19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ժամերգություն

Ժամերգությունը ընդհանրական աղոթք է, որ կատարվում է եկեղեցում ամեն օր, որոշակի ժամին (այստեղից էլ՝ ժամ-երգություն բառը): Ժամերգությունները եկեղեցու աղոթական կյանքի հիմքն են, առանց որի եկեղեցում չի կարող լինել հոգևոր կյանք: Հավատացյալները միասնական կերպով մասնակցում են հոգևոր արարողությանը՝ երգերով, աղոթքներով և օրհնաբանություններով: Ընթերցվում է Սուրբ Գիրքը, շարականների միջոցով բացատրվում է օրվա խորհուրդը, իսկ սարկավագի քարոզներից իմանում ենք, թե ինչպես պետք է մոտենալ սրբություններին և ինչպես մեր աղոթքները միահյուսել ընդհանուր աղոթքին:

Ընդհանրական այս աղոթքը խորհրդանշում է աղոթողների միաբանությունն ու միակամությունը:

Ժողովրդական լեզվով «ժամ» նշանակում է նաև եկեղեցի, այստեղից էլ՝ ժամ գնալ, այսինքն՝ եկեղեցի գնալ ծիսական արարողության ներկա լինելու իմաստով: Այս իմաստով եկեղեցական արարողությանը ներկա հավատացյալներն էլ կոչվում են ժամվոր: Իսկ ժամկոչն այն անձն է, որ եկեղեցու կոչնակը կամ զանգակը հնչեցնում է արարողության հրավիրելով հավատացյալներին: Ժամերգությունների կարգը պարունակող գիրքն էլ կոչվում է Ժամագիրք (աղոթքներ, քարոզներ, հոգևոր երգեր, բացառությամբ՝ շարականների): Սկզբնական շրջանում կոչվում էր «Կարգաւորութիւն հասարակաց աղօթից», հետագայում անվանվել է «Գիրք աղօթից» և «Աղօթամատոյց», իսկ 15-րդ դարից՝ «Ժամագիրք»: Ընդհանրական աստվածպաշտությունը Հայ եկեղեցում կատարվում է ոսկեդարյան շրջանի գրաբարով, որը մեր եկեղեցու ծիսական լեզուն է: Առաջին անգամ Հայ եկեղեցում «Ժամագիրքը» ներմուծեցին և հիմնավորապես ժամասացությունը կարգի դրեցին Սուրբ Սահակ Պարթևն (387-436) ու Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439): Հետագայում Հայ եկեղեցու մյուս հայրերը շարունակեցին Ժամագրքի կազմավորման գործը՝ համալրելով իրենց կողմից նոր աղոթքներով:

Համաձայն Հին Կտակարանյան ավանդության՝ հրեաները օրը յոթն անգամ էին հավաքական աղոթքի կանգնում, ինչպես Դավիթն է ասում. «Օրվա մեջ յոթն անգամ Քեզ պիտի օրհնեմ» (Սաղմոս 118:164): Հրեաների ամենօրյա աղոթքների համար սահմանված առաջին ժամը երեկոն էր, որովհետև օրվա սկիզբը երեկոն էր համարվում համաձայն Դավիթ մարգարեի խոսքի՝ «Ես Աստծուն ձայն տվի, և Տերը ինձ լսեց: Երեկոյան, առավոտյան և կեսօրին պատմեցի ու խոսեցի, և Նա իմ ձայնը կլսի» (Սաղմոս 54:17-18): Այնուհետև հաջորդում էր Հանգստյան ժամի աղոթքը և ապա՝ Գիշերային ու Առավոտյան ժամերինը: Ինչպես Դավիթն է ասում՝ «Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու քեզ» (Սաղմոս 118: 62), և՝ «Առավոտյան կանուխ խոսում էի Քեզ հետ» (Սաղմոս 62:7):

