25 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Հպարտության մասին

Մի անապատական բնակվում էր միաբնակների վանքին մոտ: Երբ հիվանդացավ, լուր տվեց վանահորն՝ աղաչելով, որպեսզի գա իր մոտ և աստվածային Խորհուրդների հաղորդություն տա:

Իսկ հայրը, իր հետ  վերցնելով մի լռակյաց եղբոր (վանական) գնաց, որպեսզի հաղորդություն տա նրան: Եվ մինչ գնում էին, մի ավազակ, զանգակի ձայներ լսելով, գնաց նրանց հետևից մինչ անապատավորի սենյակը և կանգնեց դռան առջև՝ իրեն անարժան համարելով՝ մտնելու նման սուրբ մարդու խուցը: Եվ երբ անապատավորը խոստովանեց  ու հաղորդվեց, ավազակը, դռնից ոչ հետու կանգնած, իր սրտի խոնարհությամբ հանդերձ ասաց.

- Երանի՜ թե ես էլ քեզ պես լինեի:

Իսկ անապատավորը սրտի հպարտությամբ և ինքնահավանությամբ ասաց.

- Իրոք՞ ուզում  էիր, որ ինձ պես լինեիր:

Այդ ժամանակ այն լռակյաց,  հոգեզարդ եղբայրը, որ իր սրտում ծածուկ Աստծո գաղտնիքը գիտեր, սկսեց դառնապես լալ: Եվ երբ վանահայրն այդ եղբոր հետ վեր կացավ գնաց, այն ավազակը հեռվից գնում նրանց հետևից՝ աղոթելով Աստծուն, որ   տա իրեն ճշմարտության զղջումն ու ուղիղ գործեր, քանի որ հաստատել էր իր մտքում՝ հոր առաջ խոստովանել և ավելին  չմեղանչել, այլ ապաշխարել իր մեղքերի համար:

Եվ մինչ վազում էր, ընկավ և իսկույն մեռավ: Այս տեսնելով եղբայրն այն հույժ ուրախանալով՝ սկսեց ծիծաղել:

Երբ վանք եկան, հայրը հարցրեց եղբորը,  թե.

- Ինչու՞ էիր այդպես լուռ քայլում:

Եվ պատասխան տվեց.

- Մի օր հրամայեցիր ինձ լռել և ես այն օրից ի վեր լուռ եմ, բացառությամբ, երբ ինձ որևէ բան են հարցնում՝ խոսում եմ:

- Ապա  ինչո՞ւ էիր լաց լինում, երբ այն սուրբ անապատավորին հարողորդություն էի տալիս և ինչո՞ւ  ծիծաղեցիր, երբ այն   չարագործ ավազակը մեր ետևից վազում էր՝ կամենալով մեզ կողոպտել կամ սպանել, և իր այդ մեղքի համար էլ մեռավ:

Պատասխան տվեց եղբայրը.

- Հայր՛, իմ  լալու պատճառն այս էր. քանի որ երբ ճգնավորին հաղորդություն տվիր, այդ ժամանակ ավազակը դռան ետևում կանգնած իր սրտում ասաց. «երանի քո փոխարեն ես լինեի»: Իսկ ճգնավորը սրտի հպարտությամբ պատասխանեց. «Այդ հոժարակամ ես խնդրում»:

Ապա մեռավ և դատապարտվեց, դրա համար էլ լաց եղա: Բայց ավազակը, որ մեր ետևից էր գալիս, հաստատուն բան ուներ մտքում՝ խոստովանել և  ոչ թե կողոպտել մեզ կամ սպանել: Եվ երբ վազում էր, ընկավ և մեռավ: Հրեշտակներն  ուրախությամբ նրա հոգին վերցրեցին, երկինք տարան, քանի որ նրա զղջումն այնքան էր, որ և՛ ժամանակավոր և՛  հավիտենական պատիժը  ջնջվեց:

 

Հայելի վարուց

12.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․