Գրքեր
Հիսուսն ինչո՞ւ Ձիթենյաց լեռան վրայից համբարձվեց:

Որպեսզի իր մասին գրվածը կատարվի, որովհետև Զաքարիա մարգարեի բերանով գրված էր, թե «այն օրը նրա ոտքերը պետք է Ձիթենյաց լեռան վրա լինեն»: Ինչպես որ (տե՛ս ԽԸ. հարցը) Ավագ ուրբաթ գիշերը Ձիթենյաց լեռը գնալով՝ այնտեղից Գեթսեմանիի պարտեզն իջավ, որտեղ սկսեց չարչարանքներ կրել, այնպես էլ Ձիթենյաց լեռից համբարձվելով՝ այնտեղից սկսեց իր աստվածության փառքն ու թագավորությունը հայտնել, որովհետև համբարձվելու ժամանակ միայնակ չէր, այլ նրա հետ էին  բոլոր արդար հոգիները, որոնց իր մահվամբ սատանայի գերությունից փրկելով՝ հավիտենական կյանքի արժանացրեց, քանի որ Ադամի (սկզբնական) մեղքի պատճառով արդար հոգիները մինչև այն ժամանակը սատանայի իշխանության ներքո էին:

Կատարվեց նաև Հիսուսի մասին Սուրբ Գրքում  գրված այն խոսքը, թե՝ «Խաչը բարձրացավ և գերիներին ազատեց»: Դրանից բացի, անհամար հրեշտակներ իջան և մեծ ուրախությամբ ու խորին հարգանքով ընդառաջ ելնելով՝ օրհնում էին ու գովաբանում նրան, որով կատարվեց նաև այն պատգամը, թե՝ «Մեր Աստվածն օրհնությամբ համբարձվեց, և մեր Տերը՝ փողի ձայնով»: Սուրբ Գրքում նաև գրված է, որ երբ Հիսուսը բոլոր արդարների հետ մեծ փառքով երկինք էր համբարձվում, հրեշտակները, նրա անսահման զորությունը տեսնելով, ահով ու երկյուղածությամբ միմյանց հարցնում էին, թե՝ «Այս ո՞վ է, որ մեծ զորությամբ Եդոմից (երկրից) է գալիս»:  Սուրբ Գրքում  կարդում ենք նաև Հիսուսի տված պատասխանը:

Թեպետ Հիսուսն այսպիսի աստվածային փառքով համբարձվեց, սակայն առաքյալները և ուրիշներ, որոնք ներկա էին Ձիթենյաց լեռան վրա, հրեշտակների և արդարների հոգիները տեսնել չկարողացան, այլ միայն նրա երկինք համբարձվելն էին տեսնում: Եվ մինչ շարունակում էին նայել դեպի վեր, մի ամպ հայտնվեց, ու այլևս չկարողացան տեսնել Հիսուսին: Սակայն երբ նրանք դեռ ապշանքով նայում էին, նույն պահին սպիտակ հանդերձով և մարդկային կերպարանքով երկու հրեշտակ երևացին ու ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնած դեպի երկինք նայում: Այս Հիսուսը, որ ձեզնից հեռացավ դեպի երկինք, պիտի նույն կերպ գա, ինչպես նրա գնալը տեսաք»: Այս ասելով՝ նրանք աներևութացան:

Այդ ժամանակ բոլորը մեծագույն ուրախությամբ Ձիթենյաց լեռից վերադարձան Երուսաղեմ: Առաքյալները բնակվում էին վերնատանը, իսկ սուրբ Աստվածածինը, Հիսուսի ազգականները և այլ կանայք ու աշակերներ, թեև ուրիշ տեղերում բնակություն հաստատեցին, բայց վերնատանը և տաճարում հավաքվելով՝ միատեղ աղոթում էին՝ Աստծուն գովելով ու փառաբանելով գոհությամբ ու երախտագետ հոգով:

Եվ որովհետև տասներկու առաքյալներից մեկը՝ մատնիչ Հուդան, իր չարության պատճառով կորստյան էր մատնված, Պետրոսի հաստատած կարգով այդ օրերին միասին հավաքվելով՝ ընտրում են Հովսեփին, որը նաև Բարսաբա էր կոչվում (և որը Հուստոս անվանվեց), և  Մատաթիային, որոնք Հիսուսի աշակերտները լինելով՝ միշտ առաքյալների հետ էին: Նրանց վրա վիճակ գցելով՝ աղոթքի են կանգնում, որպեսզի Աստված այս երկուսից որին հայտնի, Հուդայի փոխարեն առաքյալ լինի: Վիճակն ընկավ Մատաթիայի անվանը, և նա տասնմեկ առաքյալների կարգը դասվեց:

Հիսուսի համբարձումից տասն օր հետո, այն է՝ Զատկի հիսուներորդ օրը, առաքյալները և ուրիշներ, վերնատանն աղոթելով, Սուրբ Հոգու գալստյանն էին սպասում: Եվ ահա ժամը երեքին վերնատունը հանկարծ լցվում է երկնքից եկող սաստիկ հողմի ձայնով, ու հրանման լուսեղեն մի ամպ, լեզուների ձև ստացած, առանձին իջնում է յուրաքանչյուրի վրա, որով ամենքը, Սուրբ Հոգու շնորհով լուսավորված, իսկույն սկսում են այլևայլ լեզուներով խոսել, ինչպես որ Սուրբ Հոգին խոսել էր տալիս նրանց:

Սակայն ոչ թե միայն օտար ազգերի լեզուներով էին խոսում, այլ Սուրբ Գրքում հիշատակված ազգերի: Եվ ինչի մասին որ իրենց հետ խոսել էր Հիսուսը, այդ ամենի իմաստը, որ նախկինում իրենց հասու չէր, ընկալեցին  ճշմարտապես և կատարյալ կերպով: Արդարև, Հիսուսը նրանց ասել ու պատվիրել էր, որ մինչև վերևից զորություն ստանան, Երուսաղեմ քաղաքում մնան և հետո սկսեն քարոզել: Ահա երբ այդ խոսքը կատարվեց, առաքյալներն անմիջապես զորացան ու համարձակություն ձեռք բերեցին, և բոլորը միանգամից, վերնատնից դուրս ելնելով, սկսեցին ժողովրդին աներկյուղ քարոզել Հիսուսի սուրբ հարությունը և որ նա է Մեսիան ու Աստծու որդին:

Արդ, այն օրը Պենտեկոստե էր, որ հրեաներն ամեն տարի կանոնավոր տոնում էին Երուսաղեմում՝ ի հիշատակ Սինա լեռան վրա Մովսեսի ձեռքով տրված օրենքի: Ահա այս տոնի առթիվ ուրիշ քաղաքներից ահագին բազմություն էր հավաքվել այնտեղ:

Երբ Բաբելոնի գերության ժամանակ և դրանից առաջ (ինչպես չորրորդ դարի Ձ. հարցում հիշվեց) այլ երկրներ գերեվարված հրեաներն ազատվեցին, թեև շատերն իրենց բնիկ հայրենիքը վերադարձան, բայց շատերն էլ չվերադարձան: Սակայն երբ Հրեաստանը հռոմեացիների իշխանությանը ենթարկվեց, Երուսաղեմի բնակիչներն սկսեցին հանգիստ ապրել, և այդ պատճառով նրանց ցեղակիցներից շատերը, Երուսաղեմ գալով, բնակություն հաստատեցին (այդ ժամանակներում առևտրով զբաղվող շատ այլազգիներ նույնպես գտնվում էին այդ քաղաքում):

Ահա ուրեմն, երբ ժողովուրդը լսեց առաքյալների՝ այլևայլ լեզուներով խոսելը, բազմությունը խումբ-խումբ հավաքվեց այնտեղ, և մարդիկ զարմանքով ու ապշահար հարցնում էին միմյանց. «Չէ՞ որ սրանք գալիլեացի են, ուրեմն ինչպե՞ս են մեր լեզվով խոսում: Սա ի՞նչ է նշանակում»:  Հիրավի, առաքյալների նման վարմունքը ցույց էր տալիս, որ նրանց վրա աստվածային մեծ զորություն կար, քանի որ նրանք անուս և ձկնորս մարդիկ էին: Բացի այն, որ նրանք կանոնավոր խոսում էին ամեն լեզվով, այնտեղ գտնվողներն էլ, ինչ ազգի որ պատկանեին, նրանց խոսածը հասկանում էին իրենց մայրենի լեզվով, քանի որ առաքյալները մեկ մարդու հետ խոսելիս նրա լեզվով էին խոսում, սակայն տարբեր ազգերից հավաքված բազմությանը քարոզելիս, իհարկե, մի լեզվով էին խոսում, բայց յուրաքանչյուրն իր լեզվով էր հասկանում նրանց քարոզությունը:

Սակայն Հիսուսի թշնամիները, առաքյալներին ևս նախանձելով, սկսեցին ծաղրել նրանց՝ ասելով, թե՝ «Սրանք հարբած են»: Այդ ժամանակ Պետրոսը, մյուս տասնմեկ առաքյալների հետ միասին իր ձայնը բարձրացնելով, ասում է. «Ամենքդ իմացա՛ծ եղեք, ակա՛նջ դրեք իմ խոսքերին, մի՛ կարծեք, թե մենք հարբած ենք, քանի որ դեռ ժամը երեքն է: Այլ սա այն է, որ Աստված խոսեց Հովել մարգարեի բերանով»: Եվ հայտնում է, թե Սուրբ Հոգու զորությամբ ու շնորհով է, որ իրենք կարող են այլևայլ լեզուներով խոսել: Ապա հերթով մեջբերում է Սուրբ Գրքի պատգամները Հիսուսի մասին, հաստատում նրա հարությունը և մանավանդ Դավիթ մարգարեի գրվածներով, որ նա Աստծու Որդին է, որպեսզի խելամտորեն սրտանց զղջան և դառնան իրենց չար ճանապարհից:

Լսելով Պետրոսի այս խոսքերը՝ ժողովուրդը, սրտանց զղջալով, սկսեց Պետրոսին և մյուս առաքյալներին ասել. «Ի՞նչ անենք, եղբայրնե՛ր»: Եվ ցանկացան նրանցից օգնություն ստանալ, քանի որ հասկացան, թե ի՛նչ մեծ մեղք են գործել՝ Հիսուսին սպանելով:  Այդ ժամանակ Պետրոսն ասում է. «Զղջացե՛ք, ձեզնից յուրաքանչյուրը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի թողություն գտնելով՝ Սուրբ Հոգու շնորհով արժանավոր լինի»: Չպետք է կարծել, թե առաքյալները Հիսուս Քրիստոսի անունով էին մկրտում, այլ Սուրբ Երրորդության, ինչպես որ Հիսուսն էր պատվիրել: Այստեղ Պետրոսն ուզում է ասել, թե Հիսուսի պատվիրածի համաձա՛յն մկրտվեք:

Վերոհիշյալ քարոզը ուրիշ շատ խոսքերով և վկայություններով հաստատելուց հետո Պետրոսն ավելացնում է. «Պետք է ազատվել այս մոլորյալ ազգից»: Նրա ոգևորիչ ու մխիթարական խոսքերից քաջալերված՝ ոչ միայն ամեն հուսահատություն վանեցին իրենցից, այլև նույն օրը երեք հազար հոգի, հոժարակամ ընդունելով քրիստոնեական կրոնի փրկարար վարդապետությունը, մկրտվեցին և Աստծու շնորհով այն աստիճան լցվեցին հոգևոր սիրով, որ միշտ առաքյալների քարոզությունը լսելով՝ զղջմամբ, ապաշխարությամբ և խոստովանությամբ սրբվելով՝ տաճարում աղոթքով էին զբաղվում:

Քանի որ առաքյալների ձեռքով շատ հրաշքներ էին գործվում,  բոլոր հավատացյալների վրա ահ ու երկյուղ էր ընկած. այդպիսի գործերը մարդկային զորության արդյունք չէին, այլ դրանցում ակհնայտ երևում էր Աստծու զորությունը: Բացի այդ, բոլոր հավատացյալներն ապրում էին միասին, և յուրաքանչյուրը, իր սեփական ունեցվածքն ընդհանուրինը համարելով, վաճառում էր այն, ըստ կարիքի ու անհրաժեշտության՝ բաշխում կարիքավորներին: Այդպես բոլորը միաբանված, անկեղծ սրտով և ուրախությամբ միասին ուտում էին՝ օրհնություն և գոհություն մատուցելով Աստծուն: Երբ սրանց այս առաքինի ընթացքը բոլորին հայտնի դարձավ, սրանք բոլորի աչքում սկսեցին մեծ հարգանք վայելել, և Աստված հավատացյալների թիվն օրեցօր ավելացնում էր:

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․