Քրիստոնյա ընտանիք



Գրքեր

Քրիստոնյա ընտանիք

«Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և

մարդկանց առջև: Դրանք են՝ եղբայրների միաբանությունը,

մերձավորների սերը, և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ»

(Սիրաք 25:1-2)

Աստվածահաճո և առաքինասեր ընտանիքների բազում օրինակների կարող ենք հանդիպել Սուրբ Գրքում. Ադամ և Եվա, Նոյի ընտանիքը, Աբրահամ և Սառա, Իսահակ և Ռեբեկա, Հակոբ և Ռաքել, Տուբի և Սառա, Զաքարիա և Եղիսաբեթ, Հովսեփ և Մարիամ, Կոռնելիոսի ընտանիքը, Պրիսկիղա և Ակյուղաս և ուրիշներ:

Առաջին ընտանիքը

Աստծո կողմից դրախտում է կազմվել և օրհնվել առաջին ընտանիքը, և «Ամուսնության արարողը դարձել է Աստված» (Սբ. Գրիգոր Աստվածաբան):

Դրախտային գեղեցկության մեջ առաջին մարդը չուներ իր նմանությունն ունեցողին մեկին, այդ պատճառով Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդոց 2:18): Հիսուս Քրիստոս, վկայակոչելով այս օրհնությունը, սովորեցնում է. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը, և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին: Ուրեմն որևէ մեկը թող չբաժանի նրանց, ում Աստված միացրեց» (Մատթեոս 19:5-6): «Աստված կնոջը անվանում է օգնական, որպեսզի ցույց տա նրանց մեկ լինելը»,- ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

Աստված օրհնեց առաջին ընտանիքը և ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան» (Ծննդոց 1:28):

Թեև առաջին ընտանիքը Աստծո դեմ անհնազանդ գտնվեց և արտաքսվեց դրախտից, այնուամենայնիվ, Աստված Իր նախնական օրհնությունը պահպանեց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրեցե՛ք դրան»:

Ընտանիքի հիմնաքարը

Ընտանիքի համար հիմնաքարը եղել է և կա սերը: Աստված Ադամին տվել էր բացարձակ սիրելու ընդունակություն և աստվածային սերն էր միավորել նրանց սրտերը:

«Ամուսնության մեջ հոգիները Աստծո հետ միավորվում են ինչ-որ անասելի միությամբ: Ամուսնական սերը ամենահզոր սիրո տեսակն է, ուժեղ են մյուս հակումները, բայց այս մեկն այնքան ուժեղ է, որ երբեք չի թուլանում: Եվ ապագայում հավատարիմ ամուսինները անվախորեն հանդիպելու են և հավիտենության մեջ Քրիստոսի և մեկը մյուսի հետ մեծ ուրախություն ապրելու»,- ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

Սիրո մեջ, ինչպես հավատի պարագայում կարող են լինել կասկածներ, թերահավատություն, գաղջություն, բայց այս ամենը հաղթահարելի են դառնում համբերությամբ, պայքարով, հաստատակամ որոշումով, որ անկախ հանգամանքներից իրենց սերը անպարտելի է և անվախճան (Ա Կորնթացիներ 13:8): Քանի որ ինչ որ դժվարությամբ է ձեռք բերվում, թանկ էլ գնահատվում է:

Սերը ինչպես ծաղիկը անընդհատ խնամքի և հոգատարության կարիք ունի: Ամուսինները վայելում են սիրո պտուղները, երբ ամեն օր են սովորում սիրել՝ արդյունքում ստեղծելով սիրո, փոխըմբռնման, փոխզիջման, ներողամտության և զոհողության մթնոլորտ:

Սբ. Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում զուգահեռ է անցկացնում Քրիստոսի եկեղեցու և մարմնի անդամների ամբողջության ու կարևորության միջև: Այդպես է նաև քրիստոնյա ընտանիքի պարագայում, քանի որ մարմնի որևէ անդամ չի կարող մյուսին ասել, թե դու ինձ պետք չես, կամ դու իմ մարմնի մասը չես կազմում, այլ հակառակը, եթե մարմնի մի անդամ ցավ զգա, ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամը պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները (Ա Կորնթացիներ 12:15-26): Քրիստոնյա ընտանիքում էլ մեկի ուրախությունը բոլորի ուրախությունն է, մեկի տխրությունը՝ բոլորի տխրությունը:

Եթե ընտանիքը նավի նմանեցնենք, ապա կարելի է պատկերացնել, թե «նավը» ինչ ընթացք է ունենում ծովում՝ մի օր հանդարտ, մի օր փոթորկոտ: Այնինչ, երբ «նավը» ապավինում է Աստծուն, ապա ի չիք են դառնում բոլոր անհանգստություններն ու վախերը:

Փոքր եկեղեցին՝ ընտանիքը

Ընտանիքը՝ որպես փոքր եկեղեցի, երկրի վրա դրախտի մի կտորն է:

Տղամարդու և կնոջ միությունը Սբ. Հովհան Ոսկեբերանը Եկեղեցու և Քրիստոսի խորհրդավոր պատկերն է համարում:

Աստծո խոսքը հորդորում է ամուսիններին, որ նրանց սերը լինի այն սիրո նման, որ ունի Քրիստոս եկեղեցու հանդեպ. «Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես պիտի հնազանդվեիք Տիրոջը, որովհետև ամուսինն է իր կնոջ գլուխը, ինչպես Քրիստոսը գլուխն է եկեղեցու՝ Իր մարմնի, որի Փրկիչն Ինքն է: Հետևաբար, ինչպես եկեղեցին է հնազանդվում Քրիստոսին, այնպես էլ կանայք թող ամեն ինչում հնազանդվեն ամուսիններին:

Տղամարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և Իր կյանքը տվեց նրա համար, որպեսզի ջրի լվացումով մաքրի այն և սրբի Իր խոսքով: Ճիշտ նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց՝ իբրև իրենց մարմինը, որովհետև ով սիրում է իր կնոջը, սիրած կլինի իր սեփական մարմինը» (Եփեսացիներ 5:22-27, 28):

Ընտանիքը մի կրթարան է, ուր սովորում են ողջ կյանքի ընթացքում, խելացի ամուսիններն իրենց սխալից են օգուտ քաղում և դժվարություններն ու փորձությունները ոչ թե թուլացնում են իրենց հարաբերությունները, այլ հակառակը՝ ամրացնում: Սովորաբար քրիստոնյա ընտանիքը իր համար կրթության ուղենիշ ունի կյանքի գիրքը՝ Աստվածաշունչը, եկեղեցու հայրերի ուսուցումները, մասնակցությունը եկեղեցական արարողություններին ու համայնքային կյանքին՝ ընտանիքի բարեկամ և խորհրդատու ունենալով հոգևորականին: Ապա այս դեպքում ընտանիքը խուսափում է ուղղակի իներցիայով ապրելուց:

Քրիստոնյա ամուսիններն՝ հոգով և մարմնով միավորված, իրենց հայացքը դեպի Երկինք ուղղելով, միմյանց օգնելով, անցնում են դեպի Աստված, դեպի հավիտենական ուրախություն տանող ուղիով: Իսկ երբ ունես լավ ուղեկից, ապա դեպի Աստված ուղղորդող ճանապարհն ավելի հեշտ է անցնել:

Ընտանիքի սրբությունն ու մաքրությունը կենդանի օրինակ է հաջորդ սերունդներին:

Հայ քրիստոնյա ընտանիքը՝ որպես փոքրիկ Հայաստան և փոքրիկ եկեղեցի, դարեր շարունակ իր արյան գնով պահել և պահպանել է քրիստոնեական և ազգային ավանդություններն ու սովորույթները: Նախնյաց ընտանիքի օրինակի համաձայն՝ հայ քրիստոնյա ընտանիքը կարիք ունի հավատարիմ լինելու ազգային սրբություններին՝ սուրբ պահելով ընտանիքի գաղափարը: Իսկ ազգի զորությունը Մուրացանը համարում է. «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է ա՛յն ազգը, որ ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե, ինչպես մի

հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրանց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը: Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնալ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը, և, նամանավանդ, Աստուծո երկյուղը»:

 

Կարինե Սուգիկյան

No results found.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․