Գրքեր

Հետմահու վայրերը

Յուրաքանչյուր մարդ, հավատում է նա Աստծու գոյությանը թե ոչ, ունի երկու տեսակի կյանք՝ 1. ժամանակավոր երկրավոր կյանք, 2. հավիտենական հետերկրավոր կյանք, որովհետև՝ 1. մարդ արարածը ստեղծագործության գլուխն է, նա ստեղծվեց Աստծու պատկերով ու նմանությամբ. «Եվ Աստված ասաց. մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:26), 2. մարդը ունի հոգի. «Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղ․ 5:23), 3. մարդը ունի իշխանություն ողջ երկրի վրա. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:28):

Ուստի անկարելի է, որ մարդու կյանքը դասվի անասունների կյանքին՝ սոսկ սնվել, մեծանալ, զուգվել, որոշ ժամանակ ապրել, մեռնել և վերադառնալ հողին: Գրված է Ժողովող գրքում, որ մարդու հոգին մահից հետո պիտի գնա Աստծու մոտ. «Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա» (Ժող. 12:7): Դատաստանի օրը, մարդը պիտի հատուցվի իր կատարած գործերի համար. «Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն. հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում, իսկ բարկություն և զայրույթ նրանց, ովքեր հակառակությունից տարված՝ ճշմարտության դեմ ապստամբ և անիրավության հետևից գնացող են» (Հռոմ. 2:6-8):  

Այս հոդվածի նպատակն է աստվածաշնչական մոտեցումով խոսել հետմահու վայրերի մասին, որպեսզի վերհիշենք, որ երկրավոր կյանքը իր բարիքներով ու փառքերով անցողիկ է, և միաժամանակ վերահաստատենք, որ մեր կյանքի գագաթնակետ նպատակը պետք է լինի մեր հոգու փրկությունը՝ գնալ հետմահու՝ հավիտենական, ուրախ ճանապարհով:

Աստվածաշունչը խոսում է հետմահու վայրերի մասին, որոնք բաժանվում են երկուսի՝ արդար և անարդար մարդկանց վայրեր:

Արդարների վայրերը: Ֆիզիկական մահից հետո արդարների հոգիները գնալու են Դրախտ: Քրիստոսի Երկրորդ գալուստից, Ընդհանրական հարությունից և  Դատաստանի օրից հետո արդարները ժառանգելու են Երկնքի արքայությունը, որ հավիտենական է:  

Դրախտը: Դրախտ բառը Հին կտակարանի եբրայերեն բնագրի մեջ նշվում է «פַּרְדֵּס» բառով, իսկ Նոր կտակարանի հունարեն բնագրի մեջ՝ «παραδείσῳ, παράδεισον» բառերով: Սկզբում խաչյալ Քրիստոսի աջ և ձախ կողմի չարագործները նախատում էին Նրան. «Նրա հետ խաչված ավազակներն էլ նույնպես նախատում էին նրան» (Մտթ. 27:44), սակայն կարճ ժամանակ հետո աջ կողմի ավազակը զղջաց ու խնդրեց Քրիստոսին՝ ասելով. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ» (Ղուկ. 23:42)։ Բարի հովիվը խոստացավ նրան՝ ասելով. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43)։

Պողոս առաքյալը խոսում է իր ունեցած երկնային տեսիլքի մասին կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակի մեջ: Առաքյալի խոսքերը. «Գիտեմ Քրիստոսով մի մարդու, որ տասնչորս տարի առաջ (չգիտեմ՝ մարմնով էր, թե առանց մարմնի, Աստված գիտի) հափշտակվեց մինչև երրորդ երկինք ... հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատմելի խոսքեր, որ մարդու արտոնված չէ արտասանել» (Բ Կորն. 12:2-4) ցույց են տալիս, որ նա հափշտակվեց մինչև Երրորդ Երկինք՝ Դրախտ:

Դրախտը հետմահու այն հոգևոր վայրն է, որտեղ չկան նյութական ծառեր և կենդանիներ, ինչպես կային երկրավոր դրախտում՝ Եդեմի պարտեզում. «Աստված դրախտը տնկեց Եդեմում՝ արևելքում» (Ծննդ. 2:8), «Տերը՝ Աստված, պատվիրեց Ադամին՝ ասելով. Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք» (Ծննդ. 2:16-17):

Դրախտում լինել նշանակում է՝ 1. լինել Քրիստոսի հետ. « ... Ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է» (Փիլիպ. 1:23), 2. լինել Աստվածամոր հետ. «Թագուհին (Մարիամ Աստվածածինը) կանգնած է քո (Քրիստոսի) աջին՝ զարդարված և պաճուճված ոսկեհուռ հանդերձներով» (Սղմ. 44:9), 3. լինել հրեշտակների ու սրբերի հետ. «Երբ աղքատը (Ղազարոսը) մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը» (Ղուկ. 16:22), 4. լինել արդարների հետ:

Դրախտը այն հոգևոր վայրն է, որտեղ գտնվում են սուրբ, արդար և Աստծուն  հավատացող և Նրա պատվիրանները գործադրող մարդկանց հոգիները, լինեն նրանք նախահայրեր՝ օրինակ՝ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, թագավորներ՝ օրինակ՝ Դավիթը, Սողոմոն իմաստունը, մարգարեներ՝ օրինակ՝ Եսային, Երեմիան, առաքյալներ՝ օրինակ՝ 11 առաքյալները, Պողոս առաքյալը, կղերականներ՝ օրինակ՝ Գրիգոր Լուսավորչը, Գրիգոր  Նարեկացին, Գրիգոր Տաթևացին, Ներսես Շնորհալին և աշխարհականներ:

Երկնքի Արքայությունը: «Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին» (Մտթ. 25:31):  Դատաստանի մեծ օրը Քրիստոս արդարներին պիտի ասի. «Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք» (Մտթ. 25:34-36): Դրախտում գտնվող հոգիները պիտի ժառանգեն Երկնքի արքայությունը՝ նրանք հավիտյան պիտի լինեն Աստծու հետ Երկնքում:

Անարդարների վայրերը: Անարդարների հոգիները հետմահու գնալու են Դժոխք: Քրիստոսի Երկրորդ գալուստից, Ընդհանրական հարությունից և Դատաստանի օրից հետո անարդարները գնալու են Գեհեն և այնտեղ մնալու են հավիտյան:

Դժոխքը: Դժոխք բառը հիշվում է Նոր կտակարանում «ᾅδῃ, ᾅδου» բառերով: Դժոխքը այն վայրն է, որտեղ գտնվում են չար մարդկանց հոգիները: Օրինակ՝ Դժոխքում գտնվում են՝ 1. Հուդա Իսկարիովտացու հոգին, որովհետև նա մատնեց Քրոստոսին երեսուն արծաթի փոխարեն (Մտթ. 26, Մրկ. 14, Ղուկ. 22), և  որոշ ժամանակ հետո իր անձը կախեց. «Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին ու ժողովրդի ծերերին՝ ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։ Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց» (Մատթ. 27:3-5), 2. Դեմասի  հոգին, որովհետև նա սիրեց աշխարհը. «Շտապի՛ր շուտով գալ ինձ մոտ, որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե ...» (Բ Տիմ. 4:9-10), 3, եսակենտրոն մեծահարուստի հոգին. «Երբ աղքատը (Ղազարոսը), մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց։ Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգչելիս» (Ղուկ. 16:22-23), 4. Քրիստոսի հարությունից հետո աղանդավոր մարդկանց հոգիները, որոնք մերժեցին ու անարգեցին Քրիստոսի աստվածությունը, Սուրբ Հոգու աստվածությունը և այլ աստվածաշնչական ուսուցումներ:  

Դժոխքում գտնվող մարդկանց հոգիները չեն կարող դուրս գալ այդ դժոխային՝  ահավոր ու սոսկալի, տանջանքների վիճակից: Նրանք չունեն թեկուզ ապաշխարելու մի առիթ՝ մի վայրկյան:

Գեհենը: Մեծ Դատաստանի օրը Դժոխքում գտնվող հոգիները պիտի գնան Գեհեն՝  հավիտենական կրակը. «Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար, որովհետև քաղցեցի, և ինձ չկերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր չտվեցիք, օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում, և ինձ չայցելեցիք» (Մատթ. 25:41-43): Գեհեն բառը Նոր կտակարանում նշվում է «γέενναν, γεέννῃ, γεέννης» բառերով: Գեհենում անարդարները հավիտյան պիտի տանջվեն:   

«Հա­ւա­տամք եւ ի մի միայն ընդ­հան­րա­կան եւ յա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցի, ի մի մկրտութիւն, յա­պաշ­խա­րու­թիւն, ի քա­ւու­թիւն եւ ի թո­ղու­թիւն մե­ղաց: Ի յա­րու­թիւնն մեռե­լոց, ի դա­տաս­տանն յա­ւի­տե­նից հոգ­ւոց եւ մարմ­նոց, յարքա­յու­թիւնն երկ­նից եւ ի կեանսն յա­ւի­տե­նա­կանս» (Հանգանակ Նիկիական):

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

11.12.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․