Գրքեր
Հարց 57 – Երբ Աստծո տապանակն Ամինադաբի տանն էր, Դավիթը կամեցավ այնտեղից վերցնել ու բերել: Սայլը փոքր-ինչ թեքվեց` թեքելով նաև տապանակը: Այդ ժամանակ Ամինադաբի որդի Օզան ձեռքը մեկնեց և բռնեց տապանակը, որ չծռվի: Սուրբ Գիրքն ասում է. «Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, և նա մեռավ այնտեղ, Տիրոջ տապանակի մոտ, Աստծո առջև» (Բ Թագ. 6:7): Ո՞րն էր այդ մարդու մեղքը:

Պատասխան – Ոմանք գտնում են, թե քահանա չէր և հրաման չուներ, որ ձեռք դիպցներ տապանակին: Դրա համար պատժվեց: Սակայն եթե քահանա չլիներ, ապա այնտեղ գտնվող քահանաները թույլ չէին տա, որ մոտենար տապանակին: Ոմանք նաև ասում են, թե նա հնարեց տապանակը սայլին դնելը, որ անկանոն էր: Քահանաներն այն լծակներով ուսերի վրա կվերցնեին: Դրա համար և պատժվեց: Իսկ ոմանք էլ ասում են, թե Օզան, ձեռք գցելով, թերահավատություն պատճառեց ժողովրդին, իբր թե Աստված չէր կարող պահպանել, եթե ինքը չբռներ: Ուստի հենց այդ պատճառով պատժվեց: Ուրիշները կարծում են, թե առանց մտածելու, անսպասելիորեն տապանակը թեքված տեսնելով, ապշեց և անմիջապես շտկեց, որի պատճառով հանկարծակի պատժվելն իր մեղքի քավությունը համարվեց:

Սակայն Գրիգոր Նարեկացին «Ի խորհուրդ սուրբ եկեղեցւոյ» շարադրյալ ճառում, տապանակը համարելով սուրբ եկեղեցու օրինակը, Օզայի պատժվելը բարոյապես այսպես է մեկնում. «Օզիելն այնտեղ մահացավ, որովհետև խաչյալ հոգի չունենալով` անմիջապես սպանվեց նույն պահին, քանի որ սայլին լծված անասունների նման երկրասեր էր, ուստի չպետք է սայլի վրայի տապանակին ձեռքով դիպչեր»: Սրանով մեզ ուսուցանում է, որ Օզիելը, առանց անհրաժեշտ ողջախոհության ու մաքրության, չունենալով խաչյալ մարմին` մոտեցավ Տիրոջ տապանակին: Եվ կամ քանի որ այն տապանակը քաշող սայլի կենդանիների նման երկրասեր ու հեշտասեր էր, պատժվեց Աստվածային Աջով: Սուրբ վարդապետը օրինակ է բերում այս միջադեպը` փաստելով, որ եթե մեկն այսպիսի անզգուշությամբ` առանց սրբության ու մաքրության, մտնի սուրբ եկեղեցի կամ մանավանդ սրբազան խորհրդին մոտենա, Աստծո արդար իրավունքով, հոգով կմեռնի և կդատապարտվի, ինչպես պատահեց Օզիելի հետ` Հին Օրենքում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․