Գրքեր
Ֆեստոսը, Պողոսի դատն արդարությամբ տեսնելով, արձակե՞ց նրան:

Չարձակեց: Հիրավի, նախ կամեցավ արդարություն գործադրել, բայց հետո կեղծավորությամբ հրեաներին կողմնակցություն անելով՝ չհամարձակվեց արդար դատաստան տեսնել: Այդ պատճառով պաշտոնի անցնելուց երեք օր հետո Կեսարիայից գնում է Երուսաղեմ, որտեղ քահանայապետներն ու հրեաների գլխավորներն իրեն խնդրում են Պողոսին այնտեղ բերել և դատել, որպեսզի ճանապարհի վրա մարդ սպասեցնելով՝ նրան սպանեն: Բայց որովհետև Ֆեստոսը երկար չէր մնալու այնտեղ, պատասխանում է նրանց. «Ով կարող է, թող ինձ հետ գա Կեսարիա և այնտեղ գանգատ ներկայացնի»: Եվ ութ կամ տասն օր հետո վերադառնում է Կեսարիա:

Պողոսի թշնամիներն էլ են գալիս: Հաջոր օրը, երբ ատյան է գումարվում, զրպարտությամբ ջանում են Պողոսի դեմ խիստ և շատ ծանր մեղադրանքներ առաջ քաշել, բայց չեն կարողանում հաստատել, քանի որ Պողոսը պատասխանում էր, որ ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի և ո՛չ կայսրի դեմ ոչ մի հանցանք չի գործել: Հակառակորդներն այս անգամ ևս խայտառակվում են, և տեսնելով, որ այլ կերպ չպիտի կարողանան հաղթել, աղաչանքով ու կաշառքով Ֆեստոսին ստիպում են, որ Պողոսին անպատճառ Երուսաղեմում դատի, որպեսզի ճանապարհին Պողոսին սպանելու իրենց չար մտադրությունն իրականացնեն:

Հիրավի, Ֆեստոսը լիովին համոզված էր, որ առաքյալը բնավ որևէ հանցանք չունի, այդուհանդերձ հրեաներին հաճոյանալու նպատակով նրան հարցնում է. «Կուզե՞ս Երուսաղեմ գնալ, որ ձեր դատն այնտեղ տեսնեմ»: Պողոսը պատասխանում է. «Կայսրի ատյանում եմ (ասել կուզի՝ ձեր ատյանը կայսրի ատյանն է): Եթե հանցանք ունեմ, մահից չեմ վախենում: Իսկ եթե ոչ, ոչ ոք չի կարող ինձ հրեաների ձեռքը մատնել: Կայսրի՛ն եմ բողոքում»: Այս խոսքերը լսելով՝ կառավարիչն իր խորհրդականների հետ խորհրդակցելուց հետո հայտնում է Պողոսին. «Որովհետև կայսրին բողոքեցիր, ուրեմն գնա՛ կայսրի մոտ»: Այս կերպ իր թշնամիների որոգայթից ազատվելով՝ նա պատրաստվում է Հռոմ գնալու:

Այդ օրերում Հրեաստանի թագավոր կրտսեր Ագրիպպասը  (ԿԲ. հարցում հիշված Հերովդես թագավորի որդին էր) իր Բերենիկե քրոջ հետ գալիս է Ֆեստոսին շնորհավորելու: Վերջինս, Պողոսի մասին նրան հայտնելով, ուզում է առաքյալին նրա ներկայությամբ ևս խոսել տալ, քանի որ թեև նրան Հռոմի կայսրի մոտ էր ուղարկելու (ինչպես Պողոսն ինքը պահանջեց), սակայն իմանալով, որ նա անմեղ է, չգիտեր, թե ի՛նչ գրի կայսրին: Ագրիպպասը ևս, Պողոսին տեսնելն ու նրան խոսել տալը փափագելով, հաջորդ օրը մեծ փառքով հազարապետների և քաղաքի երևելիների հետ ատյան է գալիս:

Երբ առաքյալը ներկայանում է և խոսելու հրաման ստանում, սկսում է մեծ համարձակությամբ խոսել և հերթով պատմել, որ ինքը նախ քրիստոնյաներին էր հալածում Երուսաղեմում, որ այդ նպատակով Դամասկոս գնալիս Հիսուսը երևում է իրեն, և ինքը հավատում է, որ նա է Քրիստոսը (Մեսիան) և հարություն է առել, որ նրա հրամանով սկսում է քարոզել ավետարանը: «Քանի որ ինչպես մարգարեներն են գրել, որ նա պիտի չարչարվեր, մեռներ և հարություն առներ, և բոլոր հրեաներն այդ հավատն ու հույսը ունեն, ես էլ, երբ նույնը քարոզում էի իրենց, տաճարի մեջ բռնեցին ինձ և այդ պատճառով կամեցան սպանել»: Ֆեստոսը, նրա խոսքն ընդհատելով, ասում է. «Խենթացել ես, Պողո՛ս, շատ իմանալդ քեզ խելագարության է տարել»:

Պողոսը պատասխանում է. «Չեմ խելագարվել, պատվակա՛ն Ֆեստոս, այլ բանականության ու ճշմարտության համաձայն եմ խոսում, քանի որ պատմածս մի գաղտնի անկյունում չի պատահել»: Ապա խոսքը Ագրիպպասին ուղղելով՝ ասում է. «Հավատո՞ւմ ես մարգարեներին: Գիտեմ, որ հավատում ես»: Այս խոսքի վրա Ագրիպպասն ասում է. «Քիչ մնաց, որ ինձ էլ քրիստոնյա դարձնես»: Առաքյալն աներկյուղ պատասխանում է. «Ոչ միայն քեզ, այլև բոլոր նրանց, ովքեր լսում են ինձ, քրիստոնյա դարձնելու բաղձանքն ունեմ»: Տեսնելով, որ անկարող է Պողոսին հակառակ պատասխան տալ, Ագրիպպասը ոտքի է կանգնում, և ժողովը ցրվում է:

«Այս մարդը մահվան կամ կապանքների արժանի ոչինչ չի արել» ասելուց բացի՝ Ագրիպպասը Ֆեստոսին հայտնում է. «Եթե այս մարդը կայսրին բողոքած չլիներ, կարելի էր արձակել նրան», որովհետև հասկացան, որ բնավ հանցանք չունի: Ահա այսպիսին է անիրավ և կեղծավոր դատավորների ընթացքը, ինչպես ահա Ֆեստոսինը, որն ի պատիվ հրեաների՝ իրավունքը ոտնակոխ արեց: Սակայն սրանում ևս թաքուն խորհուրդ կար, քանի որ (ինչպես նշված է ԿԶ. և ԿԷ. հարցերում) Պողոսն անպատճառ պետք է Հռոմ գնար և այնտեղ էլ քարոզելով՝ շատերին քրիստոնեական հավատի պայծառ լույսով լուսավորեր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․