Այս չորս ժամերգությունները, ըստ հին օրենքի, գիշերն էին կատարվում, և ևս երեք ժամերգություններ՝ ցերեկը, որոնք են՝ Երրորդ ժամը, Վեցերորդ ժամը և Իններորդ ժամը, որը և նրանց վերջին աղոթաժամն էր:

Իսկ Նոր Ուխտի քրիստոնեական եկեղեցում ավելանում են ևս երկու ժամերգություններ. դրանք են՝ «Արևագալը», որն Առավոտյան ժամից հետո է կատարվում, և «Խաղաղականը»՝ Երեկոյան ժամից հետո, որպեսզի ինը ժամերգություններ լինեն՝ ըստ հրեշտակների ինը դասերի:

Հայ եկեղեցում տարբեր դարերում ժամերգությունները տարբեր թվաքանակ են ունեցել, այժմ էլ՝ ինն են՝ ըստ հրեշտակների ինը դասերի թվի. դրանք են՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու երրորդ ժամի, Ճաշու վեցերորդ ժամի, Ճաշու իններորդ

ժամի, Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան: Ըստ սուրբ հայրերի սահմանած ավանդույթների ու կանոնների՝ ինն անգամ ենք աղոթում, որովհետև երկնքում հրեշտակների ինը դասերը մշտապես փառաբանում են Ամենասուրբ Երրորդությանը, իսկ մենք՝ հողեղեններս, ինն անգամ աղոթք մատուցելով՝ ընդօրինակում ենք հրեշտակներին՝ Տեր Աստծո երկնային փառաբանիչներին: Ինչպես Դավիթ մարգարեն, հորդորական ձայնով երգելով, ասում է «0րհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ» (Սաղմոս 102:20), և` «0րհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր գործերը» (Սաղմոս 102:22): Այսինքն՝ երկնքի ու երկրի բնակիչներ, օրհնեցե՛ք Աստծո Ամենակալ Տերությունը:

Բոլոր պարգևների համար պետք է օրհնել Պարգևատուին, որպեսզի ապերախտ չգտնվենք: Այս պատճառով առաքյալը սթափեցնում է մեր միտքը, ճանաչելու համար Աստծո երախտիքները, ասելով՝ «Ի՞նչ ունես, որ Աստծուց ստացած չլինես, և եթե Աստծուց ես ստացել, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես» (Ա Կորնթացիներ 4:7): Այսինքն՝ ստանալով պարգևները հանդգնում ենք ուրանալ՝ առանց մտաբերելու ու վկայելու: Իսկ երբ աղոթում ենք, այդպիսով հայտնում ենք, որ չենք մոռացել Աստծո բարիքները:

Յուրաքանչյուր ժամերգության համար հատուկ են.

* կատարվելու ժամը,

* փառաբանումը Սուրբ Երրորդության Անձերից մեկին,

* տնօրինական խորհուրդը:

Ժամերգությունը բաղկացած է հետևյալ հիմնական կետերից. աստվածային խոսքի ընթերցում, հոգևոր երգեր, սաղմոսներ, աղոթքներ և զանազան սրբագործություններ: Արարողության ընթացքում կատարվում են հետևյալ գործողությունները, որոնք ընդհանուր են բոլոր արարողությունների համար. խաչակնքում, երկրպագություն, ծնրադրություն, գլուխ խոնարհել, խնկարկություն, օրհնություն (խաչով, Ավետարանով, մասունքով) և այլն:

Ժամերգություններն ունեն հետևյալ կազմը.

* Տերունական աղոթք

* Սաղմոս

* Մաղթանք

* Քարոզ

* Աղոթք

* Շարական

Նախկինում, հատկապես վանքերում, բոլոր ժամերգությունները կատարվել են ամեն օր, ճիշտ իրենց ժամին: Ներկայումս ամեն օր կատարվում են Գիշերային և Առավոտյան ժամերգությունները միասին` առավոտյան, և Երեկոյան Ժամերգությունը` երեկոյան: Մյուս բոլոր ժամերգությունները կատարվում են Մեծ Պահքի օրերին` շաբաթվա յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, հետևյալ կարգով.

Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգությունները՝ առավոտյան, Ճաշու երրորդ, վեցերորդ, իններորդ և Երեկոյան ժամերգությունները՝ կեսօրին, Խաղաղականը՝ երեկոյան (երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին), Հանգստյանը՝ երեկոյան (չորեքշաբթի և ուրբաթ օրերին):

Ժամերգության խորհրդին հետևյալ բնորոշումն է տվել երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը. «Ժամակարգությունները հորինվեցին վանականներին և հավատացյալներին առիթներ ստեղծելու համար, որպեսզի հավաքականորեն և

տևաբար հաղորդության մեջ լինեն Աստծո հետ պաշտամունքի կրոնաբույր և հոգևոր մթնոլորտում, որ ինքնին անձնական աղոթքի, ներհայեցողության ու խորհրդածության կարելիություն և մղում ստեղծող մի ուժ ունի իր մեջ: Մարդ չի կարող այդ ուժը լիովին զգալ և արժևորել իր կյանքում, մինչև որ հաղորդակից, մասնակից չդառնա ժամերգությունների բովանդակությանը»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Գիշերային ժամերգություն
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում բոլոր ժամերգությունները սկսում և ավարտվում են Տերունական աղոթքով (Մատթեոս 6:9-13): Յուրաքանչյուր ժամերգություն նվիրված է Սուրբ Երրորդության մեկ Անձին. «Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ, որ կատարի ի մէջ (Գիշերի, Առաւօտու եւ այլն), ի դէմս (Հօր, Որդւոյն, Սուրբ Հոգւոյն) Աստուծոյ»՝ հիմք ունենալով սաղմոսից մի համար, որ ներկայացնում է ժամերգության կորիզը: Գիշերային ժամերգությունը օրվա .....
Առավոտյան ժամերգություն
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ժամերգություններից երկրորդը Առավոտյան ժամերգությունն է: Այն կատարվում է առավոտյան, «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ» և ամենօրյա է: Ինչպես մյուս ժամերգությունները, Առավոտյանը նույնպես սկսվում է Տերունական աղոթքով: Այնուհետև անմիջապես հետևում է այս ժամերգության կորիզը. «Լցաք առաւոտու ողորմութեամբ քով, ցնծացաք և ուրախ եղաք զամենայն աւուրս կենաց մերոց», որին էլ հաջորդում է սաղմոսի մյուս հատվածը սարկավագի .....
Արևագալի ժամերգություն
Արևագալի ժամերգությունը կատարվում է արևածագին՝ «Ի դէմս Հոգւոյն Սրբոյ»: Արևագալի ժամը Քրիստոսի հարության խորհուրդն ունի, որովհետև Հիսուս այս ժամին երևաց աշակերտներին Իր հարությունից հետո: Այս ժամերգությունը հիշեցնում է մեզ նաև Քրիստոսի Երկրորդ գալուստն ու մարդկանց համընդհանուր հարությունը: Աստվածպաշտության այս կարգը անվանում ենք Արևագալի, որովհետև ժամերգության ընթացքում երգվող երգերով, քարոզներով և աղոթքներով խնդրում ենք .....
Ճաշու Երրորդ ժամ
Հայ եկեղեցու ինը ժամերգություններից երեքը Ճաշու ժամերգություններն են՝ Երրորդ ժամ, Վեցերորդ ժամ, Իններորդ ժամ, որոնք կատարվում են 3-րդ, 6-րդ և 9-րդ ժամերին, մեր այսօրվա ժամանակով՝ ժամը 9-ին, 12-ին և 15-ին: Ճաշու ժամերգությունների կարգը հաստատվել է 4-5-րդ դարերում, ինչպես հիշատակված է մեր մատենագրության մեջ: Ճաշու երեք ժամերը հնում կատարվում էր կանոնավոր կերպով ամեն օր և՛ եկեղեցիներում, և՛ վանքերում՝ որոշակի ժամերին: Այժմ Ճաշու երեք ժամերգությունները .....
