19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Մեծ պահքի ժողովրդական սովորությունները

«Ակլատի՜զ, բռնեբիբի՜զ, եկար մեզ հյուր, կախվար երդիս»

Այսպես էին երգում երեխաները՝ ակլատիզը տան երդիկից կախելով:

Հնուց ի վեր գոյություն ուներ յուրահատուկ օրացույց-շաբաթացույց՝ ակլատիզը, հաշվելու համար Մեծ պասի յոթ շաբաթները:

Բուն բարեկենդանից անմիջապես հետո՝ Մեծ պասի առաջին օրը, հավի պոչի յոթ փետուրները, գլուխ սոխի (խմորե գնդի, կարտոֆիլի) մեջ ամրացնելով, պատրաստում էին ակլատիզ ու գույնզգույն յոթ թելերի հյուսքով կախում երդիկի խաչքից՝ ճիշտ թոնրի վերևում: Յոթը փետուրներից չորսը սպիտակ էր, երեքը՝ սև: Սպիտակ փետուրները խորհրդանշում էին ձմռան ձյունը, սևերը՝ գարնան օրերը, երբ երկիրը երևում է սև հողով ու կանաչով: Իսկ յոթ փետուրները խորհրդանշում էին Մեծ պասի յոթ շաբաթները: Յուրաքանչյուր շաբաթվա վերջում հանում էին մի փետուր: Վերջին՝ յոթերորդ փետուրը հանում էին Զատկի շաբաթ օրը, իսկ արդեն հաջորդ օրը տոնում էին Զատիկը: Վերջին փետուրն առանձնահատուկ էր: Այն սոխի մեջ ամրացնելուց առաջ կոտրում էին և անվանում «կաղ ձիավոր»: Պատճառն այն էր, որ վերջին շաբաթը շատ դանդաղ էր անցնում, քանի որ անհամբերությամբ էին սպասում տոնին:

Պասի յոթ երկար շաբաթների ընթացքում սոխը ծիլ էր արձակում: Զատկի օրը ակլատիզը առաստաղից իջեցնելուց հետո ծիլը գցում էին հատուկ այդ օրը եփվող ապուրի մեջ:

Ակլատիզ շաբաթացույցը ազգագրական տարբեր շրջաններում տարբեր անուններ է ունեցել՝ ախելուծ, գոգոռոզ, ֆռիգ, խախալիճ, խոլոճիկ, մռմռաս, ագլատիդիզ, պաս բեկ, ախլոճ, կոկորիճ, ախացելի և այլն: Այն երբեմն ներկայացել է տիկնիկի ձևով՝ առավել հաճախ ծերունու տեսքով, որի կողմ մեկնած թևերին մանրիկ քարեր էին ամրացված լինում, իսկ միակ ոտքին՝ սոխ՝ յոթ փետուրները վրան խփած, տակից էլ մի կարմիր պղպեղ կախած: Դրանցով ակլատիզը պատժում էր պասը խախտողներին. քարերը գլխին էին ընկնում, իսկ պղպեղը բերանը այրում:

Ակլատիզի մասին ժողովրդի մեջ տարբեր զրույցներ են պտտվել ու դրանց մի մասն էլ նրա յոթերորդ՝ կախարդական փետուրի մասին:

Ասում են՝ այն ժամանակներում, երբ օրացույց չկար, Մեծ պասի յոթ շաբաթների փոխարեն մամիկները յոթ փետուր են խփել երդիկից կախված մի մեծ սոխի և անունը կնքել ակլատիզ: Եվ ահա ակլատիզը, յոթ փետուրները չորս կողմ տարածած, պտտվել է, թոնրից եկող տաքությունից: Պտտվել է մեկ աջ, մեկ ձախ և այսպես հոգի է ձեռք բերել, կենդանացել:

