Գրքեր

«Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, խղճալի ենք»

Ներկայիս ժամականաշրջանը բնութագրվում է անկայունությամբ և ապագայի անորոշությամբ: Ապագան իր անկախատեսելիությամբ և ահագնացող պատերազմական իրավիճակներով մարդկանց կյանքը դարձել է տագնապալից: Որոշ մարդկանց կյանքում մարել է հույսը, սահմանափակվել են հեռանկարները: Ժամանակն անխուսափելիորեն սահում է, և մարդը ստիպված է առերեսվել ապագայի հետ: Սովորաբար, մարդն ապրում է սպասումներով, նրա առօրյան լի է փոքրիկ հույսերով, և նա ստիպված է փնտրել հույսի հենարան: Իսկ հույսն ուղղակի լավատեսություն չէ, այն ամուր հիմք ունի, այն Սուրբ Հոգու պտուղներից է: Կյանքի փորձը ցույց է տալիս, որ անհատները, որոնցից խլել են հույսը, դարձել են դաժան ու անտարբեր:    

Հույսը հիմնված է հավատքի և վստահության վրա, այն մարդու կյանքի ձևավորման ուղեկիցն է: Հույսի մասին հետևյալ ձևակերպումն է տվել Պողոս առաքյալը. «Հավատքը հուսացած բաների հաստատումն է» (Եբր. 11:1): Հուսալ՝ նշանակում է ամեն պահի պատրաստ լինել նրան, ինչը դեռ գոյություն չունի: Հույսը մարդուն հնարավորություն տալիս օրեցօր ապրել, ուղղվել և առաջ գնալ կյանքի ճանապարհով: Հույսը փորձությունը հաղթահարելու լավագույն միջոցներից է, այն պայքար է հուսահատության դեմ, հույսի բացակայությունը մարդուն տանում է կործանման: Հույսն ինքն իրեն առաջ չի գալիս, այն հիմնված է ընտրության վրա, այն անձնական ընտրություն է, որ արվում է սեփական ջանքերով: Հույսը ծնվում է վճռականության արդյունքում: «Չնայած ոչ մի հույս չկար, Աբրահամը հավատաց և հուսաց, որ ինքը պիտի լինի  «բազում ազգերի հայր», ինչպես որ Աստված ասել էր նրան, թե՝ «այսպես պիտի բազմացնեմ քո սերունդը: Աբրահամը չթուլացավ իր հավատի մեջ ու թեև շուրջ հարյուր տարեկան էր, չնայեց իր մարմնին, որն արդեն մեռած մարմնի նման էր, ոչ էլ նայեց Սառայի  արգանդի ամլությանը» (Հռոմ. 4:18-19): Միայն հուսալով է, որ կարելի է զարգացնել հույսը, ինչը կյանքի կոչեց հավատի և հույսի հայրը՝ Աբրահամը, հավատաց հույսով և դարձավ բազում ազգերի հայր: 
Ապրելով սիրո և հավատքի մեջ՝ քրիստոնյան ակնկալում է այն, ինչը դեռ չի տեսել, Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականության վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները՝ հավիտենական (Բ Կորնթ. 4:18):
«Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, խղճալի ենք»  (Ա Կորնթ. 15:19): Քրիստոնյայի հույսը Քրիստոսն է (Ա Տիմոթ. 1:1), Նա է մեր ապավինությունը, կյանքի ուժը: Հավատը, հույսը և սերը սերտորեն կապված են միմյանց, հույսը հավատքը դարձնում է մշտական, իսկ սերը՝ հնարավոր: Քրիստոնյաները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, պանդուխտ և օտարական են երկրի վրա (Ա Պետր. 2:11), նրանք հավատարիմ են երկրի օրենքներին, բայց եռանդով փնտրում են վերին բաները (Կող. 3:1-2): Այլ կերպ ասած՝ նրանք աշխարհում են, բայց ոչ աշխարհից (Հովհ. 17:11-16): Պողոս առաքյալն ասում է. «Հույսով սպասենք այն երջանիկ օրվան, երբ մեր մեծ Աստվածն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվի իր փառքով» (Տիտոս 2:13): Գալիք փառքի մասին խոսելով՝ Պողոս առաքյալն ասել է, որ ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ.  «Եվ ամբողջ ստեղծագործությունն ակնդետ սպասում է, որ Աստված հայտնի իր որդիներին: Արդարև, ստեղծագործությունն ինքը ևս մարդու հետ ակամա դատապարտության ենթարկվեց Աստծու հրամանով, որը, սակայն, այն հույսն էլ տվեց, որ ստեղծագործությունն ինքը ևս ազատագրվելու է փչացումի դատապարտությունից՝ Աստծու որդիների ազատությանն ու փառքին մասնակից դառնալու համար: Եվ գիտենք, որ մինչև օրը ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով այդ ազատագրությանը հասնելու համար: Բայց ոչ միայն ստեղծագործությունը, այլ մենք ևս, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Արդ, երբ հուսացվածը տեսնում է, դա այլևս հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան» (Հռոմ. 8:19-26): 
