Գրքեր

Երկրի վրա քայլենք Աստծո հետ՝ մեր առջև բացահայտելով հայտնության աննկարագրելի գեղեցիկ իրականությունը

Պահեցողության կենցաղավարությունն իր մեջ ամփոփում է նաև երկնային իրականությանը մոտենալու կեցության խորհուրդը: Անշուշտ, այդ խորհրդի հիմքում ընկած է հրաժարումը մեղքից հանուն Աստծո հետ հաղորդակցության: Այս դեպքում հրաժարվելով կենդանական սննդատեսակից, իսկ ավելի խորամուխ լինելով այդ խորհրդի մեջ, այսինքն՝ հրաժարվելով մտքում, սրտում և հոգում բույն դրված մեղքերից, մարդը քայլ է կատարում երկրային հողեղեն կեցությունից դեպի երկնային գոյութենաբանություն, չնայած դեռևս լինելով հողեղեն սահմանների մեջ: Մենք ապրում ենք նյութական աշխարհում, որն արտահայտված է բնության արվեստի արտացոլմամբ: Այդ իսկ պատճառով շատերի աշխարհայացքային պատկերացումները մնում են շոշափելի՝ երկրային շրջանակներում: Աստվածային հայտնությունն է, որ բացահայտում է հողեղենից այն կողմ գոյություն ունեցող իրականությունը: Բայց մարդկության մեծամասնությունն այդպես էլ չի կարողանում ընկալել աներևույթ աշխարհի գոյությունը, քանի որ մնում է Թովմաս առաքյալի այն հավատի շրջանակներում, թե կհավատամ միայն այն ժամանակ, երբ տեսնեմ ու շոշափեմ (Հովհ. 20.25), թեև զուհագեռ դարեդար հնչում է Հիսուսի խոսքը. «Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովհ. 20.29): Հավատի պակասությունը անհատին գամում է հողին և այն կենցաղին, որը շաղախված է մեղանչական խառնիճաղանջ շաղախով ու ծանրացնում է մարդու հոգին և աչքերը, որպեսզի երբ հայացքը դեպի վեր բարձրացնի, չտեսնի, թե իրականում երկնքում միայն երկնակամարի կապույտ գորգը չէ, որ գունազարդվում է սպիտակ ամպերով կամ գիշերային անհունի մեջ ցողված փայլատակող աստղերով, այլ այդ երկնակամարում բացվում է մի այլ իրականություն, որն ավելի գունեղ է, քան ծիածանի գույները, ուր սավառնում են անթիվ-անհամար լուսափայլ հրեշտակներ: Եվ ուրվագծված է կենսախինդ գարնան շնչով մշտապես լցված եռուն, անսահման, հրաշակերտ կյանքը, որտեղ բխում է առհավատչյա աստվածային լույսը: Բայց և այնպես աստվածային հայտնությունը նվազ տեղեկություններ է հայտնում այդ իրականության վերաբերյալ, այնուամենայնիվ, ինչ էլ որ իր լուսասփյուռ բացահայտմամբ ցույց է տալիս, արդեն իսկ տպավորիչ և ապշեցուցիչ է: ՈՒստի, այնկողմնային աշխարհի մասին տեղեկությունները շատ աղոտ են ու սակավ: 
Սուրբ գիրքն այդ աշխարհի մասին մանրամասնություններ չի հաղորդում, այլ ընդհանուր պատկերներով է նկարագրում: Այդ աշխարհի կյանքի ամբողջականությունը փակ է երկրային տարածության մեջ ապրողների համար և բաց մասնակիորեն, քանի որ Սուրբ գրքից իմանում ենք, որ Աստված չի կամեցել հայտնել մանրամասներ հանդերձյալ աշխարհից, որպեսզի մարդիկ չտարվեն այդ ամենով և շեղվեն իրենց բնականոն կյանքի ընթացքից: Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում կարդում ենք, որ սբ. Պողոս առաքյալը նշում է, որ աստվածային շնորհով հափշտակվել է մինչև երրորդ երկինք: Նշում է, որ չի զգացել՝ այդ հափշտակությունը մարմնո՞վ էր, թե՞ առանց մարմնի: Սակայն ասում է, որ լսեց անպատմելի խոսքեր, որ իրեն արտոնված չէ խոսել այդ մասին: Առաքյալն