Մամիկներն ամեն օր այս պտտվող ակլատիզի աչքի առաջ տուն ու տեղ են մաքրել, եփել-թափել, քուրսին նստած հեքիաթ պատմել, հիվանդի գլխին Նարեկ կարդացել, որ չարը խափանվի, իսկ շաբաթը լրանալիս մի փետուր են նրանից պոկել: Վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելուն պես եկել է Սուրբ Զատիկն ու բոլորն իրար ողջունել են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխան ստացել՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Յոթ շաբաթվա ընթացքում ակլատիզը հատ-հատ կորցնում է փետուրներն իր, շաբթեշաբաթ հյուծվելով, փետուրները քամուն տալով՝ ընդառաջ է գնում մահվան, բայց դա խաբկանք է միայն: Վերջին փետուրը պոկվելուն պես ծնվում է նա վերափոխված ու ծնունդն այդ պերճ գարունն է, բնությունը զարթոնք ապրած, որ տոնվում է՝ Կարմիր Զատիկ անուն առած:

Ասում են, թե ամեն տարի Զատիկի շաբաթ օրը վերսկսում է ակլատիզ կամ Մեծ պաս պապի և Ուտիս (ամեն բան ուտել թույլատրող) տատի կռիվը: Եթե բարեկենդանի վերջում հաղթել էր Մեծ պաս պապը և երդիկից հաղթական կախ ընկնելով՝ հսկել պասի պահպանությունը, ապա Զատկի շաբաթ օրը ակլատիզ պապի վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելով՝ հաղթում է արդեն Ուտիս տատը:

Պարտված ակլատիզ պապը, մամիկներին ճլպուր ապուր եփելու համար թողնելով իր հարության նշանը՝ յոթ շաբաթում թոնրի ջերմությունից ծլարձակած սոխը, այդ օրը թռչուն է դառնում ու թևին տալիս՝ ետ դառնալու իրավունքով:

Ասում են, թե իբր ակլատիզն առասպելական հրեշ է և պատահական չէ, որ մեծերը դրանով են վախեցրել պաս չպահող երեխեքին՝

-Ձու չուտես, տե՛ս, թե չէ վերևից կիջնի ակլատիզն ու կհանի քո աչքերը:

-Մսեղեն էլ չպահանջես, թե չէ ակլատիզը կմրմռացնի քո աչքերը, դեռ բերանդ էլ տաքդեղ կածի:

Եվ ահա Զատիկի շաբաթ օրը ակլատիզի՝ այդ հրեշի դեմ ոխ պահած երեխաները վար են բերում երդիկից նրան, ոտնատակ տալիս, ճիպտում, քարծեծ անում, վերջին՝ յոթերորդ փետուրն էլ ջարդում, դեն նետում ու ասում. «Ճիճու ճիճվանքը՝ դուրս, ցորեն գարին՝ ներս»: Վերջում էլ ակլատիզին տանում նետում են հոսող ջուրը՝ասելով.

Ձմեռն անցավ, գարունն եկավ,

Պասը գնաց, ուտիսն եկավ,

Քաշվի, կորի, Զատիկն եկավ:

Ասում են, թե ակլատիզը կերպարանափոխված թռչուն է, որն ամեն տարի մի ձու է ածում: Յոթ փետուր, այսինքն՝ յոթ շաբաթ, նա մարդկանց օջախներում, թոնիրների վերևում պտույտ տալով տաքացնում է իր ձուն, ահա և յոթերորդ փետուրը կորցնելու օրը թռչնի կերպարանք ստանում թռչում, հեռանում է, որ երկնքի մեջ բաց թողնի իր ձուն:

Ու հենց գցի երկնքից ցած, ձուն այս իսկույն ճաքեր կտա կայծակների որոտումով, ու անշնչից ծնունդ կառնի շնչավորը:

Ասում են, թե յոթերորդ փետուրը պոկելուց հետո միոտանի ակլատիզ պապը թռչուն դառած թռչում հեռանում է, նրան դեռ երկար հիշում են երեխաները: Սրած փայտի բութ ծայրին ամրացնում են նրանք վերջին փետուրն ակլատիզի և վեր ու առաջ նետելով՝ գոռում-գոչում.

