Գրքեր
Հիսուսը Երիքովում երկա՞ր մնաց:

Չմնաց, քանի որ խաչը ելնելու ժամանակը մոտ էր, և նա կամեցավ Երուսաղեմ գնալ, որպեսզի այնտեղ խաչվի: Երբ որ առաքյալների և բազմաթիվ մարդկանց հետ Երիքովից դուրս եկավ, Տիմեոսի որդի Բարտիմեոս անունով մի կույր, որ ճանապարհի վրա նստած մուրում էր, Հիսուսի անցնելը լսելով՝ աղաղակում է. «Ողորմի՛ր ինձ, Հիսո՛ւս, Դավթի՛ որդի»: Ներկաներից շատերը սաստում են նրան, որ լռի, բայց նա ավելի բարձր ձայնով է սկսում աղաղակել: Կանգ առնելով՝ Հիսուսը կանչում է նրան ու հարցնում. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ»: Նա իսկույն աչքերի տեսողություն է խնդրում: Այնժամ, հենց որ Հիսուսն ասում է՝ «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց», նրա աչքերը բացվում են, և նա գնում է Հիսուսի հետևից:  Այստեղ Մարկոս ավետարանիչը միայն այս կույրի բժշկվելու մասին է գրում, բայց Մատթեոսը գրում է, որ Հիսուսը, Երիքովից դուրս գալով, երկու կույրերի բժշկեց (Մատթ. 20:29): Այս պատճառով ոմանք, կարծելով, թե երկուսն էլ միևնույն պատմությունն են, ասում են, թե քանի որ վերոհիշյալ Բարտիմեոսի հայրը՝ Տիմեոսն էլ էր կույր, հայր ու որդի միասին էին մուրում, և Հիսուսը միանգամից երկուսին էլ բժշկեց:

Երբ կույրերին այդպես բժշկելուց հետո Հիսուսը Բեթանիա եկավ, որ Ղազարոսի գյուղն էր, այնտեղ Սիմոն բորոտ անունով ծանոթ մի մարդ նրան իր տուն խնջույքի հրավիրեց (այդ մարդը ոչ թե բորոտ էր, այլ դա նրա մականունն  էր):

Այստեղ քահանայապետների նախա՛նձը տես: Արդարև, ժողովուրդը, իմանալով, թե որտեղ է Հիսուսը, շտապում է նրան տեսնելու և քարոզը լսելու: Այս անգամ էլ, իմանալով, որ նա Սիմոնի տանն է, շատերը գնում են այնտեղ, բայց ոչ միայն Հիսուսին, այլ նաև Ղազարոսին տեսնելու նպատակով. քանի որ Հիսուսը նրան հարություն էր տվել, նա ևս հրավիրվածներից մեկն էր: Եվ որովհետև շատերը Հիսուսին հավատալով են գնում, քահանայապետներն այն աստիճան են զայրանում, որ նաև Ղազարոսին սպանելու որոշում են կայացնում:

Վերոհիշյալ խնջույքի ժամանակ, ի պատիվ Հիսուսի, Ղազարոսի քույրը՝ Մարթան էր սպասարկում, իսկ մյուս քույրը՝ Մարիամը, այլևայլ անուշահոտ նյութերից բաղկացած մի շիշ յուղ բերելով, Հիսուսի ոտքերն է օծում և իր մազերով սրբում, այնպես որ տունը յուղի անուշ բույրով է լցվում: Ապա շիշը կոտրելով՝ յուղի մնացորդն էլ նրա գլխին է լցնում: Այս տեսնելով՝ Հուդա Իսկարիովտացին մյուս առաքյալներին ասում է. «Ինչո՞ւ այս յուղն այսպես վատնվեց: Կարելի էր այն երեք հարյուր դահեկանի վաճառել և տալ աղքատներին»:

Սրա չարությա՛նը նայիր: Որովհետև այդ բանն ասաց ոչ թե աղքատներին իրոք մի բարիք անելու, այլ միայն իր անձնական օգուտի համար: Քանի որ աղքատների գանձատուփը իր ձեռքում էր, և  նա այնտեղից միշտ գողանում էր, ուստի փափագում էր, որ այդ յուղն է վաճառվի, որպեսզի ինքը դարձյալ գողանալու առիթ ունենա: Քանի որ առաքյալները նրա այս վատ դիտավորությունը չգիտեին, նրանք էլ համաձայնեցին  այդ կարծիքին, բայց Հիսուսը, որին հայտնի էր նրանց միտքը, ասում է. «Թո՛ւյլ տվեք, ինչո՞ւ եք նեղացնում այս կնոջը, որովհետև նա մի լավ բան արեց ինձ համար: Աղքատները միշտ ձեզ հետ են, և երբ կամենաք, կարող եք նրանց լավություն անել, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք կարող ունենալ»:

Որովհետև Հիսուսը մարդկանց փրկության համար չարչարանքներ կրելով պետք է մեռներ, Մարիամի այդ գործը հատուկ նշան և ապացույց էր, որ նրա մարմինը, պատանքով փաթաթված, գերեզմանի մեջ էր թաղվելու: Այս պատճառով վճռեց, որ երբ Ավետարանը քարոզվի աշխարհում,  նրա մասին պիտի հիշեն և խոսեն, որպեսզի մարդիկ, իրենց պարգևված երկնային անհուն ողորմությունը ոչ մի րոպե մտքից չհանելով, գոհությամբ հիշեն այդ փրկարար արարքը և օրըստօրե ավելի մեծ շնորհների ու ողորմության արժանանան: Ուրեմն բոլոր քրիստոնյաները պարտավոր են չմոռանալ Տեր Հիսուսի կրած չարչարանքները և միշտ դրանց մասին խորհելով՝ շնորհակալ լինել, որպեսզի ապերախտության հանցանք գործած չլինեն:

Հիսուսի այս խոսքերը լսելով՝ մյուս առաքյալների սիրտը հանդարտվեց: Բայց քանի որ Հուդա Իկարիովտացին դրա պատճառով շատ վրդովված էր, և հատկապես որ նրա սրտում սատանան էր բույն դրել, իսկույն քահանայապետների և օրենսգետների մոտ գնալով՝ ասում է. «Ի՞նչ կտաք ինձ, որ նրան ձեզ մատնեմ»: Նրանք էլ ուրախացած՝ երեսուն արծաթ են խոստանում տալ: Բայց քանի որ ժողովուրդը, փափագելով լսել Հիսուսի քարոզները, նրանից բաժանվել չէր ուզում, այդ պատճառով անիրավ Հուդան հարմար ժամանակ էր փնտրում, որ ժողովրդից գաղտնի մի առանձին տեղում կարողանա նրան մատնելով 30 արծաթն ստանալ:

Այստեղ տե՛ս, թե մարմնավոր շահի հանդեպ սերն ի՛նչ աստիճանի վնասակար ու վտանգավոր է մարդու համար, որովհետև երբ Հուդան Մարիամի թափած յուղից շահ չկարողացավ ունենալ, ցանկացավ իր վարդապետին մատնել, որպեսզի նյութական շահ ձեռք բերի: Բացի սրանից, Հիսուսի կյանքի գնահատումը նրանց կամքին թողնելով՝  համաձայնվում է ստանալ այնքան, որքան որ նրանք են ուզում տալ: Հիրավի, Հուդան իր ագահության, իսկ հրեաները Հիսուսի դեմ ունեցած իրենց թշնամության պատճառով, նրան իբրև մի  գերի ընդունելով, այդքան էժան գնահատել որոշեցին: Բայց այսպիսով Զաքարիա մարգարեի բերանով Սուրբ Գրքում հիշատակված մարգարեությունը կատարվեց, թե՝ «Երեսուն արծաթի պետք է վաճառվի»:

Նույն Զաքարիան  գրել էր նաև, թե Հիսուսը էշի և նրա ավանակի վրա նստած պետք է Երուսաղեմ և տաճար գա, ուստի երբ նա դեռ Բեթանիա գյուղում էր, առաքյալներից երկուսին Բեթփագե գյուղն է ուղարկում՝ ասելով. «Գնացե՛ք դիմացի գյուղը, և երբ մտնեք, պիտի գտնեք մի էշ՝ իր ավանակի հետ, որի վրա դեռ ոչ ոք չի նստել: Դրանց արձակելով՝ բերե՛ք ինձ մոտ, և եթե մեկը ձեզ որևէ բան ասելու լինի, ասե՛ք, որ Տիրոջը պետք է»:

Ըստ Հիսուսի պատվիրանի՝ նրանք գյուղի փողոցում գտնում են էշին ու նրա ավանակին, որոնց բերում են Հիսուսի մոտ, և որոնց վրա հանդերձներ դնելով՝ Հիսուսը հեծնում է նախ էշին, ապա՝ ավանակին (ինչպես որ նախ Իսրայելի ժողովրդին, իսկ հետո հեթանոսներին իր սեփական ժողովուրդ դարձրեց): Երբ Ձիթենյաց լեռից խիստ մեծաքանակ բազմության հետ իջնելով՝ դեպի Երուսաղեմ էր գնում, շատերն իրենց հանդերձները, իսկ ուրիշներն ամավենու, ձիթենու և այլ ծառերի ոստերը կտրելով՝ ճանապարհի վրա էին փռում, որպեսզի Հիսուսը դրանց վրայով անցնի:

Նաև հետևից ու առջևից գնացող ժողովուրդն ու առաքյալները, յուրաքանչյուրը ձեռքում մի-մի ոստ բռնած, խոստովանում էին, թե նա է Իսրայելի թագավորն ու Դավթի որդին, և մանավանդ որ Աստծու կողմից է առաքված,  և օվսաննա  էին աղաղակում ու Աստծուն օրհնաբանում: Փարիսեցիները, նախանձելով Հիսուսի այսօրինակ փառաբանմանը և միանգամայն անկարող լինելով արգելել ժողովրդին, Հիսուսին ասում են, թե՝ «Սաստի՛ր աշակերտներիդ, որ լռեն»: Նա դրան պատասխանում է. «Եթե նրանք լռեն, քարերը պիտի աղաղակեն»: Արդարև, այս խոսքը կատարվեց խաչելության օրը, քանի որ այդ օրը թեև առաքյալները, Հիսուսին մենակ թողնելով, ցրվեցին, բայց երբ նա խաչի վրա իր ամենաօրհնյալ հոգին ավանդեց Հայր Աստծու ձեռքը, ժայռերը պատռվեցին, գերեզմանները բացվեցին և փառավորեցին նրան: Եվ սա նշան ու ապացույց էր, որ նա է Աստծու որդին և Մեսիան:

Ինչպես գրված է վերևում, հենց լսեցին, որ Հիսուսը Բեթանիայից ժողովրդի ահագին բազմության հետ դեպի Երուսաղեմ է գալիս, հիշյալ քաղաքից նույնպես ժողովրդի բազմություն դուրս եկավ նրան դիմավորելու, քանի որ ամենքին հայտնի էր, որ հրաշքով հարություն է տվել Ղազարոսին: Բայց փարիսեցիները նախանձից սկսեցին միմյանց ասել. «Տեսնո՞ւմ եք, ահա մի բան չկարողացաք անել, ահա ամբողջ աշխարհը նրա հետևից է գնում»: Նրանք այսպիսի խոսքերով գրգռում էին իրար, որպեսզի իրենց սրտում սնուցած թշնամությունը միասնաբար գործադրել կարողանան:

Հիրավի, բացի այդ նախանձողներից՝ ամբողջ ժողովուրդն այդ օրը շատ ուրախ էր: Սակայն Հիսուսը, որին հայտնի էր, որ նրանք ևս չպիտի հավատան իրեն, և այդ պատճառով Երուսաղեմ քաղաքը բոլորովին ավերակ պիտի դառնա, ժողովրդի ուրախությունն էլ տրտմության պիտի փոխվի, երբ քաղաքին մոտեցավ, ոչ միայն լաց եղավ նրա վրա, այլև վճռեց, որ ժամանակ և օր պիտի գա, երբ թշնամին, քաղաքը պաշարելով, շուրջը պատնեշ պիտի կառուցի  և պարիսպները քանդի, նաև բնակիչներին կոտորելով՝ քարը քարի վրա չպետք է թողնի, որովհետև նա չիմացավ իր օգուտը և իր փրկության օրը: Այս վճիռը բարձրաձայնեց, որպեսզի երբ այդ աղետները պատահեն, խելքի գալով ուղղվեն ու դարձի գան:

Արդարև, Իսրայելի ժողովուրդը, իրեն տրված շնորհն ու ողորմությունը չճանաչելով, Հիսուսի համբարձումից շուրջ քառասունհինգ տարի անց հռոմեացիների ձեռքով մեծ կոտորածի ենթարկվեց, Երուսաղեմն ու տաճարը նույնպես ավերակ դարձան, և ժողովուրդը թշվառ ու թափառական վիճակի դատապարտվեց Հիսուսին սպանելու համար (ինչպես որ մանրամասնորեն նկարագրված է հրեա Հովսեպոս պատմագրի գրած պատմության մեջ, որ ամեն ոք կարող է կարդալ):

