Գրքեր
Վերոհիշյալ 72 աշակերտները սատանային է՞լ էին իշխում:

Իշխում էին, որովհետև ոչ միայն բնականորեն մարդկանց պատահած հիվանդություններն էին բուժում, այլև դևերին ևս իշխելով՝ դիվահարներին էին առողջացնում: Ինչպես որ երբ քարոզությունից հետո ուրախությամբ վերադարձան, Հիսուսին հայտնում են՝ ասելով. «Տե՛ր, դևերն էլ մեզ հնազանդվեցին քո անվամբ»:

Արդարև, նրանք այսպես խոսեցին, քանի որ ուրախ էին Հիսուսի մեծ զորության և սատանայի տկարանալու համար, բայց որպեսզի դրա համար չհպարտանան, հայտնում է, թե սատանան հպարտության պատճառով երկնքից կորագլուխ ընկավ: Եվ թեպետ նրանց վերստին իշխանություն տվեց ոտնակոխ անելու նրան, այդուհանդերձ ասում է նրանց, թե՝ «Դուք մի՛ ուրախացեք, որ սատանաները հնազանդվում են ձեզ, այլ հատկապես ուրախացե՛ք, որ ձեր անունները գրված են երկնքում» (քանի որ ուրիշին օգուտ լինելու համար երբեմն չար մարդկանց ևս հրաշագործելու զորություն է տրվում. այս մասին տե՛ս չորրորդ դարի ԻԳ. հարցում):

Իր աշակերտներին այս խոսքերն ասելուց հետո Հիսուսը գոհություն է հայտնում Հայր Աստծուն, որ այս խորհուրդը գիտուն մարդկանցից թաքցնելով՝ երեխաներին հայտնեց, այսինքն՝ խոնարհամիտ և մանկան նման մաքրասիրտ աշակերտներին: Մանավանդ սուրբ Երրորդության խորհուրդը նրանց հայտնելով՝ երանի է տալիս նրանց, քանի որ շատ մարգարեներ ու թագավորներ փափագեցին տեսնել, ինչ որ նրանք (աշակերտները) տեսան, և լսել, ինչ որ նրանք լսեցին, բայց չկարողացան:

Երբ Հիսուսն այսպես խոսում էր, օրենքի մի ուսուցիչ նրան փորձելու համար հարցնում է. «Ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Նա պատասխանում է, թե օրենքում ի՛նչ է գրված, և ինչպե՛ս է հասկանում: Երբ օրենքի ուսուցիչը մեջբերում է՝ ասելով, թե գրված է. «Սիրի՛ր քո տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով և ամբողջ զորությամբ, և սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես», Հիսուսն ասում է. «Ճշմարիտ է ասածդ: Կատարի՛ր այդ, և հավիտենական կյանքը կժառանգես»: Սակայն օրենքի ուսուցիչը, կամենալով իրեն արդարացնել, հարցնում է, թե ո՛վ է իր ընկերը, որին պարտավոր է սիրել իր անձի պես:

Որովհետև շատերը կարծում էին, թե օրենքի «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» պատվիրանը միայն իրենց ազգականների ու բարեկամների համար է գրված: Սակայն որովհետև բոլոր մարդիկ Աստծու արարածներն ու ծառաներն են, ուստի ամենքն էլ ընկեր են համարվում. ով էլ լինի և ինչ ազգ էլ լինի, պարտավոր ենք սիրել նրանց, և երբ կարիքի մեջ են, նրանց օգնել ըստ ամենայնի և առանց խտրության: Այս սկզբունքը հաստատելու համար Հիսուսը բարի սամարացու օրինակն է ցույց տալիս՝ ասելով. «Երբ մի մարդ Երուսաղեմից դեպի Երիքով էր գնում, ավազակները, նրան կողոպտելով, վիրավորեցին ու կիսամեռ վիճակում թողնելով՝ գնացին:

Ապա մի քահանա, այդտեղով անցնելիս, թեև տեսավ վիրավորին, բայց զանց առավ: Նույնպես մի ղևտացի, այնտեղ գալով, տեսավ և կարևորություն չտվեց: Հետո մի սամարացի, նրան տեսնելով, գթում է և վերքերի վրա ձեթ ու գինի դնելով և փաթաթելով՝ շտապում է իր գրաստի վրա դնել վիրավորին, որին մի պանդոկ տանելով՝ բժշկում է և հաջորդ օրն այնտեղից գնալու ժամանակ պանդոկապանին երկու դահեկան տալով՝ ասում է. «Այս մարդուն խնամի՛ր, և ինչ ծախս որ լինի, վերադարձիս կհատուցեմ քեզ»:

Հիսուսն այս առակը պատմելուց հետո օրենքի ուսուցչին հարցնում է. «Այդ երեք մարդկանցից դու ո՞ր մեկին ավազակների ձեռքն ընկած մարդուն ընկեր և մերձավոր կհամարես»: Նա էլ պատասխանում է, թե նրան, ով վիրավորին գթաց: «Ուրեմն գնա՛ և դու էլ արա՛ նրա նման»,- եղավ մարդասեր վարդապետի պատասխանը: 

Առակի հոգևոր իմաստը սա է. մարդը, սատանայի  թելադրանքով և հրապուրանքից մեղանչելով, հոգով վիրավորվեց: Դրախտից արտաքսված՝ նա չկարողացավ հին օրենքի զորությամբ փրկություն գտնել և այսպես իբրև ճանապարհի վրա կիսամեռ ընկած՝ մնաց խիստ թշվառ և ողորմելի վիճակում: Ահա Հիսուս Փրկիչը եկավ և իր անբավ ողորմությամբ նրան մեղքերի գերությունից ազատեց:

Ինչպես վերևում նշվեց, երբ յոթանասուներկու աշակերտները ժողովրդին քարոզելուց հետո վերադարձան, Հիսուսը ևս նրանց քարոզած վայրերը գնալով քարոզում է թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում՝ մտադիր լինելով դեպի Երուսաղեմ գնալ, որովհետև խաչվելու ժամանակը մոտեցել էր: Նա ուր որ գնում էր, ժողովուրդն այն աստիճանի խուռն բազմությամբ էր գալիս նրա քարոզները լսելու, որ քիչ էր մնում կոխոտեին իրար: Եվ ահա այս միջոցին Հիսուսն ասում է իր աշակերտներին. «Զգուշացե՛ք փարիսեցիների կեղծավոր ընթացքից և մի՛ հետևեք նրանց գործերին, քանի որ ժամանակ պիտի գա, որ նրանց թաքուն կեղծավորությունը երևան պիտի գա, ու նրանք պիտի խայտառակվեն, և ձեր առաքինությունը հայտնի պիտի դառնա: Այդ պատճառով ինչ որ այստեղ լսում եք առանձնաբար, աներկյուղ հայտնեցե՛ք ամբողջ աշխարհին»:

Հիրավի, թե՛ չար և թե՛ բարի մարդկանց գործերը հնարավոր է միառժամանակ թաքուն մնան այս աշխարհում, սակայն քանի որ բոլորի կյանքն Աստծուն հայտնի է, վերջապես մի օր նրանց բոլորի գործերը երևան կգան, մանավանդ դատաստանի օրը:  Նաև առաքյալները սուրբ ավետարանը քարոզելու ժամանակ հրեաների և հեթանոսների ձեռքից  տեսակ-տեսակ նեղություն և տանջանք պիտի կրեին, ուստի նորից ասում է նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից, քանի որ նրանք միայն ձեր մարմինը կարող են սպանել, դրանից ավելի ոչինչ անել չեն կարող: Վախեցե՛ք Աստծուց, որ մարդու մարմինը սպանել կարող լինելուց զատ նրա հոգին ևս հանդերձյալ աշխարհում կարող է դժոխքի անշեջ կրակի մեջ գցել»:

