Գրքեր

Արդյոք հարուստ լինելը քրիտոնեավայե՞լ է

21-րդ դարում, երբ ամեն քայլափոխի գովազդվում է նյութապես ապահով և բարեկեցիկ, աշխարհիկ կյանքը և արժևորվում դրան հասնելու հաջողության ճանապարհը, թվում է, թե քրիստոնեական արժեհամակարգը կորցնում է արդիականությունը, քանի որ վերջինս կարևորում է հոգևոր ապահովոթյունը: Սակայն այս հակադրությունը առերևույթ է, քանի որ նյութական կարիքների բավարումը չի ամբողջացնում մարդու՝ որպես սոցիալական և հոգևոր էակի պահանջմունքների ողջ ներկապնակը: Նյութական արժեքները բավարարում են հանրահայտ Ա. Հ. Մասլոուի բուրգի ստորին շերտերը (ֆիզիկական, անվտանգության), իսկ առավել բարդ՝ վերին շերտերին (սեր և պատկանելություն, հարգանք, ինքնիրացում), հասնելու համար մարդը գործադրում է լրացուցիչ ջանքեր, որտեղ էլ դրսևորվում է նրա հոգևոր վարքը: Հարկ է նշել, որ նյութական կարիքները ևս կարևորվում են անձի լիաժեք զարգացման տեսանկյունից, ուստի մարդը պետք է հոգա նաև իր և իր շրջապատի բարեկեցության մասին:

Քրիստոնեության տեսանկյունից նյութական արժեքներին տիրապետելը կամ հարուստ լինելն ինքնին քննադատելի չէ: Այստեղ շեշտադրվում է արդար ճանապարհով «դրամ վաստակելը» և կարիքավորներին չանտեսելը: Դիտարկենք մի քանի առակ, որտեղ քննության է առնվում հարստության թեման: 

«Երեք ծառաների» (Մատթ. 25: 14-30, Ղուկ. 19: 12-26) առակում տերը գովում է այն երկու ծառաներին, որոնք ոչ միայն չէին պահպանել, այլև կրկնապատկել էին իրենց տրված ունեցվածքը: Այնուհետև պասրավանքի է արժանացնում այն ծառային, որն իրեն հանձնվածը միայն պահել էր հողում, որպեսզի հանկարծ չկորցնի: Այսպես էլ Տերը պատասխանատվության է կանչելու Իր տված շնորհների և դրանք խելամիտ օգտագործման համար: Շնորհներից կարող ենք համարել նաև ձեռնարկատիրական մտածողությունը, որը կարող է ստեղծել նոր աշխատատեղեր, լուծել անլուծելի թվացող տնտեսական, բնապահպանական կամ տեխնոլոգիական խնդիրներ:

«Անիրավ տնտեսի» (Ղուկ. 16։1-13) առակում Տերն ուսուցանում է երկրի վրա բարեկամներ փնտրելու փոխարեն մտածել երկնքի արքայությանն արժանանալու մասին և անգամ «մամոնայի»՝ նյութական հարստության միջոցով փորձել բարեկամներ գտնել: Այստեղ նկատելի է հարստությունը որպես գործիք օգտագործելու և աստվածահաճո գործեր կատարելու պատգամը: Օրինակ կարող են լինել բարեգործությունը և սկսնակ բիզնեսներում ներդրումները:

«Հարուստ երիտասարդի» (Մատթ. 19։16-26) առակը քննության է ենթարկում հավատացյալի կամքը. ընտրել Հիսուսի՞ն և շարժվել նրա ուղով, թե՞ հրաժարվել իր բազում հարստություններից: Երբ հարուստ երիտասարդն ընտրում է երկրորդը, նա իրեն զրկում է Աստծուն մոտ լինելու հնարավորությունից:

Ճշմարիտ է այն հավատը, որը շղթայված չէ նյութական բարիքներով: 

«Հավատարիմ և իմաստուն տնտեսը» (Ղուկ. 12։42-48) զգուշացնում է Տիրոջ մշտազգոն ներկայության մասին՝ խրատելով, որ եթե անգամ Նա թվացյալ «ուշանում է», ապա մշտապես պետք է հիշել Նրա գոյության ու դատաստանի մասին և հարստանալու ճանապարհին չհարստահարել այլոց:

«Անմիտ մեծահարուստը» (Ղուկ. 12։16-21) առակը ներկայացնում է մի մեծահարուստի, որը մտահոգվում էր միայն իր ունեցվածքի և այն տնօրինելու մասին՝ մոռանալով, որ «նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով չի հարստանա»: Այստեղ շեշտադրում է անցավոր աշխարհի ունայնության գաղափարը և Աստծո կամքի անկանխատեսելիությունը: Արդարև, փողը տալիս է իշխանություն, սակայն դրա ազդեցության շրջանակը նեղ է՝ միայն Երկրի վրա, ուստի միայն նյութական գանձեր կուտակելու մասին մտածելով՝ մարդը կարող է կորցնել շատ ավելի արժեքավոր «Երկնային գանձերը»: 

Առակներում «կարմիր թելով» անցնում է առ Աստված հավարտամության գաղափարը՝ միաժամանակ մարդուն ընտրելու հնարավորություն տալիս ճշմարիտ հավատի և նյութապաշտության միջև: Բոլոր առակներում էլ նյութականը ստորադասվում է քրիստոնեական արժեքներին, խրախուսվում է բարի գործերի միջոցով ապահովել բարեկեցիկ կյանք և չանտեսել կարիքավորներին: Կարևոր հորդոր է տրվում, որ պետք չէ անհանգստալ ապագայի մասին, այլ Տիրոջ օրենքով առաջնորդվել, որպեսզի Նա՛ հօգա վաղվա օրվա մասին:

 

 

Անի Մկրտումյան

«Զորավոր» երիտասարդաց միության անդամ

 

26.04.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․