Երբ Հիսուսը մեծ փառքով Երուսաղեմ քաղաքն է մտնում, բոլոր բնակիչներն իրար անցած հարցնում են, թե՝ «Ո՞վ է սա»: Ժողովուրդը պատասխանում է. «Սա Հիսուս մարգարեն է» (որովհետև շատերը, չկարողանալով հասկանալ, որ նա է Մեսիան, կարծում էին, թե նա լոկ մարգարե է, և այս ողբալի սխալն իրենց դժբախտության պատճառը եղավ):

Մեր Տեր Հիսուս Փրկիչը, այսպիսի շքեղ հանդիսությամբ ու փառքով տաճար մտնելով,  այնտեղ եղած բոլոր կույրերին ու կաղերին բժշկություն է շնորհում: Թեպետ փարիսեցիները սրա համար ևս դժգոհ էին, բայց որովհետև չէին կարող որևէ պատրվակ գտնել նրա վրա մեղադրանք բարդելու համար, այդ պատճառով տեսնելով, որ մայրերի գրկում եղած կաթնակեր մանուկները ևս օվսաննա էին աղաղակում, կրքից կուրացած՝ ասում են Հիսուսին. «Լսո՞ւմ ես, թե ի՛նչ են ասում»: Արդարև, մանուկներն էլ ժողովրդի հետ միասին մասնակցում էին օրհնաբանություններին, սակայն ոչ թե գիտակցաբար և իրենց ասածը հասկանալով, այլ աստվածային ներշնչմամբ: Ինչպես որ Դավիթ մարգարեի բերանով Սուրբ Գրքում հայտնապես գրված է. «Մանկահասակ և ծծկեր երեխաների բերանից թող օրհնություն ելնի»:

Բայց փարիսեցիները, Սուրբ Գրքին ուշադրություն չդարձնելով և մանավանդ թշնամական զգացումներով լցված, վերոհիշյալ մարգարեական խոսքի իմաստը ըմբռնել չկարողացան: Այդ պատճառով Հիսուսն ասում է նրանց. «Մի՞թե չեք կարդացել, թե մանուկների և կաթնակեր երեխաների բերանով օրհնություն հասատատեցիր»: Հիսուսը հաճեց Սուրբ Գրքի խոսքերով համոզել նրանց, որպեսզի հասկանալով  ուղղվեն, բայց նրանք, ոչ մի կերպ չհամոզվելով, իրենց չարության մեջ համառեցին, որի պատճառով երեկոյան դեմ Հիսուսը թողնում է նրանց և Երուսաղեմից դուրս գալով՝ գնում Բեթանիա:

Հաջորդ օրը, երբ իր մարդեղությունը ցույց տալու համար դարձյալ Երուսաղեմ էր գալիս, քաղց զգաց: Ճանապարհի վրա հեռվում մի թզենի տեսավ, որի վրա շատ տերևներ կային, բայց երբ մոտենալով՝ տերևներից զատ ոչինչ չգտավ, ասաց. «Այսուհետև ոչ ոք քո պտուղը չուտի»: Եվ ահա թզենին իսկույն չորացավ, և առաքյալները, դա տեսնելով, զարմացան: Ճիշտ է, որ դեռ թզի ժամանակը չէր, և պարզ էր, որ նրա վրա պտուղ չպիտի լիներ, այսուհանդերձ, ժամանակին պտուղ տալու նշանը չտեսնելու պատճառով պատժեց նրան:

Խրա՛տ առ, ընթերցո՛ղ. եթե անպտուղ ծառն այսպիսի պատժի արժանացավ, որքան առավել սաստիկ պետք է պատժվի այն մարդը, որ ժամանակին առաքինության պտուղ չի տալիս, ինչպես որ պարտավոր է:

Այնուհետև Երուսաղեմ գալով՝ երբ տաճար է մտնում, առևտուր անող հրեաներին տիրաբար վտարում է, դրամափոխների սեղաններն ու աղավնեվաճառների աթոռները կոտրելով՝ ասում է. «Գրված է, թե իմ տունը աղոթքի տուն է կոչվում, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել (ինչպես որ հիշված է ԺԶ. հարցում, դրանից առաջ էլ նրանց տաճարից  վտարել էր):

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․