Գրքեր

Աշխատանքն ու հոգեկան անհանգստությունը

- Հա՛յր, շատ մարդկանց նյարդերը պրկված են լինում, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում:

- Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո եկեղեցի մտնել, մոմ վառել, տասը-տասնհինգ րոպե ժամերգությանը մասնակցել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված գնան տուն: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում կգնան տուն ու կսկսեն հարազատների հետ վիճաբանել: Աշխատանքի վայրում պատահած խնդիրները պետք չէ տուն բերել, դրանք պետք է տան դռան հետևում թողնել:

- Հա՛յր, որոշ մարդիկ, սակայն, արդարացնում են իրենց լարված ու նյարդային վիճակն այն պատասխանատվությամբ, որ կրում են աշխատավայրում, և որն իրենց հոգիներն անհանգստությամբ է լցնում:

- Այն նրանց հոգևոր անհանգստությամբ է լցնում, որովհետև նրանք մոռանում են Աստծու օգնությանը դիմել իրենց գործերում: Ծույլ մարդը, որ մշտապես կրկնում է «ոչինչ, Աստված չի թողնի…», ավելի լավն է, քան այդպիսի մարդիկ: Ըստ իս՝ մարդ ավելի լավ է հասարակ ծառայող լինի, ճիշտ և պատվասիրությամբ կատարի իր աշխատանքը՝ ջանալով պարզեցնել իր կյանքը, բավարարվել անհրաժետով և հանգիստ լինել, քան ինչ-որ գործի կամ արտադրության սեփականատեր լինի և պարբերաբար կրկնի. «Ախր, ինչպե՞ս վարվեմ»: Եվ, սովորաբար, այդպիսի մեծ մարդիկ մեծ պարտքեր են ունենում: Այնուհետև հպարտությունն է խառնվում: «Մի փոխառություն էլ ստանամ և այս բանը կառուցեմ, այնինչը դասավորեմ և կսկսեմ անհոգ ապրել…»,- ասում են այդպիսի մարդիկ, բայց հետո սխալվում են իրենց հաշիվներում, սնանկանում են, և նրանց ունեցվածքը կորում է:

Բացի այդ, շատ մարդիկ գլուխը չեն աշխատեցնում իրենց աշխատավայրում: Նրանք անիմաստ ուժասպառ են լինում և չեն կարողանում իրենց հանձնարարված գործը գլուխ բերել: Այնուհետև նրանք ընկնում են մյուսների աչքից և նրանց հոգին անհանգստությամբ է լցվում: Օրինակ՝ մեկն ուզում է ինչ-որ արվեստ կամ արհեստ սովորել, տարիներ շարունակ ուսուցչի մոտ կամ ուսումնական հաստատություն է գնում, սակայն, անուշադիր լինելով, չի կարողանում առաջադիմել, որովհետև գլուխը չի աշխատեցնում: Մարդը պետք է հասկանա, թե ինչ է իրեն անհրաժեշտ աշխատանքի համար և այդ բացը լրացնի: Օրինակ՝ դեռևս աշխարհիկ լինելով և ատաղձագործ աշխատելով՝ տեսա, որ կահույք պատրաստելու համար խառատահաստոց է անհրաժեշտ: Ի՞նչ անեի: Խառատ փնտրեի ու խնդրեի, որպեսզի օգնե՞ր ինձ: Ո՛չ, ես ձեռք բերեցի այդ հաստոցն ու սովորեցի ինքս աշխատել դրանով: Էլի մի որոշ ժամանակ անց տեսա, որ պետք է պտուտակավոր սանդուղքներ պատրաստել: Ես նստեցի, վերհիշեցի երկրաչափությունն ու հանրահաշիվը, և սովորեցի այդպիսի սանդուղքներ պատրաստել: Եթե գլխով չաշխատես, կտանջվես: Այս ամենով ուզում եմ ասել, որ մարդ պետք է գլուխն աշխատեցնի, որովհետև աշխատանքի ժամանակ հաճախ բազմաթիվ խնդիրներ ու բարդություններ են առաջանում: Մարդը լավ վարպետ է դառնում, երբ գլուխն աշխատեցնում է և իմանալով, թե ինչպես վարվի ամեն կոնկրետ իրավիճակում՝ կսկսի առաջ գնալ: Ամբողջ հիմքը դրանում է: Գլուխն ամեն ինչում պետք է արդյունավետ ուժ լինի: Հակառակ դեպքում մարդը թերզարգացած է մնում և իզուր ժամանակ է կորցնում:

 

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

09.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․