Գրքեր
Քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելով՝ Հիսուսն ինչո՞ւ փորձվեց սատանայից:

Ցույց տալու համար, որ կատարյալ մարդ է: Հիրավի, ինչպես վերևում հիշատակվեց, նրա աստվածությունը հայտնի դարձավ, բայց կամենում էր, որ նաև հայտնի դառնա, թե ինքը կատարյալ մարդ է: Այդ պատճառով, երբ քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց, սատանան մարդկային կերպարանքով եկավ, որպեսզի փորձելով իմանա, թե նա ո՛վ է: Թեպետև նրա ծննդյան ժամանակ տեղի ունեցած հրաշքների և մոգերի՝ երկրպագության գալու նշանավոր դեպքի մասին խորհելով՝ կասկածեց, թե նա է թերևս սպասվող Մեսիան, սակայն Հերովդեսից վախենալու պատճառով Եգիպտոս փախչելուց և վերադառնալուց հետո մինչև երեսուն տարեկան հասակը իբրև մի հասարակ և աննշան մարդ Նազարեթ քաղաքում բնակվելու փաստը Աստծու հակառակորդին դարձյալ մտածել տվեց, թե նա մի սովորական մարդ է:

Այդպես էլ կասկածել սկսեց նրա մկրտության ժամանակ պատահած հրաշքներին, բայց երբ քառասնօրյա ծոմապահությունից հետո սովածացավ, կարծեց, թե Մովսեսի և Եղիայի նման մի սուրբ մարդ է, քանի որ նրանք ևս քառասնօրյա ծոմ էին պահել: Ուստի Հիսուսին մոտենալով՝ համարձակորեն ասաց. «Եթե Աստծու որդին ես, այս քարերին հրամայի՛ր, որ հաց դառնան»:

Ուշադրությո՛ւն դարձրու, որ անիծյալ սատանան, ինչպես որ կերակուրի պատճառով դրախտից մարդու արտաքսվելու պատճառ եղավ, այս անգամ ևս այդ նույն շարժառիթն օգտագործեց: Բայց Հիսուսը, Սուրբ Գրքից վկայություն բերելով, պատասխանում է. «Գրված է, որ մարդը միայն հացով չի ապրում, այլ Աստծու բերանից ելած խոսքերով»: Թեև այս պատասխանի պատճառով խայտառակվելով՝ սատանան նպատակին չհասավ, բայց ուրիշ խորամանկության դիմելով՝ ուզում է նրան տաճար տանելով կրկին փորձել: Հիսուսը համաձայնում է նրա հետ գնալ, որպեսզի  նորից խայտառակի նրան: Երբ միասին եկան, և նա տաճարի աշտարակի վրա կանգնեց, սատանան ասաց Հիսուսին. «Եթե Աստծու որդին ես, այստեղից ցա՛ծ նետվիր, քանի որ քո մասին գրված է, թե հրեշտակները ձեռքերի վրա պետք է պահեն քեզ, որպեսզի ոտքդ քարին չխփվի»:

Տե՛ս, որովհետև առաջին փորձում Հիսուսը Սուրբ Գրքից պատասխանեց, այդ պատճառով այս անգամ սատանան ինքն էլ Սուրբ Գրքի խոսքն առաջ բերեց:Երբ Հիսուսը կրկին Սուրբ Գրքի վկայությամբ է պատասխանում, թե՝ «Գրված է, որ քո Տեր Աստծուն չփորձես», սատանան դարձյալ պապանձվում է և չի կարողանում պատասխանել: Այսուհանդերձ, դարձյալ հանգիստ չմնալով՝ նրան տանում է մի բարձր լեռան գագաթ, որպեսզի կրկին փորձի: Այնտեղ բոլոր թագավորությունները և նրանց փառքն ու ճոխությունները Հիսուսին ցույց տալով՝ վստահաբար ասում է. «Այս ամենը քեզ կտամ, եթե ինձ երկրպագես»:

Նայի՛ր անիծյալ սատանայի ճարահատ և խեղճ վիճակին. նենգության և հպարտության պատճառով հենց ուզեց միայն Աստծուն հատուկ պատիվն իրեն հատկացնել, Հիսուսը վճռաբար և սաստումով պատասխանեց. «Կորի՛ր մոտիցս, սատանա՛, քանի որ գրված է, թե քո Տեր Աստծուն միայն երկրպագես և միայն նրան պաշտես»:

Արդարև, Հիսուսն առաջին փորձի ժամանակ իմացավ, թե նա ով է, բայց մինչև այս պահը այնպես էր պատասխանում, իբր չի ճանաչում: Այս անգամ, երբ  Հիսուսը հայտնում է, թե սատանա է, և նրա նենգությունը բացահայտվում է, նա արդեն հուսահատված՝ ամոթահար հեռանում է Հիսուսի ներկայությունից, քանի որ անկարող էր եղել իմանալու, որ նա Աստծու Որդին է:

Թեպետև Հիսուսը որևէ կերպ կարող էր սատանային հաղթել և նվաճել նրան, սակայն իր կատարյալ մարդկությունը հայտնելու համար հանձն առավ երեք անգամ փորձվել, և այդպես հաղթել բանսարկու թշնամուն: Եվ ապա հրեշտակները գալիս, կերակուր են պատրաստում և ծառայում են նրան: Այստեղից Հիսուսը գնաց Գալիլեայի կողմը:

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․