Ճաշու Վեցերորդ ժամ
Ճաշու Վեցերորդ ժամի աղոթքն ուղղված է Հայր Աստծուն, որից խնդրում ենք օգնականություն մարդկային տկար բնության համար՝ չարի դեմ պատերազմելու: Այս ժամի տնօրինական հիշատակն է Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը և արևի խավարումը: Ավանդությունից մեզ հայտնի է, որ Ադամն այս ժամին դրժեց պատվիրանն ու ճաշակեց պտղից: Այս նույն ժամին մեր Տերը խաչը բարձրացավ մարդկության փրկության համար, Իր վրա վերցրեց նախամարդու պատիժը խաչի անարգական մահով: Այս ժամին .....
Ճաշու Իններորդ ժամ
Ճաշու Իններորդ ժամը կատարվում է «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ», որովհետև այդ ժամին նախահայրն արտաքսվեց դրախտից և նույն ժամին Քրիստոս խաչի վրա ավանդեց հոգին Հոր Աստծո ձեռքը ու Ադամին ազատեց դժոխքից: Այս նույն ժամին կատարվեցին օրենքի և մարգարեական Գրքերի բոլոր գրվածքները: Այս ժամին աղոթում և փառավորում ենք Քրիստոսին, որպեսզի մեզ ևս ներս տանի այնտեղ, ուր Ինքը հորդորեց մեզ: Տնօրինական հիշատակն է Փրկչի մահը և հոգու ավանդելը: Ժամերգությունը .....
Երեկոյան ժամերգություն
Երեկոյան ժամերգությունը Գիշերայինի և Առավոտյանի հետ կազմում է ժամերգությունների երեք գլխավոր ժամապահերը: Երեկոյան ժամերգությունն ամենօրյա է, ամբողջ տարվա մեջ չի կատարվում միայն Ավագ Շաբաթ օրը: Սբ. Ներսես Շնորհալու հրահանգով սովորություն է եղել Երեկոյան ժամերգությունից առաջ Յայսմաւուրք կարդալ: Երեկոյան ժամերգությունը կատարվում է մայրամուտից առաջ «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ, որ էջ ի խաչէն եւ պատեալ պաստառակալաւ՝ եդաւ ի գերեզմանի»: .....
Խաղաղական ժամերգություն
Խաղաղական ժամերգության կարգը կատարվում է «Ի դէմս Հոգւոյն Աստուծոյ, այլ եւ ի դէմս Բանին Աստուծոյ, որ եդաւ ի գերեզմանի, եւ էջ ի դժոխս, եւ խաղաղութիւն արար հոգւոցն» (Ի դէմս Սուրբ Հոգի Աստուծո և ի դէմս Որդի Աստուծո, որ դրվեց գերեզման և իջավ դժոխք ու խաղաղեցրեց հոգիներին): Տնօրինական խորհուրդը Հիսուսի թաղումն է. Քրիստոս, դժոխք իջնելով, ազատեց և խաղաղեցրեց արդարների հոգիները: Այդ պատճառով էլ ժամերգությունը կոչվեց Խաղաղական: Խաղաղական է կոչվում .....
Հանգստյան ժամերգություն
Հանգստյան ժամերգությունը օրվա վերջին ժամերգությունն է, որով եզրափակվում է օրը, և ավարտվում են պաշտամունքային ժամերը: Այս ժամի աղոթքն ուղղում ենք Հայր Աստծուն, որ Իր Միածնի պահպանողական Աջով պահպանի մեզ խավարային գիշերվա մեջ: Ժամերգությունը կատարվում է գիշերը քնից առաջ, ուստի և կոչվում է Հանգստյան: Կոչվում է նաև Եկեսցէ, որովհետև սկսվում է Եկեսցէ սաղմոսով: Հանգստյան ժամերգությունը բացի քառասնորդական պահոց շրջանից, կատարվում է նաև հետևյալ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․