Գրքեր

«Ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվելու է»

Աստծու կողմից արարված աշխարհը ոչ միայն պետք է ճանաչել ու վայելել, այլ նաև խնամել ու մշակել: Վերջին ժամանակներում մարդիկ, ցավալիորեն, միայն իրենց շահը փնտրելով, գործում են արարչագործության դեմ՝ ահռելի վնասներ հասցնելով բնությանն ու կենդանական աշխարհին: Մարդիկ դադարել են Արարչի ներկայությունը բնության մեջ տեսնելուց: Մի քանի սերունդ, անմտորեն և ագահորեն վարելով տնտեսությունը, թունավորում են տիեզերքը: Օդը, ջուրը, հողը կորցրել են իրենց մաքրությունը, կենդանիների շատ տեսակներ անհետացել են երկրի երեսից: Աստված մարդուն շնորհել է Իր պատկերն ու նմանությունը, նաև ազատություն և բանականություն, որպեսզի պատասխանատու լինի արարչագործության համար: Օրինակ՝ անտառային կենդանիները չէ, որ պատասխանատու են անտառի համար կամ ջրային կենդանիները՝ ծովի և օվկիանոսի համար: Քրիստոսին հետևող յուրաքանչյուր անձ կոչված  է խնամելու և պահպանելու արարչագործությունը:

Մեծ սիրով է նկարագրված արարչագործությունը Սուրբ Գրքում. «Թող ուրախանա ծարաված անապատը, թող ցնծա անապատը ու ծաղկի ինչպես շուշանը» (Եսայի 35:1), «Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմ. 18:1-3), «Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին Ինձ, Իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին: Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մոր որովայնից ծնվեց դուրս եկավ» (Հոբ 38:7-9), մեկ խոսքով արարչագործությունը՝ որպես մի մեծ երգչախումբ, երգում է Աստծու փառքը: Ինչպես մարդիկ են փառաբանում Աստծուն, այնպես էլ կենդանիները, թռչունները և ողջ տիեզերքը: Այս մասին է 148-րդ սաղմոսի՝ Աստծուն փառաբանելու տիեզերական կոչը. «Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլո՛ր զորություններ: Օրհնեցե՛ք Նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհնեցե՛ք Նրան, բոլո՛ր աստղեր և լույս: Օրհնեցե՛ք Նրան, երկինքների՛ երկինքներ, և ջրե՛ր՝ որ վեր եք երկնքից: Օրհնեցե՛ք Տիրոջը երկրի վրայից, վիշապնե՛ր և բոլո՛ր անդունդներ: Հուր և կարկուտ, ձյուն և սառնամանիք, հողմ ու մրրիկ, դուք, որ Նրա խոսքն եք կատարում, լեռնե՛ր և բոլո՛ր բլուրներ, պտղաբե՛ր ծառեր և բոլո՛ր մայրիներ, գազաննե՛ր և ամեն տեսակի անասուննե՛ր, սողուննե՛ր և ամեն տեսակի թևավոր թռչուննե՛ր» (Սաղմ. 148:2-11):

Աստված Իր կողմից արարված դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե Ադամը ինչ անուն կտա դրանց: Եվ Ադամն ինչ անուն որ տար ամեն կենդանուն, այն կլիներ դրա անունը (Ծննդ. 2:19-20): Անուն դնել, նշանակում է իշխանություն ունենալ, այս մասին հաստատում է Սուրբ Գիրքը. «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն» (Ծննդ. 2:15): «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:28): Իշխանությունը, որ Աստված տվեց առաջին մարդկանց, նախ և առաջ պարտականությունն է: Սուրբ Գիրքը հիշեցնում է՝ ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվելու է (Ղուկ. 12:48):

