19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Գերբնականության ձգտումով

Պատմության էջերը թերթելիս նկատում ենք, որ բոլոր ժամանակներում հայտնվել են այնպիսի անձինք, որոնք փորձել են տարբեր նշաններով, կարողություններով առանձնանալ, քարոզել իրենց ուսմունքը` շեղվելով քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունից: Ավետարանը զգուշացնում է, որ սուտ մարգարեներ են գալու, որպեսզի հանրությանը շեղեն ճշմարտությունից և ուղղափառ հոգևոր կյանքից. «Զգու՛յշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են» (Մատթ. 7.15): Լրատվական դաշտը, համացանցը, հեռուստատեսությունը երբեմն հեղեղվում են այդպիսի անձանց վերաբերյալ հաղորդումներով, որոնք փորձում են հասարակությանը շեղել քրիստոնեական արժեհամակարգից և մարդու ենթագիտակցության մեջ ավելի ամրացնել, ներարկել, ներշնչել այն դրույթը, որ մարդն առանց Աստծո կարող է դառնալ Աստծու նման` օժտված լինելով գիտությամբ, գիտելիքներով, գերբնական կարողություններով և այլն: Ադամն ու Եվան նմանատիպ կերպով խաբվեցին սատանայի կողմից (Ծննդ. 3.1-6): Շատերի  համար  ներկայումս էլ գայթակղիչ է լսել, թե ինչ մեթոդներով և տեխնիկաներով հնարավոր է ձեռք բերել նման հատկություններ և գիտելիքներ, որովհետև դրանք չեն պահանջում հրաժարվել եսակենտրոնությունից, ինքնակենտրոն լինելուց, ձգտել կատարյալ հոգևոր խոնարհության և հնազանդության Աստծո հանդեպ, հետևել Քրիստոսին, որպեսզի մարդու ներսում հին մարդը խաչվի (Հռոմ. 6.6), մարդը հրաժարվի մեղքից, մեղավոր ցանկություններից, ունենա ներքին հոգևոր փոփոխություն, ձգտի Աստծու միջոցով մաքրագործել իր միտքը, զգացմունքը և կամքը: Եսայի մարգարեն այս առնչությամբ նշում է. «Վայ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կդնեն, իրենք իրենց աչքին խորագետ կերևան» (Եսայի 5.21): Մյուս կողմից որոշ կրոնական կազմակերպություններին հետևող անձանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ հավատալ և ընդունել Աստծուն, նշանակում է միանգամից ստանալ Սուրբ Հոգու պարգևները` օժտվելով գերբնական կարողություններով: Նրանք հղում են կատարում Մարկոսի Ավետարանի (Մարկ. 16.17) և «Գործք Առաքելոց»-ի որոշ դրվագներին, թե կտրվեն նշաններ, Սուրբ Հոգու պարգևներ, ինչպես օրինակ` մարգարեություն, և այլն (Գործ. 2.16-19): Սակայն անհրաժեշտ է հոգևոր խոսքի պատգամը ճիշտ ընկալել, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է հասկանալ: Պողոս առաքյալն այդ մասին ասում է. «Քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ, յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների, ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով» (Բ Տիմոթ. 4.3): Նման մոտեցումները չափազանց վնասակար երևույթներ են, որովհետև մարդը ձգտում է ոչ թե Աստծո հայտնության և լույսի ներքո աստվածճանաչողության ու ինքնաճանաչողության միջոցով փոխվել, խորապես ուշադրություն դարձնել իր բարոյական կերպարի լուսավորմանը և կերտմանը, այլ պարզապես դառնալ գերբնական նշաններ ունեցող մի անձնավորություն: Հատկանշական է, որ այսպիսի մոտեցումը նրան չի ազատագրում ամենավտանգավոր մեղքից` մարդու սրտում ծածուկ թաքնված հոգևոր հպարտությունից, որի առկայությունը շատ անգամ անձը չի նկատում և կարծում է, թե բարձրացել է կատարելության ինչ-որ աստիճանի, կամ օժտվել է Սբ. Հոգու պարգևներով, հատկապես «Գործք Առաքելոց»-ում նկարագրված օտար լեզուների խոսելու պարգևով, ինքն արդեն հասել է մի այնպիսի մակարդակի, որ արդեն իսկ փրկված է և իր տեղն ապահովված է Երկնքի Արքայությունում: Այսպիսի մեծամիտ մոլորությունները խանգարում են մարդուն իսկապես ամբողջությամբ ճանաչել ինքն իրեն և հոգևոր ճշմարտությունները, հասկանալ քրիստոնեության իսկությունը և մոտենալ Աստծուն, ինչպես Ավետարանն է պատգամում` կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթ. 5.48):  Մենք չպետք է առաջնորդվենք մեր ցանկություններով, քանի որ պետք է ուշադրություն դարձնել, որ մարդը չի որոշում, թե Սուրբ Հոգին իրեն կամ ուրիշներին ինչ պարգևներով է օժտելու, այլ Աստծու Հոգին է որոշում, թե ում ինչ պարգևներ են անհրաժեշտ ի շինություն եկեղեցու և տվյալ անձի փրկագործության համար: Պողոս առաքյալն այդ մասին գրում է. «Բայց այս ամենը միևնույն Հոգին է առաջացնում և բաժանում յուրաքանչյուրին՝ ինչպես որ կամենում է» (Ա Կորնթ. 