Թեպետ մարդու համար բնական է տանջանքից և մահից վախենալը, բայց հանուն Աստծու սիրո տանջանքից ու մահից չվախենալու համար իբրև փաստ հայտնում է, որ հինգ դահեկանով վաճառված երկու ճնճղուկին Աստված չի մոռանա, ո՞ւր մնաց ձեր գլխի բոլոր մազերը, որ համրված են: Այս խոսքը մարդու մտքով ու սրտով անցած մտքերի իմաստով պիտի հասկանալ, քանի որ մարդկանց բոլոր մտքերն անգամ Աստծուն հայտնի են, մարդիկ ըստ դրանց պետք է վարձ կամ պատիժ ստանան:

Արդարև, Հիսուսը վճռեց, որ իր համար նեղություններին հոժարակամ համբերողները արքայության  արժանանան, իսկ նրանք, ովքեր փոխանակ համբերելու՝ կուրանան իրեն, արժանի լինեն դժոխքի:  Մանավանդ քրիստոնեական սուրբ հավատը Սուրբ Հոգու զորությամբ հայտնվելու և հաստատվելու  պատճառով այն ուրացողները Սուրբ Հոգու դեմ հայհոյելու մեղքը գործած կլինեն, որով և թողության իսկ արժանի չեն լինի:

Հավատուրաց մարդկանց պատիժը հայտնելուց հետո առաքյալներին և բոլոր հավատացյալներին  դարձյալ հույս է տալիս, որ երբ հավատի համար իրենց դատավորների ու իշխանների առաջ տանեն, հոգ չանեն, թե ի՛նչ պետք է խոսեն, որովհետև այդ պարագայում ինչ որ պետք է խոսեն, Սուրբ Հոգին իրենց կսովորեցնի (այս մասին տե՛ս նաև ԻԹ. հարցում):

Երբ Հիսուսը խոսում էր հիշյալ խոսքերը, ժողովրդի միջից մի անձ, որ ժառանգության մի խնդրի համար վեճ ուներ իր եղբոր հետ,  ասում է Հիսուսին. «Ասա՛ եղբորս, որ ինձ տա ժառանգության իմ բաժինը», քանի որ նրա արդարադատությանը և բոլորին առաքինության ճանապարհը քարոզելու մեջ ցուցաբերած եռանդին նայելով՝ կարծում է, թե մարմնավոր դատավորի պես իրենց դատն էլ կտեսնի: Արդարև, Հիսուսը ամենքին կդատի և ամենքի դատաստանը կտեսնի, բայց երբ երկրորդ անգամ գա դատաստանի օրը: Այս պատճառով այդ մարդու խնդրանքը բացարձակ մերժում է՝ ասելով. «Ինձ ո՞վ բաժանարար կարգեց ձեզ վրա»:

Քանի որ հիշյալ երկու եղբայրները նյութական ունեցվածքի պատճառով միմյանց հետ վեճ ու հակառակություն էին ունեցել, և որպեսզի ուրիշներն էլ այսպիսի անարժան ընթացքի չհետևեն, Հիսուսն առաքյալներին ասում է. «Զգուշացե՛ք ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր ստացածի շատությունից չի կախված»: Արդարև, կարելի է շատ ունեցվածք ունենալ, բայց ունեցվածքի շատության պատճառով մարդ չի կարող շատ և երկար ապրել, ուստի  մի առակ մեջբերելով՝ ասում է. «Մի հարուստ մարդու արտերը առատ բերք տվեցին, որի պատճսռով նա մեծ մտատանջությամբ սկսեց ասել. «Ի՞նչ անեմ, բերքս ժողովելու համար տեղ չունեմ»: Եվ այսպես բավական խորհելուց հետո որոշեց արդեն ունեցած շտեմարանները քանդել և ավելի մեծերը շինել, որտեղ ցորենը և այլ բարիքները ամբարելուց հետո մտածում էր, թե կարող էր ինքն իրեն ասել. «Այսուհետև հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր և ուրախացի՛ր, որովհետև բազում տարիների համար պատրաստ բերք ունես»:

