Գրքեր
Իսահակին զոհելու հրամանը ստացած պահին Աբրահամը ի՞նչ էր խորհում:

Պատասխան: Աստծո հրամանը գործադրելուց բացի այլ բան չէր մտածում: Այս կետի մեջ ուշադրություն դարձրու Աբրահամի առաքինությանը: Որովհետև հոր համար բնական է իր զավակին սիրելը, մանավանդ երբ միածին՝ մեկ հատիկ է, և առավել ևս հրաշքով է պարգևված և Աստծո խոստումն էլ նրանով էր կատարվելու, մի քանի անգամ [խոստումը] հայտնելով հանդերձ, «նրան ողջակեզ արա՛» և «զոհի՛ր» ասելը խիստ ծանր առաջարկ է: Բացի այդ, հորը հրամայվում է, որ իր ձեռքով զավակին մորթելով՝ հեղի նրա արյունը, և արդարև սա նույնպես բնությանը հակառակ գործ է: Սակայն Աբրահամի սերն առ Աստված այնքան հզոր է, որ առանց սիրտը կոտրվելու, կամ առանց վհատության Իսահակին զոհելու պատրաստություն է տեսնում:

Դու հիշյալի հնազանդությանը նայիր, այն, ինչն ըստ բնության անհանդուրժելի էր, սակայն Աստծո շնորհով և հավատի զորությամբ բնությունը հաղթվեց, և Աբրահամը, ոսկու նման փորձության բովի մեջ հալվելով, երբեք իր հավատի կշիռը չնվազեց: Սակայն ոչ թե Աբրահամի սիրտը հասկանալու համար Աստված փորձեց նրան, այլ նրա զորավոր հավատքը մարդկանց ցույց տալու համար:

Պիտի իմանաս, որ սատանան մարդուն փորձում է մեղքի մեջ գցելու համար, մարդը մարդուն փորձում է նրա մտադրությունը հասկանալու նպատակով, իսկ Աստված իր սիրելիին փորձում է նրա վարձը ավելացնելու միակ դիտավորությամբ: Քանի որ ինչպես ադամանդը հղկելու գործիքով ավելի է փայլում, նույնպես կատարյալ հնազանդ մարդը փորձի անվի տակ առավել է առաքինանում: Ահա այս պարագայում Աբրահամի առաքինությունը արևի պես փայլեց աշխարհի առջև: Որովհետև նա ո՛չ Աստծո խոստումից հույսը կտրեց և ո՛չ էլ հրամանի գործադրության մեջ ամենափոքր վարանումը ցուցաբերեց:

Աբրահամը գիտեր, որ Աստծո խոստումը Իսահակով պիտի կատարվեր, քանի որ հենց նույն նպատակով էր Իսահակին իրեն պարգևել, սակայն նույն ամենակարող Աստվածն էր, որ պահանջում էր զոհը, և եթե կամենար, կարող էր վերակենդանացնել նրան (Եբր. 11:17): Ուստի նրա հավատքը բնավ չի խախտվում, քանի որ խորհում է, որ անպատճառ Աստծո որևէ խորհուրդ կա սրա մեջ, որին մարդու խելքը չհասնելով՝ հարկավոր է իսկույն, առանց կասկածի և ամենայն հնազանդությամբ կատարել Նրա հրամանը: Ուստի Իսահակին, երկու ծառաների և էշի վրա բարձած փայտ վերցնելով, առավոտյան կանուխ ճանապարհ են ընկնում՝ առանց իմանալու, թե ուր են գնում: Թեպետ և զոհելու համար ճանապարհ ընկավ, և զոհն էլ իր հետ էր, բայց զոհ մատուցելու վայրը Աստծո կողմից նշանակված չէր մինչ այդ ժամանակը: Աբրահամը առանց հարցնելու երեք օր շրջում է Երուսաղեմի կողմերում, մինչև որ տեղը կհայտնվի իրեն:

Երրորդ օրը զոհելու կամ պատարագելու վայրը հեռվից տեսնելով (որը Գողգոթա լեռն է) ծառային և էշին լեռան ստորոտում է թողնում, և փայտը Իսահակի ուսին դնելով, ինքն էլ կրակն ու սուրը վերցրած դեպի վեր բարձրանալու ժամանակ, Իսահակը տեսնում է, որ պատարագի պատրաստություն կա, սակայն պատարագելու ոչխար չկա, ուստի հորը հարցնում է. «Հայր, ահա՛ կրակ, ահա՛ փայտ, ո՞ւր է զոհաբերության ոչխարը» (Ծննդ. 22:7), հայրը պատասխանում է, թե Աստված հոգ կտանի Իր պատարագացու ոչխարի համար, զավա՛կս (Ծննդ. 22:8): Այս խոսքը ոչ թե Իսահակի հարցի պատասխանն էր, այլ հատկապես հոգևոր մտքով Հիսուս Քրիստոսի աստվածային զոհի վերաբերյալ կանխասաց մարգարեություն էր, կարծես կամենում էր ասել. «Ո՛վ իմ սիրելի զավակ, առայժմ պատարագը դու ես, սակայն քո պատարագով մարդիկ չեն կարողանա մեղքից ազատվել, այլ մի օր մարդկանց փրկության համար այս լեռան վրա Մեսիան պիտի պատարագվի Հայր Աստծո հաճությամբ» (Հովհ. 8:56): Երբ հասնում են որոշված վայրը, սեղան կանգնեցնելով փայտը վրան է դնում: Լավ, ահա սեղանը պատրաստ է, ինչպես նաև կրակն ու դանակը, ո՞ւր է ոչխարը, ո՛վ Աբրահամ. Իսահակը գործից անտեղյակ է, դեռևս պատարագելու և ոչ թե պատարագվելու փափագ ունի: Արդարև Ս. Գրքում գրված չէ, թե Աբրահամը ի՞նչ խոսքերով Իսահակին տեղեկացրեց, սակայն հայտնի է, որ Աստծո հրամանը լսելով՝ առանց սրտաբեկության, կատարյալ  հնազանդությամբ հոժար եղավ ի սեր Աստծո զոհվել:

Քանի որ նա գիտի, որ Աստծո հրամանը բոլոր առումներով մարդու համար օգտակար է և բարի, ուստի մարդու պարտքն է իր կյանքից ավելի Աստծուն սիրել և Նրա սիրո համար նվիրել իր անձը: Հիմա, ո՛վ մարդ, մտքովդ Գողգոթա լեռը բարձրացիր, և մտքովդ նայիր Իսահակի և Աբրահամի հավատի մեծությանը: Քանի որ Աբրահամը Իսահակին կապելով դնում է սեղանի վրա, որպեսզի զոհաբերի (Ծննդ. 22:9): Միայն թե հայտի չէ, թե հայր ու որդի, ո՞րն է ավելի եռանդով շտապում, որպեսզի ժամ առաջ Աստծո հրամանը կատարի: Ճիշտ է, որ Աբրահամի եռանդը հայտնի է, քանի որ երեք օրից ավել է, որ սպասում է զոհելու վայրը որոշվելուն. նաև Իսահակը, որ անձնատուր եղած և կապկպված լինելով, հայտնի դարձավ, որ Աստծո հրամանի կատարմանը եռանդով փափագում է և Նրա սիրո համար ընծա և նվեր լինելու փափագով տենչում է, որպեսզի արքայության մեջ շուտով հավիտենական կյանքի ուրախությանը հասնի:

Այսպես լինելով, թեև հարկավոր չէր Իսահակին կապել, սակայն Հիսուսի Քրիստոսի՝ մեր պատվական Փրկչի օրինակը և պատկերը լինելով, կապվելը խորհրդի համար կատարվեց: Քանզի այդ լեռան վրա Քրիստոսը Իսահակի նման խաչափայտին կապված՝ պիտի մեխերով գամվեր: Ահա Աբրահամը ձեռքը երկարում է սուրը վերցնելու համար, որպեսզի իր սիրելի որդուն՝ Իսահակին, իր ձեռքով մորթի (Ծննդ. 22:10): Ո՜հ, այս ի՞նչ տեսարան է, որդին՝ գառան նման վիզը երկարացրած, հայրը՝ սուրը ձեռքին պատրաստվում է որդու գլուխը կտրել. սակայն զարմանքը այս է, որ երկուսի սիրտն էլ ուրախ է, երկուսն էլ հոժար, երկուսն էլ միաբան և գոհունակ են:

Մարդը ինչպե՞ս կարող է հանդուրժել այս վիճակը, ո՞ր աչքը արտասուքի փոխարեն արյուն չի հեղի, ո՞ր սիրտը կարող է դիմանալ և չնվաղել. Գողգոթա լեռը սկսում է դողալ, քանի որ Քրիստոսի խաչելության պատկերը սկսվեց պատկերվել: Արդ, Աբրահամը սրտի խորքից աղաչելով (ո՜վ Տեր, ընդունիր պահանջածդ պատարագը) սուրը ուժգին կերպով Իսահակի պարանոցին հարվածելու շարժումն անելուն պես, երկնքից իսկույն մի ձայն է լսվում՝ հրեշտակը աղաղակում է ասելով. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ, մի՛ դիպչիր պատանյակիդ, ձեռքդ ետ քաշի՛ր», կարծես թե ցանկանում է ասել. «Թող սուրդ, արածդ պատարագը ընդունելի եղավ, ծառայությունը կատարյալ է, հնազանդությունը՝ գոհացուցիչ և բավական է, անթերի սերդ հայտվեց»: Նկատիր, որ ինչպես Իսահակին զոհելու համար Աբրահամի անունը երկու անգամ է տալիս, նույնպես էլ այս անգամ կրկնակի կանչով պատարագի մեծապես ընդունված լինելն է հայտնում:

Ճշմարիտ է, որ Աբրահամի հավատարմությունը Աստծուն հայտնի էր, սակայն մի այսպիսի մեծ գործ, որ Աբրահամը կատարեց՝ ամբողջ աշխարհին հայտնելով, որպեսզի մարդիկ դրանից խրատ ստանան, հրեշտակը ասում է. «Հիմա իմացա, որ Աստծուց վախենում ես (Ծննդ. 22:12), այսինքն քո առաքինությունը հիմա հայտնեցի աշխարհին»:  Որովհետև այս գործին ոչ միայն երկինքն ու երկիրն են հանդիսատես լինում, այլև բոլոր հրեշտակները սքանչացած դիտում և զմայլվում են: Այս պարագային Աստված Աբրահամի կամքի համաձայնությունը որպես պատարագ ընդունելով՝ Իսահակին նորովի պարգևեց նրան: Այո՛, Աբրահամը սրով Իսահակին չմորթեց, և սա էլ արյուն չթափեց, բայց երկուսն էլ իրենց վարձը չկորցրին: Որովհետև, եթե Աստված չարգելեր, գործնականում զոհը պիտի կատարվեր: Որի համար էլ հատկապես Աբրահամը «Աստծո սիրելի» և Իսահակը «Աստծո ծառա» կոչվեցին (Դան. 3:35): Երբ Աբրահամը սուրը ձեռքից թողեց, տեսավ, որ սաբեկի ծառի վրա մի խոյ է եղջյուրներից կախված, որն էլ իսկույն վերցնելով ողջակեզ մատուցեց և Իսահակը Աստծո ազատագրված ծառա եղավ:

Թեպետ նախապես Աբրահամին խոստացվել էր, որ իր սերունդը պիտի աճի և բազմանա, բայց այս անգամ Աստված երդվելով խոստանում է, որ նրա զավակները երկնքի աստղերի և ծովի ավազների նման անհաշիվ պիտի լինեն:

Արդյոք այն ժամանակ Իսահակը քանի՞ տարեկան էր: Թեև Ս. Գրքում գրված չէ, սակայն համարվում է, որ քսանհիգ տարեկան կար: Այսպիսի մի մեծ դեպք, որ Գողգոթա լեռան վրա տեղի ունեցավ, ինչպես նաև մարդկանց հանդեպ Աստծո սերը չմոռացվելու համար, մանավանդ, որ ժամանակներից հետո Մեսիայի այնտեղ խաչը ելնելը, որպես ներկա տեսածի նման, այն տեղի անունը «Տերը տեսա» դրեց, որպեսզի միշտ պատմեն, որ այն լեռան վրա Աստված երևաց: Տե՛ս հիմա և խրատվի՛ր. Աբրահամը մի զավակ նվիրեց Աստծո սիրո համար, բայց Աստված նրա փոխարեն երկնքի աստղերի և ծովի ավազի նման անհամար զավակներ է խոստանում նրան: Նմանապես այն մարդը, ով հանուն Աստծո սիրո երկրավոր հաճույքներն ու մեծությունը կարհամարհի և կթողնի, Աստված նրան արքայության անվախճան երանությունն է խոստանում: Նա, ով իր անձը և երկրավորը Աստծուց առավել է սիրում, մահացած ժամանակ դրանք թողնելուց բացի՝ դրախտի փառքից էլ է զրկվում (Հովհ. 12:25):

Այս ու ամենայնիվ ոչ թե երկրավոր հաճույքն ու մեծությունը թողնելով մարդը կարոտության մեջ թշվառության է ենթարկվում, այլ առավել մեծ հաճույք և մեծություն է գտնում, որովհետև մեծ հաճույքը մտքի անդորրությունն է և ճշմարիտ մեծությունը՝ աշխարհային իրերին կարոտ չլինելը: Քանի որ դրանք մարդուց ցածր են և մարդու համար ստեղծված լինելով՝ չեն կարող մարդուն ուրախացնել և երջանկացնել, որի համար նրանց վրա հույս դնող մարդու պատիվը նսեմանալով՝ իր անունը արատավորում է:

Եթե կամենում ես փառավորվել և զվարթանալ՝ Աստծո վրա հույսդ դիր, Նրան սիրիր, Նրա հրամանին հնազանդվիր, քանի որ Նա բոլորից մեծ և ամենակարող լինելով՝ փառավորում և հանգստացնում է Իրեն սիրողներին (Մատթ. 11:29): Սակայն մի կարծիր, թե մարդու երկրավոր կարիքների համար կարևորը ձեռք բերելը հանցանք է, ո՛չ, քավ լիցի, այլ միայն ամբողջ սերդ դրանց մի՛ տուր և դրանք Աստծուց առավել մի՛ սիրիր, մանավանդ հարկ եղած ժամանակ հանուն Աստծո սիրո զոհաբերել իմացի՛ր: Որովհետև ինչպես որ նրանք քեզ համար ստեղծված լինելով քեզ են ծառայում, նույնպես էլ դու, Աստծո համար ստեղծված լինելով, ամեն ինչով պարտավոր ես հավատարմությամբ Նրան ծառայել և Նրա պատիվը պահելով՝ հարկ եղած դեպքում հանուն Նրա սիրո զոհվել, այս է մարդկության  ամենաէական պայմանը:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․