ասում է, որ հափշտակվեց մինչև դրախտ: Ի՞նչ էր նշանակում երրորդ երկինք: Տվյալ ժամանակների մարդուն լիովին հասկանալի էր, թե ինչ էր նշանակում երրորդ երկինք, հակառակ դեպքում առաքյալը կբացատրեր, թե ինչ նկատի ուներ: Հրեական ավանդության մեջ ասվում է, որ գոյություն ունեն երեք երկնային տարածություններ: Առաջինը՝ սովորական երկինքն իր ամպերով, երկրորդը՝ աստղային կամ այն, ինչ գտնվում է արեգակի բարձրության համահավասար, և երրորդը՝ որտեղ գտնվում է Աստծու գահը: Այս երրորդ երկնքի մասին է խոսում առաքյալը: Հրեաները ունեցել են յոթ երկինքների մասին հասկացություն, սակայն առաքյալը անշուշտ չի խոսում այդ մասին, այլ երեք երկինքների հասկացության մասին, քանի որ երրորդ երկինքը համեմատում է դրախտի հետ: Այդքանով առաքյալը սահմանափակում է իր խոսքը՝ չնկարագրելով երկնային կյանքը: Չնայած այս ամենին, Երկնավոր Հայրը նյութականի հետևից վազող մարդուն երբեմն որոշակիորեն բացահայտում է իրականությունը՝ կանգնեցնելով նրան և ցույց տալով աստվածային անմիջական հաղորդակցության մեջ գտնվող էակներին և երկնային աշխարհը, ինչպես պատմություններից մեկում վանականը նկարագրում է երկու աշխարհների սահմանագծին կանգնած իր տեսիլային ապրումները. «Եվ տեսա երկինքը բացված, ու երկնային լույսի ամենաթափանց ճաճանչը թափանցեց դեպի երկիր, և այդ լույսից խամրեցին երկրային գեղեցկությունն ու ոսկու փայլը: Այն, ինչ հրաշք էր թվում երկրի վրա, դարձավ աննկատ ստվեր՝ համեմատած երկնային պատկերի ու իրականության հետ: Եվ լուսափայլ զորությամբ առաջացան աննկարագրելի, հրաշագեղ, խրոխտ ու վեհ յոթ զորավոր էակներ՝ մտքի արագությամբ սավառնելով և կիսաշրջան կազմելով: Երկիրը դողաց նրանց սլացքից: Եվ երբ դանդաղորեն ցած իջան, ծառերի բողբոջներն ու ծաղիկները սկսեցին բացվել և ժպտալ: Եվ զորություն էր հորդում նրանցից ու ամենուր թափանցում...»:
Այդուհանդերձ Աստծո համար այս ամենը կարևոր չէ, այլ էական է, երբ մարդ տեսնում է իր մեղանչական էության ամբողջականությունը, ապրում ապաշխարության լույսը, լցվում Աստծո հանդեպ կատարյալ հնազանդությամբ և աստվածային սիրով: Եվ երբ սբ. Պողոս առաքյալը կորնթացիներին պատմում էր իր տեսիլքի մասին, ոչ թե ուղիղ խոսքով էր ասում, թե ինքն է, այլ թե` գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ ունեցավ այս հայտնությունը: Նա այդպես էր խոսում, որովհետև չէր ցանկանում պարծենալ Աստծուց իրեն տրված շնորհներով ու հայտնություններով, այլ նշում էր, որ ինքն իրենով չէ, որ պիտի պարծենա, այլ միայն իր տկարություններով, որոնք նպաստում են, որպեսզի խոնարհության հոգով և աստվածային սիրո լույսով մարդ լցված լինի, որտեղ և բնակվում է Քրիստոսի զորությունը: 
Արդ, պահքի միջոցով ևս մի փոքրիկ քայլ ենք կատարում մոտենալու երկնայինին՝ հրաժարվելով մեզ համար հաճելի երևույթներից ու իրողություններից: Ավետարանում Հիսուս ասում է. «Ինչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթ.16.26): ՈՒստի, երկրի վրա քայլենք Աստծո հետ՝ մեր առջև բացահայտելով հայտնության աննկարագրելի գեղեցիկ իրականությունը:


Հովհաննես սրկ. Մանուկյան

 
16.03.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․