Տի՜զ-տի՜զ,

Ակլատի՜զ…

Եվ պոչին փետուր ամրացված փայտիկը թռչում ու սուր ծայրով հողի մեջ է ցցվում՝ ճիշտ խատուտիկի կողքին, որի սպիտակ փուփուլներն ու միակ ոտքը այնքան հիշեցնում են գարուն բերող ակլատիզին:

Ասում են՝ ակլատիզ-բռնեբիբիզ պապի յոթերորդ փետուրը ընկնելով գետին՝ վերածվում է խատուտիկի: Սոխն՝ արմատն է հողում, փետուրները՝ տերևներն են՝ գետնի վրա սփռված, միակ ոտքը՝ երկար ցողուն է ահա, որ ճոճվում է անընդհատ, իսկ գլուխը՝ գլուխ է սովորական, միայն վրան մազի տեղակ փուփուլներ կան բազմահազար: Ու երբ մարդիկ շատ են ուզում հեռվում ապրող հարազատին մի բարի լուր ուղարկել, դիմում են միշտ խատուտիկին: Հենց փչում են ու թռցնում փուփուլիկները նրա, հովի թևով, քամու բերնով արագ թռչում, տեղ են հասնում, բարի լուրը ավետում:

Մեծ պաս անվանումը տարբեր բնակավայրերում տարբեր կերպ է կոչվել. օրինակ, «Աղուցք» (Մուսա լեռ), «Ջոջ պաս» (Հարք), «Քառասնորդական» և «Ճոչ պաղս» (Արճակ) և այլն:

Նախիջևանցիները Մեծ պասն անվանում էին Աղացք, աղ ու հաց, ուտում էին միայն բանջար, աղցան, խաշիլ և այլ կերակուրներ: Իսկ առաստաղից կախված փետուրին անվանում էին մռմռաս:

Մեծ պասի ընթացքում շնորհավորական այցելություններ և նվիրատվություններ էին կատարում: Նրա առաջին շաբաթվա երկուշաբթի օրը նորափեսան օղի վերցրած գնում էր շնորհավորելու աներոջ ու զոքանչի Մեծ պասը: Պասի կապակցությամբ միմյանց այցելում ու շնորհավորում էին գրեթե բոլորը: Հատկապես տարածված էր խնամիների միջև պասի կերակուրներից բաղկացած «սեղաններ» ուղարկելու սովորույթը: Ջավախքում միմյանց տներն այցելում էին երկու գլխավոր նպատակով, նախ՝ շնորհավորելու Մեծ պասը, ապա՝ փորձելու իրենց բախտը և ուշադիր

հետևելու, թե ինչպես են իրենց հյուրասիրելու և ինչի մասին են խոսելու: Պատահական չէ, որ այդ օրը «բաղդ փորձուկ» էր կոչվում:

Նշանված աղջկա սկեսրանք, կաղիններ և շագանակներ վերցրած, այցելում էին հարսնացուի տուն՝ հիմնականում կաղին («ջուխտ է, թե՝ վարդ») և այլ խաղերով տոնական ժամանցն անցկացնելու նպատակով: Վերջում ընթրում էին և ուշ երեկոյան վերադառնում տները:

Սյունիքում Մեծ պասի առաջին օրը, երեկոյան, նորափեսաները «գաղտնի» այցելում էին աներանց տները՝ հյուրասիրվելու ակնկալիքով: Գանձակում տղամարդիկ և տարեց կանայք, խնձորներ ու կիտրոններ վերցրած, փոխադարձաբար գնում էին միմյանց տները: Նորափեսան պարտադիր այցելում էր զոքանչին և շնորհավորելիս՝ համբուրում նրա ձեռքը: Վերջինս համբուրում էր փեսայի ճակատը և մի զույգ գուլպա նվիրում:

Երիտասարդները ձիախաղեր էին կազմակերպում, իսկ աղջիկներն ու նորահարսները նախընտրում էին ճլորթին (ճինջաղ): Այդ խաղերը երբեմն լուրջ առիթ էին դառնում նոր ծանոթությունների և սիրային խոստովանությունների:

Մեծ պասի առաջին շաբաթն ապաշխարության օրեր համարելով՝ ծանր գործերով չէին զբաղվում. կանայք ճախարակ չէին մանում, կար չէին անում, շալ չէին գործում:

Մեծ պասի առաջին օրը տանտիրուհիներն աղանձ էին պատրաստում:

Բասենում Մեծ պասի առաջին օրը յուրաքանչյուր տան մեջ թխում էին յոթը հատ ալանի բաղարջ, ի նշան յոթը շաբաթի և այդ օրը խաշով հաց չէին ուտում: Երդիկից կախում էին թելով մի սոխ, մեջը ցցած յոթը փետուր, որը կոչվում էր ախելուծ: Յուրաքանչյուր շաբաթվա վերջում մի փետուր հանում էին: Փետուրների վրա դրված մանր քարերը շարժվելուց վայր ընկնելով վախեցնում էին երեխաներին, որ նրանք ճշտությամբ պահեին պասը:

Ղազախում նույնպես կախում էին սոխը, փետուրները ցցած, որից յուրաքանչյուր շաբաթ մի փետուր էին պոկում: Այդ երկրում Մեծ պասի առաջին օրը ընդունված էր որպես կրակի կիրակի, և ով չընդուներ այն, «նրա շորերը կայրվեին»: Երկրորդ օրը ջրինն էր. չպահողին ջուրը կտաներ: Երրորդ օրը մկանն էր, որը չպահելու դեպքում մկների կողմից մեծ վնաս կհասցվեր տնտեսությանը: Չորեքշաբթի օրը կանանցից ով որ չգնար եկեղեցի և չլսեր առաջին անգամ ասված «Տէր ամենակալը», նա այլևս չէր կարող ջահրը (ճախարակ) մանել: Չորրորդ օրը՝ հինգշաբթի, առաջին գործը պետք է լիներ ճախարակ մանել, որովհետև նրա մեջ միայն կարելի է գտնել բարաքեաթ, առատություն:

Ղազախում կանանց մեջ սովորություն կար, որ ամբողջ տարին, չորեքշաբթի և ուրբաթ երեկոյան չպիտի աշխատեին: Չորեքշաբթի օրը կատարած աշխատանքը բարաքեաթ չէր ունենա, իսկ ուրբաթն էլ ուներ իր վատ հետևանքը. կրակին զոհ կգնար շոր, երեխա և այլն:

Շիրակում և Ղարսում Մեծ պասի առաջին շաբաթի շաբաթ օրը անվանում էին Թալալօսի կիրակի. ով չպահեր, կթալկանար, այսինքն՝ նրանց կարծիքով կցնդեր:

Մեծ պասի համար կան նաև ժողովրդական այլ սովորություններ ևս:

Մեծ պասի առաջին շաբաթվա բոլոր օրերին հատուկ պաս էին պահում: Երկուշաբթին բակլա-խորան էր կոչվում (այսինքն՝ բակլա ուտելու օր կամ պասուց կերակուրներ ուտելու օրերի սկիզբ), երեքշաբթին՝ խորանի խորան, չորեքշաբթին՝ մկան կիրակի, հինգշաբթին՝ կատաղած շան, ուրբաթը՝ չարչարոց (չար աչքից զերծ մնալու համար), շաբաթը՝ թալալոսի (թալալոսը երեխաների շրջանում տարածված հիվանդություն էր):

Մեծ պասի երկուշաբթի օրը, խումբ-խումբ իրար էին այցելում և միասնաբար ճաշում: Սեղանը լիքն էր բազմազան ճաշերով: Մեծ պասի ընթացքում շատ էին ուտում բուսեղեն, ընդեղեն, կանաչեղեն:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

01.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․