քանի որ Աստծու մարգարեներից միայն ինքը՝ Եղիան էր ներկա, և սուտ մարգարեները 850 հոգի էին, այս է պատճառը, որ ժողովրդին առաջարկում է երկու եզ բերել, և սուտ մարգարեները այդ եզներից որը  ցանկանան, կտրտելով փայտերի վրա թող դնեն, իսկ ինքը մյուսը կտրտելով փայտի վրա կդնի առանց կրակի. նրանք թող իրենց աստվածների անունը կարդան, իսկ ինքն իր Աստծու անունը կկանչի, և Որը  երկնքից կրակ տա, Նա է Աստված: Երբ ժողովուրդն ընդունում է Եղիայի սույն առաջարկը, վերջինս Բահաղի սուտ մարգարեներին ասում է. «Դուք մեծաթիվ եք. առաջինը դո´ւք սկսեք»: Արդարև, նրանք վերոհիշյալ եղանակով ամեն ինչ պատրաստելուց հետո սկսում են Բահաղին օգնության կանչել` ասելով. «Լսի´ր մեզ, ո՛վ Բահաղ, լսի՛ր ծառաներիդ»:

Սակայն երբ առավոտից մինչ կեսօր նրանց` սեղանի մոտ պտտվելուց հետո ոչ մի նշան չի լինում, Եղիան, նրանց ծաղրելով, ասում է. «Բարձրաձա´յն աղոթեք, որովհետև աստված է, միգուցե զբոսանքի է դուրս եկել կամ գուցե քնած է, թող արթնանա»: Թեև Եղիայի խոսքերը վիրավորական էին, այդուհանդերձ, նրանք ոչ միայն սկսում են բարձրաձայն աղոթել, այլև իրենց սովորության համաձայն` նիզակներով իրենց մարմինները վիրավորելով` ամեն մեկն  այդ արյունաշաղախ, ողբալի վիճակում սուտ-սուտ մարգարեություններ է անում:

Հարկ է նկատել հիշյալ սուտ մարգարեների ծայրահեղ անմտությունը: Որովհետև օրն արդեն ավարտվել էր,  երեկո էր, ու թեպետ դեռևս Բահաղից որևէ զորություն չէին տեսել, բայց և այնպես նրանք, շարունակ սեղանի շուրջը պտտվելով, բարձրաձայն աղաղակում էին, որից էլ մի կողմից, հոգեմաշ վիճակի հասնելով, չէին ցանկանում խոստովանել իրենց անկարողությունը, իսկ մյուս կողմից, ժողովրդի առջև խայտառակված և նշավակված, դեռևս սպասում էին, դեռևս հույս ունեին անշունչ և անզգա կուռքից որևէ զորության նշան գտնելու:

Այդ ժամանակ Եղիա մարգարեն նշան է անում, որ դադարեցնեն իրենց անմիտ գործողությունները, որոնցով իզուր չարչարում են իրենց անձերը, և Իսրայելի ժողովրդին հրավիրում է, որ իրեն մոտենան, ապա Աստծու կործանված սեղանը վերականգնում է տասներկու քարերով`  Իսրայելի տասներկու ցեղերի անուններով (Գ Թագ. 18:30) և սեղանի շուրջը ջուր լցնելու համար փոսեր է փորել տալիս, փայտը ու ողջակեզը դնելով` երեք անգամ չորսական սափոր ջուր  է լցնել տալիս դրանց վրա, այնպես որ փայտերի և ողջակեզի վրայով ջուրը առատապես թափվելով` փոսերը ջրով  են լցվում:

Ապա Եղիայի առ Աստված ջերմեռանդորեն աղոթելուն պես, իսկույն հրաշքով երկնքից կրակ իջնելով, փայտն ու ողջակեզը այրելուց և մոխրի վերածելուց բացի, ջրով լցված փոսերն էլ չորացնում է և հողն էլ այրելով` այնտեղ խոնավության հետք էլ չի թողնում: Ժողովուրդը, սույն բացահայտ հրաշքը տեսնելով, երեսնիվայր ընկած նորից ու նորից խոստովանում է, որ ճշմարտապես Նա է Աստված, Ով ամեն ինչի Տերն է, այսինքն` Եղիայի Աստվածը, Ով երկնքի և երկրի Արարիչն է (Գ Թագ. 18:39):

Այստեղ անհնար է նկարագրել Բահաղ կուռքի մարգարեների թշվառ վիճակը. որովհետև Եղիան անմիջապես հրամայում է նրանց բոլորին բռնել, այնպես որ ոչ մեկը չի կարողանում փախչել, և Կարմեղոս լեռան մոտ գտնվող Գիսոնի ձորում առանց բացառության բոլորին կոտորել է տալիս: Եղիան բոլոր սուտ մարգարեներին այսպես կոտորելուց հետո Աքաաբին ասում է. «Գնա՛, հա՛ց կեր, քանի որ անձևը մոտենում է»: Երբ Աքաաբը ճաշելու համար իր վրանն է գնում, Եղիան բարձրանում է լեռան գագաթը և այնտեղ, դեմքը երկու ծնկների միջև դրած, գետնամած աղոթում է Աստծուն:

Մարգարեն, այս վիճակում աղոթելով, իր մոտ գտնվող պատանուն պատվիրում է ուղիղ դեպի ծովը նայել` տեսնելու, թե արդյոք ամպ երևում է, և երբ պատանին վերադառնալով ասում է, որ չկա, պատվիրում է յոթ անգամ գնալ և նայել, և ինքը շարունակում է աղոթել: Հետո, երբ հորիզոնում մարդկային ձեռքի նմանությամբ մի ամպ է երևում (Գ Թագ. 18:44), պատանու միջոցով լուր է ուղարկում Աքաաբին` ասելով. «Կառքդ լծի´ր, հնարավոր է, որ անձրևի տակ մնաս»: Աքաաբը շտապում է՝ կառքով հեռանալու, և ահա շատ չանցած` ամպերը փակում են երկինքը, և քամի փչելով` սաստիկ անձրև է գալիս:

Աքաաբը, տեսնելով անձրևը, մինչև Հեզրայել արտասվում է: Եղիան թեպետ ոտքով էր գնում, սակայն Աստծու զորությամբ Աքաաբից առաջ արդեն Հեզրայելում էր (Գ Թագ. 18:46): Ահա այսպես, ինչպես վերը հիշատակվել է, Աստված, գթալով Իսրայելի ժողովրդին, ցանկանում է անձրև տալ, սակայն քանի որ Եղիա մարգարեն արգելել էր անձրևը, ուստի նրա աղոթքով էլ բարեհաճում է անձրև տալ, որպեսզի փառավորի Իր հավատարիմ ծառային, և ամեն մարդ էլ հասկանա նրա պատիվը, հնազանդությամբ հետևելով տրված պատիրաններին և նրա նման հավատարմությամբ Աստծուն ծառայելով` պատժից զերծ մնա:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․