Գրքեր

«Վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տուն»

«Որդեա՛կ, թողեալ լիցին քեզ մեղք քո... Արի, ա՛ռ զմահիճս քո՝ եւ երթ ի տուն քո»:

«Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են... Վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տուն» (Մարկ. 2:5, 11):

Սիրելի՛ հավատացյալներ,

Ավետարանից քիչ առաջ ընթերցված այս կենսատու խոսքերը Քրիստոսինն են, որ հոգու և մարմնի կատարյալ բժշկություն են պարգևում անդամալույծին: Աստծո պատգամախոս Մարկոս ավետարանիչը մեզ Տիրոջ կողմից մի հրաշագործ բժշկության մասին է պատմում: Երբ Հիսուս վերադառնում է Կափառնայում, քաղաքում մեծ իրարանցում է սկսվում. ոմանք հետևում են Նրան Աստծո խոսքը լսելու, ոմանք` բժշկվելու, ոմանք էլ՝ լրտեսելու նկատառումով:

Ահավասիկ, Քրիստոս տան կենտրոնում կանգնած խոսում և վարդապետում էր հավաքված մարդկանց: Ժողովուրդը լեփ-լեցուն էր, տան մուտքն ու ելքը փակված: Բժշկվելու եկած հիվանդներից շատերը Քրիստոսի մոտ մուտք չունենալու պատճառով մնացել էին հուսահատ: Այդ հիվանդների շարքում երևում է մի անդամալույծ, որին նրա մտերիմները բերել էին պատգարակով և ուզում էին ներս տանել, սակայն որևէ հնարավորություն չունեին: Դռնից մտնելու դժվարության առջև չընկրկելով` նրանք տանիքից մտնելու միտքն են հղանում և անդամալույծի պատգարակը պարաններով կապելով` երդիկից իջեցնում են ճիշտ Հիսուսի առջև: Տեսնելով նրանց հավատը, հավատից բխող հաստատակամությունը՝ Հիսուս դառնում և անդամալույծին քաղցրաբար ասում է. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են», ապա քիչ հետո ավելացնում է. «Վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տուն»:

Ավետարանական այս գողտրիկ դրվագը կենսական խորհուրդ և իմաստ է բովանդակում: Նախ, դատելով Քրիստոսի խոսքից, պարզ է դառնում, որ հաշմանդամությունը, հիվանդությունն ու մարմնական ախտը հետևանք են մարդու մեղսագործության: Մեղքի ու հիվանդության պատճառահետևանքային կապն այնքան իրական է այստեղ, որքան  մեղքի ու մահվան: Մեղքով մահն աշխարհ մտավ, մեղքով հիվանդությունն աշխարհում տարածում գտավ: Անդամալույծի մեղանչումն ապականիչ կերպով ներազդել էր նրա ողջ գոյության վրա թե՛ հոգեպես և թե՛ մարմնապես: Խախտվել էր նրա մարմնական կազմվածքի առողջ կենսագործունեությունը: Հոգին մարմնի հետ ներդաշնակությունը չպահելով՝ կորցրել էր մարմնի վրա իր կենդանացուցիչ ազդեցությունը: Տառապանքը, ցավը, մարմնական ու հոգեկան թերլիարժեքությունն անդամալույծի մոտ երջանկության կորստյանն էին հանգեցրել: Հետևապես, կասկած չկար, որ այս անդամալույծը չէր կարող բժշկվել, մինչև համոզված չլիներ, որ իր հաշմանդամության սկզբնապատճառը, այսինքն՝ մեղքը, վերացված չէր: Հեծությամբ նայում էր ետ, ուզում էր վերադառնալ դեպի իր բնական վիճակը: Եվ, ահավասիկ, ամբողջապես վերանորոգվելու ճիգը փշրում է հուսահատության պատնեշը: Մեկ ակնթարթ Տիրոջ ներկայության մեջ, և լսելի է դառնում փրկչական ձայնը. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են... վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը և գնա՛ քո տուն»:

Բժշկության փաստով վերաարարչագործության իրողության հաստատագրումն է տեղի ունենում: Վերստեղծվում է մարդու անկատար կազմվածքը, ինչպես որ արարչագործության ժամանակ Աստծու կողմից հողից մարդու ստեղծումը: Անդամալույծի մարմինը կատարելապես չէր կենսագործի, եթե Քրիստոս չվերականգներ և նրա ներաշխարհը, ինչպես որ մարդու հողակերտ մարմինը կենդանություն չէր ունենա, եթե Աստված չպարգևեր հոգին: Վերադարձ դեպի մարդկային նախնական անմեղության ու կատարելության վիճակ: Սա էր բժշկության հիմնական իմաստը: Իսկ ինչպե՞ս և ո՞ւմ օգնությամբ:

Ասում է՝ Հիսուս տեսավ նրանց հավատը. պատգարակը տանող մարդիկ հաստատապես հավատացին, որ Քրիստոս, որպես Աստծո մարդեղացյալ ներկայություն, կարող էր և բժշկել անդամալույծին, այլապես հրապարակավ և այդօրինակ դժվարությունների միջով չէին փորձի անցկացնել հիվանդին:

Ահա մեզ մի ցայտուն օրինակ, երբ մեկը թե՛ մարմնապես և թե՛ հոգեպես փրկվում է ուրիշների հավատի շնորհիվ: Աստծո հանդեպ որքան հավատ, ընկերոջ հանդեպ որքան սեր, գալիքի հանդեպ որքան հույս էր գերիշխում նրանց հոգիներում:

Սիրելի՛ հավատացյալներ, երկհազարամյա հեռավորությունից այսօր մեզ նույն և անփոփոխ պատգամն է փոխանցում Ավետարանը: Հավատ, հույս և սեր: Ինչպե՞ս կարող ենք ասել՝ սիրում ենք, եթե մեր մտերիմը, ընկերը, բարեկամը չի ճանաչում Քրիստոսին, չի ընդունում Նրան, և մենք էլ թույլ ենք տալիս նրան ավելի հեռանալու Տիրոջից: Մենք չենք կարող որևէ մեկին ստիպել ընդունելու Քրիստոսին, ոչ էլ կարող ենք հարկադրաբար որևէ մեկին քրիստոնյա դարձնել, բայց կարող ենք մեր սիրո, մեր հավատի, մեր մարդկային կյանքի օրինակով միջավայր ստեղծել մեր մերձավորի համար Աստծո շոշափելի ներկայությունն ու բուժիչ ներազդեցությունն զգալու, թեկուզ և դժվարությունների միջով անցնելով և անհնարինության պայմաններում: Չէ՞ որ Քրիստոս ասաց. «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վերջը» (Մատթ. 28:20):

Ինչպե՞ս կարող ենք ասել՝ հավատում ենք, եթե Քրիստոսին չապրեցնենք մեր մեջ և մեր օրերում, որպեսզի մեր մերձավորը կարող լինի տեսնելու, զգալու մեր մեջ ապրող Քրիստոսի զորավոր ներկայությունը: Չէ՞ որ հավատը, թեկուզ և ուրիշի հավատը, մարդու մեջ դուռ է բացում դեպի Քրիստոսի աստվածային զորության ներգործություն: Ինչպե՞ս կարող ենք ասել՝ հույս ունենք, եթե մեր մերձավորի հոգու բուժման վստահությունը չունենք:

Անդամալույծի մերձավորները իրենց հավատով, հույսով ու սիրով արմատապես փոխակերպեցին նրա կյանքը: Հապա ո՞րն է մեր՝ քրիստոնյաներիս առաքելությունը: Չէ՞ որ այս աշխարհն իր կենսակերպով ու կենցաղավարությամբ չի հավատում և չի ընդունում Աստծուն: Չէ՞ որ մեր մերձավորներից շատերը հավատում և սիրում են միայն իրենց եսը, անձնական միտումով իրենց կտրել են Արարչից, նմանվել այն ծառին, որ կտրվել է իրեն կենդանություն տվող ջրից: Հետևանքը բացորոշ է՝ մեղքից մեղք ծնելով՝ հոգեպես անշարժացել են: Եթե հավատում ենք Տիրոջ զորությանը, եթե սիրում ենք մեր մերձավորին, եթե մեր միջավայրն առողջ ու երանելի ենք ուզում տեսնել, ապա Տիրոջ զորությամբ վերափոխենք մեր և նրանց կյանքը:

Նրանք, հավատով, հույսով ու սիրով առաջնորդված, քանդեցին տան տանիքը՝ անդամալույծին Տիրոջ առջև իջեցնելու, մենք էլ մեր հավատի, հույսի ու սիրո զորությամբ քանդենք մեր մերձավորի քարացած հոգու պատնեշը՝ Տիրոջ ներկայությունը հաստատելու նրա հոգում: Եկեղեցին մենք ենք` Քրիստոսի մարմնի անդամներս, որ գործակից ենք Տիրոջը՝ աշխարհում Նրա արքայության հաստատման: Չէ՞ որ Քրիստոս հավաստում է. «Աստծո արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս... որովհետև ահա Աստծո արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:20-21): Միայն այսպես կարող ենք, որպես Եկեղեցի, լինել Աստծո փրկագործության միջոցը:

Սիրելի՛ հավատացյալներ, անդամալույծի բժշկության պատմական իրողությունն ուսանելի է նաև մեր իսկ հոգիների բժշկության համար:

Մարմնով անդամալույծ այս մարդն այսօրվա կյանքում մեր մեղքերով անդամալույծ հոգիների մանրակերտն է: Զրկված էր մարմնի որոշ անդամների կենսունակությունից, մենք էլ զրկված ենք հոգու որոշ առաքինություններից, զրկված էր քայլելու կարողությունից, մենք էլ երբեմն զրկված ենք լինում դեպի Աստված գնալու ունակությունից: Դժբախտ էր, որովհետև զրկված էր ուժականությունից, մենք էլ դժբախտ ենք, որովհետև կտրված ենք մեր զորության ակնաղբյուրից: Սակայն անհույս չէր, այլ հավատում էր: Մենք էլ անհույս չենք, որովհետև հավատ ու սեր ունենք Աստծո և մեր նմանի հանդեպ:

Անդամալույծի մերձավորները չսպասեցին Քրիստոսի գալուն, այլ՝ արհամարհելով բոլոր դժվարություններն ու փակուղիները, իրենք եկան՝ հիվանդին հանձնելու Հիսուսի խնամքին: Մենք ևս չսպասենք ինչ-որ փրկության, այլ մեր հոգիները հանձնենք Աստծո խնամքին, չէ՞ որ Քրիստոս այստեղ է, տանը, այս սրբավայրում և իր սրբարար զորությունն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր ծնկաչոք աղոթում են իրենց և իրենց մերձավորների անդամալույծ հոգիների համար. և ով հավատում է, լսում է. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են... վե՛ր կաց, գնա՛ քո տուն»:

 

Տ. Ռուբեն աբեղա Զարգարյան

(քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագին, 7-ը օգոստոսի 2005 թ.)

 

11.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․