Գրքեր

«Ես մեղանչածի մահը չեմ տենչում»

Արարիչ Աստված ողջ աշխարհն արարել է իմաստուն, ներդաշնակ և գեղեցիկ: Դարեր շարունակ ամեն առավոտ ծագող արևն իր պայծառ ճառագայթներով լուսավորում է ողջ Երկիրը՝ լիացնելով այն կյանքով: Իսկ երեկոյան Աստծու կամքով երկնակամարում վառվում են երկնային այլ լուսատուներ՝ լուսինն ու աստղերը: Ամեն վայրկյան հրաշք է տեղի ունենում աշխարհում. ծնվում են միլիոնավոր կյանքեր: Օրինակ՝ փոքրիկ, փխրուն ծիլերը ճեղքում են երկրագնդի կեղևը, որպեսզի տեսնեն գեղեցիկ աշխարհը և առավել ուրախություն հաղորդեն նրան: Ցավոք, ոչ բոլորն են տեսնում արարչագործության գեղեցկությունը, «քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերն էլ փակել են, որպեսզի չլինի թե երբևէ աչքերով տեսնեն ու ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և ես էլ բժշկեմ նրանց» (Եսայի 6:10):   

Մեծագույն գիտնականներն, ուսումնասիրելով բնության ֆիզիկական և կենսաբանական երևույթները, աստղերը, ծովը, օվկիանոսը, մարդու մարմնի կառուցվածքը, իրենց համար բացահայտել են Արարչին: Եվ ամեն ինչ՝ սկսած ամենափոքր միկրոօրգանիզմից մինչև ողջ աշխարհը ստեղծել է սիրող Աստված՝ Երկնավոր Հայրը, Ով Իր պատկերով և նմանությամբ արարելով մարդուն՝ նրան շնորհել է ազատ կամք, բանականություն և խոսք: Աշխարհի ոչ մի կենդանի էակ չունի այս պարգևները: Աստված օրհնեց մարդուն և ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:28): Եվ այս ամենը դեռ ամբողջը չէ, եկեղեցու հայրերի վկայությամբ, մարդը հրեշտակներից էլ բարձր է արարվել: Մարդն էլ՝ ինչպես ամենակարող Աստված, կարող է արարիչ լինել: Աշխարհի գոյության ողջ ընթացքում մարդը ստեղծագործում է, մշակում և զարդարում իր շուրջբոլորը, բայց մյուս կողմից աշխարհն աղտոտվում է մարդկային չարիքից, նախանձից, պատերազմներց ու բաժանումներից: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ գոյություն ունի չարիքը և ինչո՞ւ է այն բազմապատկվում: Մի օր մի  վանական այս հարցը մի քանի օր շարունակ ուղղեց Աստծուն: Եվ Աստված պատասխանեց նրան ու ասաց. «Մի՞թե Ես եմ ստիպում ձեզ պատերազմել, վիճել, գողանալ և վիրավորել միմյանց»: «Ոչ, Աստված,- ասաց վանականը»: «Այդ դեպքում ինչո՞ւ եք չարիք բերում այս աշխարհ, ինչո՞ւ եք սուզվում մինչև մեղքի հատակը: Ես ստեղծել եմ ձեզ՝ բարու մեջ կատարելագործվելու համար»:

Մարդն իր ազատ կամքով կարող է հնազանդվել Արարչի կամքին և վարվել այնպես, ինչպես Նա է պատգամում և կարող է ընդդիմանալ Նրան: Աստված մարդուն պատվիրաններ է տվել՝ հնազանդության մեջ հոգին ամրապնդելու համար, բայց մարդն իր կամքով հեռացավ Աստծուց՝ խախտելով պատվիրանները: Սիմեոն Նոր Աստվածաբանն ասել է. «Նախաստեղծ Ադամը, լինելով դրախտում, չարի ներշնչմամբ ընկավ հպարտության մեջ և երազեց Աստված դառնալ, ինչպես նրան ասել էր դևը, կերավ այն ծառի պտղից, որ Աստված պատգամել էր չուտել: Այդ պատճառով նա ենթարկվեց մեծ պատժի՝ մահվան, որպեսզի խոնարհեցնի իր անձը: Ադամը մեծ մեղք գործեց, որովհետև ոչ թե Աստծուն, այլ չարին հավատաց: Երբ Ադամը կերավ արգելված պտղից, հասկացավ, որ մերկ է, այսինքն՝ զգաց, որ զրկվել է աստվածային օրհնությունից: Այդ պահին նա մահացավ հոգով, հետո նաև՝ մարմնով: Այդ իսկ պատճառով մարդիկ դարձան այնպիսին, ինչպիսին նախաստեղծ Ադամն էր անկումից հետո, այսինքն՝ մահկանացու: Հոգուց զրկված մարմնում առաջանում են որդեր, իսկ Ս. Հոգուց զրկված հոգում՝ նախանձ, ատելություն, սուտ, արծաթսիրություն, հափշտակություն, վավաշոտություն, զրպարտություն, բամբասանք, կռվասիրություն, ծաղրանք, փառասիրություն, հանդգնություն, անամոթություն և ամեն տեսակի չարիք: Մարդն արավել է, որպեսզի ապրի Աստծով և ոչ թե դառնա կրքերի ու ամեն տեսակի անմաքրության բնակարան»:

Երանելի Մակարն ասել է. «Այն օրը, երբ Ադամն ընկավ, եկավ Աստված և քայլեց դրախտով, տեսավ Ադամին և խղճաց՝ ասելով. «Այսքան բարիքի մեջ ինչո՞ւ չարիքն ընտրեցիր, այսպիսի փառքից հետո ի՞նչ ամոթ ես կրում քեզ վրա, այդքան լույսից հետո ի՞նչ խավար է քեզ պատել: Երբ ընկավ Ադամը և մեռավ Աստծու համար, նրա համար ցավ ապրեցին Արարիչը, հրեշտակները, երկինքը, երկիրը, բոլոր արարածները ողբում էին նրա մահն ու անկումը: Բոլոր արարածները տեսան, որ Ադամը՝ իրենց արքան, դարձել է չար ուժերի ստրուկը, քանի որ նրան իշխում է խավարի իշխանը»:  

Աստված վռնդեց նախածնողներին դրախտից, որպեսզի նրանք չկարողանան ճաշակել կենաց ծառից ոչ այն պատճառով, որ ցանկանում էր զրկել նրանց երջանկությունից, այլ հակառակը՝ ցանկանում էր, որ մարդու բնությունը մուտք գործած մահացու չարիքը չկարողանա այնտեղ հավիտյան մնալ, այլ մարդը կրկին վերականգնվելու հնարավորություն ունենա: Քանի որ իրական չարիքը Աստծու կամքին հակառակվելն է: Որոշները գուցե հարցնեն՝ ինչո՞ւ Աստված մարդուն տվեց այս պատվիրանը, ինչո՞ւ դրախտում տնկեց այդ ծառերը կամ չպատսպարեց դրանք, որպեսզի մարդն անժամանակ չճաշակեր արգելված պտղից: Այս հարցին Ս. Հովհան Ոսկեբերանը պատասխանել է. «Պատվիրանը տրվեց Ադամին, որպեսզի առ Աստված ունեցած հնազանդության մեջ ամրանա: Այլ հարց կլիներ, եթե պատվիրանը ծանր լիներ, սակայն նման առատության մեջ արգելքը քչին էր վերաբերում, ապա ինչո՞ւ Ադամը չենթարկվեր իր Բարերարին»:

Մեղանչումից հետո ապականվեց մարդու ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյական բնությունը: Մարդը ցանկանում է բարին գործել, բայց չի կարողանում և հակառակն է գործում, քանի որ դարձել է իր կրքերի գերին: Մարդուն գայթակղեցնող չարը նրան ենթարկել է իրեն, և նա այլևս չի զգում Աստծու ներկայությունն այնպես, ինչպես Ադամն էր զգում մինչ անկումը: Եվ ոչինչ չի մնում մարդուն, եթե ոչ, մեղքերից ազատագրվելով, ձգտել դեպի Աստված, փնտրել Նրա հետ միությունը և վերականգնել կորցրածը: Ադամից սկսած մարդկանցից յուրաքանչյուրին Տերը շնորհել է փրկության հնարավորություն, մարդը կարող է փրկվել, եթե երես չդարձնի Աստծու կողմից իրեն մեկնած օգնության ձեռքից, կամ էլ կործանվել: Տերը չի ցանկանում ոչ ոքի կործանումը, այլ ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք փրկվի, ինչպես ասել է Եզեկիել մարգարեն. «Հիրավի, ես մեղանչածի մահը չեմ տենչում,-ասում է ամենակալ Տերը,- այլ նա թող հետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին: Արդ, եկեք ե՛տ դարձեք և ապրեցե՛ք» (Եզեկ. 18:32):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

18.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․