Գրքեր

Աստվածային շնորհի այցելությունը

- Հա՛յր, անստեղծ լույսն ինչպիսի՞ն է:

- Որտեղի՞ց իմանամ: Իմ խցում արարված վառարան է, որը վառում եմ տաքանալու համար: Իսկ եթե լույս է հարկավոր, ապա մոմ եմ վառում ու նայում:

Երբեք հարկ չկա լույս կամ աստվածային պարգևներ փնտրելու, այլ միայն ապաշխարության կարիք կա, որը խոնարհություն կբերի, իսկ հետո Բարեգութ Աստված կտա մարդուն այն, ինչ հարկավոր է նրան: Մի օր ես գնացի հայր Դավիթ Դիոնիսիացուն այցելության: Նա ապրում էր հնոտիքով լցված խցում, մթության մեջ: Սակայն այդ մութ խցում նա լույսի մեջ էր ապրում: Շատ էր առաջադիմել աղոթքում, հոգևոր բարձր աստիճանի էր հասել: Ես վախենում էի որևէ բան հարցնել նրանից: «Դրա մասին չեն խոսում, չեն խոսում»,- կրկնում էր նա: Գիտե՞ս, թե ինչ է նշանակում խավարում լույս տեսնել՝ չունենալով լույս: Ապրել հնոտիքի մեջ և բնակվել Աստծու օթևաններում:

«Հոգին ընդունելու համար պետք է արյուն տալ»: Երբ ես ապրում էի համակեցական մենաստանում, մի անգամ Մեծ պահքի ժամանակ որոշեցի դա իրականացնել: Ինձ բոլորովին չէի խղճում, պարանն այնպես էի ձգել, որ քիչ էր մնում կտրվեր: Այնպիսի հոգնածություն էի զգում, որ ընկնում էի ճանապարհին ու Աստծուն խնդրում, որպեսզի ինձ օգնի վեր կենալ, որ մարդիկ տեսնելով՝ չասեին. «Տես, թե վանականներն ինչպես են ճգնում, որ հոգնածությունից ընկնում են»: Դա ամենօրյա նահատակություն էր: Ղազարոսի կիրակիին նախորդող հինգշաբթի երեկոյան իմ խցում աղոթելիս այնպիսի՜ քաղցրություն զգացի, այնպիսի՜ ուրախություն. լույսն ինձ լուսավորեց, աչքերիցս արցունքներ էին հոսում, քաղցր լաց էր: Դա տևեց քսան կամ երեսուն րոպե և այնպիսի ուժ տվեց, որ հետո հոգևորապես սնեց ինձ տասը տարի:

Երբ հայր Պետրոսին հարցրի դրա մասին, նա ասաց. «Ես մշտապես վերապրում եմ նման վիճակներ: Այդ պահերին, երբ աստվածային շնորհը այցելում է ինձ, սիրտս քաղցրորեն ջերմանում է Աստծու սիրուց, և ինչ-որ արտասովոր լույս է լուսավորում ինձ ներքուստ և արտաքուստ, և զգում եմ, որ անգամ դեմքս է շողում: Անգամ խուցս է լուսավորվում: Այդժամ հանում եմ կնգուղս, գլուխս խոնարհությամբ խոնարհում եմ և ասում Քրիստոսին. «Տե՛ր, հարվածի՛ր սրտիս Քո գթության նիզակով»: Մեծ երախտագիտությունից աչքերիցս անդադար քաղցր արտասուք է հոսում և փառաբանում եմ Աստծուն: Այդ ժամանակ ամեն ինչ կանգ է առնում, որովհետև Քրիստոսին բոլորովին մոտ եմ զգում և այլևս ոչինչ չեմ կարողանում խնդրել, աղոթքը դադարում է, տերողորմյայի հատիկները չեն կարողանում շարժվել»:

- Հա՛յր, մարդ անստեղծ լույսը տեսնում է զգայակա՞ն աչքերով:

- Եթե այլևս մանրախնդրություն չանեք, կասեմ:

- Մինչև դա հաղթահարենք, Դուք կմեկնեք… Թող դա հոգևոր ողորմություն լինի:

