26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Գործք 9.1-22

1 Սօղոսը, դեռ Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով լցուած, քահանայապետի մօտ եկաւ 2 եւ նրանից նամակներ խնդրեց՝ Դամասկոսում ժողովարաններին ուղղուած, որպէսզի եթէ գտնի այդ ճանապարհին հետեւող որեւէ մէկին՝ տղամարդ թէ կին, կապուած Երուսաղէմ բերի: 3 Եւ նա գնալիս, երբ մօտեցաւ Դամասկոսին, յանկարծակի նրա շուրջը երկնքից մի լոյս փայլատակեց: 4 Եւ երբ գետնին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»: 5 Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէ՛ր»: Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես: 7 Ոտքի կանգնիր եւ այդ քաղաքը մտիր, ու քեզ կասուի, թէ դու ինչ պէտք է անես»: Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում: 8 Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում: Նրա ձեռքից բռնած՝ մտցրին Դամասկոս: 9 Եւ երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերաւ, ո՛չ էլ խմեց: 10 Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մէջ Տէրն ասաց՝ Անանիա՛: Սա ասաց. «Այստեղ եմ, Տէ՛ր»: 11 Եւ Տէրը նրան ասաց. «Ոտքի՛ կանգնիր ու գնա այն փողոցով, որ Ուղիղ է կոչւում, եւ Յուդայի տանը կփնտրես Սօղոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղօթքի մէջ է»: 12 Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ Անանիա անունով մի մարդու, որ մտաւ եւ ձեռքը դրեց իր վրայ, որպէսզի տեսնի: 13 Անանիան պատասխանեց. «Տէ՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թէ որքան չարիքներ է արել Երուսաղէմում քո սրբերին. 14 եւ այստեղ էլ քահանայապետներից իշխանութիւն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում»: 15 Տէրը նրան ասաց. «Գնա՛ դու, որովհետեւ նա ինձ համար ընտրեալ անօթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագաւորների եւ իսրայէլացիների առաջ. 16 քանի որ ես ինքս եմ նրան ցոյց տալու, թէ նա ինչքան պէտք է չարչարուի իմ անուան համար»: 17 Անանիան գնաց եւ մտաւ այն տունը. ու ձեռքը դնելով նրա վրայ՝ ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տէրն ինձ ուղարկեց՝ Յիսուսը, որը քեզ երեւաց այն ճանապարհի վրայ, որով գալիս էիր, որպէսզի տեսնես ու լցուես Սուրբ Հոգով»: 18 Եւ իսկոյն նրա աչքերից թեփերի պէս բաներ ցած ընկան. ապա տեսաւ, ոտքի ելաւ ու մկրտուեց: 19 Եւ սնունդ ընդունելով՝ զօրացաւ ու Դամասկոսում մի քանի օր աշակերտների հետ էր: 20 Եւ անմիջապէս ժողովարաններում Յիսուսին քարոզեց՝ ասելով, թէ նա է Աստծոյ Որդին: 21 Բոլոր նրանք, որ լսում էին, զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղէմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին Քրիստոսի անունը, եւ այստեղ էլ նոյն բանի համար էր եկել, որպէսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»: 22 Բայց Սօղոսն առաւել եւս էր զօրանում եւ նեղն էր դնում այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին բնակւում, եւ ապացուցում էր, թէ սա է Քրիստոսը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․