Գրքեր
Ո՞ւր գնացին Պողոսը և իր ընկերները՝ Փիլիպպեից մեկնելով:

Դարձյալ Մակեդոնիայում գտնվող  Ամփիպոլիս և Ապոլոնիա կոչված վայրերը գնացին և այդ կողմերում շրջելով ու քարոզելով՝ հասան Թեսաղոնիկե քաղաքը, որտեղ շատ հրեաներ էին ապրում: Պողոսը, ըստ իր վաղեմի սովորության, երեք շաբաթ նրանց հետ խոսեց՝ հաստատելով, որ Քրիստոսը (Մեսիան) պետք է չարչարվեր, մեռներ և ապա հարություն առներ: Եվ Սուրբ Գրքից վկայություններով ապացուցում էր, որ նա է Հիսուս Քրիստոսը, որին իրենք քարոզում են, և որին ոչ միայն նրանցից ոմանք, այլև շատ հեթանոսներ և պատվավոր կանայք հավատացին Հիսուս Քրիստոսին:

Սակայն այս անգամ ևս համառ ու չարանենգ հրեաներն այն աստիճան նախանձով լցվեցին, որ անօրեն ու գռեհիկ մարդկանց հավաքելով՝ մեծ խռովություն գրգռեցին քաղաքում: Նրանք ահագին ամբոխով հարձակվեցին Յասոն անունով մարդու տան վրա և Պողոսին ու նրա ընկերներին պահանջեցին, քանի որ նրա տանն էին իջևանել:  Երբ նրանց այնտեղ չգտան,  Յասոնին ու հավատացյալներից մի քանիսին բռնելով՝տարան քաղաքապետի մոտ՝ գանգատվելով, թե՝ «Նրանք, որ աշխարհը խռովեցին, այժմ այստեղ են եկել և Յասոնի տանն են իջևանել: Սրանք ամենքը կայսրի հրամանին հակառակ են գործում և Հիսուս անունով մեկին թագավոր են անվանում»:

Եվ որովհետև  ըստ օրենքի հարկավոր էր երկու կողմերին էլ դեմառդեմ խոսել տալ, Յասոնից և այլ քրիստոնյաներից երաշխիք ստանալով՝ նրանց ազատ են արձակում և որոնում են Պողոսին ու Շիղային: Այդ պատճառով քրիստոնյաները գիշերը նրանց անմիջապես ուղարկում են Բերիա քաղաքը, որ  Մակեդոնիայում էր՝ Թեսաղոնիկեի մոտ: Պողոսն ու Շիղան փախան Բերիա, որտեղ ևս հրեաներ կային, որոնք սիրով և հոժարակամ ընդունեցին Աստծու այս անվեհեր պաշտոնյաներին: Նրանք Թեսաղոնիկեի հրեաներից ավելի իմաստուն և ազնիվ մարդիկ էին, որոնք միշտ մեծ ուշադրությամբ էին քննում Սուրբ Գիրքը՝ իմանալու համար, թե իրո՛ք այդպես է, և քննելուց հետո համոզվելով՝ շատերն ընդունեցին քրիստոնեությունը: Այդպես էլ բազմաթիվ հույներ՝ տղամարդիկ և կանայք, միանգամից հավատացին Հիսուսին:

Երբ Թեսաղոնիկեի հրեաները այս լուրն առան, շուտով Բերիա եկան, որպեսզի այնտեղ ևս ժողովրդին հուզելով՝ Պողոսի դեմ հանեն: Այդ պատճառով հավատացյալները նրան Աթենք են ուղարկում: Իսկ Շիղան և Տիմոթեոսը մնում են Բերիայում: Բայց որպեսզի  միմյանցից չբաժանվեն ու միասին քարոզեն, Պողոսը իրեն տանող անձանց միջոցով լուր է ուղարկում, որ շտապ Աթենք գնան: Իսկ ինքը ամենայն համարձակությամբ շարունակ քարոզում էր թե՛ հրեաներին և թե՛ հեթանոսներին:

Աթենացիները, իրենց իմաստուն համարելով, միշտ հետամուտ էին մի նոր բան խոսելու կամ լսելու: Ուստի երբ Պողոսի քարոզությունը լսեցին, սկսեցին ասել. «Այս մարդը ի՞նչ է ուզում ասել»: Եվ թեպետ հակառակ խոսողներ եղան, ոմանք Պողոսին տարան դատավորների ատյան, որ Արիսպագոս էր կոչվում, որպեսզի այնտեղ նորից լսեն նրան: Պողոսն ասաց. «Ո՛վ աթենացիներ, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի շատ կրոնասեր մարդիկ եք, քանի որ շրջելով տեսա ձեր պաշտամունքի վայրերը, գտա նաև մի բագին, որի վրա գրված էր. “Անծանոթ Աստծուն”»: Ահա ում որ դուք պաշտում եք առանց ճանաչելու, ես նրան եմ քարոզում ձեզ»:

Այս ասելուց հետո հայտնում է նրանց. «Ճշմարիտ Աստվածը նա է, ով ստեղծեց երկինքն ու երկիրը, ինչպես նաև բոլոր արարածներին, որոնք բոլորն էլ նրա զորությամբ են ապրում, իսկ կուռքերը, որ ձեռակերտ են, Աստված չեն»: Վերջապես նրանց հետ խոսում է Հիսուսի ու նրա հարության մասին: Այս քարոզը լսելով՝ թեև ոմանք ծաղրում են առաքյալին, բայց ԾԴ. հարցում հիշված Դիոնիսիոսը (որ Արիսպագոսում ատյանի գլխավորն էր), նաև Դամարիս անունով մի կին և ուրիշներ հավատացին Հիսուս Քրիստոսին:

Աթենքից Պողոսը գնում է Կորնթոս քաղաքը, որտեղ ապրում էր Ակյուղաս անունով պոնտացի մի հրեա՝  իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ: Նրանք քրիստոնեություն էին ընդունել Հռոմում, և երբ հռոմեացիների Կլավդիոս կայսրի հրամանով բոլոր հրեաներին քաղաքից արտաքսել էին, Իտալիայից Կորնթոս էին եկել: Ակյուղասն արհեստով վրանագործ էր, ինչպես Պողոսը, որ գնաց նրանց տանն ապրելու: Նրանց վրա բեռ չլինելու համար Պողոսն  իր ձեռքի աշխատանքով էր ապրում: Միայն շաբաթ օրերը ժողովարանում քարոզում էր անդադար, և նրա քարոզությամբ շատ հրեաներ ու հեթանոսներ հավատացին Հիսուսին:

Այդ ժամանակ Շիղան և Տիմոթեոսը (ինչպես վերևում հիշատակվեց, Պողոսն սպասում էր նրանց) Մակեդոնիայից եկան Կորնթոս: Նրանց հետ միաբանված՝ Պողոսը քարոզում էր հրեաերին և հաստատում էր, որ Հիսուսն է Քրիստոսը: Սակայն երբ համառ հրեաները ընդդիմանալով վատաբանեցին, Պողոսը, վրայի հանդերձները թափ տալով, ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը: Ես անպարտ եմ: Այսուհետև հեթանոսների մոտ կգնամ»:  Եվ սկսում է բնակվել Տիտոս Հուստոս անունով մի հարգված քրիստոնյայի տանը,  որը ժողովարանին մոտ էր: Եվ Կրիսպոս ժողովրդապետը  իր ամբողջ ընտանիքով, ինչպես նաև Կորնթոսի բնակիչներից շատերը հավատում են ու մկրտվում:

Քանի որ նախանձոտ հրեաները Պողոսին թշնամի էին ու հակառակ, որպեսզի նա չվախենա, գիշերն Աստված երազի մեջ նրան ասում է «Մի՛ վախեցիր, միշտ խոսի՛ր, ես քեզ հետ եմ: Ոչ ոք չի կարողանա քեզ չարչարել, քանի որ այս քաղաքում ես մեծ թվով ժողովուրդ ունեմ»: Այդ պատճառով Պողոսը, մեկուկես տարի այնտեղ մնալով, քարոզում էր Աստծու խոսքը, սակայն Աքայիայի բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք շահագրգիռ հրեաները միաբանվելով բռնում են Պողոսին և նրան ատյան բերելով՝ ասում. «Այս մարդը խաբեբա է: Սովորեցնում է Աստծուն Օրենքից դուրս պաշտել»: Այս անգամ թշվառականներն իրենց նպատակին չկարողացան հասնել Աստծու մասնավոր հոգածության շնորհիվ:

Մինչ Պողոսը պատրաստվում էր պատասխանել չարախոս հրեաներին, Գաղիոնն ինքն է ասում նրանց. «Ո՛վ հրեաներ, եթե մի անիրավություն կամ խարդախություն գործած լիներ, ապա տեղին կլիներ, որ ձեր բողոքը լսեի: Բայց եթե ձեր օրենքին վերաբերող խնդիր ունեք, գնացե՛ք և ձեր մե՛ջ կարգավորեք, որովհետև այդպիսի խնդրի համար դատավոր լինել չեմ ուզում»: Այս ասելով՝ նրանց ատյանից դուրս հանել է տալիս: Եվ երբ հույները հրեաների դրդամբ ծեծում էին Սոսթենես ժողովրդապետին իբր թե Պողոսին օգնելու համար, հիշյալ դատավորը բնավ չմտահոգվեց դրա համար, թեև այդ նույն ատյանի առջև էր տեղի ունենում այդ անկարգությունը: Ահա այս կերպ ժողովրդի աղմուկը դադարում է, իսկ Պողոսը, երկար ժամանակ ևս այնտեղ մնալով, քարոզում էր:

Այնուհետև Պողոսը ցանկանում է ասորիների երկիրը գնալ՝ այնտեղի քրիստոնյաներին քաջալերելու համար: Հիշյալ Ակյուղասն ու Պրիսկիղան ևս ընկերանում են նրան: Երբ Եփեսոս են գալիս, ինքը, ընկերներին թողնելով, շտապում է հրեաների ժողովարան գնալ և քարոզել:  Թեպետև սրանք աղաչում էին Պողոսին երկար ժամանակ մնալ իրենց մոտ, բայց նա  չհամաձայնեց, այլ միայն խոստացավ Աստծու կամքով կրկին գնալ նրանց մոտ: Այնտեղից նա գնում է Կեսարիա, որ Հոպպեի մոտ է, և տեղի հավատացյալներին տեսնելուց հետո գնում է Անտիոք, որտեղ առժամանակ մնալով՝ անցնում է Գաղատիայի և Փռյուգիայի կողմերը, որպեսզի սրտապնդի հավատացյալներին և հաստատի հավատի մեջ, ինչպես որ նախկինում քարոզել էր նրանց:

Այդ ժամանակ ալեքսանդրիացի Ապողոս անունով իմաստուն մարդը, որ քրիստոնյա էր, Եփեսոս գալով, մեծ եռանդով ու համարձակությամբ քարոզում էր Հիսուսին, սակայն մինչ այդ ժամանակ ավետարանի խորհրդի կատարյալ իմացություն դեռ ձեռք չէր բերել. միայն Հովհաննեսի մկրտությանն էր տեղյակ: Ակյուղասն ու Պրիսկիղան իրենց մոտ առան նրան և կատարելապես սովորեցրին ավետարանը:

Ապա երբ Ապողոսը ցանկանում է Աքայիա և Կորնթոս գնալ, նրան ընդունելու համար տեղի հավատացյալներին ուղղված հանձնարարագիր են տալիս: Երբ Ապողոսը հասնում է Կորնթոս, մեծապես օգտակար է լինում տեղի քրիստոնյաներին, որովհետև մեծ քաջասրտությամբ և հրապարակավ հանդիմանում է հրեաներին և Սուրբ Գրքի վկայություններով հաստատում ու համոզում է նրանց, որ Հիսուսն է Քրիստոսը, Տիրոջ Օծյալը:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․