Գրքեր
Հարց 105 - «Սակայն Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր Որդուն» (Հովհ. 5:22): Մի՞թե Հայրը և Սուրբ Հոգին մասնակից չեն դատելու իշխանությանը:

Պատասխան – Այդպես մի՛ կարծիր: Բոլոր աստվածաբանների ընդհանուր կարծիքն այն է, թե Սուրբ Երրորդության տեսանելի գործերը հավասար են Սուրբ Երրորդության երեք անձերի համար: Ուստի Որդու հետ դատում է և՛ Հայր Աստված, և՛ Սուրբ Հոգի Աստված: Սակայն այն խոսքը, որ ասում է. «Ամեն դատաստան տվել է Որդուն», ըստ որում՝ Նա պիտի դատավորի դեր ունենա դատաստանի օրը, Նա միայն պիտի խոսի և լսելի դարձնի Իր ձայնը, և Ինքը պիտի արձակի անդարձ վճիռը՝ արդարներին ասելով. «Եկե՛ք իմ Հոր օրհնյալներ», իսկ մեղավորներին՝ «Հեռացե՛ք Նրանից, անիծյալնե՛ր»:

Որդին էր, որ քարոզեց հավիտենական կենաց փրկություն: Նա պիտի նստի դատավորի աթոռին, որ Իր քարոզչության հետևորդները վայելեն իրենց փառքն ու պատիվը, և ունկնդիր չեղողները կրեն իրենց անվախճան տանջանքը: «Ամեն դատաստան տվել է իր Որդուն» ասելով՝ մի հասկացիր, թե ժամանակավոր պարգև է՝ Հայր Աստծուց տրված Որդուն, այլ փոխանցված էր Որդուն աստվածային ծնունդով, Հորից ի սկզբանե: Ինչպես ի հավիտենից հայտնել էր Հայր Աստված Իր Միածնի աստվածային գոյությունն ու բնությունը, նույնպես և հայտնել էր կարողությունը, արդարությունը և բոլոր կատարելությունները: Առ ի հաստատություն մեր այս մեկնության, այսպես է ասում. Ս. Ամբրոսիոսը. «Ամբողջ դատաստանը տվեց Որդուն, իսկապես տվեց, և ոչ թե առատաձեռնորեն բաշխեց»: Իսկ Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Նրան տվեց ողջ դատաստանը, որովհետև Դատավորը ծնեց Նրան»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․