Սպասելով Քրիստոսի փառավոր գալստին՝ հավատավորները, Տիրոջ խոսքի համաձայն, վստահ են, որ հավիտենական երանելի կյանքում ընդմիշտ կբացառվեն աղքատությունը, չարությունը, հիվանդությունն ու մահը, և Աստված կլինի ամեն բանի մեջ (Ա Կորնթ. 15:28): Այսինքն՝ Տիրոջ երկրորդ գալստյանը վերաբերող խոսքերը, եթե մինչև գալուստը քրիստոնյաների համար հույս են, հետագայում կդառնան իրականություն: Նկարագրելով վերջին դատաստանից հետո նոր երկինքն ու նոր երկիրը՝ Հովհաննես առաքյալն ասել է. «Ապա տեսա մի նոր երկինք ու նոր երկիր, որովհետև նախկին երկինքն ու երկիրն անհետացան, և ծովն էլ կորավ: Երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու բնակավայրը մարդկանց մեջ է. Աստված բնակվելու է նրանց հետ, և նրանք կլինեն իմ ժողովուրդը, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի իբրև նրանց Աստված: Նա կսրբի նրանց աչքերից ամեն արտասուք, և այլևս ո՛չ մահ գոյություն կունենա. ո՛չ սուգ, ո՛չ ողբ, ո՛չ ցավ և ո՛չ էլ հոգնություն, որովհետև նախկիններն անցան գնացին»» (Հայտն. 21:1; 3-4): Այս խոսքերը ներկայացնում են հույսի քրիստոնեական առանձնահատկությունները, և այն, որ մահը չի ասում իր վերջին խոսքը: 
Քրիստոնյայի համար հավատքի հիմքը հարության հույսն է և իր համար կարևոր պարտականություն է մարդկանց առաջ նախ և առաջ կյանքով խոստովանել, որ մահը վերջնական իրականությունը չէ: Քրիստոս կամենում է, որ Իր հետևորդները լինեն «երկրի աղը» և «աշխարհի լույսը» (Մատթ. 5:13-14): Պետրոս առաքյալն իր ընդհանրական նամակում հորդորում է Քրիստոսի հետևորդներին և ասում. «Ջանացեք պարկեշտ կենցաղ ունենալ հեթանոսների մեջ, որպեսզի նրանք, ովքեր ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա գալստյան օրը», «միշտ պատրա՛ստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու բոլոր նրանց, ովքեր բացատրություն են ուզում ձեր ունեցած հույսի մասին» (Ա Պետր. 2:12; 3:15): Քրիստոնյան ապրում է հույսով, նա չի կտրում իր հույսը նույնիսկ անհույս իրավիճակում՝ սաղմոսերգուի խոսքի համաձայն. «Համբերությամբ սպասեցի Տիրոջը, և Նա նայեց Ինձ ու լսեց իմ աղոթքը» (Սաղմ. 39:2): Հույսը, ըստ Պողոս առաքյալի, նշանավորվում է ուրախությամբ. «Հույսով ուրախացե՛ք, նեղության մեջ եղե՛ք համբերող, հարատև աղոթեցե՛ք» (Հռոմ. 12:1): Մահը կարող է խամրեցնել մարդու կյանքը, բայց հավիտենական կյանքի հույսի շողը լուսավորում է մարդուն: Քրիստոսի հարությունից է բխում քրիստոնեական ուրախությունը, քանի որ Քրիստոսի հարությամբ բացահայտվեց հարության հույսը: Եվ հարության հույսի ուրախությունը թանկ է նրանց համար, ովքեր ընդունում են իրենց սխալներն ու տկարությունները և մահը համարում են հույսով լի ուղի դեպի Աստված, հանդիպում Երկնավոր Հոր հետ: Երկրային կյանքի ընթացում նրանք «պարծենում են նեղությունների մեջ ևս՝ գիտենալով, որ նեղությունները իրենց տալիս են համբերություն, համբերությունը՝ տոկունություն, տոկունությունը՝ հույս, իսկ հույսը երբեք ամոթով չի թողնում» (Հռոմ. 5:3): 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

16.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․