10 Օգոստոս, Դշ, Աստվածածնի պահքի Գ օր

Գրքեր

Հիվանդների համար աղոթքը

- Հա՛յր, այժմ, երբ հիվանդ եմ, ի՞նչ կանոնի հետևեմ:

- Եթե կարող ես, ապա կամացուկ շարականներ երգիր կամ աղոթիր՝ Աստծուց առողջություն խնդրելով քեզ և այլոց համար, որոնց դու, որպես հիվանդությունների հակված մարդ, կարող ես ավելի լավ զգալ: Այժմ քեզ տրվում են աղոթքի համար բոլոր պայմանները, և նույնիսկ տառապանքը, որ հիվանդների համար աղոթելու շատ կարևոր նախադրյալ է, որպեսզի աղոթքը սրտից բխի: Ըստ էության հենց դա է վանականի գլխավոր գործը: Եթե դու դա հասկանաս, ապա չես տխրի, այլ կսկսես անդադար աղոթել՝ երախտագիտություն հայտնելով Աստծուն:

- Հա՛յր, ոմանք հիվանդների անունները գրում են հիշատակելու համար ու այդ թերթիկներն ուղարկում տարբեր մենաստաններ:

- Լավ է, սակայն բավարար չէ: Մարդիկ իրենք էլ պետք է աղոթեն ու հիվանդներին ասեն, որպեսզի նրանք էլ աղոթեն: Պետք չէ միայն անուններն ուղարկելով բավարարվել:

- Միտքը երբեմն հուշում է, որ պետք է Աստծուն խնդրեմ, որպեսզի Իր մոտ վերցնի եղբորս, որը շատ է տանջվում հաշմանդամության պատճառով:

- Հարկ չկա Աստծուն սովորեցնելու, թե Ինքն ինչ պետք է անի: Ամեն ինչ Աստծո՛ւն թող և Նրա՛ն վստահիր: Աստված գիտե, թե ինչն է Իր զավակի համար լավ, և որպես սիրող Հայր՝ կվարվի համապատասխան կերպով:

- Հա՛յր, իսկ ինչպե՞ս եք աղոթում, երբ հիվանդի վրա կախված է մահվան սպառնալիքը:

- Աղոթքի ու ճգնության առումով ուժերիս ներածին չափով ամեն ինչ անում եմ, իսկ ապա ամեն ինչ հանձնում եմ Բարեգութ Աստծու ձեռքը:

- Եթե Աստված գիտի, թե հիվանդի համար ինչն է օգտակար, ապա աղոթելու ի՞նչ կարիք կա, հա՛յր:

- Մենք պետք է խնդրենք Աստծուն, և եթե ապաքինումն ու կյանքը երկարացնելը հոգու փրկությանն են ծառայելու, ապա Բարեգութ Աստված միանգամից կօգնի: Իսկ եթե Նրան չխնդրենք, ապա հիվանդությունը կզարգանա բնական հունով:

 

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

24.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․