Գրքեր
Հիշյալ Անդրեասն ու նրա ընկերն ի՞նչ խոսեցին Հիսուսի հետ:

Թեպետև նրա խոսակցությունը գրված չէ, բայց հայտնի է, որ նրա քաղցր խոսքերը լսելով՝ հավատացին: Որովհետև Անդրեասը  իր եղբայր Սիմոնին հետո ասաց՝ «Գտանք Մեսիային», և նրան տարավ Հիսուսի մոտ, որը, նրան տեսնելով, ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու Կեփաս պետք է կոչվես, որ Պետրոս է նշանակում»: Այնժամ Պետրոսը հավատում է նրան: Հաջորդ օրը, երբ Հիսուսը նորից Գալիլեա է գնում, գտնում է Փիլիպոսին, որը Պետրոսի և Անդրեասի համաքաղաքացին էր, այսինքն՝ Բեթսայիդա կոչված տեղից: Եվ երբ Հիսուսը, կամենալով, որ նա իրեն աշակերտի, ասում է՝ «Ե՛կ իմ հետևից», նա իսկույն հետևում է նրան:

Հիրավի, մեծ շնորհ է մի մարդու համար, որ Հիսուսն իրեն ասի՝ «Ե՛կ իմ հետևից»: Եվ իրոք, նա իր անբավ ողորմությամբ զանազան կերպերով կանչում է ամենքին, սակայն հնազանդորեն նրա հետևից գնացողները հազվագյուտ են այժմ: Երանի նրան, ով Հիսուսի հետևից է գնում, ինչպես որ Փիլիպոսը գնալով՝ աշակերտեց նրան, որովհետև Հիսուսի խոսքն այն աստիճան ազդեց նրա սրտին, որ ինքը, հավատալուց բացի, իր բարեկամ Նաթանայելին ևս գտնելով՝ ասում է. «Նազարեթցի Հովսեփի որդուն՝ Հիսուսին գտանք, որի մասին Մովսեսն ու այլ մարգարեներ են գրել»:

Թեպետ Նաթանայելը շատ ուրախացավ, բայց հարցրեց. «Մի՞թե Նազարեթից այդպիսի լավ մարդ կարող է ելնել»:  Դրան պատասխան տրվեց, թե՝ «Արի՛ և տե՛ս»:  Երբ նա մոտենում էր, Հիսուսը, նրան տեսնելով, ասում է. «Ահա մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Նաթանայելը զարմացած հարցնում է. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»: Հիսուսը պատասխանում է. «Փիլիպոսը քեզ դեռ չկանչած՝ թզենու տակ տեսա քեզ»: Որքան էլ Նաթանայելը Հիսուսի մասին շատ բան էր լսել Փիլիպոսից, բայց նրա այս խոսքը լսելուն պես իսկույն հավատաց և  խոստովանեց՝ ասելով. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին և Իսրայելի թագավորը», որին Հիսուսը պատասխանեց. «Եթե հավատաս, ավելի մեծամեծ բաներ պիտի տեսնես, երկինքը պիտի բացվի, և Աստծու հրեշտակները  Մարդու Որդու վրա պիտի իջնեն և ելնեն», այսինքն՝ պիտի ծառայեն.  ինչպես որ հարություն առած և երկինք համբարձված ժամանակ հրեշտակները, երկնքից իջնելով, իմաց տվին մարդկանց, նույն կերպ էլ դատաստանի օրը անհամար հրեշտակներ երկնքից պիտի իջնեն Հիսուսին ծառայելու համար:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․