Գրքեր
Ո՞վ է հաջորդում Հուդայի Ոզիա թագավորին:

Նրա Հովաթամ որդին: Սա ևս, թեև հնազանդ էր Աստծուն, սակայն չի ոչնչացնում բարձրադիր վայրերում կառուցված սեղանները, որ օրենքին հակառակ էին: Հովաթամը կառուցում է Ոփղա աշտարակը, որը տաճարի արևելյան դռան և Երուսաղեմի պարսպի վրա էր գտնվում: Այս թագավորը, կառուցելու սեր ունենալով, բազմաթիվ դղյակներ և աշտարակներ է կառուցում ու անտառներ տնկում: Պատերազմում է ամոնացի կռապաշտների դեմ և հաղթում  նրանց, և ամոնացիների թագավորը պարտավորվում է, տարին տասը հազարական քոռ (1 քոռ = 12,4 կգ) ցորեն և գարի տալուց բացի, երեք տարի էլ բազում մթերքներ մատակարարել:

Հովաթամը տասնվեց տարի թագավորելուց հետո մահանում է և թաղվում Երուսաղեմում: Նրան հաջորդում է որդին՝ Աքազը, որն այնքան չար է լինում, որ իր անօրինություններով և անզգամ վարքով գերազանցում է իրեն նախորդած և կռապաշտության հակված Հուդայի բոլոր թագավորներին: Ասորիների և Իսրայելի բոլոր կուռքերը բերում է Երուսաղեմ և պաշտում, ու ամբողջ Հուդայի երկիրը վարակվում է այդ մոլորությամբ:

Նա, ըստ կռապաշտների սովորության, զոհեր էր մատուցում Երուսաղեմի մոտ` Ձիթենյաց լեռան ստորոտում գտնվող Բեննում անունը կրող վայրում, բարձր բլուրների վրա և անտառներում, և ի պատիվ կուռքերի` իր որդուն կրակի միջով է անցկացնում` որպես թե կուռքին նվեր, ուստի Աստված բարկանում է, և ասորիների Ռասոն թագավորը և Իսրայելի Փակեե արքան միավորվելով հարձակվում են նրա վրա, քանի որ Աքազը նրանց կուռքերն է պաշտում, ուստի Աստված էլ ցանկանում է նրանց ձեռքով պատժել ամբարիշտ թագավորին: Նախ` ասորիները ահագին զորքով հարձակվում են Աքազի վրա և սաստիկ հարվածներ հասցնում ու շատ գերիների տանում Դամասկոս, ապա` Իսրայելի թագավորը հարձակվելով Աքազի զորքից մի օրում հարյուր քսան հազար մարդ է կոտորում: Այս պատերազմում զոհվում են Հուդայի թագավորի որդին` Ամասիասը, և պալատական երկու մեծանուն իշխան: Սրանցից բացի` գերեվարվում է երեք հարյուր հազար մարդ:

Դու Աստծու ողորմությո´ւնը տես. թեև Աքազի վրա բարկանալով` պատժում է նրա ժողովըրդին, սակայն նաև գթալով` ցանկանում է այդ բոլոր մարդկանց ազատել գերությունից: Ուստի այդ  նպատակով Ովդեդ անունով մի մարգարե Տիրոջ հրամանով դուրս է գալիս իսրայելացիների զորքին ընդառաջ և նրանց հրամանատարների հետ այսպես խոսում. «Աստված նրանց վրա բարկացած լինելու պատճառով դուք կարողացաք հաղթել նրանց, կոտորել և տկարներին գերեվարել, այժմ նրանց բա´ց թողեք, եթե չթողնեք, Տիրոջ բարկությունը ձեզ վրա կլինի»:

Մարգարեի խոսքից ոչ միայն նրանք են համոզվում, այլև մյուսներին էլ համոզելով` բոլորը միասին,  գերիներին գթալով, ազատ են արձակում: Սրանից բացի` մերկ գերիներին իրենց ավարից հագուստ են տալիս և կերակրելուց հետո քայլելու կարողություն չունեցողներին, գրաստների նստեցնելով, տանում են Հուդայի թագավորության Երիքով քաղաք, որպեսզի այնտեղից ամեն մեկն իր տուն վերադառնա: Թեև Աստծու ողորմությամբ գերիներն այս անգամ ազատվում են, սակայն քիչ հետո կռապաշտ եդովմացիները և այլ կռապաշտներ, հարձակվելով Աքազի վրա, շատ քաղաքներ ավերելուց բացի, ժողովրդին էլ գերեվարում են:

Այստեղ հարկ է ուշադիր լինել. Աքազի մեղքի պատճառով ժողովուրդն է պատժվում (Բ Մնաց. 28:19): Արդարև, Աստված այդ չար թագավորի դեմ թշնամիներ է ուղարկում, որ արդարությունն իրագործվի, և Աքազը զղջա ու ապաշխարի: Սակայն վերոհիշյալ Ռասոն և Փակեե թագավորները, կարծելով, որ իրենց անձնական կարողությամբ են հաղթել և պատժել Աքազին, հպարտանում են և Աստծու կամքից դուրս, թշնամական դիտավորությամբ խորհում Աքազին գահընկեց անել և նրա փոխարեն Տաբելի որդի կոչվող մեկին թագավորեցնել:

Այս նպատակով որոշում են ահագին բազմությամբ հարձակվել Երուսաղեմի վրա: Աքազը, իմանալով նրանց դիտավորությունը, մեծ մտատանջության և սրտաբեկության է  մատնվում, քանի որ նրանց դիմակայելու զորություն չի ունենում, մանավանդ Աստծուն ուրացած լինելով` Նրանից օգնություն ստանալու հույսն ամբողջովին կորցրել էր: Ուստի ասորիների Թգլատպալասարի թագավորին խնդրում է, որ գա և իրեն ազատի իր երկու ահեղ թշնամիներից: Դու Աստծու ողորմությա´նը նայիր. թեև Աքազը հաղթանակի համար աղոթքով Աստծուն չի դիմում, սակայն Աստված նրան իր զորությունը և ողորմությունը ցույց տալու համար Եսայի մարգարեին է ուղարկում, որպեսզի Աքազը չվախենա և քաջալերվի և Թգլատպալասարի օգնության վրա էլ հույս չդնի, քանի որ Նա կարող է արգելել թշնամուն, որ չկարողանա գործադրել իր չար մտադրությունը (Ես. 7, 8):

 Հիրավի, վերոհիշյալ Ռասոն և Փակեե թագավորները արշավում են Երուսաղեմ, բայց անկարող պատերազմելու` ամոթով հետ դառնում (Դ Թագ. 16:5): Իսկ Աքազը, մարգարեի պատգամը չընդունելով, ժողովում է տաճարի, պալատի, ինչպես նաև իր պալատականների տների ամբողջ ոսկին և արծաթը և Թգլատպալասարին ուղարկելով` աղաչում, որ իրեն ազատի թշնամուց և ստորանում`  իրեն նրա որդի և ծառա կոչելով:

Ուստի Ասորեստանի թագավորը, Իսրայել երկրի վրա հարձակվելով, բազմաթիվ քաղաքներ է գրավում և, նրանց բնակիչներին Ասորեստանի քաղաքներ տանելով, այնտեղ է բնակեցնում (Ա Մնաց. 5:26): Հետո Դամասկոս  է արշավում, որը գրավելով կողոպտում է, սպանում  Ռասոն թագավորին և քաղաքի բնակիչներին Կյուրեն տանելով` բնակեցնում:

Այդ ժամանակ Ովսեե անունով մեկը, սպանելով Իսրայելի Փակեե թագավորին, նրա փոխարեն  է թագավորում (Դ Թագ. 15: 30): Այսպիսով, Աքազի թշնամիները մահանալով` նա ազատվում է նրանց բռնություններից, սակայն Աստծուն շնորհակալություն հայտնելու փոխարեն նա անձամբ Դամասկոս է գնում` Թգլատպալասարին շնորհակալություն հայտնելու:

Դրանից բացի` Դամասկոսում կուռքերի սեղանները տեսնելով` դրանց գծագրերը Ուրիա քահանային է ուղարկում, որպեսզի նույն գծագրերով տաճարում մի սեղան կառուցել տա: Արքայական սույն հրամանին  համապատասխան` սեղան է կառուցվում: Թեև Աքազը շատ դրամ էր տվել Թգլատպալասարին, սակայն սա, ահագին զորքով նրա երկիր մտնելով, առանց թշնամության հասկացնում է Աքազին, որ այդքանը բավական չէ, ուստի Աքազը շատ նեղություն է կրում, և նրա ամբողջ ծախսը հոգալուց բացի` պարտավորվում է բավարարել նրա ցանկությունը և հետ ուղարկել:

Աքազը, Դամասկոսից հետ վերադառնալով, տաճարում կառուցված սեղանի վրա սկսում է կռապաշտներին հատուկ արարողակարգով զոհեր մատուցել և Ուրիային ևս կարգադրում զոհաբերությունները նույն սեղանի վրա անել: Տաճարի հարդարանքը կամ կահկարասին, որ Սողոմոնի օրոք էին պատրաստվել, սկսում է իր ցանկությամբ փոխել: Աքազը նույնիսկ համարձակվում է փակել տաճարի դռները, և Երուսաղեմի բոլոր անկյուններում կուռքերին նվիրված սեղաններ կանգնեցնել, այնպես որ ժողովուրդը, դա տեսնելով, բոլոր քաղաքներում կուռքեր պաշտելու  սովորությունն ընդհանրացնում է:

Դու Աքազի թանձր հիմարությո՛ւնը տես. նա ուրանում է Աստծուն, Աստված էլ նրան կռապաշտների ձեռքով է պատժում, որպեսզի ուղղվի, սակայն նա, կարծելով` կուռքերն են իրեն պատժում, և ավելի ջերմեռանդորեն է  հարում կռապաշտությանը նրանց չարիքից զերծ լինելու համար: Զարմանալին այն է, որ ինչքան օգնության հույսը դրանց հետ է կապում, այնքան չարիքն ավելանում է, մինչև որ չարագույն վիճակում թշվառ ձևով մահանում է, և թագավորների գերեզմանում թաղվելու փոխարեն մի այլ վայրում թաղվում:

 
 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․