26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Ավ. ըստ Մատթեոսի 12.22-37

22 Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում: 23 Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Մի՞թէ սա է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»: 24 Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ՝ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»: 25 Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. 26 եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ: 27 Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կհանեն. դրա համար էլ նրանք կլինեն ձեր դատաւորները: 28 Իսկ եթէ Աստծոյ Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: 29 Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի: 30 Ով ինձ հետ չէ, իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է: 31 Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի: 32 Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում: 33 Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կլինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կլինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում: 34 Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կկարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է: 35 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: 36 Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 37 որովհետեւ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․