Խրա՛տ առ հարուստի թշվառ վիճակից, որովհետև ունեցվածքի բազմանալով՝ մտատանջությունն էլ ավելացավ: Կասկած չկա, որ կարող էր անհրաժեշտից ավելին աղքատներին բաժանել և մտատանջությունից ազատվել, բայց չափազանց ագահ լինելով՝ ամբողջ ունեցվածքն իրեն պահեց: Ավելին, ունեցվածքի շատությանը նայելով՝ փափագեց երկար ժամանակ հանգիստ ուտել, խմել և զվարճանալ: Սակայն քանի որ մարդու մահն ու կյանքը Աստծու ձեռքում են, Աստված նրան ասում է. «Ո՛վ անմիտ, այս գիշեր հոգիդ քեզնից պետք է պահանջեն: Այդ բոլոր պատրաստածներդ ո՞ւմ պիտի մնան»:

 Արդարև, Աստծու վրա հույս չդնելով՝ ապրելու պատրվակով ունեցվածք դիզելու համար չափազանց հոգածությունը մեծ հիմարության նշան է: Այս պատճառով  Հիսուսն ասում է իր աշակերտներին, թե՝ «Ուտելիքի և հագուստի մասին երբեք մի՛ հոգացեք, որովհետև եթե Աստված ստեղծեց հոգին ու մարմինը, որ հագուստից ու կերակուրից նախամեծար են, իհարկե այս վերջիններն էլ կշնորհի մարդուն: Նա, որ կերակրում է թռչուններին և գույնզգույն շքեղ զարդերով պճնում է ծաղիկները, որչա՞փ ավելի պետք է սնի և հագցնի ձեզ, որովհետև գիտի, որ այդ բաները պետք են ձեզ»:

Այս պարագայում Հիսուսը ոչ միայն ավելորդ ունեցվածք դիզելն է արգելում, այլև հայտնում է, որ կարևոր բաների համար էլ մտատանջվել պետք չէ, որպեսզի ամեն մարդ, իր միտքը աշխարհիկ բաների մասին մտահոգվելուց զերծ պահելով, արքայության փառքի տենչա և նյութական ունեցվածքը ավելորդ համարի:  Արդարև, Աստծու արքայությանը տենչացող մարդու համար այս անցավոր աշխարհի ունեցվածքը, զվարճությունն ու մեծությունը լիովին անպետք ու անօգուտ են:

Հիշի՛ր Աստծու ողորմությունը: Որպեսզի ոչ մեկը աշխարհիկ ունեցվածքի ու մեծության պատճառով չկռվի, դրանց պարգևումը լիովին իրեն է վերապահում և տալիս է, ում որ կամենում է, քանի որ մարդիկ անկարող են իրենց մարմնավոր բաղձանքներին լիովին գոհացում տալ և իրենց կամքը ամբողջովին կատարել: Սակայն արքայությունը նրանց կամքին է թողնում, այնպես որ կամեցողին պարգևում է: Ուրեմն եթե հետամուտ ես արքայության, խնդրի՛ր, որ գտնես: Առանց քո խնդրանքի քեզ համար արքայություն չկա:

Ճշմարիտ է, որ Աստված իր բազում ողորմությամբ արքայությունը ոչ ոքի չի խնայում, և ամեն մարդ էլ արքայության է տենչում: Բայց որովհետև այն ըստ արժանվույն որոնողները սակավ են, այդպիսիներին փոքրիկ հոտի նմանեցնելով՝ հրամայում է, որ իրենց ունեցվածքը ծախեն ու աղքատներին բաժանեն, որպեսզի երկնքում ապահով ու անպակաս գանձերի տեր լինելով՝ իրենց սիրտն էլ այնտեղ լինի, քանի որ որտեղ մարդու ունեցվածքն է, այնտեղ էլ սիրտն է:

Սրանից բացի՝ հորդորում է առաքինության սիրով միշտ արթուն մնալ և նմանվել այն մարդկանց, որոնց տերը  հարսանիքի է գնացել, և քանի որ վերադարձի ժամանակն անհայտ է, իրենք արթուն սպասում են, որ եկած ժամանակ դուռն իսկույն բացեն: Այդպիսի ծառաներին գովելով՝ Հիսուսը երանի է տալիս նրանց, որովհետև երբ գիշերվա որևէ ժամի վերադառնալով՝ տերն արթուն գտնի նրանց, բնականաբար մեծ պատվով կնստեցնի ու կմեծարի: Իրոք, երանի այն մարդուն, որն իր ամբողջ կյանքում Աստծու հրամանի համաձայն ապրելով՝ միշտ առաքինության լույսն անշեջ կպահի և մինչև վերջին ժամը հոգով արթուն մնալով՝ մեռած ժամանակ երկնային անվախճան ուրախության կարժանանա:

Ուրեմն այս  բանի համար, ո՛վ մարդ, ահով ու դողով զգո՛ւյշ եղիր, որ մահը եկած ժամանակ անպատրաստ չգտնի քեզ, քանի որ գողի նման կգա: Ճիշտ է, որ եթե գողի գալու ժամանակը տանտիրոջը հայտնի լինի, արթուն մնալով՝ թույլ չի տա, որ տունը կողոպտվի: Ուստի եթե հանդերձյալ աշխարհում ուզում ես ուրախ լինել, կարողությանդ համապատասխան առաքինություն գործելով՝ միշտ պատրա՛ստ եղիր, որովհետև քեզ հայտնի չէ, թե երբ ես մեռնելու:

 Երբ Հիսուսն այսպիսի առակով իր աշակերտներին խրատ և պատվերներ էր տալիս, Պետրոս առաքյալը հարցնում է, թե այդ առակը միմիայն իրե՞նց, թե՞ ամենքի համար պատմեց: Հիրավի, այդ պատվերները բոլորին էլ վերաբերում են. դա արդեն հայտնի է: Բայց որովհետև առաքյալները և ժողովրդին ղեկավարելու կոչված բոլոր անձինք պարտավոր են առաքինության ճանապարհին ուրիշներից առավել առաքինություն ստանալ, որպեսզի իրենց իրավասության ներքո գտնվող մարդկանց բարվոք կառավարելու կարող լինեն, այդ պատճառով Հիսուսը նրանց նմանեցնում է հավատարիմ և իմաստուն տնտեսի, որին բոլորի կերակուրը ժամանակին տալու համար Տերն իր ագարակում տեսուչ կարգեց:

Այո՛, երանի է տալիս այնպիսի մի տնտեսի, որն իրեն տրված հրամանի համեմատ է գործում, որովհետև երբ որ տերը գա, իր ամբողջ ունեցվածքի վրա իշխան պիտի կարգի նրան: Սակայն եթե այդ տնտեսը, «տերս ուշ կգա» ասելով, սկսի հպարտանալ և անգթությամբ ծառաներին ու աղախիններին ծեծի, ուտելով ու խմելով իրեն հարբեցողության տա, այն ժամանակ նրա տերը անսպասելի կերպով հանկարծ կգա և այդպիսի հավատարիմ մեկին այնպիսի խիստ պատիժ կտա, որին միայն անհավատ ու անզգամ  մարդիկ են արժանի: Արդարև, եթե մարդ, իր տիրոջ հրամանն իմանալով հանդերձ, թերանում է պարտականությունների մեջ, ծանր պատժի է արժանի, իսկ անգետը, եթե նույնիսկ թերանա իր պարտականությունների մեջ, թեթև պատիժ պետք է կրի, որովհետև ում որ  շատ տրվեց, նրանից շատ պետք է պահանջվի:

Այս մասին թող լավ մտածեն նրանք, ովքեր հոգևոր և մարմնավոր բարձր պաշտոններ ունենալով՝ կոչված են այլոց ղեկավարելու, քանի որ յուրաքանչյուրն իր իմացության, հարստության և աստիճանի համեմատ է պատասխանատու Աստծու ատյանի առջև:

Երբ Հիսուսն առաքյալներին և ժողովրդին ուսուցանում էր, ոմանք եկան և գալիլեացիների մասին պատմեցին նրան, թե Պիղատոսը նրանց արյունը իրենց զոհերի արյան հետ խառնեց, որովհետև երբ հիշյալ գալիլեացիները, Երուսաղեմ գալով, տաճարում զոհ էին մատուցում,  Պիղատոսը նրանց սպանել էր տվել, որով նրանց արյունը իրենց մատուցած զոհերի արյան հետ էր խառնվել:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․