Գրքեր
Դավիթը ո՞ղջ էր, երբ թագավորում էր Սողոմոնը:

Ողջ էր և նրա հաճությամբ էր, որ Սողոմոնը թագավորում էր: Որովհետև Դավիթն արդեն ծերացել էր, ուստի իր մահճում մարմինը տաքացնելու համար ինչքան էլ  ծածկում էին, այնուամենայնիվ, անհնար էր լինում.  ուստի նրա իշխանները առաջարկում են  նրա հպատակներից մի կույս աղջիկ գտնել, որը նրան ծառայի և  նրա անկողնում քնելով` տաքացնի նրան: Իսկույն ձեռնամուխ լինելով որոնումների` Սովնեմ քաղաքից  շատ գեղեցիկ աղջիկ են գտնում և բերում Դավթի մոտ: Թեև արքան ուժից ընկած լինելու պատճառով չէր կարող նրա հետ անկողին կիսել, սակայն աղջիկը, մշտապես նրան ծառայելով, Դավթի կինն է համարվում:

Սակայն Դավթի երրորդ որդին՝ Ադոնիան, որը մյուս եղբայրերից ամենամեծն էր, հորն այդ վիճակում տեսնելով, սկսում է հետամուտ լինել  թագավորական իշխանությունը ձեռք գցելուն, որպեսզի հոր մահվանից հետո թագավորի: Դավիթը, նրա արաքների մասին իմանալով, լռում է, որից էլ նա, առավել  քաջալերվելով, ասելով, որ թագավորելու հերթն իրենն է, Հովաբ և Աբիաթար քահանաների հաճությունն է գրավում: Դրանից բացի` Երուսաղեմի մոտակայքում զոհ մատուցելու պատրվակով մի մեծածախս խնջույք է կազմակերպում և հրավիրում եղբայրներին, Հուդայի ցեղի մեծամեծներին և Դավթի պալատականներին, միայն չի համարձակվում հրավիրելու Դավթի այն քաջ հազարապետերին, որոնք չէին հակվել իր կողմը, ինչպես Սադովկ քահանան, Նաթան մարգարեն և մանավանդ Սողոմոնը:

Թեպետ նրանք, մեծ ուրախությամբ ուտել- խմելուց հետո «կեցցե՛ Ադոնիա արքան» ասելով, շատ են զվարճանում, բայց քանի որ Աստված նախապես Դավթին հայտնել էր, որ իրենից հետո Սողոմոնը պետք է թագավորի (Ա Մնաց. 22:9), և մանավանդ Դավիթն էլ իր հերթին, նրա ներկայությամբ  Բերսաբեին երդվելով, խոստացել էր Սողոմոնին թագավոր դարձնել, ուստի այս է պատճառը, որ Նաթան մարգարեն Բերսաբեին առաջարկում է գնալ և Դավթին պատմել Ադոնիայի վարքի մասին և  ավելացնում է, որ ինքն էլ անձամբ կգա և ասածները  կհաստատի:

Տիկին Բերսաբեն իսկույն գնում և եղելությունը պատմում է Դավթին, Նաթանը նույնպես հասնելով, Ադոնիայի կարգադրությունները ամենայն մանրամասնությամբ տեղեկացնելով` Դավիթը երդմամբ հրամայում է Սադովկ քահանային, Նաթան մարգարեին և Բանեա հազարապետին, որ Սողոմոնին, իր ջորուն բազմեցնելով, տանեն և Երուսաղեմի մերձակայքում գտնվող Գեհոն կոչվող վայրում պաշտոնական արարողությամբ թագավոր հռչակեն: Երբ վերոհիշյալ անձինք, ըստ արքայի հրամանի  վարվելով, հնչեցնում են փողը, ամբողջ ժողովուրդը սկսում է աղաղակել` «Կեցցէ´ Սողոմոն թագավորը», և թագավորական հանդիսությամբ առոք-փառոք գալով` Սողոմոնը բազմում է թագավորական գահին:

Սակայն Ադոնիան և նրա հետևորդները, ինչպես որ վերը պատմվել է, դեռևս նոր էին ավարտել իրենց ուրախ-զվարթ խնջույքը, հանկարծ փողի և ժողովրդի ձայնը լսելով, զանազան կարծիքներ են հայտնում. մանավանդ Հովաբը տարակուսանքով և կասկածանքով սկսում է խորհել, թե դա ինչ ձայն կարող է լինել, և ահա այդ պահին այնտեղ է հասնում Աբիաթար քահանայի որդին՝ Հովնաթանը, որը հերթականությամբ պատմում է, թե ինչպե´ս  է Դավիթը, Սողոմոնին թագավորեցնելով, նրա առջև մեծարանքով խոնարհվել, որ ողջ ժողովուրդը նրա համար աղոթք և բարեմաղթանքներ են ձոնել առ Աստված, և որ Սողոմոնը իշխանական փառքով բազմել է հոր աթոռին. այս լուրից բոլոր հավաքվածները զարհուրած ցրվում են:

Ադոնիան նույնպես երկյուղով գնում է և Աստծու անվամբ կառուցված սեղանի անկյունից բռնում, որպեսզի գոնե մահվանից ազատվի: Երբ Սողոմոնին տեղեկացնում են, որ Ադոնիան, Սուրբ սեղանին ապավինելով, խնդրում է, որ թագավորն այսօր երդվի, որ իրեն չի սպանելու, Սողոմոնը պատասխանում է, որ եթե հավատարմությամբ հանդարտ մնա, նրա մազին անգամ չեն դիպչի, իսկ եթե չարությամբ խռովության պատճառ լինի, այն ժամանակ պիտի մեռնի, և իսկույն մարդ ուղարկելով` սեղանից նրան իջեցնում են, և Ադոնիան գալով ամենայն հնազանդությամբ երկրպագում է թագավորին և տուն վերադառնալու հրաման  ստանում:

Ընթերցո´ղ, խրա´տ ընդունիր աշխարհիս անցուդարձից: Ադոնիան իր մտքում խորհում և սրտում էլ թագավորելու անչափ մեծ փափագ է ունենում, ինչպես նաև նրա հետ միաբանողները, զանազան փառքերի և դիրքերի հասնելու պատիր հույսերով,  միառժամանակ ուրախության և ցնծության են անձնատուր լինում, սակայն շատ չանցած` նրանց ուրախությունը տրտմության է փոխվում, քանի որ առանց աստվածային կամքի ոչ մեկը չի կարող հասնել իր ցանկացածին: Փառքը քո ստվերի նման է, որի հետևից ինչքան էլ վազես, այն փախչում է, և ինչքան էլ  դու խուսափես այդ փառքի ստվերից, այնչափ առավել  նա շտապով կհասնի քեզ և միշտ անբաժան կմնա քեզնից:

Թեպետ Դավիթը ցանկանում էր տաճար կառուցել (տե՛ս ԻԹ հարցը), սակայն  ստիպված էր մշտապես պատերազմելու և անչափ արյուն հեղելու,  և Աստված Նաթան մարգարեի միջոցով նրան հայտնում է, որ տաճարը ոչ թե նա, այլ նրա որդին պետք է կառուցի: Արդարև, այս խոսքը Սողոմոնին էր վերաբերում, քանի որ Սողոմոն բառը նշանակում է «խաղաղություն», և Աստված ցանկանում է, որ նրա օրոք իսրայելացիները թշնամու հարձակումներից ազատ և բոլոր առումներով հանգիստ ու խաղաղ լինեն, և Սողոմոնն էլ կարողանա կառուցել տաճարը, և նրա թագավորությունը հաստատուն  լինի (Բ Թագ. 7:13):

Ճշմարիտ է, որ տաճարի կառուցումը Սողոմոնին է տրվում, սակայն կառուցելու համար անհրաժեշտ քարը, փայտը, երկաթը և մանավանդ ոսկին, արծաթն ու մյուս անհրաժեշտ նյութերն  արդեն իսկ Դավիթն առատորեն պատրաստել էր և կանչելով Սողոմոնին ու Աստծու հրամանը հայտնելով` պատվիրում է նրան կառուցել տաճարը: Ժողովրդի մեծամեծներին էլ պատվիրում է, որ տապանակը բերվի ի պատիվ և հանուն Աստծու կառուցված տաճար   և միշտ մնա այնտեղ:

Դավիթը Աստծուն հատկապես աղաչում է, որ Սողոմոնին շնորհ և իմաստություն տա, թախանձագին խնդրում է, որ միշտ նրա հետ լինի և զորացնի: Մանավանդ Սողոմոնին պատվիրում է պահել Աստծու պատվիրանները և Մովսեսի միջոցով Իսրայելին տրված օրենքները զգուշությամբ կատարի և ոչ մեկից չվախենա: Սրանից բացի, Մովսեսի պատվիրանի համաձայն, հայտնում է նաև տաճարին անհրաժեշտ պաշտոնյաների անունները, որ շինարարությունն ավարտելուց հետո ամեն մեկն իր պաշտոնը ստանձնի:

Դավիթը նաև հետևյալ կարգադրություններն է անում. Իսրայելի տասներկու ցեղերի անուններով տասներկու գնդապետեր է նշանակում, որոնցից յուրաքանչյուրի իշխանության ներքո քսանչորս հազար մարդ էր գտնվում: Սրանց ուղարկում է տասներկու ցեղերի երկրները և հրահանգում, որ անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ լինեն: Սրանցից ամեն մեկը պարտավոր էր ամիսը մեկ անգամ Երուսաղեմ գալու և ամսվա ավարտին վերադառնալու իր տեղը, որին հաջորդում էր մյուսը:

Դավիթը նաև այլ պաշտոնյաներ և գրագիրներ է հատկացնում արքունական կալվածքների և անասունների եկամուտների համար, որպեսզի թագավորության եկամուտները մատյաններում ցուցակագրվեն առանց թերության, ամբողջությամբ: Այնուհետև կանչում է բոլոր դատավորներին, գնդապետերին, հազարապետերին և այլ պաշտոնյաների և վերը հիշատակվածի համապատասխան Աստծու օրենքները հաղորդելուց հետո ավելացնում. «Աստված աշխարհի բոլոր ազգերից իսրայելացիներին է ընտրել, իսրայելացիներից` Հուդայի ցեղը, Հուդայի ցեղից՝ հորս տունը, հորս որդիներից՝ ինձ, իմ որդիներից՝ Սողոմոնին է ընտրել և հրամայել, որ նա կառուցի տաճարը, և նաև ասել. «Եթե իմ պատվիրանները պահի, նրա թագավորությունը հաստատուն և անխափան կպահեմ»»:

Դավիթը, սույն վերոհիշյալ կետերը հիշեցնելուց բացի, նրանց պատվիրում է,  որ խիստ մեծ զգուշությամբ կատարեն Աստծու պատվիրանները, որպեսզի Աստծու խոստման համաձայն` հավիտյան, սերնդեսերունդ Երուսաղեմի և նրա երկրամասերի ժառանգորդը լինեն: Ապա Սողոմոնին նորից պատվիրում է, որ ուղիղ սրտով և կատարյալ  մտքով ծառայի Աստծուն: Քանի որ Աստված բոլորի սրտերն է քննում և տեղյակ է նրանց մտքերին: «Եթե դու փնտրես Աստծուն, անշուշտ, կգտնես, իսկ եթե թողնես, նա քեզ ևս կմերժի»:

Բարեպաշտ արքան չի մոռանում Սողոմոնին տալ տաճարի և նրա մեջ կառուցվելիք սենյակների և սեղանների, ինչպես նաև անհրաժեշտ պարագաների պատկերները, որ Աստծու ներշնչանքով նախապես գծագրել էր, որպեսզի ըստ դրանց լինեն: Նաև բացի այն նյութերից, որ տաճարը կառուցելու համար էին հավաքել, իր ունեցվածքից էլ անչափ շատ ոսկի և արծաթ է նվիրում այդ նպատակի համար: Արքայի օրինակին հետևում են ներկաները, որոնք  սիրահոժար բազում նվերներ են անում և ուրախությամբ և ամբողջ հոգով և սրտով  ցնծում` խնդրի կարևորությունն ըմբռնելով:

Դավիթը, բոլորից ավելի ուրախ, սրտի անչափ մեծ գոհունակությամբ շնորհակալ է լինում և գոհանում Աստծուց` խոստովանելով Նրա անհուն բարությունը, դրվատելով նրա սուրբ և և փառավոր անունը և Իսրայելի ժողովրդին մինչ այդ կատարած անսահման երախտիքներն ու բարությունները: Դարձյալ Աստծուն աղաչում է, որ Սողոմոնին շնորհ և զորություն պարգևի, որպեսզի տաճարը կառուցելու կարողություն ունենա: Ապա դառնում է ժողովրդին և հրավիրում՝  անկեղծ սրտով և ջերմեռանդ հավատով այս սուրբ նպատակի հաջողության համար աղոթելու Աստծուն, և նրանք էլ աղոթելով խոնարհությամբ երկրպագում են Աստծուն:

Այն ժամանակ Դավիթը, զոհ մատուցելով, կերակուր է պատրաստում ժողովրդի համար, և այսպես բոլորն ուտում ու խմում են և արքային ամբողջ սրտով ուրախակից  լինում: Այդտեղ նորից Սողոմոնին, գլխին յուղ լցնելով, թագավոր են օծում, և և իսրայելացիների բոլոր ազգերը հնազանդվում են նրան (Ա Մնաց. 22-29)։

Այնուհետև Դավիթը, մահվան ժամը մոտ լինելով, դարձյալ Սողոմոնին պատվիրում է, որ անչափ մեծ զգուշությամբ կատարի Աստծու հրամանները, որպեսզի Աստված Իր ողորմությունները չխնայի նրա համար: Որովհետև ինչպես Դավիթն էր հավատարմությամբ կատարում Աստծու հրամանները, այնպես էլ փափագում է, որ Սողոմոնը  հնազանդվի Աստծուն, որպեսզի Իսրայելի թագավորական գահը նրա ցեղից չվերցվի:

Քանի որ Դավթի զորահրամանատար Հովաբը (տե´ս ԻԷ հարցը) անողորմաբար սպանել էր Աբեններին և նույն անգթություն ու անիրավությունը գործել Ամեսայիի հանդեպ (տե´ս ԼԸ հարցը), Դավիթն էլ, ժամանակի հանգամանքներից դրդված, մարդասպանին անպատիժ էր թողել, նաև Աբիսողոմից փախչելու օրերին իրեն անիծող Սեմեեի դատաստանը մինչ այն պահը դեռ չէր տեսել, այս անգամ Սողոմոնին է հանձնարարում, որ նա, իր իմաստությանը համապատասխան, այդ անիրավներին պատժելու պատեհ առիթ գտնի: Թող չհամարվի, որ վրեժխնդրության հոգով  է սույն պատվերը տալիս, այլ կամենալով արդարություն գործել, որպեսզի ամեն մի մարդ, խրատվելով նրանց պատժից, հեռու մնա չարիք գործադրելուց:

Հարկ է նկատել, որ Դավիթը ոչ միայն չարերին է պատժում, այլև հավատարիմ և բարի մարդկանց վարձատրելու համար պատվերներ է տալիս իր որդուն: Քանի որ (տե´ս ԼԷ հարցը) Դավթի հավատարիմ բարեկամ Բերզելի որդին՝ Քամաամը, Երուսաղեմում էր, ուստի Սողոմոնին հանձնարարում է նրան պատվով պահել և իր սեղանակիցներից երբեք չառանձնացնել: Այսպիսով, Դավիթն իր բոլոր հանձնարարությունները և կտակներն ավանդելուց հետո, յոթանասուն տարեկան հասակում մահանալով, թաղվում է Երուսաղեմում՝ Սիոն լեռան վրա: Երեսուն տարեկան էր, որ թագավոր է դառնում, քառասուն տարի թագավորում, որից յոթ տարին Քեբրոնում՝ միայն Հուդայի ցեղին, և մնացած երեսուներեք տարին` Երուսաղեմում`  Իսրայելի բոլոր ցեղերին, որոնց լուսատու ճրագն  է լինում: Հարկ է հիանալ սույն մեծ մարդու առաքինությամբ, որը, մինչ վերջին շունչը Աստծու սուրբ անվանը և փառքին նախանձախնդիր լինելով, Սողոմոնին կրկին ու կրկին պատվիրում է, որ միշտ հնազանդությամբ և հավատարմությամբ ծառայի Աստծուն և Նրա անբիծ օրենքներն ամբողջ սրտով անթերի կատարի:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․