Մեղքի պատճառով խախտվեց մարդու և արարչագործության միջև եղած աստվածապարգև հարաբերությունը: Մարդն սկսեց տանջել, անգթորեն իրեն հնազանդեցնել կենդանական աշխարհը, ինչի հետևանքով թշնամություն առաջ եկավ նրանց միջև: Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, որ մարդը սկզբնապես լիարժեք իշխանություն ուներ բնության և կենդանական աշխարհի վրա: Բայց երբ մուտք գործեց մեղքը, վերցվեց և՛ պատիվը, և՛ իշխանությունը. «Քանի դեռ մարդը հնազանդ էր Աստծուն, կենդանիները ենթարկվում էին և հնազանդվում նրան, իսկ երբ մեղանչեց, սկսեց վախենալ կենդանիներից: Մեղանչումից հետո առաջ եկած վախը Աստծու մեծագույն սիրո ապացույցն է մարդու հանդեպ: Եթե անկումից հետո Աստծու տված պարգևն անփոփոխելի մնար, ապա նախածնողները հեշտությամբ դուրս չէին գա անկումից: Երբ անհնազանդ մարդիկ օգտվում են նույն պատվից, ինչ հնազանդները, ապա շատ արագ սովորում են չարին և հեշտությամբ չեն հեռանում մեղքից: Երբ կա թե՛ վախը, թե՛ պատիժը, թե՛ տանջանքը, և մարդիկ չեն պահպանում խոհեմությունը, ապա ինչպիսին կլինեին նրանք, եթե չկրեին իրենց հանցանքների ծանր հետևանքները: Այսինքն՝ Աստված վերցրեց մարդուց իշխանությունը՝ մարդու հանդեպ Իր հոգատարության ու նախախնամության պատճառով: Հարկավոր է տեսնել Աստծու անասելի մարդասիրությունը. Ադամը խախտեց պատվիրանը և զանց առավ օրենքը, բայց Տերը նրանից չվերցրեց ողջ իշխանությունը, նրանից վերցրեց այն կենդանիների հանդեպ իշխանությունը, որ առանձնապես օգտակար չէին նրա կյանքի համար, իսկ այն կենդանիները, որ օգտակար էին և անհրաժեշտ ու նպաստում էին մարդու բարօրությանը, թողեց մարդու ենթակայության ներքո: Օրինակ՝ Նա թողեց եզների նախիրը, որպեսզի մարդը կարողանա այդ կենդանիների օգնությամբ գութանը քաշել, հողը մշակել, սերմը ցանել: Թողեց նաև բեռնակիր կենդանիներին, որպեսզի մարդը կարողանա ծանրություն տեղափոխել, թողեց ոչխարների հոտը, որպեսզի մարդը հագուստի համար անհրաժեշտ միջոցներ ունենա, թողեց և այլ կենդանիների տեսակներ, որ մեծ օգուտ են բերում մարդուն: Արարիչը որոշեց մարդու անհնազանդության դեմ ուղղված պատիժը՝  «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ» (Ծննդ. 3:19) և որպեսզի այդ աշխատանքն ու քրտինքն անտանելի չլինեին մարդու համար, Նա թեթևացրեց տանջանքն ու ծանրաբեռնվածությունը բազմաթիվ անասունների միջոցով, որ օգնելու էին նրան աշխատանքի մեջ: Աստված, որ մարդուն տվեց պատիվ, հետո վերցրեց այն, կենդանիների վախը գցեց մարդու վրա. այս ամենի մեջ ուշադիր լինելու դեպքում կտեսնենք Աստծու սերը, հոգատարությունն ու նախախնամությունը մարդու հանդեպ: Արարիչը չի պահանջում մարդուց որևէ ծանր բան, այլ միայն, որ մարդը խոստովանի Տիրոջ կողմից շնորհած բարիքները և փառաբանի Նրան»:

Թե՛ Սուրբ Գիրքը և թե՛ եկեղեցու հայրերն ուսուցանում են ճիշտ գործածել աստվածապարգև իշխանությունը՝ հոգատար վերաբերմունք ցուցաբերելով բնության և կենդանական աշխարհի հանդեպ: Քրիստոնեական գթասրտությունը տարածվում է ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների վրա: «Արդարը խղճում է իր անասունին, բայց ամբարիշտները անողորմ են» (Առակ. 12:10): Քիչ չեն սրբերի և կենդանիների միջև եղած զարմանահրաշ ընկերության օրինակները: Վարք սրբոցը պատմում է, թե ինչպես էին շատ կենդանիներ գալիս և ծառայում սրբերին: Օրինակ՝ Ս. Անտոն Մեծի կարգադրությամբ առյուծը Եգիպտոսի վանականության հիմնադրի գերեզմանը փորեց: Այդպես եղավ Ս. Մարիամ Եգիպտացու մահից հետո, առյուծը եկավ և սրբուհու համար գերեզման փորեց, ինչի վկան էր Հայր Զոսիման, որ ապշած էր տեսածով: Մի ճգնավորի մոտ էլ կենդանիները հավաքվում էին և չէին հեռանում նրա մոտից այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողմից չէին ստանում իրենից հեռանալու կարգադրություն:

Մի օր աշխարհը վնասվեց մարդու պատճառով: Ողջ մարդկությունն այնքան անգութ դարձավ, որ Աստված որոշեց ջրհեղեղով վերացնել իր ստեղծած ամեն մի էակի՝ մարդուց մինչև անասուն և սողուններից մինչև երկնքի թռչունները, որովհետև զղջացել էր, որ ստեղծել էր նրանց: Փրկվեց միայն արդար Նոյի ընտանիքը: Տարիներ շարունակ Նոյը կառուցում էր տապանը և մարդկանց զգուշացնում գալիք աղետի մասին, բայց ոչ ոք չէր հավատում, որ ջրհեղեղը կարող էր կործանել աշխարհը: Այս մասին Ս. Ամբրոսիոս Օպտինացին կատակով ասել է. «Նոյը կանչեց մարդկանց, բայց եկան կենդանիները»: Եվ, իրապես, բացի Նոյի ընտանիքից, ողջ տապանը լի էր կենդանիներով և թռչուններով: Որպեսզի երկրի երեսից չվերանային կենդանիներն ու թռչունները, Աստված Նոյին ասաց, որ անպիղծ կենդանիներից Նոյն իր հետ վերցնի յոթ-յոթ՝ արու և էգ, իսկ պիղծ կենդանիներից և թռչուններից՝ երկու-երկու՝ արու և էգ: Տապանից դուրս գտնվող մարդիկ և կենդանական աշխարհը ջրհեղեղի պատճառով ոչնչացան (Ծննդ. 6-10):

Աշխարհում տեղի ունեցող էկոլոգիական աղետներն ուղիղ կապ ունեն մարդու ներքին աշխարհի հետ, և եկեղեցու հայրերը էկոլոգիական խնդիրների լուծումը տեսնում են մարդու ներքին փոփոխության հետ, քանի որ այդ խնդիրների պատճառները ոչ թե նյութական են, այլ հոգևոր՝ կապված մարդու մեղսալից հոգեվիճակի հետ: Կասկած չկա, որ բնության ավերման գլխավոր շարժիչ ուժը մարդկային գործոնն է, նրա եսակենտրոնությունը, հաճույքի և հարմարավետության ձգտումը: Նա, ով սիրում է Աստծուն, սիրում է նաև Նրա բոլոր արարածներին: «Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երեները և բոլոր անասունները: Գիտեմ Ես երկնքի բոլոր թռչուններին և դաշտի գեղեցկությունն Իմն է»,-ասում է Տերը (Սաղմ. 49:10-11): Մարդն արարչագործության կենտրոնում է՝ որպես արարչագործության պսակ, և որպեսզի ճիշտ հարաբերություն ունենա արարչագործության հետ, նախ պետք է Աստծու հետ ճշմարիտ հարաբերություն ունենա:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

11.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․