3 Հունիս, Դշ, Դ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Մի անգամ սուրբ հայր Մակարը գնում էր անապատով և տե­սավ Բելիարին` ծերի կերպարանքով, սև հանդերձներով, որն իր մարմ­նի բոլոր անդամներից կախել էր բժժաթուրմով լի պարկիկներ: Աղոթ­քի կանգնեց սուրբ Մակարն առ Աստված և Տիրոջ անվան զորությամբ հարցրեց Բելիարին, թե այդ ի՞նչ է տանում և ինչպե՞ս է խաբում մարդկանց: Եվ Բելիարը, հրեշտակից բռնադատված, ասաց ճշմարտու­թյունը. «Այս թուրմերը իմ խաբեության զենքերն են, և ամեն ամա­նում խաբեությանը համապատասխան նյութ կա, որոնցով օծում եմ մարդկանց. օրինապահներին՝ այն ամանից, որ գլխիս վրա է, ցավերի մեջ եմ գցում, աղոթքի մեջ ժրաջաններին` այն անոթից, որ հոնքերիս վրա է, քուն եմ տալիս, այն թուրմից, որ ականջներիս վրա է, անլսողություն եմ տալիս, ռունգերիս վրա եղող ամանից պոռնկության անուշահոտություն եմ տալիս, և որ կա բերանումս, սրանից տալիս եմ որկրամոլություն, շատախոսություն, ստախոսություն, խաբեություն և բոլոր չարիքները, որ մարդու բերանից են դուրս գալիս: Պարա­նոցիս անոթից տալիս եմ հպարտություն և սնափառություն, կրծքիս անոթից` հավիտենական կյանքը մոռանալու դեղ, իսկ որ որովայնիս է, սրանից էլ վերցնում և տալիս եմ անասնականություն և գազանու­թյուն, պորտիցս` գարշելի պղծություններ և խառնակություններ, իսկ ոտքերիս թուրմից` գողություն եմ գրգռում, ուսերիցս, բազուկներիցս և թիկունքիցս և մեջքիցս` կռիվ, ոխակալություն և ընչասիրություն եմ հրահրում, սակայն դու երբեք իմ ազդեցության տակ չընկար»: Եվ սուրբ Մակարն ասաց. «Թո՛ղ սաստի քեզ իմ Քրիստոս Աստված, որ օրհնյալ է հավիտյան»: Եվ Բելիարը չքացավ, իսկ սուրբ Մակարը փառք տվեց Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․