Գրքեր
Վերոհիշյալ ինն առաքինությունները որո՞նք են:

Ա. Հոգով աղքատ լինել: Սրա գործադրությունը աշխարհային ամեն զվարճություն, մեծություն և հարստություն ի սեր Հիսուսի արհամարհելով՝ խոնարհությամբ կամավորապես աղքատ լինելն է, մեղքի շարժառիթներից և մարմնի չափազանց հոգսերից խույս տալով՝ չար գործերի երբեք մասնակից չլինելը և հետևաբար միշտ առաքինություն գործելն է, որը հոգու անմեղության անխաբ ապացույցն է:

Օրինակ՝ սրբերի ամբողջ դասը, մարմնավոր հաճույքներն ի սեր Հիսուսի մտքից հանելով, միայն նրա պատվիրանները կատարելուն նվիրվեց իր ամբողջ կարողությամբ և այսպես հոգով աղքատ, այն է՝ անմեղ մնալով՝ արքայության անգրավ փառքին արժանացավ: Նմանապես այն անձինք, որոնք աշխարհը թողնում են ի սեր Հիսուսի, սեփական կյանքի բոլոր պարտականությունները անթերի կատարելով,  եթե աշխարհի բնական ընթացքով այլևայլ նեղությունների ու նյութական աղքատության են ենթարկվում, անտրտունջ համբերում են և սրտի կատարյալ գոհունակությամբ տանում  վշտերը. նրանք հոգով աղքատ կհամարվեն պայմանով, որ իրենք առիթ տված չլինեն իրենց կրած վշտերին ու նեղություններին:

Իրենց սխալների և անօրեն ընթացքի հետևանքով տագնապի ու վշտի դատապարտված անձինք կամ նյութական աղքատության մատնված մարդիկ, որոնք սովոր են միշտ տրտնջալ իրենց աղքատության համար, իրավունք չունեն հատուցում ակնկալելու. այդպիսիք պետք է նախ իմանան, որ իրենց կրած նեղությունները և տանջանքները իրենց մեղքերի և հանցանքների փոխարեն տրված պատիժ են, և հետևաբար պետք է ուղղեն իրենց ընթացքը:

Սրա համար թող երկնչեն և զգուշանան նրանք, ովքեր  հպարտ են  և աշխարհային հոգսերով չափազանց զբաղված, որովհետև եթե երանի տրվեց նրանց, ովքեր առաքինության սիրով և խոնարհությամբ հրաժարվում են աշխարհի խաբուսիկ պատրանքներից և հաճույքներից, ընդհակառակը, վա՜յ կտրվի նրանց, ովքեր լիովին անձնատուր են մարմնավոր վայելքներին ու հաճույքներին: Այդպիսիք, շուտով հուսախաբ լինելուց զատ, փորձով կտեսնեն իրենց վերջին զղջման ապարդյուն լինելը:

Բ. Սգավոր լինել: Այս խոսքը ոչ թե մարմնավոր, այլ հոգևոր սգո կամ տրտմության իմաստով պետք է հասկանալ. սա միայն Աստծու պատիվը պահելու փափագով հանձն առնված սգո կամ տրտմության մասին է:  Քանի որ նա, ով չի ուզում բարկացնել Աստծուն, մեղք չգործելու համար միշտ ահով ու դողով ապրում է սգավոր վիճակում: Որովհետև մեղքը Նրա կամքին հակառակ է, իհարկե, մեղավորին արդարությամբ պատժում է, բայց երբ մեղավորը Աստծուն բարկացնելու կամ նրա պատիվը չպահելու համար զղջմամբ և ապաշխարությամբ տրտմում ու սգում է, Նա էլ իր ողորմությամբ մեղավորի հետ հաշտվում է և մխիթարում նրան:

Այս մասին արժե մեծ տրտմությամբ խորհել, որովհետև եթե մարդը պարտավոր է իր անձի համար տրտմել և սգալ, որ Աստծուն չբարկացնի, այդպես էլ պարտավոր է խորհել և սգալ բոլոր մեղավորների համար, թե ինչու Աստծու պատիվը չեն պահում և բարկացնում են նրան.  և նրանց ուղղվելու համար պետք է միշտ եռանդով աշխատել, ինչպես որ բոլոր սրբերը Աստծու փառքի համար նախանձախնդրությամբ հանձն առան իրենց ամբողջ կյանքը հոժարակամ սիրով անցնել այսպիսի հոգևոր սգավորությամբ:

Սակայն ափսոս, որ շատերը, մեղավորների ուղղվելու և դարձի համար  չաշխատելուց բացի, առանց իրենց անձնական մեղքերի համար ևս սգալու, զղջալու և ապաշխարելու, հավիտենապես կկորչեն: Եթե մարդիկ, մարմնավոր կամ նյութական վնասների հանդիպելով, սովորաբար տրտմում են և ջանում են շտապ ազատվել դրանցից և վերացնել կրած վնասն ու կորուստը, նույնքան և առավել պարտական են հոգևոր վնասների հանդիպած ժամանակ, այն է՝ մեղքերի մեջ ընկած ժամանակ ջանքեր գործադրել և տրտմել շտապ ազատություն ձեռք բերելու համար: Եվ եթե իրապես այդքան ջանք գործադրվեր սրա համար, մարդիկ արդեն արժանի կլինեին Աստծու արքայության անվախճան փառքին: Մանավանդ պետք է նկատի առնել, որ հաճախ մարմնավոր ցավերի նկատմամբ ցուցաբերված հոգատարությունն ու տրտմությունը մարդու համար ոչ միայն օգտակար չեն լինում, այլև ընդհակառակը, տեսակ-տեսակ ախտեր առաջ բերելով՝ մեռցնում են: 

Լա՛վ խորհիր ուրեմն, ո՛վ մարդ, հոգևոր և մարմնավոր սգի զանազանության մասին, որովհետև, օրինակ, երբ մի մարդ իր ունեցվածքը կորցնի, անշուշտ, կցավի և կտրտմի, բայց դրանով իր կորուստը չի գտնի և ցավից չի ազատվի. մինչդեռ մեղավորը կորցրած աստվածային շնորհն ու անմեղությունը, անշուշտ, կարող է հոգեպես ունեցած և զգացած տրտմությամբ ու սգով նորից ձեռք բերել և այսպիսով Աստծու արքայության արժանանալով՝ դժոխքի դատապարտությունից ազատվել:

Գ. Հեզ լինել: Այս առաքինությունն էլ նշանակում է, որ մարդն ի սեր Աստծու խոնարհությամբ իրեն բոլոր մարդկանցից ավելի ցածր ու մեղավոր է համարում, հնարավորինս խույս տալով աշխարհիկ զբաղմունքներից՝ միշտ հետամուտ է բարիք գործելու: Այսպիսի հեզ և խոնարհ մարդը ոչ միայն Աստծուն է հաճելի, այլև այս աշխարհում հանգիստ ու խաղաղ է ապրում, որովհետև հպարտությամբ ոչ ոքի չի հակառակվում և  չի վիճում, իրեն լավագույն վիճակի արժանի չհամարելով՝ ոչ ոքի չի նախանձում: Եթե իրեն վշտացնեն, առանց բարկության կհամբերի, եթե վնասվի, իր հանցանքներին վերագրելով՝ միշտ գոհ և շնորհակալ կլինի: Որքան էլ բարի գործեր ունենա, ոչ ոքի չի ուզում հայտնել, որպեսզի իրեն գովել չտա:

Հակառակ սրան՝ եթե հպարտ մարդը մի փոքր բարիք է գործում, փափագում է ամբողջ աշխարհին հայտնել, որպեսզի գովեն իրեն: Այդ պատճառով Աստծուց վարձ չի կարող ստանալ, որովհետև ոչ թե ի պատիվ նրա, այլ իր անձնական փառքի համար  գործած կհամարվի:

Դ. Միշտ արդարություն գործելու իղձ տածել: Թեպետև արդարություն  գործադրելը  ամեն մարդու իրավունքն իրեն հատուցել է նշանակում, բայց այս պարագայում խոսքն առաքինության մասին է, որովհետև առաքինությունն այն է, որ Աստծու շնորհով գործի է դրվում արդարության բոլոր պայմանների համաձայն, բայց պայմանով, որ մի մարդ որքան էլ առաքինության մեծամեծ գործեր ունենա, այդ բոլորը մոռանալով` իբր թե  բնավ բարիք չի գործել, միշտ նորանոր առաքինական գործերի հետամուտ լինի՝ կատարյալ եռանդով և անկեղծ իղձով ու ջանքերով:

Լա՛վ խորհիր, եթե մարդ, միշտ իր մեղքը մտաբերելով, խոնարհությամբ զղջա և ապաշխարի, կարող է թողություն գտնել: Ընդհակառակը, եթե առաքինությունը մտաբերելով՝ հպարտանալու լինի, իր վարձը բոլորովին կկորցնի: Ուրեմն եթե կուզես, որ հանցանքներդ ներվեն, դա մտքիցդ բնավ մի՛ հանիր, և եթե կուզես վարձ ստանալ, գործածդ առաքինությունը մոռանալով՝ միշտ առաքինություն գործելու տե՛նչ ունեցիր, ինչպես քաղցած մարդը՝ հացի, իսկ ծարավ մարդը ջրի է տենչում բնականորեն ու եռանդագին:

Մարդկային մարմինը հողից կազմված լինելու պատճառով նյութական սննդի, իսկ հոգին, աննյութ լինելով, հոգևոր սննդի կարոտ է: Սակայն եթե նյութական սնունդը սովորականից ավելի լինի, անպատճառ կվնասի, իսկ հոգևոր սնունդը որքան շատ լինի, այնքան առավել կզորացնի, և առաքինության սերը կավելանա մարդու մեջ: Այս պատճառով երկնային արքայության փառքին արժանանալ ցանկացողն այս աշխարհի վրա քաղցած ու ծարավ մարդու նման առաքինության ծարավի կլինի:

Ե. Ողորմություն տալ:  Ընդունելի ողորմությունն այն է, որ մարդն իր կարողության չափով սիրով ու հոժարակամ առատորեն տալիս է միայն ի սեր Աստծու և նրա օրհնյալ ու սուրբ անվան փառքի համար: Որովհետև մարդու ողջ ունեցածը աստվածային տուրք ու պարգև է, ողորմություն տվողը ոչ թե իր ունեցվածքից է տալիս, այլ Աստծու տուրքից, այդ պատճառով պարտական է նրա պատիվը պահելու և հրամանը կատարելու փափագով տալ: Աստված, ողորմած լինելով, թեև իր շնորհը ոչ ոքի համար չի խնայում, բայց վարձի արժանի լինելու համար առաքինություն գործող մարդկանց երկրի վրա միմյանց կարոտ է թողնում:

Որովհետև երբ կարողություն ունեցող մարդն անճար մարդուն օգնության է հասնում, վերջինս էլ, առանց իր վիճակից գանգատվելու, իրեն արված բարիքը ճանաչելով, սրտի խոնարհությամբ գոհ ու շնորհակալ է լինում ընդունած բարերարությունից. երկուսն էլ Աստծուց ընդունում են իրենց վարձը: Ճշմարիտ է, որ հանուն Աստծու գործած առաքինություններից բոլորն էլ ընդունելի են, սակայն անօգնական մարդկանց հարկավոր եղած օգնությունը և նրանց ցույց տրված գթությունը, սիրո զգացումից բխած լինելով, այն աստիճան են փառավորում մարդուն, որ նրան Աստծուն են նմանեցնում, քանի որ ինչպես Աստված է ողորմում բոլորին, այնպես էլ գթասիրտ մարդը՝ բոլոր կարոտյալներին:

Կարոտյալներին ուղղված ողորմությունը միայն տուրք տալու մեջ չէ, այլ հոգևոր խրատով առաքինության ճանապարհները սովորեցնելու և մեղավորներին դարձի բերելու մեջ: Մանավանդ որովհետև մարդկային հոգին իմացական և աննյութ գոյություն է, նրա փրկության հանդեպ ցույց տրված գթասիրությունը նյութական կամ դրամական ողորմությունից ավելի ընդունելի է: Երբ ողորմություն ես տալիս, տե՛ս, որ մարդկանցից փառավորվելու և փոխարենը ստանալու իղձ չտածես, որովհետև այսպիսի անարժան դիտավորությամբ ողորմություն տվողները Աստծուց վարձ չեն կարող ստանալ, առավել ևս հանցավոր են, քանի որ նրա անվան հատուկ փառքը զուր սեփականացնել են ջանում:

Խրա՛տ  առ, եթե աղքատին գթացողն ու ողորմություն անողն է Աստծու ողորմությանն արժանանում, ուրեմն պարզ է, որ անգութ ու անողորմ մարդիկ նրա ողորմությունից զրկվում են:

Զ. Սրտով սուրբ լինել: Արարածների ընդհանուր վիճակը քննելով՝շատերը կարող են իմանալ Աստծու մեծ զորությունը, իմաստնությունը, բարությունը, գթությունն ու արդարությունը, բայց այս աստվածային հատկությունները իմանալով չէ մարդ արքայությունը ժառանգում, այլ Աստծուն կատարյալ և ջերմ սիրով սիրելով: Ճշմարիտ աստվածասիրությունն էլ նրա պատիվը պահելու, նրա պատվերներին և օրենքներին հնազանդվելու և բոլոր չար գործերից հեռու մնալով՝ միշտ սուրբ սրտով և մաքուր մտքով առաքինություն գործելու մեջ է: Այս պատճառով ով կամենում և տենչում է Աստծուն տեսնել արքայության մեջ, պետք է սիրտն ու միտքը մաքրի մեղսալի անմաքուր մտքերից, որովհետև մարդը պարտավոր է ոչ միայն չար գործերից զգուշանալ, այլև չար և անմաքուր մտքերից:

Է. Խաղաղարար լինել: Խաղաղարար մարդը ոչ միայն ինքն է կռվից խույս տալով ամենքի հետ սիրով և բարեկամությամբ վարվում, այլև կռվողներին միմյանց հետ հաշտեցնելով՝ սեր և բարեկամություն է հաստատում մինչև իսկ ոխերիմ թշնամիների միջև, և հատկապես  երբ Աստծուն բարկացնում է, իսկույն զղջմամբ և ապաշխարությամբ շտապում է Աստծու հետ հաշտվել:

Բացի սրանից, թե՛ խրատ և թե՛ առաքինության օրինակ տալով այլոց, որոնց իրենց չար ճանապարհից դարձնում և հաշտեցնում է Աստծու հետ, նմանվում է Հիսուս Քրիստոսին: Քանի որ ինչպես նա մարդկային ազգը հայր Աստծու հետ հաշտեցրեց, այնպես էլ խաղաղարար մարդը մեղավորին հաշտեցնում է Աստծու հետ: Ընդհակառակը, նա, ով բանսարկությամբ մարդկանց միմյանց հետ գժտեցնում է և նրանց միջև խռովություն ու ատելություն սերմանում, նման է սատանային:

Ը. Արդարության համար հալածվել: Հիրավի, երանի տրվեց արդարության ծարավի մարդկանց, ինչպես վերևում նշեցինք, բայց արդարության կատարման և գործադրության համար եռանդագին աշխատող մարդիկ, որոնք դրա պատճառով չարաչար նեղվում են, իհարկե, ավելի մեծ ողորմության կարժանանան: Քանի որ նրանք ոչ միայն իրենք են արդարությունը սիրում և միշտ գործադրում, այլև արդարության դեմ գործող մարդկանց աստվածային կամքը հայտնելով,անհրաժեշտ խրատը տալուց բացի՝ նաև հանդիմանում են խոտորվածներին: Այդ պատճառով, երբ նեղության կամ ցավերի են ենթարկվում, գոհությամբ տանում են բոլոր զրկանքները, որովհետև վստահ են, որ առավել ողորմության արժանի կլինեն և իրենց վարձը կավելացնեն: Այս կերպ բոլոր սրբերը արդարության սիրո համար երկրի վրա միառժամանակ հալածանք կամ չարչարանք կրեցին, սակայն հանդերձյալ արքայության մեջ անվախճան փառքը ժառանգեցին:

Թ. Հիսուսի անվան համար նախատինք կրել կամ վատաբանվել և համբերել: Հիրավի, ով էլ վնասից խույս տա, բնական է, բայց երբ Աստծու փառքին նախանձախնդիր մարդիկ հաճությամբ և կամավորապես նախատվում են ու համբերում, ապացուցում է, որ նրանք կատարյալ հավատ և սաստիկ սեր ունեն առ Աստված: Ուստի Աստծու շնորհով բնությունն այստեղ պարտվում է:

Այս պատճառով աստվածասեր մարդը որքան էլ չարչարանք կրի և հալածվի, որքան էլ չարախոսություն և վատաբանություն լսի, գիտի, որ նույնքան առավել պետք է վարձատրվի. դրա պատճառով էլ ուրախությունը կրկնապատկվում է: Սակայն պայմանով, որ իր  կրած չարաչարանքների և տառապանքների պատճառն ինքը եղած չլինի, այլ միայն և միայն Աստծու սուրբ անվան ու փառքի համար չարչարված լինի, որովհետև իր թերության ու սխալների պատճառով հալածվող, չարչարվող և վատաբանվող մարդը ոչ միայն չի ուրախանում, այլև առավել ևս միշտ ապաշավանքի և խղճի խայթի է ենթակա լինում:

 

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․