- Երբ ապրում էի Իպատիոսի խցում, մի օր երեկոյան տերողորմյայով աղոթելուց հետո, թեյ խմեցի ու շարունակեցի: Երեկոյան կարգը կարդացի, հետո սկսեցի աղոթել: Որքան շատ էի կրկնում այն, այնքան հոգնածությունս հեռանում էր, և ես թեթևություն էի զգում: Հոգումս այնպիսի ուրախություն էի զգում, որ չէի ուզում քնել, անդադար աղոթում էի: Երեկոյան տասնմեկի մոտ խուցս հանկարծ լցվեց ինչ-որ քաղցր, երկնային լույսով: Այն շատ ուժեղ էր, բայց չէր կուրացնում: Միաժամանակ հասկացա, որ աչքերս էլ են «ուժեղացել», այնպես որ կարող էի դիմանալ այդ ցոլքին: Մինչ գտնվում էի այդ վիճակում, աստվածային լույսի մեջ, մեկ այլ աշխարհում էի՝ հոգևոր: Անասելի ուրախություն էի զգում, և մարմինս թեթև էր. ծանրությունն անհետացել էր: Աստծու շնորհն էի զգում, աստվածային լուսավորումը: Սրբազան հասկացություններն արագ անցնում էին մտքովս, ինչպես հարց ու պատասխան: Ոչ մի խնդիր ու հարց չունեի, բայց հարցնում էի ու միաժամանակ ստանում պատասխանը: Պատասխանները մարդկային լեզվով էին, բայց նրանցում նաև աստվածաբանություն կար, քանի որ սրբազան խոսքեր էին: Եվ այնքան շատ էին, որ եթե գրի առնեիր, ապա երկրորդ «Էվերգետինոս» (խրատներ հայրերից) կլիներ: Դա շարունակվեց ողջ գիշեր, մինչև առավոտյան ինը: Երբ այդ լույսն անհետացավ, ամեն ինչ սկսեց մթին թվալ ինձ: Դուրս եկա խցից և ասես գիշեր լիներ: «Ժամը քանի՞սն է: Լույսը դեռ չի բացվե՞լ»,- հարցրի մի վանականից: Նա նայեց ինձ և զարմանքով հարցրեց. «Ի՞նչ ասացիր, հա՛յր Պաիսիոս»: «Ի՞նչ ասացի»,- հարցրի ինքս ինձ ու վերադարձա խուցս: Նայեցի ժամացույցին ու հասկացա, թե ինչ է տեղի ունեցել: Առավոտյան ժամը ինն էր, արևը երկնակամարում էր, սակայն օրն ինձ թվում էր գիշեր: Ասես արևը հազիվ էր լուսավորում, ասես արևի խավարում լիներ: Ես ինձ զգում էի մի մարդու պես, որը պայծառ լույսից հետո հանկարծ հայտնվել էր մթության մեջ, այնքան մեծ տարբերություն էր: Երբ աստվածային այդ վիճակն ավարտվեց, ես վերադարձա իմ սովորական մարդկայինին ու շարունակեցի անել այն, ինչ միշտ անում էի: Մի քիչ ձեռագործ արեցի, տերողորմյայով կանոնը կարդացի, հետո մի քիչ չորահաց թրջեցի ուտելու համար, սակայն ինձ այնպես էի զգում, ասես կենդանի լինեի, որը մե՛կ քորվում է, մե՛կ խոտ որոճում, մե՛կ այս ու այն կողմ նայում, և ինքս ինձ ասում էի. «Տե՛ս, թե ինչով եմ զբաղված: Եվ այսպես երկար տարինե՞ր»: Մինչ երեկո այնպիսի խնդություն էի զգում, որ անգամ հանգստանալու կարիք չէի զգում: Այնքան ուժեղ էր այդ վիճակը: Այդ ամբողջ օրը ամեն ինչ պղտոր էի տեսնում, հազիվ էի կարողանում գործերով զբաղվել: Իսկ այդ ժամանակ ամառ էր, և արևը պայծառ շողում էր: Հաջորդ օրն արդեն սկսեցի առարկաները սովորականի պես տեսնել: Իմ սովորական կարգն էի կատարում, բայց արդեն նախորդ օրվա պես ինձ կենդանի չէի զգում:

Ինչպիսի՜ անմիտ բաների վրա ենք վատնում ժամանակը և ի՜նչ ենք կորցնում: Ուստի, երբ մանրախնդրություն, փոքրոգություն, մանր-մունր վեճեր եմ տեսնում, շատ եմ վշտանում:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

26.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․