12.11): Սակայն աղանդավորական կազմակերպություններում այլ պատկեր է, հատկապես հոգեգալստականների մոտ, որոնք նմանվում են հրեաներին, որ նշան էին փնտրում, որպեսզի  հաստատվեն հավատքի մեջ (Հովհ. 2.18): Սուրբ Հոգու փոխարեն որոշել, թե երբ և ինչպես պիտի գործի, արտահայտվի յուրաքանչյուր հավատացյալի կյանքում, մեծագույն մոլորություն է և ճշմարիտ հավատքի հետ որևէ առնչություն չունի: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ սովորաբար Սբ. Հոգու պարգևները միանգամից չեն տրվում նորադարձ քրիստոնյաներին: Առաքյալները մի քանի տարի Քրիստոսի կողմից պատրաստվեցին, Նրա հետ էին զօր ու գիշեր` իբրև աշակերտներ լսելով ու ապրելով հոգևոր ուսուցումն ու կյանքը: Եվ միայն դրանից հետո զարդարվեցին Սբ. Հոգու մնայուն պարգևներով: Իսկ ի՞նչ են անում աղանդավորական կազմակերպությունները: Իրենց կրոնական կազմակերպություն մուտք գործած մարդուն կարճ ժամանակ անց նեշնչում են, թե Սուրբ Հոգու պարգևներ է ստացել, հատկապես օտար լեզուներ խոսելու պարգևով: Ավելի ընկալելի լինելու համար նշենք` մի՞թե կարելի է փոքր երեխային դանակ տալ, որպեսզի հաց կտրի: Եթե ծնողները զգուշանում են, որ նման քայլով չվնասեն երեխային, առավել ևս հասկանալի է, որ Սուրբ Հոգին նորադարձ մարդուն չի օժտի գերբնական պարգևներով, քանի տվյալ անձը դեռ պատրաստ չէ հոգևոր առաքելության ու չունի համապատասխան հոգևոր հասունություն և փորձառություն: Սակայն հոգեգալստականների մոտ այլ պատկեր ենք տեսնում, ուր իրենց հետևորդները համատարած, ինքնագլուխ իրենց վերագրում են Սուրբ Հոգու պարգևներ ստանալու իսկությունը: Դրա համար առաքյալն ասում է, թե դուք ձեզ իմաստունի տեղ մի դրեք (Հռոմ. 12.16): Զգայական ու հուզախառն հավատքի այս դրսևորումները վնասում են անհատի հոգևոր կյանքը` նրան զրկելով իմաստությամբ և հոգևոր տեսողությամբ առաջնորդվելու կարողությունից: Առանձնահատուկ է, որ Աստծո պարգևներով օժտված են այն անձինք, ովքեր հասել են սրբության աստիճանի, և սրբակենցաղ կյանք են վարում` փայլատակելով աստվածային սիրո և հոգևոր խոնարհության մեջ: Սրբակյաց Հայր Հովսեփ Վատոպեդացին, նշում է, որ ամուր հավատքի մեջ անձանց տրվում է բժշկության պարգև, իսկ ով ուշադիր է իր խղճի հանդեպ` ջանադրորեն այն մաքուր պահելով, նրան տրվում է մարգարեության պարգև: Նրանք, ովքեր ձգտում են ունենալ նման պարգևներ, պիտի հիշեն, որ Աստծո համար էականը սրբության ձգտելն է (Ա Պետր. 1.15-16) և ոչ թե հավատքի չափումը գերբնական շնորհներով: Երբ նկարիչը ցանկանում է նկարել, վերցնում է սպիտակ, մաքուր թուղթը կամ կտավը և սկսում նկարել: Այդպես էլ, եթե Սուրբ Գիրքը ուշադիր կարդում ենք, նկատում ենք, որ Սուրբ Հոգին պարգևները տալիս է նրանց, ովքեր մտքով ու սրտով մաքուր են և ունեն համապատասխան հոգևոր հասունություն և փորձառություն: Հատկանշական է, որ Պողոս առաքյալը խոսելով շնորհների մասին, մարդու ուշադրությունն ուղղում է ոչ թե դեպի գերբանականությունը, այլ Սբ. Հոգու պտուղներին` ցույց տալով, որ դրանք շատ ավելի կարևոր են: Սբ. Հոգու պտուղները առաքյալը նկարագրում է Գաղատացիներին ուղղված նամակի 5-րդ գլխում, դրանք են` սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Գաղ. 5.22-23): Սբ. Հոգու պտուղն ավելի էական նշանակություն ունի,  քանի որ թե´ այս աշխարհում, թե´ Երկնքի արքայության մեջ սերը և մյուս պտուղները հարատև են և անհրաժեշտ: Իսկ օրինակ` բժշկության պարգևն այս երկրի վրա անհրաժեշտ է, քանի որ հիվանդությունը թագավորում է ամենուր, իսկ Երկնքի Արքայության մեջ բժշկության կարիք չի լինելու: Առաքյալն այս առնչությամբ նշում է. «Սերը երբեք չի անհետանում. թե մարգարեություններ են, պիտի չքանան. թե լեզուներ՝ պիտի լռեն. թե գիտություն՝ պիտի անցնի» (Ա Կորնթ. 13.8):

Արդ, մեզ անհրաժեշտ է չհետևել սուտ մարգարեների խոսքերին ու գործերին, որոնք մարդուն ուղղում են ոչ թե դեպի հոգևոր պտուղները, այլ դեպի հպարտություն և մեծամտություն` իբրև թե ցույց տալով գերբնական նշաններ, զորություններ: Երեմիա մարգարեն զգուշացնում է. «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որ ձեզ համար մարգարեություն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց սրտի ցնորքներից են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից» (Երեմիա 23.16): Իսկ Պետրոս առաքյալը զգուշացնում է. «Եղան նաև սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահաս կորուստ են բերելու» (Բ Պետր. 2.1):

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

15.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․