Գրքեր

Անդրե զորավարի և նրա զորքի՝ երկու հազար ութ հարյուրի վկայաբանությունը

Աստվածային անճառելի և անիմանալի խորհուրդը, անհասանելի և անպարագրելի սքանչելիքը, անհասանելի և անպատմելի բարերարությունը, Նրա անբավ մարդասիրության ողորմությունը, սքանչելի և առատաբաշխ պարգևները, ո՞վ ի վիճակի կլինի պատմելու կամ իմանալու, որը մեր մտքին անտեսանելի է և գիտանքին անիմանալի, որ ո՛չ լեզվով է պատմվում, ո՛չ մարդու հանճարով է իմացվում, ո՛չ բերանով է ճառվում, ո՛չ աչքի տեսողությամբ է բացահայտվում. մեծահրաշ և սքանչելի բարիքը` պատրաստված Աստծու կողմից իր սիրելիների համար, որոնք ընդունել են արարչական հրամանի պատվերը. «Թե մեկը թողնի հորն ու մորը, գյուղեր ու ագարակներ, նրանն է երկնքի արքայության ժառանգությունը» (Մատթ. ԺԹ. 5, Մարկ. Ժ. 7, Եփես. Ե. 31),- և խոստումը անճառելի բարիքի, «որ աչքը չի տեսել և ականջը չի լսել, և մարդու սիրտ չի ընկել» (Ա. Կորնթ. Բ. 9): Այս պատվերը, առավել քան սա, ստացան երանելի սուրբ վկաները, որովհետև ոչ միայն տները, գյուղերն ու ագարակները թողին, այլև ամբողջ աշխարհը իր բոլոր վայելչություններով. և ոչ միայն հորն ու մորը և ազգը, այլև իրենց անձերը տվին տանջանքի ու մահի. իրենց կյանքը փոխանակեցին երկնային կյանքով, և իրենց արյունը հեղեցին Փրկչի արյան փոխարեն, և իրենց խաչերը շալակած ընթացան Կենարարի կոչի ետևից: Եվ այսպիսիները քիչ չէին ոչ մասնավոր մի կողմում երկրի, այլ բազում անգամ բազում տեղեր բազմություններ անբավ, որոնք Աստծու սիրով վառված միացան Աստծուն:

Բայց հիմա շատերի մասին չէ այս պատմությունը, այլ երիցս երանյալ մեծ ու հռչակավոր վկա սուրբ Անդրե զորավարի և նրա աստվածանման զորքի` ընտրյալ մարտիրոսների, որ Դեոկղետիանոս և Մաքսիմիանոս անօրեն ու ամբարիշտ թագավորների ժամանակ էին: Երկրի վրա արթնացավ սատանայական խորհուրդը չարարվեստ թագավորների անաստված հրամանների միջոցով, ջանում էին հանգցնել աստվածային պատվիրանների ճառագայթները և բոլորին հորդորում պաշտելու սնոտի ու խավարային կուռքերի պաշտամունքին: Նույն ժամանակ էր սուրբ երանյալ Անդրեաս նահատակը, կենդանի Աստծուն հավատացել և աստվածային հույսով էր վառվել, իր անձը պահում էր քրիստոնեական հավատով և ուրիշ ոմանց քաջալերելով հորդորում էր արդարության ճանապարհի և հաստատում ճշմարիտ հավատի մեջ` խոստովանելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Բայց չէր համարձակվում հայտնապես պատվել քրիստոնեության հավատը, որովհետև ամբողջ աշխարհը և թագավորները և իշխանները աշխարհների` մոլությամբ պաշտում էին կուռքերին: Եվ այս երանելին զորավար էր Անտիոքի բռնակալի մոտ, Ասորիների կողմերը, քաջ և առաքինի, հաղթող պատերազմի մեջ, արիաբար քաջամարտիկ լինելով անօրեն բարբարոսների դեմ, հարձակվող թշնամիներին վանում էր պատերազմում Քրիստոսի մարտակցությամբ, և ծաղկում էր քրիստոնյա հավատի բարեպաշտությամբ, մեծ զորությամբ ախոյան էր թշնամիների զորքերի դեմ և խրատելով ուսուցանում էր յուրայիններին ի սեր Աստծու պատվիրանների: Խորտակելով հեթանոսների մանր զորությունները` Ավետարանի խոսքն էր քարոզում նրանց լսելիքներին, ովքեր հետևում էին նրան պատերազմում. նահատակվում էր արիաբար ընդդեմ հակառակորդների բռնության և վարդապետ լինում Աստծուն ճանաչողներին` հաստատուն մնալ երկնային փառքի հույսին. զորությամբ պատերազմում էր սաստկացած հակառակորդների դեմ և մեծ հաղթությամբ վանում էր նրանց` Քրիստոսի զորությամբ: Եվ սիրելի էր Անտիոք Մեծի և բոլոր նախարարների ու մեծամեծների աչքին և մեծարվում էր բոլորից` նրանց մոլար օրենքի կարգի համաձայն:

