Գրքեր
Հարց 77 – Կամենում եմ ուսուցանել Եզեկիելի առաջին տեսիլքի մեկնությունը, որ առաջին գլուխն է մինչև վերջ, բայց, երկար լինելու պատճառով, համառոտելով կներկայացնեմ, որպեսզի պատասխանեք: «Ասում է Եզեկիելն ինքը (երբ Բաբելոնի գերության ժամանակ ժողովրդի հետ էր). Աստված խոսեց Բուզիի որդու՝ Եզեկիել քահանայի հետ, քաղդեացիների երկրում, Քորաբ գետի ափին: Եվ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա, ու տեսա, որ ահա հյուսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ: Շուրջը լույս էր, որից հուր էր փայլատակում: Նրա մեջ թանկարժեք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ: Դրա մեջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային: Եվ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունեին: Ամեն մեկը չորս դեմք ուներ, ամեն մեկը՝ չորս թև: Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թևավոր, կճղակները նման էին հորթերի կճղակների, և դրանից կայծեր էին թափվում, ինչպես պղնձի փայլատակումներից: Նրանց թևերն արագաշարժ էին: Նրանց թևերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային: Նրանց երեսները չորսն էին: Չորսի թևերն էլ կցված էին միմյանց: Գնալիս երեսները հետ էին դարձնում, յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր ընթանում: Նրանց չորս դեմքի տեսքը աջից մարդու և առյուծի կերպարանք ուներ, իսկ ձախից՝ եզան և արծվի կերպարանք. այս էր նրանց տեսքը: Նրանց չորսի թևերը տարածվում էին վերևից. յուրաքանչյուր երկուսն իրար էին կցված ու վերևից զույգ-զույգ ծածկում էին նրանց մարմինները: Եվ յուրաքանչյուրն իր դեմքի ուղղությամբ էր ընթանում, դեպի ո՛ր կողմը որ հողմը փչում էր՝ նրանք այն կողմ էին գնում և ընթանալիս հետ շուռ չէին գալիս: Կենդանի էակների մեջ բորբոքված հրի պես մի պատկեր կար, ասես շարժվեղ լապտերների պատկեր լիներ. կրակի լույս կար, և այն կրակից փայլատակումներ էին սփռվում: Եվ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթև պտտվում էին, արեգակի պես: Եվ ահա երկրի վրա, չորս կենդանի էակների ետևից մի անիվ էի տեսնում. անիվների կերպարանքն ու դրանց կառուցվածքը ոսկեքարի տեսք ունեին: Թե՛ չորսի տեսքը, թե՛ նրանց պատկերն ու կառուցվածքը այնպես էին, որ կարծես թե անիվի մեջ անիվ էր պտտվում: Նրանք իրենց դեմքերի չորս ուղղությամբ էլ ընթանում էին ու հետ շուռ չէին գալիս: Բարձր էին: Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով: Կենդանի էակներն ընթանալիս՝ անիվներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիվներն էլ էին բարձրանում: Դեպի ո՛ր կողմը որ գնում էին ամպն ու հողմը՝ կենդանի էակներն էլ էին ընթանում, և անիվները նրանց հետ բարձրանում էին, որովհետև այն անիվների մեջ կենդանի ոգի կար: Երբ նրանք ընթանում էին, անիվներն էլ էին գնում, կանգնելիս կանգ առնում, երբ երկրից նրանք բարձրանում էին, անիվներն էլ էին բարձրանում, որովհետև այն անիվների մեջ կենդանի ոգի կար: Եվ կենդանի էակների գլխավերևում երկնակամարի նման մի բան կար, որ բյուրեղի տեսք ուներ ու վերևից տարածվում էր նրանց թևերի վրա: Իսկ երկնակամարի ներքևում նրանց թևերը պարզված սավառնում էին իրար հետ. յուրաքանչյուրը երկուական թև, որ ծածկում էր իրենց մարմինները: Երբ նրանք սավառնում էին, լսում էի նրանց թևերի ձայնը, ինչպես հորդ ջրերի ձայնը, ինչպես Սադա աստծո ձայնը: Իսկ երբ շարժվում էին, լսվում էր նրանց խոսքը, ինչպես բանակի ձայնը: Երբ նրանք կանգ էին առնում, թևերն էլ դադար էին առնում: Եվ ահա երբ նրանք կանգ էին առնում ու իրենց թևերը բարձրացնում, նրանց գլխավերևի երկնակամարից մի ձայն էր լսվում: Նրանց գլխավերևի երկնակամարից է՛լ ավելի վեր կար գահի պես մի բան, որ շափյուղա ակի էր նմանվում, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մի բան: Այդ կերպարանքի մեջ բազմագույն ակի պես մի պատկեր էի տեսնում, նրանից ավելի ներքև՝ շուրջանակի կրակի պատկեր, մեջքից վեր՝ արեգակի նմանությամբ, իսկ մեջքից ներքև՝ կրակի: Եվ լույսը, որ նրա շուրջը բոլորակ էր կազմել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին ամպերի մեջ էր ձգվում: Եվ այսպես նրա շուրջը լույսի ահագին մի տեսիլք կար» (Եզեկ. 1:3-29): Ո՞րն է այս տեսիլքի իմաստը:

Պատասխան – Այս աստվածացույց տեսիլքը նշանավոր մեկնիչները տարբեր կերպ են բացատրում՝ մանավանդ տրամաբանական մեկնությամբ: Սակայն մենք ոմանց մեկնություններից վերցնելով տեսիլքի այն դրական մեկնությունները, որոնք հարմար են ժամանակի պարագաներին, դնում ենք այստեղ: Ապա տեսիլքից վերցնելով մեկական հատված՝ առանձին-առանձին կբացատրենք: Այս տեսիլքով Աստված Եզեկիելին մատնացույց արեց, որ մոտ է Երուսաղեմի կործանումը:

Արդ՝ երբ ասում է քառադեմ հրեշ, որ տարածվել էր կառքի չորս անկյուններում, նկատի ունի Նաբուգոդոնոսոր թագավորին, որ պատրաստ էր իր ցեղի մեջ տեսնել իսրայելցիների Հուդայի ցեղի թագավորությունը՝ չորս անգամ գերեվարված: Առաջին անգամ իր պապը Մանասե թագավորին գերի դարձրեց, որ Հուդայի ցեղի թագավորն էր, երկրորդ անգամ ինքը գերեվարեց Հովակիմ թագավորին: Երրորդ անգամ գերեց Հեքոնիա թագավորին, չորրորդ անգամ՝ պակաս մնացածները Սեդեկիա թագավորի գերությամբ իրականացան:

Մարդու կերպարանք. Սա գլխավոր հրեշն էր, որ իր վրա պատվաստված այլ հրեշներ ուներ: Նա հենց Նաբուգոդոնոսոր թագավորն էր, քանզի Երուսաղեմ քաղաքի կործանումից հետո ինքը պատրաստվել էր գլխավոր լինել:

Առյուծ ասելով նկատի ունի Պարսից թագավորությունը: Եզն Ասորեստանի թագավորությունն է, որ այն ժամանակ քաղդեացիների լծի տակ էր:

Արծիվը, որ բարձր էր պահում իր գլուխը մյուսներից, Մարերի թագավորությունն է: Նա Նաբուգոդոնոսորի հետ միաբանելով՝ ծովային վարժություններ էր անում և հզորանում էր: Նաև պատրաստ էր ուրիշների վրա հարձակվել այնպես, ինչպես պատահեց Արտաշեսի ու նրա որդի Դարեհի ժամանակ, երբ իր իշխանության տակ առավ պարսից ազգը, ասորեստանցիներին ու քաղդեացիներին, որ այժմ միաբանվել էին՝ եբրայեցիների դեմ:

Հրեշի չորս երեսների միավորումը, մի կողմ ուղղվելը և յուրաքանչյուրի՝ իր դեմքի ուղղությամբ ընթանալը ցույց է տալիս այն երեք թագավորությունների սերտ միաբանությունը, որոնք պետք է նեղություն պատճառեն եբրայեցիների ազգին:

Հորթերի նման կճղակներ ունենալը մատնացույց է անում այլ փոքրիկ իշխանությունները, ինչպես՝ փղշտացիները, եդովմայեցիները, ամոնացիները, որոնց եղջյուրները, հորթի եղջյուրի նման, դեռևս թույլ էին հարվածի համար, բայց և այնպես իրենց եղունգների օգնությանը դիմեցին՝ Երուսաղեմը կործանելիս:

Թևերն արագության խորհրդանիշ են: Բոցերն ու փայլատակումները՝ կարծր խստության նշանակ:

Չորս կողմերում եղող մարդկային ձեռքերն ընդհանրապես նշան են կողոպուտի ու հափշտակության, որ պատրաստ էին անել՝ ամեն ինչ կողոպտելով:

Գազաններին զուգահեռ ընթացող աչքերով լի անիվները խորհրդանշում են զինվորների արդարությունը, որ ամեն ինչ անում են իրենց գլխավորի հրամանով և միշտ արթուն ու զգաստ են պահպանության ժամանակ՝ ամենևին ճանապարհ չտալով փախստյան մատնված եբրայեցիներին:

Անիվների ծովագույն տեսքը ցույց էր տալիս զորքի անհամար բազմությունը, որ ծովի նման տարածված էր ամենուր:

Առաջին տեսիլքի գազանները, որ իրենց դեմքերի չորս ուղղությամբ էլ ընթանում էին և հետ շուռ չէին գալիս, ցույց են տալիս հեծելազորը, որ իր երկիրը չէր վերադառնալու՝ մինչև չկործաներ Երուսաղեմ քաղաքը:

Տեսիլքի երկրորդ մասում, որ երևում էին գնալ-գալով, ցույց են տալիս հեծելազորի Եգիպտոս գնալը, քաղաքը կործանելը և, եգիպտացիներին դուրս վռնդելուց հետո, հայրենի երկիր վերադարձը:

Կառքի վրա հաստատված աթոռին նստած մարդը մատնացույց է տալիս Աստծուն, Ում կարգադրությամբ պիտի կատարվեր այս ամենը:

Աթոռի շուրջը եղած աղեղը ցույց էր տալիս, որ Աստված հետո պիտի հաշտվի ժողովրդի հետ, և եբրայեցիների ազգը վերստին պիտի նորոգվի:

Ահա՛ Եզեկիել մարգարեի տեսիլքի գրական մեկնությունը, թեև վարդապետները տրամաբանված այլ մեկնություններ էլ են տալիս, սակայն մեզ անհրաժեշտը մեր ասածն է:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․