Գրքեր
Հրեաները Ստեփանոսին քարկոծելուց հետո մյուս հավատացյալներին չարիք հասցրի՞ն Երուսաղեմում:

Հասցրին, որովհետև նրանք այն աստիճան կատաղած էին, որ նրա արյամբ չմխիթարվեցին և բոլոր հավատացյալներին մեծ հալածանքների ենթարկեցին, այնպես որ հիշյալ Սողոսը, տնետուն մտնելով, կին թե տղամարդ բռնում և բանտարկում էր, շատերին էլ սպանում (Գործք 9:1 և 26:1): Այդ պատճառով առաքյալներից բացի մյուսները ցրվեցին Հրեաստանի և Սամարիայի գյուղերը: Բայց մի՛ կարծիր, թե ավետարանի քարոզությունը դադարեց: Ընդհակառակը, այդ պատճառով կարճ ժամանակում Երուսաղեմից դուրս ևս տարածվեց, քանի որ հավատացյալներն ու յոթանասուներկու աշակերտները, ուր որ գնացին, աներկյուղ և մեծ համարձակությամբ Հիսուսին քարոզեցին, և շատերը հավատքի եկան:

Աստծու ողորմածությո՛ւնը տես. ապերախտ հրեաները որքան հալածում էին, նույնքան ավելի զորություն ու համարձակություն էին ստանում հավատացյալները, և նրանց թիվը ևս աճում էր: Այսպես, երբ  յոթանասուներկու աշակերտներից Փիլիպպոսը Սամարիա գնաց, քարոզեց և զանազան հրաշքներ գործեց, շատերը հավատացին և մկրտվեցին, և քաղաքում մեծ ուրախություն եղավ: Այնտեղ Սիմոն անունով մի կախարդ, իրեն մեծ մարդու տեղ դնելով, սատանայական հնարքներով տարբեր գործեր էր անում և շատ ժամանակ ի վեր բոլորին զարմացնում:

Երբ Փիլիպպոսի քարոզությամբ Սամարիայի բնակիչները մկրտվեցին, հիշյալ Սիմոնը ևս մկրտվելով միշտ Փիլիպպոսի մոտ էր գնում և թեև նրա գործած հրաշքների վրա զարմանում էր, բայց սիրտը արդար չէր: Առաքյալները, որ այդ ժամանակ Երուսաղեմում էին, լսելով, որ Սամարիայում ևս ընդունել են Աստծու խոսքը, այնտեղ են ուղարկում Պետրոսին և Հովհաննեսին, որոնք աղոթում են, որպեսզի Սուրբ Հոգին ստանան, որովհետև մինչև այդ ժամանակ Սուրբ Հոգին նրանց վրա չէր իջել, այլ միայն մկրտվել էին: Եվ երբ նրանց վրա ձեռք դրեցին (այսինքն՝ դրոշմած՝ մեռոնով օծած ժամանակ), անմիջապես Սուրբ Հոգին ընդունելով՝ ոմանք սկսում են Աստծուն փառաբանել և օտար լեզուներով խոսել, իսկ ուրիշները՝ հրաշագործել:

Կախարդ Սիմոնը տեսնում է, որ ում վրա առաքյալները ձեռք դրեցին, նրանց վրա Սուրբ Հոգին իջավ, ուստի առաքյալներին փող է տալիս՝ ասելով. «Ինձ այս իշխանությունը տվե՛ք, որպեսզի ում վրա որ ձեռք դնեմ, Սուրբ Հոգին ստանա»: Բայց Պետրոսը պատասխանում է նրան. «Քո փողը քեզ հետ թող կորչի: Որովհետև Աստծու պարգևը դրամով ստանալ ուզեցիր, այս բանում դու մաս ու բաժին չունես, քանի որ սիրտդ ուղիղ չէ Աստծու առջև»: Ու թեպետ խրատեց նրան՝ ասելով. «Այս չարությանդ համար զղջա՛ և աղաչի՛ր Աստծուն, որ թողություն գտնես», բայց նա չզղջաց և իր չարագործությամբ սատանային կապված լինելով՝ փոխանակ ինքն աղաչեր, առաքյալներին ասաց. «Դո՛ւք աղաչեք Աստծուն, որ ձեր այդ ասածները  ինձ վրա կատարվեն»: Այնուհետև Պետրոսն ու Հովհաննեսը Սամարիայից մեկնեցին և նրա շրջակա գյուղերում Աստծու խոսքը քարոզելով՝ Երուսաղեմ վերադարձան:

Փիլիպպոսը տակավին Սամարիայում էր, երբ Աստծու հրեշտակն ասում է նրան. «Ե՛լ և գնա՛ դեպի հարավ այն ճանապարհով, որ Երուսաղեմից դեպի Գազա, այն է՝ անապատ է տանում»: Երբ գնում է, տեսնում է, որ Եթովպիայի Կանդակա թագուհու բոլոր գանձերի վերակացու ներքինապետը, որ տաճարում Աստծուն երկրպագելու համար Երուսաղեմ էր եկել, այդ ժամանակ իր կառքով վերադառնում էր իր երկիր: Փիլիպպոսը, հրեշտակի հրամանով կառքին մոտենալով, լսում է, որ նա Եսայի մարգարեի գրքի այն տեղն է կարդում, որում գրված էր, թե Հիսուսը պետք է չարչարվի և խաչվի: Ուստի Փիլիպպոսը հարցնում է նրան, թե կարդացածը հասկանո՞ւմ է:

Ներքինին պատասխանում է. «Եթե մեկը ինձ չուսուցանի, ինչպե՞ս կարող եմ հասկանալ»: Եվ աղաչում է Փիլիպպոսին, որ ելնի ու նստի իր հետ, ապա հարցնում է նրան. «Արդյոք մարգարեն ո՞ւմ մասին է ասում սա, ի՞ր, թե՞ մի ուրիշի»: Այն ժամանակ Փիլիպպոսը բացում է բերանն ու քարոզում է Հիսուսին, որին հավատում է  ներքինին և դավանում նրան որպես Աստծու Որդու: Երբ ճանապարհին մի աղբյուրի հասան, Փիլիպպոսը ներքինու խնդրանքով մկրտեց նրան, և ահա Սուրբ Հոգին իսկույն նրա վրա իջավ, իսկ հրեշտակը հափշտակեց Փիլիպպոսին  ու տարավ Ազոտոս: Ներքինին այլևս չտեսավ նրան և շարունակեց ճանապարհը մեծ ուրախությամբ:

Փիլիպպոսը, Ազոտոսում և շրջակա վայրերում ևս քարոզելով, հասնում է Կեսարիա, որ Հոպպեից քառասուն մղոն հեռու էր և ծովեզերքում գտնվող մի մեծ քաղաք էր, որ այժմ ավերակ է (սա պաղեստինացիների Կեսարիան է): Հիրավի, Աստծու ողորմածությամբ հավատացյալները Երուսաղեմի շրջակա  քաղաքներում՝ մինչև Դամասկոս, օրըստօրե բազմանում են, բայց համառ հրեաները հանգիստ չեն մնում, և միշտ հետամուտ էին  նրանց հալածելու ամենայն խստասրտությամբ:

Այս կապակցությամբ Սողոսը ևս, մեծ բարկությամբ լցված, քահանայապետից հրաման է առնում գնալու Դամասկոս՝ ձեռքին թուղթ ունենալով, որ թե՛ այնտեղ և թե՛ ճանապարհին հավատացյալներից ում որ գտնի, կապելով բերի Երուսաղեմ: Երբ հալածելու դիտավորությամբ այդպես Դամասկոսին է մոտենում, հանկարծ նրա շուրջը փայլակի նման շլացուցիչ լույս է ծագում երկնքից, և ինքը վախից իսկույն գետին է ընկնում ու մի ձայն լսում, որն ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»: Եվ որովհետև չգիտեր, թե ի՛նչ պատահեց, և ում ձայնն էր դա, հարցնում է. «Տե՛ր, դու ո՞վ ես»: Ձայնը պատասխանում է. «Ես եմ՝ Հիսուսը, որին դու հալածում ես: Չես  կարող խթանին քացով խփել»:

Այդ ժամանակ Սողոսը, մեծ ահով ու դողով համակված, հարցնում է. «Տե՛ր, ի՞նչ կուզես, որ անեմ», և դրանով իրեն Հիսուսի կամքին է հանձնում: Հիսուսը պատասխանում է. «Ոտքի՛ ել, քաղա՛ք մտիր, այնտեղ քեզ կասեն, թե ի՛նչ պետք է անես»: Երբ Սողոսի ընկերները ևս այդ ձայնը լսեցին, երկյուղը նրանց էլ պաշարեց, որովհետև ոչինչ չտեսնելով՝ չգիտեին, թե ո՛վ է նրա հետ խոսողը: Սողոսը ոտքի կանգնեց, բայց ոչ ոքի չէր կարող տեսնել, ուստի նրան, ձեռքից բռնած, Դամասկոս տարան, և թեև աչքերը բաց էին, բայց ոչինչ չէին կարող տեսնել:

Հիշյալի վիճա՛կը տես. Հիսուսին հավատացողներին պատժելու փափագով ու եռանդով վառված՝ ինքն է պատժվում և հարկադրվում ճանաչելու, որ նա է Մեսիան, այն է՝ Տիրոջ օծյալը և Աստծու Որդին, որին հակառակ գործելու համար այն աստիճան է զղջում, որ երբ Դամասկոս է մտնում, երեք օր ո՛չ ուտում է և ո՛չ խմում, այլ սրտառուչ պաղատանքով և աղոթքով խնդրում է, որ Հիսուսը ողորմի իրեն:

Այդ ժամանակ Հիսուսի աշակերտներից Անանիա անունով մի մարդ կար Դամասկոսում, որին Հիսուսը երազի մեջ հրամայում է Հուդայի տուն գնալ Գեղեցիկ կոչված փողոցում և այնտեղ որոնել Տարսոնացի Սողոսին: Այդ նույն ժամանակ Սողոսն էլ երազում Անանիային է տեսնում, որը գալիս և ձեռքն իր վրա է դնում, որպեսզի ինքը տեսնի: Բայց որովհետև Անանիան չգիտեր, որ Հիսուսը ճանապարհին երևացել էր Սողոսին, այդ պատճառով ասում է. «Տե՛ր, այդ մարդու մասին շատերից լսեցի, թե Երուսաղեմում որքան չարիք է հասցրել հավատացյալներին և նույն նպատակով այստեղ է եկել»:

Հիսուսը կրկնում է իր հրամանը՝ հայտնելով, որ ինքը ճանապարհին երևացել է նրան, և որ նա ընտիր անոթ պետք է լինի ու իր անվան համար շատ չարչարանք պիտի կրի: Անանիան գնում ու գտնում է Սողոսին և ձեռքը նրա վրա դնելով՝ ասում է. «Սավո՛ւղ եղբայր, վերև՛ նայիր: Հիսուսը, որ ճանապարհին երևաց քեզ, ինձ քեզ մոտ ուղարկեց, որ տեսնես ու Սուրբ Հոգով լցվես»: Այս խոսքի վրա Սողոսի աչքերն անմիջապես բժշկվում են, և նա մկրտվում է: Ապա կերակուր ուտելով՝ զորություն է ստանում և սկսում է հավատացյալների մոտ բնակվել ու Հիսուսին քարոզել՝ հաստատելով, որ նա է Քրիստոսը և Աստծու Որդին:

Սողոսի այս վարմունքը բոլորին զարմանք է պատճառում, և սկսում են ասել. «Սա չէ՞ր, որ Հիսուսին հավատացողներին պատժում էր Երուսաղեմում և այստեղ էլ եկել էր, որ նրանց կապելով ՝ քահանայապետի մոտ տաներ»: Իսկ նա, առավել զորացած, հաղթում էր հրեաներին և նրանց տեղեկացնում, որ Հիսուսն է Քրիստոսը:

Այնուհետև գնում է Արաբիա, որտեղ առժամանակ մնալուց հետո կրկին վերադառնում է Դամասկոս (ինչպես հայտնի է Գաղ. 1:17): Եվ երբ այնտեղ մեծ համարձակությամբ քարոզում է, այս անգամ մտածում են նրան սպանել Արետաս թագավորի կողմից  նշանակված կառավարչի միջոցով (Բ Կորնթ. 11:32), որը քաղաքի դռները գիշեր ու ցերեկ պահպանելու համար զինվորներ է հատկացնում, որպեսզի քաղաքից դուրս եկած ժամանակ սպանեն նրան:

Սակայն հավատացյալները, իմանալով նրանց նենգությունը, բերդի պարսպից վանդակով ցած են իջեցում Սողոսին, որին հաջողվում է փախչել: Ահա այս կերպ հրեաների ձեռքից ազատվելով՝ Երուսաղեմ է գալիս, որտեղ թեև ցանկանում է գնալ հավատացյալների մոտ, բայց բոլորը վախենում են Սողոսից, որովհետև չէին հավատում, թե նա աշակերտել է Հիսուսին: Սակայն Բառնաբասը, որ տեղյակ էր գործին, առաքյալների մոտ է տանում նրան և նրանց պատմում, թե ինչպես Հիսուսը ճանապարհին երևացել նրան, իսկ նա Դամասկոսում ինչպե՛ս է համարձակությամբ քարոզել Հիսուսի անունով: Սողոսը մնաց առաքյալների մոտ և ամենայն համարձակությամբ քարոզում էր ավետարանը:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․