19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Գ Թագավորություններ 18.29-46

29 Այն ժամանակ խօսեց թեզբացի Եղիան գարշելի կուռքերի մարգարէների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեցէք, հիմա ես եմ իմ ողջակէզն անելու»: Նրանք գնացին հեռացան: 30 Եղիան ասաց ժողովրդին. «Մօտեցէ՛ք ինձ»: Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ նրան: 31 Նա նորոգեց Տիրոջ կործանուած զոհասեղանը, առաւ տասներկու քար ըստ Իսրայէլի ցեղերի թուի, ինչպէս Տէրն ասել էր նրան. «Իսրայէ՛լ թող լինի քո անունը»: 32 Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիւ սերմ տանել, 33 ապա փայտ դիզեց զոհասեղանի վրայ, կտրատեց զուարակը, դրա կտրատուած մասերը դասաւորեց զոհասեղանին դրուած փայտերի վրայ: 34 Նա ասաց. «Չորս սափոր ջո՛ւր բերէք եւ թափեցէ՛ք ողջակէզի ու ջարդուած փայտերի վրայ»: Ապա ասաց. «Դարձեա՛լ արէք»: Նրանք նոյն բանը կրկին արեցին: Եղիան ասաց. «Երրո՛րդ անգամ էլ արէք»: Նրանք երրորդ անգամ էլ արեցին: 35 Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջը, եւ փոսը լցուեց ջրով: 36 Զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Աբրահամի, Իսահակի ու Իսրայէլի Տէ՛ր Աստուած, թող այսօր համոզուեն, թէ դու ես Իսրայէլի Տէր Աստուածը, եւ ես քո ծառան եմ: Ես արեցի այս գործերը: 37 Լսի՛ր ինձ, Տէ՜ր, պատասխանի՛ր ինձ հրով, որ այս ժողովուրդը գիտենայ, թէ դու ես Տէր Աստուածը, եւ դու յետ դարձրիր այս ժողովրդի սիրտը»: 38 Եւ երկնքից կրակ ընկաւ Տիրոջից, լափեց ողջակէզն ու փայտերը, կլանեց փոսի հողն ու ջուրը: 39 Երբ ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, ընկաւ երեսնիվայր եւ ասաց. «Արդարեւ, Տէրն Աստուած է, Տէրն Աստուած է»: 40 Եղիան ասաց ժողովրդին. «Բռնեցէ՛ք Բահաղի մարգարէներին, որ նրանցից ոչ ոք չփախչի»: Բռնեցին նրանց: Եղիան ամէնքին իջեցրեց Կիսոնի հեղեղատն ու այնտեղ կոտորեց նրանց: 41 Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, կե՛ր ու խմի՛ր, որովհետեւ անձրեւի ձայն է լսւում»: 42 Աքաաբը ելաւ, որ ուտի եւ խմի, իսկ Եղիան բարձրացաւ Կարմելոս լեռան գագաթը: Նա մինչեւ գետին խոնարհուեց, երեսն առաւ ծնկների մէջ 43 ու ասաց իր ծառային. «Ելի՛ր ու նայի՛ր ծով տանող ճանապարհի կողմը»: Ծառան ելաւ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկայ»: Եղիան ասաց. «Դու եօթ անգամ արա՛ դա»: 44 Ծառան եօթ անգամ գնաց, եւ այնպէս պատահեց, որ, եօթերորդ անգամը հազիւ լրացած, մարդու ձեռքի չափ մի փոքրիկ ամպ ջուր էր կաթեցնում: Եղիան ասաց. «Գնա՛ ու ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր քո կառքերը եւ հեռացի՛ր, որ անձրեւի չբռնուես”»: 45 Երբ սա այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, եւ սաստիկ անձրեւ սկսեց տեղալ: 46 Աքաաբը լալով գնաց Յեզրայէլ: Տիրոջ ձեռքը Եղիայի վրայ էր, որն, իր մէջքը պինդ կապելով, վազեց Աքաաբի առջեւից, մինչեւ որ մտաւ Յեզրայէլ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․