Գրքեր
Օրհնեցէ՛ք, տէր հայր: Շարականները ունեն բազմաթիւ հեղիկակներ: Բայց ո՞նց իմանալ, որ մի շարականը ո՞ւմ կողմից է գրած: Շարակնոցում դա ցոյց տուած չի: Ինձ պետք է սրբոց Սահակ Պարթեւի, Մէսրովբ Մաշտոցի եւ Մովսէս Խորենացու (մենակ որին՝ վերագրվում է հարիւրից աւելը) բոլոր շարականների ցանկը: Շնորհակալութիւն:

Աստված օրհնի Ձեզ, սիրով ներկայացնում ենք Ձեր Հարցի պատասխանը:

ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹև ԿԱԹՈՂԻԿՈՍ (348-387-439) - Տոնական շարականների առաջին խոշոր հեղինակը Սահակ Ա Պարթև կաթողիկոսն է: ​Սահակ Պարթև կաթողիկոսի բեղնավոր գրչին են վերագրվում նաև Ավագ Շաբաթի բոլոր օրերի կանոնների երգերը (բաց թողնելով միայն ԲՇ, ԳՇ, ԴՇ օրերի Օրհնության շարականները` ԲՁ <<Անեղն ի Հօրէ ...>>, ԲԿ <<Իմաստուն կուսանքն ...>> և ԳՁ <<Որ յաթոռ փառաց...>>. Ուրբաթ օրվա ԴՁ <<Այսօր ի կատարումն...>> Հետևակ շարականը, Ավագ Շաբաթ օրվա ԲՁ <<Կենդանին յաւիտենից...>> և նույն օրվա ԲՁ <<Կուսածին մարմնով...>> շարականները, որոնք նույնպես պատկանում են Ներսես Շնորհալուն): Ներկայումս Շարակնոցում տեղ գտած շարականների հեղինակների ցանկը ցույց է տալիս, որ Սահակ Պարթևի գրչին է պատկանում թե Ղազարու Հարության և թե Ավագ Շաբաթվա (ոչ ամբողջությամբ) կանոնները:

​ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (360/361-440) - Ըստ Մանուկ Աբեղյանի հայ իրականության մեջ Մեսրոպ Մաշտոցն ընդունված է որպես հայոց այբուբենի ստեղծող, թարգմանիչ, գրականագետ, լեզվաբան, բայց գրեթե աչքաթող են արված նրա շարականները, այսինքն` Մեսրոպ Մաշտոցը նաև շարականագիր է: ​Մեսրոպ Մաշտոցին են վերագրվում Ապաշխարհության կանոնի ոչ բոլոր շարականները (Օրհնություն, Հարց, Ողորմեա, Տեր յերկնից), իսկ ինչ վերաբերվում է ամեն մի ձայնի կանոնի վերջում եղած Մանկունք, Համբարձի և ճաշու շարականներին (այս շարականները իմաստային առումով բոլորովին էլ ապաշխարհության բովանդակություն չունեն իրենց մեջ), ապա սրանք ավելի ուշ Ը դարում Ստեփանոս Երկրորդ Սյունեցու կողմից են մտել ապաշխարհության կանոնի մեջ: ​Ապաշխարհության հատուկ Օրհնություններ չեն եղել և Ը դարից սկսած որպես Ապաշխարհության Օրհնություններ սկսել են քաղվել Ապաշխարհության Ողորմեաները:

​ՍՈՒՐԲ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (ՔԵՐԹՈՂ - մոտ 410- մոտ 490) - Մովսես Խորենացին (Պատմահայր, Քերթողահայր, Քերթող) հայտնի է որպես պատմիչ, քերական, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան և շարականագիր: ​Շատ հաճախ Մովսես Խորենացուն նույնացրել են Է-Ը դարերի քերական, մեկնիչ, աստվածաբան, թարգմանիչ, ծիսագետ և երաժիշտ-տեսաբան Մովսես Քերթողի հետ, որը կապված է այն երևույթի հետ, որ հաճախ ուսումնասիրողները Մովսես Խորենացուն համարել են Է դարի գործիչ, ինչը սխալ է: Մովսես Խորենացու նույնացումը Մովսես Քերթողին, շատ հաճախ հանգեցրել է այն բանին, որ Մովսես Խորենացու շարականները վերագրվել են Մովսես Քերթողին: ​Մովսես Խորենացու գրչին են պատկանում Սուրբ Ծննդյան, Տեառնընդառաջի, Հարության և այլ տոներին նվիրված բազում շարականներ: Առավելապես հայտնի են Սուրբ Ծննդյան Ճրագալույցի ԲՁ <<ՈՒրախացիր սրբուհի...>> և Սուրբ Ծննդյան ԴԿ <<Խորհուրդ մեծ և սքանչելի...>> շարականները, որոնց բնորոշ են հանդիսավոր տոնական քնարական ջերմ զգացմունքների արտահայտությունը և վիպերգական շունչը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․