Գրքեր
Ո՞վ է հաջորդում Հուդայի թագավոր Հովասին:

Նրա Ամասիա որդին, որը թեև թագավորելիս հակված չի լինում կռապաշտության, սակայն նրա սիրտը կատարելապես ուղիղ չէր, քանի որ բարձրադիր վայրերի սեղանները չի կործանում: Սա, մի քիչ զորանալով, բռնում և սպանում է այն մարդկանց, որոնք սպանել էին Հովասին` իր հորը (տե՛ս ԿԸ  հարցը):

Դավթի ժամանակներից` եդովմացի կռապաշտները ենթարկվում էին Հուդայի թագավորին, ապա ապստամբում են (տե´ս ԽԶ հարցը): Այս է պատճառը, որ Ամասիան ցանկանում է նորից իրեն ենթարկել այդ ազգը: Հրամայում է հաշվառել իր հպատակների մեջ  քսան տարեկանից մեծ բոլոր երիտասարդներին, և թեև երեք հարյուր հազար մարդ է հավաքվում, սակայն այդ քանակը քիչ համարելով` հարյուր հազար էլ Իսրայելից է բերել տալիս:

Սակայն Աստծու մարգարեներից մեկը, գալով Ամասիայի մոտ, հայտնում է, որ Իսրայելի զորքը նրանց հետ պատերազմելու չպիտի գնա, քանի որ Տերը նրանց հետ չէ, և որ հաղթանակը կամ պարտությունը ոչ թե զորքի բազմությունից է, այլ Աստծուց (Բ Մնաց. 25:8): Սակայն թագավորը, որ արդեն վճարել էր այդքան զորքին, հարցնում է մարգարեին. «Ուրեմն այդքան գումարն ի՞նչ պիտի լինի»: Մարգարեն պատասխանում է. «Աստված դրանից շատ կտա քեզ»: Ամասիան հնազանդվելով իսրայելացիների զորքը հետ է ուղարկում:

Սրանք, սաստիկ բարկացած, վերադառնալիս Հուդայի երկրին շատ վնասներ պատճառելուց բացի, սպանում են նաև երեք հազար մարդու: Իսկ Ամասիան, միայն իր մարդկանցով հարձակվելով եդովմացիների վրա, տասը հազար մարդ է սպանում և տասը հազարին էլ մի բարձր ժայռից քարընկեց անում:

Այո՛, Ամասիան, հնազանդվելով Աստծու մարգարեի խոսքին, մեծ հաղթանակ է տանում եդովմացիների նկատմամբ, որոնց իրեն է ենթարկում և շատ մեծ ավարով և ուրախությամբ Երուսաղեմ վերադառնում, սակայն եդովմացիների կուռքերը հետը բերելով` սկսում է անմտաբար  երկրպագել և զոհեր մատուցել` որպես աստվածների:

Վերոհիշյալի այս անօրեն արարքի համար բարկանալով` Աստված ցանկանում է պատժել նրան, սակայն նախ` ցանկանում է մարգարե ուղարկել, որ նրա զորավոր ներգործությամբ զղջա և չար ճանապարհից հետ դառնա: Մարգարեն գալով թագավորին հայտնում է. «Ինչո՞ւ ծառայեցիր եդովմացիների կուռքերին, որոնք իրենց ժողովրդին չկարողացան ազատել քո ձեռքից», մոլորյալ արքան պատասխանում է. «Քեզ խորհրդատո՞ւ են կարգել ինձ, զգուշացի՛ր, եթե ոչ, քեզ կչարչարեմ»: Մարգարեն թեև չի ցանկանում այլևս խոսել, սակայն իմանալով, որ նա կպատժվի, միայն ասում է. «Քանի որ չանսացիր իմ խրատին, գիտեմ, որ Տերը կպատժի քեզ»:

Դու Ամասիայի թշվառ դրությո´ւնը տես. որովհետև եդովմացիների նկատմամբ տարած հաղթանակը նրան հպարտացրել էր, մանավանդ Տիրոջ մարգարեի խոսքերը չլսելով` արժանի էր պատժի: Այն ժամանակ Իսրայելի թագավորին՝ Հովասին, լուր է ուղարկում, որ ցանկանում է պատերազմել նրա դեմ, որպեսզի վերոհիշյալ երեք հազար մարդկանց վրեժը լուծի:

Սակայն պարզ էր, որ պատերազմի շարժառիթը դա չէր, այլ նրա անմիտ փառասիրությունը և հպարտությունը: Հովասը, ցանկանալով մի առակով նրան խրատել, որ սա իր չափը ճանաչի, ասում է. «Դաշտի փուշը, ցանկացավ Լիբանանի եղևնափայտի աղջկան իրեն հարս բերել, և անապատի գազաններն անցնելով ոտնակոխ արեցին նրան»:

Սույն առակով Հովասը Ամասիային նմանեցնում է դաշտի փշի, և իրեն` լեռնային եղևնափայտի, ինչպես նաև իսրայելացիների զորքը` հոշոտող գազանների, սրանով ցանկանալով ցույց տալ ոչ միայն նրա տկարությունը, այլև նրա ուսերին ծանրացնելով պատերազմի ահավոր չարիքների պատասխանատվությունը: Հովասը, Հուդայի տան ավերումն էլ նրա աչքի առջև դնելով, անխոհեմ թագավորին նախազգուշացնում է, որ չվրդովի երկու ժողովուրդների խաղաղությունը և իր իսկ անձնական հանգիստը:

Սակայն Ամասիան, որը Աստծուց հեռացած լինելու համար պիտի պատժվեր Հովասի ձեռքով (Բ Մնաց. 25:20), չի համաձայնում նրա հորդորական առաջարկներին, և երկու բանակները Բեթսամյուս կոչվող վայրում պատերազմում են: Ամասիան հաղթվելով գերի է ընկնում Հովասի ձեռքը, որը նրան Երուսաղեմ է բերում և քաղաքի պարսպից չորս հարյուր կանգուն քանդելուց և տաճարի ու արքունիքի ամբողջ ոսկյա և արծաթյա իրերն ու հարստությունը կողոպտելուց հետո Ամասիայի ծառաներին որպես պատանդ Սամարիա է տանում, որպեսզի նա իրեն միշտ հնազանդ լինի: Պատանդ տարվածների հայրերը կամ մայրերը կռապաշտներ էին (Բ Մնաց. 25:24):

Այնուհետև իսրայելացիների թագավոր Հովասը մահանում և թաղվում է Սամարիայում: Թեև նրա մահից հետո Ամասիան տասնհինգ տարի էլ է ապրում, սակայն նրա օրինազանց վարքի պատճառով զորքը ցանկանում է սպանել նրան: Նա, անկարող նրանց զսպելու, վախից Լաքիս քաղաք է փախչում, սակայն դարձյալ չի կարողանում ազատվել նրանցից: Քանի որ նրա հետևից մարդ ուղարկելով` Լաքիսում սպանում են և մարմինը Երուսաղեմ բերելով` թաղում:

Խրա´տ ընդունիր Ամասիայի սույն եղերական վախճանից, որը թեև Երուսաղեմում թագավորում է քսանինը տարի, սակայն աստվածային օրենքներին հակառակ կյանք ունենալով` անչափ թշվառ մահանում:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․