Գրքեր
Երբ Հիսուսը առևտրականներին վռնդեց տաճարից, ժողովուրդը նրան հակառակ խոսե՞ց:

Չխոսեց: Իսկապես մաքուր սիրտ ունեցողները, այս պարագայում շատ ուրախանալով, դեմ չխոսեցին, սակայն քահանայապետներն ու օրենսգետները և ժողովրդի մեծամեծները, որոնք իրենց անձնական շահերի համար տաճարի պատիվը չէին պահում և մանավանդ Հիսուսի փառքին էին նախանձում, նրա այդպիսի տիրական վարմունքը տեսնելով՝ ուզում են սպանել նրան: Բայց նրանից վախենալով՝ չեն համարձակվում իրենց չար մտադրությունն իրագործել, որովհետև ամբողջ ժողովուրդը փափագում էր նրա քարոզը լսել և զարմացած էր նրա ուսուցումների վրա:

Միևնույն օրը Հիսուսն առաքյալների հետ նորից Բեթանիա է գնում, և երբ առավոտյան վերստին Երուսաղեմ էր գալիս, առաքյալները, վերոհիշյալ թզենին արմատից չորացած տեսնելով, զարմանում են, թե ինչպես այդքան շուտ չորացավ: Պետրոսն ասում է. «Տե՛ր, ահա այն թզենին, որ անիծեցիր, չորացավ»: Հիսուսը պատասխանում է. «Եթե Աստծու հանդեպ կատարյալ հավատ ունենաք և բնավ չերկմտեք, ոչ միայն թզենուն, այլև այս լեռանն էլ եթե ասելու լինեք, թե՝ «Ե՛լ և ծովն ընկի՛ր», և ինչ որ արժանավոր աղոթքով ու կատարյալ հավատով խնդրեք, վստա՛հ եղեք, որ պիտի կատարվի»:

Այսպես աղոթքի կարևորությունն ու զորությունը հայտնելուց հետո դարձյալ ասում է աշակերտներին. «Երբ աղոթքի եք կանգնում, եթե դառնացած եք ինչ-որ մեկից, ներե՛ք նրան, որպեսզի Աստված էլ ձեր թերությունները ների, քանի որ եթե դուք չեք ներում, Աստված էլ ձեզ չի ների: Ուրեմն եթե քո մեղքի համար թողություն գտնել ես ուզում, պարտավոր ես դու էլ եղբորդ թերությունները  ներել»:

Երբ Հիսուսը, ճանապարհին աշակերտներին այսպիսի խոսքեր ասելով, Երուսաղեմ է գալիս և տաճարն է մտնում քարոզելու համար, քարոզի ժամանակ քահանայապետները, օրենսգետները և ժողովրդի գլխավորները նրան ասում են. «Ի՞նչ իշխանությամբ ես այս բաներն անում, ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»: Արդարև, ինչպես որ սրանից առաջ հիշվեց, այդպիսի մեծ փառքով Երուսաղեմ մտնելը և առևտրականներին տաճարից տիրաբար վռնդելով քարոզելն անպատճառ կարիք ուներ մի մեծ իշխանության: Այդ պատճառով այս հարցն ուղղեցին նրան, քանի որ նրա Մեսիա լինելուն չհավատալով՝ մի հասարակ մարդ էին համարում նրան:

Հիսուսը պատասխանում է նրանց. «Ես էլ մի բան հարցնեմ ձեզ: Պատասխա՛ն տվեք ինձ, որպեսզի ես էլ ձեզ ասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում արածներս: Հովհաննեսի մկրտությունը երկնայի՞ն հրամանով էր, թե՞ մարդկային»: Այս պարզ հարցից նրանք շփոթվեցին, որովհետև Հովհաննեսը բազմիցս վկայել էր Հիսուսի մասին, թե նա է Մեսիան, և իրենք գիտեին դա: Ուստի խորհում են. «Եթե ասենք, թե երկնային հրամանով էր, մեզ կասի՝ ինչո՞ւ ուրեմն չհավատացիք նրան: Իսկ եթե ասենք, որ մարդկանց հրամանով էր, այն ժամանակ ժողովուրդը մեզ կքարկոծի», որովհետև բոլորը ճանաչում էին Հովհաննես մարգարեին: Այդպես չիմանալով, թե ի՛նչ պատասխանեն, նրանք ասում են՝ չգիտենք: Եվ երբ իբր թե իրենց ազատելու համար հայտնապես սուտ խոսեցին, Հիսուսն ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ում իշխանությամբ ու հրամանով եմ անում այս բաները»:

Տեր Հիսուսն այս պատասխանով նրանց հարցմանը լիովին պատասխանեց և իր իշխանության՝ երկնքից լինելը հայտնեց: Բայց փարիսեցիները ոչ միայն չկամեցան ընդունել, այլև ընդհակառակը, ավելի չարացան, քանի որ Աստծուց չերկնչելով՝ մարդկանցից էին վախենում: Չնայած Հովհաննեսի մարգարե լինելը հայտնի էր, սակայն ստեցին՝ ասելով, թե նրա որտեղից լինելը չգիտենք: Ավելին, Հիսուսի գործած հրաշքները վկայում էին, որ  Սուրբ Գրքի համաձայն՝ նա Մեսիան է կամ Աստծու Որդին: Ուստի Գրքին ուշադիր լինելու փոխարեն «Ո՞ւմ հրամանով և իշխանությամբ ես այս բաներն անում» ասելը խիստ անօրեն էր և նշան էր նրանց անհավատության:

Այս պատճառով Հիսուսը նրանց ստորությունն իրենց հայտնելու համար առակ է պատմում մի մարդու մասին, որը երկու որդի ուներ: Առաջինին ասում է. «Այսօր գնա՛, այգում աշխատի՛ր»: Եվ նա, «կգնամ» ասելով, խոստանում է, բայց չի գնում: Իսկ երբ մյուսին է ասում՝ գնա՛, նա չի ուզում գնալ, բայց հետո զղջալով գնում է: Այս առակը ցույց է տալիս Աստծու պատվիրաններին հնազանդվողներին ու անհնազանդներին, մասնավորապես Իսրայելի ժողովրդին ու հեթանոսներին: Ուստի Հիսուսը հարցնում է, թե այդ երկուսից ո՛րն իր հոր պատվերը կատարեց, և նրանք պատասխանում են, թե վերջինը:

Այն ժամանակ Հիսուսն ասում է. «Մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ Աստծու արքայությունը պետք է մտնեն, որովհետև Հովհաննեսը եկավ և ըստ արդարության ձեզ քարոզեց, բայց դուք չհավատացիք, իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին, և դուք, տեսնելով հանդերձ, չզղջացիք»: Արդարև (ինչպես որ չորրորդ դարի Բ. հարցում հիշվեց), թեպետ Իսրայելի ժողովուրդը խոստացել էր հնազանդվել Աստծու օրենքին, բայց հակառակ ընթացքի հետևելով՝ անհնազանդ գտնվեց: Հեթանոսները, ընդհակառակը, Աստծու օրենքին ներհակ լինելով, ապա Հիսուս Քրիստոսին հավատալով՝ ողորմության արժանացան, իսկ հրեաները զրկվեցին:

Այս առակը թեև ծանր հանդիմանություն էր նրանց, բայց մի ուրիշ առակ ևս պատմեց՝ ցույց տալու համար, որ նրանք պետք է պատժվեն իրենց խստասրտության պատճառով, որպեսզի խելքի գալով ուղղվեն և զգաստանան: Ահա առակը: Մի մեծատուն մարդ, այգի տնկելով, շուրջը պարսպում է և ներսում հնձան ու աշտարակ շինելուց հետո այն հանձնում է մշակներին, և ինքը գնում է օտար երկիր: Հունձքի ժամանակ երեք անգամ մարդ ուղարկելով՝ այգու պտուղներից է պահանջում, բայց մշակները մի քանիսին սպանում են, ուրիշներին՝ քարկոծում: Այնուհետև իր միակ սիրելի որդուն է ուղարկում՝ մտածելով, որ գուցե կամաչեն նրանից: Սակայն երբ նրանք տեսնում են նրան, «Սա է ժառանգը, եկե՛ք սպանենք նրան և նրա ժառանգությանը տիրանանք» ասելով՝ այգուց դուրս են հանում նրան ու սպանում:

Այս առակը Հիսուսը պատմեց Իսրայելի ժողովրդի մասին, որին Աստված իր սեփական ժողովուրդ ընտրելով՝ իբրև մի այգի տնկեց երկրի վրա (Ես. 5:1, Երեմ. 2:21), և ապա օրենք ու զանազան պատվերներ տալով՝ ժողովրդի հոգևոր կառավարումը հատուկ սպասավորների հանձնեց, որպեսզի նրանք նույն պատվերները գործադրելով՝ առաքինության պտուղներ տան:

Բացի այդ, երբ հրամանին հակառակ են գործում, ժամանակ առ ժամանակ իր բազում ողորմությամբ մարգարեներ է ուղարկում նրանց ուղղելու համար, բայց նրանք, ոչ մի կերպ չուղղվելով, սպանում էին մարգարեներին: Ապա թեև իր սիրելի որդուն՝ մեր Փրկիչ Տեր Հիսուսին, ուղարկեց, սակայն նրանք մտածեցին նրան ևս սպանել և այգին իրենց վերցնել: «Ուրեմն,- հարցնում է Հիսուսը,- երբ այգու տերը գա, ի՞նչ պետք է անի այդ մշակներին»: Հակառակորդները ստիպված պատասխանում են, թե՝ «Այգու տերը նախ ամենախիստ պատժով կպատժի մշակներին և ապա այգին կհանձնի ուրիշներին, որ ժամանակին այգու պտուղը տան»:

Իհարկե, նրանց կողմից արված վճիռը իրավացի էր, և Հիսուսն այն հաստատելու համար հայտնում է, թե այգին իրենց ձեռքից վերցվելով՝ ուրիշներին պետք է տրվի: Ահա այդ ժամանակ հասկանում են, որ այդ առակը իրենց մասին էր պատմել, այդ պատճառով իրենց խոսքը փոխելով՝ ասում են. «Քա՛վ լիցի»: Կեղծավորների անարդար պատասխա՛նը տես. անիրավ մշակների պատժի վերաբերյալ իրավացի վճիռ կայացնելով հանդերձ, երբ տեսնում են, որ այդ պատժին իրենք կարժանանան, դժկամորեն իսկույն փոխում են իրենց վճիռը և հետ վերցնում իրենց խոսքը:

Թեև Հիսուսը վերոհիշյալ առակով հայտնեց, որ հրեաները պետք է պատժվեն, բայց շտապեց նաև Սուրբ Գրքից վկայություն բերել՝ հաստատելու համար, որ ինքն է Մեսիան, որպեսզի հասկանալով հավատան և պատժից ազատվեն: Որովհետև, ինչպես որ Դավիթ մարգարեի բերանով գրված է սաղմոսների մեջ (Սաղմ. 117:21), Հիսուսը, հին օրենքի լրումը և նոր օրենքի սկիզբը լինելով, երկուսի միջև իբրև անկյունաքար եղավ, որին պետք է բոլորը կապվեին: Արդ, հրեաներն իրենց չարասրտության պատճառով և նախանձից նրան արհամարհելով՝ մինչև անգամ նրա մահվան համար ջանացին, որի պատճառով իրավամբ Աստծու ողորմությանն անարժան համարվեցին:

Այս պատճառով Հիսուսը վճռեց, որ Աստծու արքայությունը պիտի վերցվի նրանցից և տրվի այլ ազգերի, որպեսզի չկարծեն, թե իրեն սպանելով՝ կարող են իրեն վնաս հասցնել: Ընդհակառակը, իրենք անդարմանելի վնասների կենթարկվեն և հավիտենական պատիժ կկրեն: Սա նախապես հայտնում է նրանց, որպեսզի ուղղվեն, որովհետև ինչպես որ քարի վրա ընկնողը չի կարող նրան վնասել, այլ ինքը կվնասվի, և կամ քարը, ում վրա որ ընկնի, նրան կճմլի, այդպես էլ Հիսուսին վնասել ուզողը պետք է ստույգ իմանա, որ ինքը կվնասվի, կամ թե նրա պատվիրաններին անսալ չցանկացողն անպատճառ կպատժվի ամենայն արդարացիությամբ:

Զայրանալով, որ Հիսուսն այս խոսքերն իրենց մասին ասաց, քահանայապետներն ու օրենսգետները կամեցան նրան բռնել, բայց ժողովրդից վախենալով՝ իրենց մտադրությունն իրականացնել չկարողացան: Թեև նրանք այդ վիճակով էլ պատժի արժանի էին, բայց որպեսզի իմանալով զգաստանան, Հիսուսը նորից մի առակ մեջբերեց մի թագավորի մասին, որն իր որդու հարսանիքն է անում, և երբ մարդ ուղարկելով՝ կանչում է հրավիրվածներին, նրանք չեն ուզում գալ: Դարձյալ հրավիրակներ ուղարկելով՝ ասում է. «Ասե՛ք հրավիրվածներին, որ ճաշը պատրաստ է, եկե՛ք հարսանիքի»: Սակայն  ոմանք անհոգաբար իրենց ագարակներն են գնում, մյուսները՝ իրենց առևտրին, մի քանիսն էլ ծեծելով սպանում են նրա ուղարկած մարդկանց:

Թագավորը, այս լսելով, բարկանում է և զորք ուղարկելով՝ ոչ միայն հիշյալ մարդասպաններին է սպանել տալիս, այլև նրանց քաղաքներն այրելով՝ իր ծառաներին ասում է. «Հարսանիքս պատրաստ է, հրավիրյալներն արժանի չէին: Գնացե՛ք և ճանապարհի վրա ում գտնեք, հրավիրե՛ք հարսանիքի»: Նրանք գնում ու հավաքում են բոլորին, ում գտնում են, չար ու բարի անխտիր, մինչև որ հարսանյաց տունը լցվում է: Սակայն հարսանիքի եկողները, իրենց հանդերձներն ի պատիվ թագավորի փոխելով, իրենց կարողության համեմատ նոր հանդերձներ էին հագել: Միայն մեկը հարսանյաց հանդերձ չէր հագել:

Երբ թագավորը հրավիրվածներին տեսնելու համար ներս մտավ, տեսնելով նրան, որ հին հանդերձներով էր, ասաց. «Ինչպե՞ս մտար այստեղ, քանի որ հարսանիքին պատշաճ հանդերձ չունեիր»:  Եվ նա պապանձվեց, որովհետև ոչ մի արդարացուցիչ առարկություն կամ պատրվակ չուներ: Այնժամ թագավորն ասում է ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և հանե՛ք նրան դրսի խավարը, որտեղ պետք է լա և ատամները կրճտացնի, որովհետև հրավիրվածները շատ են, իսկ ընտրվածները՝ սակավ»:

Ոմանք ասում են, թե թագավորը հարսանիք եկածներից յուրաքանչյուրին մեկական ձեռք նոր հանդերձ էր տալիս իր մեծությունն ու հարստությունը հայտնելու համար, բայց վերոհիշյալ պապանձված անձը, թագավորի պատիվը չպահելու և իր հին հանդերձով գալու համար պատժի արժանացավ:

Հիրավի, Աստված իր բազում ողորմությամբ ամենքին հրավիրում է երկնային հարսանիքի, այն է՝ արքայության անվախճան փառքին, և դրա համար հարկ եղած շնորհը ոչ ոքի չխնայելով՝ ձրիաբար պարգևում է: Սակայն շատերը, նրա պարգևը չընդունելով,պատժվում են: Արդ, եթե ուզում ես պատժից զերծ մնալ, կեղտոտ հանդերձը փոխելու նման՝ օր առաջ զղջա՛ և ապաշխարի՛ր ու մեղքի աղտերը սրտիցդ մաքրելով՝ աստվածային շնորհներով առաքինության հանդերձը հագնելու ջա՛նք գործադրիր, որպեսզի հին հանդերձով հարսանիք գնացող անձի նման պատժի չարժանանաս:

 

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․