Այն ժամանակ թշնամական բազում զորքերը հարձակվեցին գավառի վրա, եղավ պատերազմական հուզմունք` հռոմայեցոց թագավորության դեմ: Եվ մեծ երկյուղ ընկավ աշխարհի այն կողմերում, և մեծ տագնապի մեջ էին: Եվ Անտիոքոսն ասում է իր զորավար Անդրեասին. «Քո արիության ու քաջության համբավը ամեն կողմում տարածված է, քանի որ բոլոր պատերազմների [հաղթական] ավարտը քեզնից իմացան բոլոր մարդիկ, որի համար և այդպիսի պատվի արժանացար և հիմա առավել կցուցադրես այս պատերազմում քո հաղթական քաջությունը, որ ավելի պատվի, գովեստի ու մեծարման արժանանաս:

Իսկ արի և առաքինի նահատակ զորավար Անդրեասը Աստծուն հուսալով` որ խորտակում է պատերազմները, ինքն իրեն Աստծուն հանձնեց և բռնավորի հրամանին, իր համար ընտրեց 599 այրերի և ընդառաջ գնաց թշնամուն` հանդիպելու մեծ պատերազմում: Տեսնելով թշնամիների բազմությունն ու իր զորքի տկարությունը` քանի որ քիչ էին իրենք, երկնչեցին հակառակորդների բազմությունից, [Անդրեասը] իր մեջ արիացավ և սկսեց քաջալերել իր զորքին և աստվածապաշտության հավատն էր սովորեցնում քարոզելով նրանց և դրանով խոստանում էր, որ Աստված թշնամու դեմ հաղթանակ կշնորհե, ասելով. «Եղբայրնե՛ր, այժմ Աստծուն ճանաչելու, կուռքերի մոլորությունից դառնալու և երկնքի ու երկրի Աստծուն հավատալու ժամանակն է` վերին օգնականությունից հայցելով մեր փրկությունը: Քանզի Նա է Աստված արարիչն ամենայնի և անհաղթելի Թագավոր և օգնական է լինում բոլորին, որ դիմում են իրեն և կփրկե ամեն նեղությունից: Այսուհետև հավատացեք ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն և այդպես մտնենք պատերազմի մեջ: Եվ իմ Աստծու մարդասիրությանը վստահելով գիտեմ, որ իբրև իրեն հավատացող ժողովրդի կգթա` զորավիգ լինելով մեզ, թշնամիներին կմատնի մեր ձեռքը` մեր առջևից հալածական, որպեսզի ըստ մարգարեի խոսքի` ճմռենք փողոցի կավի նման» (Սաղմ. ԺԷ. 43):

Այս լսեց զորքը, իսկույն նրանց մեջ ծագեց աստվածգիտության լույսը և լուսավորեց նրանց մտքերը, և միաբերան աղաղակեցին ու ասացին. «Մենք ևս հավատում ենք ամենակալ Հորը, Միածին Որդուն և Սուրբ Հոգուն` մեկ Աստված, որ փառքով, զորությամբ և իշխանությամբ օրհնյալ գովվում ու փառաբանվում է երկնայիններից ու երկրայիններից և օգնում է իր հավատացյալներին, ինչպես և մեզ քարոզվեց, և նրա զորությամբ կհաղթենք թշնամիներին»: Եվ ապա Աստծու հույսին հանձնվելով քաջալերեցին միմյանց, հարձակվեցին թշնամու վրա: Եվ պատերազմը բորբոքվեց, և Տերը մեծ հաղթություն տվեց այն օրը սորբ Անդրեասին ու իր հավատացյալ զինվորներին: Եվ վանելով փախուստի մատնեցին թշնամական բոլոր զորքերը, որ մարտնչում էին սուրբ բանակի դեմ. նրանցից շատերին սպանեցին, իսկ մնացածներին ցրիվ տալով` ամենքին մի կողմ վտարեցին: Եվ Տերը նրանցով մեծ հաղթություն արեց ի փառս իր անվան: Հաղթանակից հետո սուրբ Անդրեասն ասում է իր հավատացյալ զորքին. «Տեսեք Աստծու մեծությունը` ինչպես փրկեց այսօր և ազատեց մեզ մեր նեղիչների ձեռքից և մեր հալածիչներին հալածական արեց մեր առջև: Այսուհետև հաստատուն մնացեք հավատի մեջ, որպեսզի արժանանաք հավիտենական երանության, որ պահվում է իր հավատացյալներին»:

Իսկ բանսարկուն, լույսի հրեշտակի կերպարանք առած, կանգնեց սուրբ Անդրեասի առաջ, համոզկեր բաներ խոսելով` իբր երկնքից եկած: Իսկ նա Քրիստոսի շնորհով իմանալով` ասում է. «Ո՛վ ատեցող բարու և թշնամի ամեն ճշմարտության, չե՞ս դադարում խորամանկել, որի համար երկնային դասերից ընկար կորստյան վիհը»: Այնժամ կշտամբելով ասում է բանսարկուն. «Մինչև վերջ չեմ հրաժարվի փորձելու քեզ»: Իսկ սուրբ Անդրեասն ասում է. «Ետ կդառնաս Քրիստոսի զորությամբ»:

Եվ մեծ պատերազմի հաղթությունից, թշնամու զորքը վտարելուց հետո վերադարձան Անտիոք` խրոխտացած իշխանի մոտ և Քրիստոսի հաղթության գովքն արեցին: Անտիոքոս Մեծը, որոշ չար մարդկանցից լսելով, որ հաղթության փառքը իրեն չեն վերագրում, այլ Քրիստոսին, նաև բանսարկուի խարդախությունից չարացավ, բայց իր չար գաղտնիքը իր սրտում էր պահում: Նրան սպասավորելու համար 200 զինվոր է ուղարկում ընդառաջ, նաև գիտենալու իր լսածը, թե [Անդրեասը] Քրիստոսին է փառաբանում իր զորքով և արհամարհում է իրենց աստվածներին ու նրանց պաշտամունքը: Ու երբ հասան նրա մոտ` նա խոսեց ամենասուրբ Երրորդության հավատի մասին, և՛ առաքինի վարքի, և՛ մեռելների հարության, և՛ արդարների ու մեղավորների հատուցման, մեծ ահ զգացին նրանք, և հավատացին Աստծուն, որովհետև ի վերուստ նրանց իջավ աստվածգիտության շնորհը: Եվ օրհնում, գովում ու փառաբանում էին Աստծուն` զորավար Անդրեի սուրբ բանակով հանդերձ: Եվ երբ սուրբը քաղաք եկավ իր սուրբ զորականներով` պատմեց իշխանին պատերազմում հաղթելը և թշնամիների կործանումը, իշխանը գոհություն էր մատուցում իր կուռքերին: Իսկ սուրբ Անդրեասն ընդդիմացավ և փառք էր տալիս սուրբ Երրորդությանը և ասում էր` «Քրիստոսով է հաղթությունը»: Իսկ նա հակադրվում էր` դարձնելու նրան ճշմարիտ խոստովանությունից և ասում Անդրեասին. «Չգիտե՞ս թե ինչքան բազմություն, ի՞նչպիսի տանջանքով ոչնչացրի` ովքեր Քրիստոսին հավատացին, և ոչ մեկին չողորմեցի: Այժմ դու ինչո՞ւ ես այդպես համառորեն պնդում Խաչեցյալի վրա, Աստված խոստովանելով Նրան և հաղթությունը Նրանն ես համարում, որ չի փրկում իր հավատացյալներին մեր ձեռքից:

Իսկ սուրբ Անդրեասն ասում է. «Բոլոր սրբերը, որ Քրիստոսի անվան համար չարչարվեցին ու մեռան, վերստին կնորոգվեն և կպսակվեն Քրիստոսի հայտնության ու գալստյան օ րը: Այս հույսով ես սպասում եմ, միգուցե արժանի լինեմ արժանավորների հետ` այցելության օրը»: Բռնավորը լցվեց բարկությամբ ու զայրույթով, բայց ակնածելով նրանից` հրամայեց գնալ, որպեսզի խորհի թե ինչ անի նրան:

Եվ սրանք այսպես եղան, չարի խորհրդածությամբ կամեցավ նրան բոլորի հետ, ովքեր միաբանեցին նրա հետ` հալածել հեռավոր աշխարհ: Եվ հրամայեց երկու հազար զինվորների` սուրբ բանակը հանել քաղաքից, քանի որ իմացավ բոլորի անփոփոխելի միտքը: Նաև ակնկալում էր, թե յուրաքանչյուրը կզղջա և կվերադառ նա իր ազգին ու երկիրը:

Իսկ նրանք երկնքի արքայության համար հանձն առան չարչարանք, քան ժամանակավորապես մեղքի մեջ վայելելը ապականացու կյանքում: Եվ սուրբ Անդրեասը բարձրացրեց իր ձայնը, ասաց սուրբ բանակին. «Հիշեցե՛ք Ավետարանի խոսքը, որ ասաց Քրիստոս Փրկիչն աշխարհների. «Երանի,-ասում է,- [նրանց], որ հալածվում են արդարության համար, քանի որ իրենցն է երկնքի արքայությունը» (Մատթ. Ե. 10): Արդ` ձեզնից ոչ ոք չթյուրանա խորհրդով և վրիպի այն երանությունից, որովհետև կյանքը սասանելի ու քակտելի չէ և երբեք չի քայքայվի, այլ կա և մնում է հավիտյան»:

Լսեց այս բաները սուրբ բանակը, խրախուսվեց Աստծով, սրտի ուրախությամբ գոհանալով Աստծուց` օրհնում, գովում ու փառավորում էին ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Իսկ երկու հազար [զինվորները] այդ լսելով` զղջացին իրենց հոգում, Սուրբ Հոգու շնորհներն ազդեցին նրանց, և արտասվելով աղաչում էին ամենակալ Աստծուն` սուրբ բանակի հետ հավատով որդեգրվելու շնորհ ստանալ: Եվ բոլորը միաբան օրհնություն էին վերառաքում ամենասուրբ Երրորդությանը:

Սա հասավ չարամիտ ու ամբարիշտ Անտիոքոս իշխանին, խռովքով զարհուրեց և չգիտեր թե ինչ ելք գտնի: Իր մոտ կանչեց սինկղիտոսին ու բոլոր խորհրդականներին, նրանց հետ մտածեց նամակ գրել Սելևկիոսին` այսպես. «Անտիոքոս մեծ և հռչակելի և հաղթող, իշխեցող և հրամանատար Ասորեստանի կողմերի ամբողջ նահանգի, մեր սիրելի եղբայր Սելևկիոս Մեծ կուսակալին` ողջույն: Որպեսզի քո զորությունն անտեղյակ չլինի մեր Անդրեաս զորավարի մասին` մեզնից մեծ հարգանքով պատվված, ապստամբելով արհամարհեց մեր պատիվն ու աստվածներին, հեռացավ դեպի խաչած Քրիստոս: Որի համար հալածվեց մեր կողմից, շատերին իր կողմը գրավեց, բոլորով խոստովանելու Քրիստոսին Աստված և հավիտենից Թագավոր, հակառակ ինքնակալ թագավոր կարծվողների: Արդ` այստեղ կերևա մեր եղբոր քաջությունը, ուր հանդիպես` սուր ու սուսերով մաշես նրանց: Ո՛ղջ եղիր, քաջդ Սելևկիոս»:

Երբ թուղթը տարան և կարդացին նրա առջև` իսկույն իբրև չար գազան զայրացավ [Սելևկիոսը`] դառնության թույնով լի, մտածում էր, թե ինչ կերպ կամ ինչ հնարքով կարող է որսալ նրանց: Պատրաստվում է ինքը և իր բոլոր զորքերին հրամայում է պատրաստ լինել: Իսկ երանելի Անդրեաս զորավարը հանուն Քրիստոսի հալածական եղավ սուրբ բանակի հետ, Ասորվոց Անտիոք մայրաքաղաքից եկավ Աղեքսանդրիա, ճանապարհ բռնեց Օվկիանոսի ծովեզերքով դեպի Կիլիկիո գավառը: Հասան Կիլիկիայի Տարսոն [քաղաքը], հանդիպեցին Տարսոնի [Պետրոս] եպիսկոպոսին, նաև Բերիա քաղաքի Նունոս եպիսկոպոսին, մկրտվեցին նրանց ձեռքով զորավար Անդրեասն ու ամբողջ զորքը` ի Հայր, Որդի և Սուրբ Հոգի, և լուսավորվեցին աստվածգիտության լույսով: Եվ նույն պահին նրանց վրա ի վերուստ լույսի տեսիլ երևաց ջրում մկրտվելիս, նաև նահատակության պսակը, որով հանդիպելու էին առաջիկա երանություններին: Եվ սուրբ եպիսկոպոսները ողջունելով օրհնեցին նրանց, և [նրանք] ճանապարհ ընկան դեպի Տարսոն: Այնուհետև Սելևկիոսն իմացավ, այլագունեց նրա դեմքը, առյուծի պես` մռնչացող ու հափշտակող, հետապնդելով հալածում էր սուրբ բանակը, և ուր հասնեին` գազանաբար հարձակվելով` ուզում էին անխնա կոտորել բոլորին: Բայց նրանք ի վերուստ օգնություն ստանալով հաղթահարում էին նրանց, այնքան որ չէին կարողանում ընդդիմանալ երանելի նահատակներին, որովհետև Սուրբ Հոգին առաջնորդում էր նրանց մինչև Աստծուց սահմանված տեղը, ուր նահատակվելու էին: Հասան մինչև Տարմեղինե, Եքսոնի կողմը, և բանակեցին այն վայրում, որ կոչվում է Քափսորիոս և Քարափաթոն. դժվարին տեղ էր լեռնամիջի հովտում, և մեջտեղով փոքր գետ էր անցնում:

Սելևկիոսը հետապնդեց նրանց, հասավ Քափսորի նեղուցին և պաշարեց նրանց: Իսկ սուրբ բանակը իրենց ամբողջ երիվարներով ու զենքով մարտնչեցին նրանց դեմ, և [Սելևկիոսի բանակը] չէր կարողանում հաղթահարել ու բռնել նրանց: Որովհետև Սուրբ Հոգին առաջնորդեց այնտեղ, ուր նահատակվելու էին, ուր և բանակեցին որպես Աստծու բանակ:

Եվ սուրբ զորավարն սկսեց քաջալերել իր զորքին, ասել այսպես. «Եղբայրնե՛ր, իմ սիրելի և քաջ նիզակակիցներ, ահա ժամը արիաբար քաջանալու և հաճո լինելու երկնավոր Թագավորին. ահա ժամը մարտի և հաղթության, որ անթառամ պսակի արժանանանք: Այսուհետ հաստատուն մնացեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատին, պինդ բռնեցեք շնորհը, որ ձեզ տրվեց, հիշեցեք երանավետ պարգևները` ձեզ խոստացած Տեր Հիսուս Քրիստոսից: Ձեզնից ոչ մեկը մտքով չշեղվի ընկալյալ շնորհներից, ոչ մեկը հավիտենական կյանքից չզրկվի` ցանկանալով երկրային կյանք: Հասել ենք գավթի դուռը, ոչ մեկը ետ չդառնա և վրիպի հարսանյաց առագաստից: Բարվոք պատերազմը պատերազմեցինք, ընթացքն ավարտեցինք և ահա պատրաստ ենք հատուցման վարձքին, և շուտով Թագավորը երկնային փառքով պսակելու է մեզ: Ցանկալի է մեռնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար, որ նրա հետ կենդանանանք և փառավորվենք անճառ ու անապական բարիքով: Ցանկալի է այս սնոտի և ապականացու կյանքը փոխանակել անմահական կյանքով, ցանկալի է ուրանալ աշխարհական մեծությունները, որ հանդերձյալում շահենք բազմապատիկ արդյունք, մեկին` 30, մեկին` 60, մեկին` 100 ու առավել ևս, որ հաշվից վեր է: Որ փոխանակ երկրավոր թագավորից հալածվելու` մերձավոր լինենք երկնային Թագավորին և նրա հետ թագավորենք: Եվ փոխանակ երկրային սիրելի եղբայրների ու ազգականների, որոնց թողնում ենք երկրում, խառնվելով միանանք երկնքի զվարթուններին և նրանց հետ զվարճանալով պարենք անճառելի ուրախության մեջ: Փոխանակ հայրական ժառանգությունների, որոնցից անջատվելով հեռացանք` ժառանգենք երկնի արքայություն և վայելենք անպատում բարություններից` ի Քրիստոս Հիսուս մեր Տեր»:

Այս և սրանից ավելին խոսեց սուրբ Անդրեասը իր զորքին, և նրանք քաջալերված Քրիստոսի շնորհներով` զորացան և դիմեցին առհասարակ սրա դեմ` հոժարակամ մեռնելու մեծ հույսի համար, որ ակնկալում էին:

Իսկ Սելևկիոսը զայրացկոտ մեծ ցասումով, բարկությամբ ու զայրույթով լի, հրամայեց կոտորել բոլորին: Սուրբ զորավար Անդրեասն այսպես էր ասում իր սուրբ բանակով հանդերձ. «Տեր Աստված ամենակալ, որ մեզ որդեգրության շնորհ արեցիր և զորացրիր քո ողորմության կամքով, մեզ արժանացրու սրբերի դասերին, որովհետև քեզ համար ենք մեռնում, իբրև ոչխար սպանդի տարված: Մեզ մի՛ թող քո բարեգթությունից` քեզ հուսացողներիս ու ապավինածներիս: Տե՛ր, տո՛ւր ողորմության շնորհները մեր հանգստյան վայրում և բուժիր ցավերն ախտաժետների. յուրաքանչյուրի հոգուն և մարմնին` հայցածի համաձայն, և հալածիր պիղծ դևերին, և բոլոր վտանգներից փրկիր քեզ հավատացածներիս, որպեսզի փառավորվի քո սուրբ անունը»: Այս ասելով` բոլորը սպանվեցին սուր ու սուսերով, բարի խոստովանությամբ ի փառս ամենասուրբ Երրորդության: Ի վերուստ լսվեց ձայն, որ ասում էր. «Եկեք բոլորի Արարչից մխիթարություն ստացեք, և ձեր արյան հեղման վայրում կբխի բժշկության աղբյուր, և բոլոր վտանգածներին` առողջություն ամեն ախտից, և հալածումն պիղծ դևերի»:

Այսպես զոհվեցին սուրբ նահատակները Քրիստոսի, օգոստոս ամսի 19-ին: Եվ սուրբ բանակի թիվն էր երկու հազար ութ հարյուր: Իսկ անօրեն թագավորները որոնեցին երանելի եպիսկոպոսներ Պետրոսին ու Նունոսին, որոնք մկրտեցին սուրբ բանակը, և նրանք փախան Աստծու երկյուղած իրենց պաշտոնյաների հետ, եկան մինչև սրբերի կատարման վայրը և տեսան բժշկության աղբյուրը և սուրբ բանակի նշխարները, աննկատելի ամփոփեցին հանգստյան վայրում, փառավորելով ամենասուրբ Երրորդությունը: Եվ ամեն մեկն իր տեղը դարձավ, և հալածանքը դադարեց: Եվ նրանց վկայության հիշատակը տոնում են ամեն տարի ի փառս ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.

08.06.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․