Գրքեր

Հոգեկան տագնապը սատանայից է գալիս

- Հա՛յր, հոգևոր կյանքով ապրող աշխարհականները հոգնում են աշխատավայրում և երեկոյան տուն վերադառնալով, ի վիճակի չեն լինում երեկոյան աղոթքները կարդալ: Եվ դրա պատճառով էլ տանջվում են:

- Եթե նրանք ուշ երեկոյան հոգնած են տուն վերադառնում, ապա կարիք չկա հոգեկան տագնապով իրենց մաշելու: Պետք է նախանձախնդրությամբ ինքդ քեզ ասես. «Եթե չես կարող ամբողջությամբ կարդալ, ապա կեսը կամ մեկ երրորդը կարդա»: Եվ հաջորդ անգամ պետք է ջանալ շատ չհոգնել ցերեկը: Պետք է հնարավորինս նախանձախնդրությամբ ծառայություն մատուցել և ամեն ինչում վստահել Աստծուն: Իսկ Աստված Իր գործը կանի: Միտքը միշտ պետք է Աստծուն մոտ գտնվի: Դա ամենալավ բանն է:

- Հա՛յր, իսկ չափազանց խստակեցությունն ի՞նչ գին ունի Աստծո աչքին:

- Եթե այն նախանձախնդրությունից մղված է արվում, ապա և՛ մարդն ինքն է ուրախանում, և՛ Աստված է ուրախանում Իր նախանձախնդիր զավակով: Եթե մարդ սիրով է իրեն նեղություն պատճառում, ապա դրանից մեղր է ծորում նրա սրտում: Իսկ եթե եսասիրությունից դրդված է իրեն նեղում, ապա դա տանջանք է բերում նրան: Մի մարդ, որ եսասիրությամբ էր խիզախումների գնում ու անհանգիստ հոգով նեղություններ կրում, մի անգամ ասաց. «Ի՜մ Քրիստոս, դարպասները, որ կանգնեցրիր, չափազանց նեղ են: Չեմ կարող դրանց միջով անցնել»: Բայց եթե նա խոնարհությամբ խիզախեր, ապա այդ դարպասները նրա համար նեղ չէին լինի: Նրանք, ովքեր պահքերի, հսկումների և այլ խիզախումների ժամանակ եսասիրությամբ են գործում, իրենք իրենց տանջում են՝ առանց հոգևոր օգուտ ստանալու, որովհետև «օդ են կրակում», այլ ոչ թե՝ դևերին: Դիվական գայթակղություններն իրենցից վանելու փոխարեն, ավելի մեծ քանակությամբ են ընդունում դրանք և որպես հետևանք, բազմաթիվ դժվարությունների են հանդիպում իրենց խիզախումների մեջ, զգում են, թե ներքին անհանգստությունն ինչպես է նրանց խեղդում: Իսկ այն մարդիկ, ովքեր մեծ խոնարհությամբ և առ Աստված ունեցած մեծ վստահությամբ են ճգնում, նրանց սրտերն ուրախանում են և հոգիները՝ թևեր առնում:

Հոգևոր կյանքը ուշադրություն է պահանջում: Երբ հոգևոր մարդիկ որևէ բան փառասիրությամբ են անում, ապա նրանց հոգում դատարկություն է մնում: Նրանց սիրտը չի լիանում, թևեր չի առնում: Որքան շատ են ավելացնում իրենց փառասիրությունը, այնքան նրանց ներքին դատարկությունը մեծանում է և նրանք ավելի են տառապում: Այնտեղ, որտեղ հոգեկան տագնապ ու հուսահատություն կա՝ դիվական հոգևոր կյանք է: Ոչ մի բանի համար հոգեպես մի՛ անհանգստացեք: Հոգու տագնապը սատանայից է գալիս: Հոգու տագնապ տեսնելիս, իմացեք, որ բանսարկուն է այնտեղ ամեն ինչ իր պոչով խառնել: Սատանան մեզ հակառակ չի գնում: Եթե մարդ հակված է որևէ բանի, ապա սատանան նրան դրդում է հենց այդ ուղղությամբ շարժվել, որպեսզի ուժասպառ անի ու գայթակղեցնի: Օրինակ՝ զգայուն մարդուն չափազանց նրբազգաց է դարձնում: Եթե ճգնավորը հակված է երկրպագություն կատարելու, ապա սատանան նրան դրդում է իր ուժերից վեր թվով երկրպագություն կատարելու: Ու եթե ուժերդ սահմանափակ են, ապա նախ որոշակի նյարդայնություն է առաջանում, որովհետև տեսնում ես, որ ուժերդ բավարար չեն: Այնուհետև սատանան քեզ հոգեկան անհանգստության վիճակի մեջ է դնում՝ նախ հուսահատության թեթև զգացումով, այնուհետև այդ վիճակն ավելի ու ավելի է խորացնում… Հիշում եմ իմ վանականության սկիզբը: Մի որոշ ժամանակ, հենց պառկում էի քնելու, բանսարկուն ինձ ասում էր. «Ինչ է, քնո՞ւմ ես: Վե՛ր կաց: Այնքան մարդիկ են տառապում, այնքան մարդկանց է պետք օգնել»… Ես վեր էի կենում ու որքան կարողանում էի երկրպագություն էի կատարում: Բավական էր կրկին պառկեի, ինչպես նորից սկսում էր. «Մարդիկ տառապում են, իսկ դու քնո՞ւմ ես: Վե՛ր կաց»: Եվ ես կրկին վեր էի կենում: Այնտեղ հասա, որ մի օր ասացի. «Որքա՜ն լավ կլիներ, որ ոտքերս թուլանային: Այնժամ հարգելի պատճառ կունենայի երկրպագություն չանելու»: Նման փորձության մեջ լինելով, հազիվ դիմացա Մեծ Պահքին, որովհետև փորձում էի ուժերիցս վեր նեղություններ կրել:

Եթե ճգնելիս հոգեկան տագնապ ենք զգում, ապա պետք է գիտակցենք, որ ճգնելու մեր կերպն Աստծուց չէ: Աստված բռնակալ չէ, որ շնչահեղձ անի մեզ: Յուրաքանչյուր ոք պետք է նախանձախնդրությամբ և իր ուժերի ներածին չափով ճգնի: Պետք է քո մեջ նախանձախնդրության զգացում մշակես, որպեսզի Աստծո հանդեպ ունեցած մեր սերն աճի: Այդ դեպքում նախանձախնդրությունը մարդուն խիզախման կդրդի, և այդ խիզախումը՝ երկրպագությունները, պահքերը և այլն, կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ նրա սիրո զեղումը: Եվ այնժամ նա հոգևոր արիությամբ առաջ կընթանա:

Հետևաբար, կարիք չկա հիվանդագին սխոլաստիկությամբ խիզախել, որպեսզի հետո, մտքերից պաշտպանվելով, շնչահեղձ լինել հոգեկան տագնապի պատճառով: Ո՛չ, անհրաժեշտ է պայքարն ավելի պարզ դարձնել և Քրիստոսին հուսալ, այլ ոչ թե ինքդ քեզ: Քրիստոսն ինքը սերն է, բարությունն ու մխիթարությունը: Նա երբեք շնչահեղձ չի անում մարդուն: Նա լիությամբ ունի հոգևոր թթվածինը՝ աստվածային մխիթարությունը: Հոգևոր նուրբ աշխատանքը մի բան է, իսկ հիվանդագին սխոլաստիկությունը, որ արտաքին խիզախումի դրդող անմիտ ստիպողականության պատճառով հոգեկան տագնապով խեղդում է մարդուն ու գլուխը ցավից «պայթեցնում»՝ բոլորովին այլ բան:

- Հա՛յր, իսկ եթե մարդ իր էությամբ այնպիսին է, որ չափազանց շատ է մտածում ու բազմաթիվ մտքերը ճնշում են գլուխը, ապա այս կամ այն խնդրին ինչպե՞ս պետք է վերաբերվի, որպեսզի ուժասպառ չլինի:

- Եթե մարդ իրեն հասարակ է պահում, ապա ուժասպառ չի լինում: Բայց եթե նույնիսկ մի փոքր եսասիրություն է խառնվում, ապա նա լարվում է և ուժասպառ լինում՝ վախենալով սխալվելուց: Դե լավ, ասենք ինչ-որ սխալ է գործել, դե մի քիչ կհանդիմանեն նրան, սարսափելի ոչինչ չկա դրանում: Այն վիճակը, որի մասին հարցնում ես, կարող է արդարացվել, օրինակ՝ այն դատավորի դեպքում, ով անընդհատ խճճված գործերի է հանդիպում և վախենում է սխալ դատավճիռ կայացնելուց ու անմեղ մարդկանց պատժելու պատճառը լինելուց: Իսկ հոգևոր կյանքում գլխացավն այն ժամանակ է առաջանում, երբ որևէ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդը չգիտի ինչպես վարվել, որովհետև այնպիսի որոշում պետք է կայացնի, որը որևէ մեկի շահերը կոտնահարի, իսկ եթե չկայացնի, ապա անարդարացի կվարվի ուրիշ մարդկանց նկատմամբ: Նման մարդու խիղճը մշտական լարվածության մեջ է գտնվում: Ահա այդպիսի բաներ, քո՛ւյր իմ: Իսկ դու ուշադիր եղիր, որպեսզի հոգևոր առումով գործելիս ոչ թե ուղեղով, այլ սրտով առաջնորդվես: Եվ առանց Աստծո հանդեպ ունեցած խոնարհ վստահության՝ հոգևոր գործեր մի՛ գործիր: Հակառակ դեպքում կսկսես անհանգստանալ, գլուխդ հոգնեցնել և հոգեպես քեզ վատ զգալ: Սովորաբար հոգեկան անհանգստության տակ անհավատությունն է թաքնված, բայց նաև կարող է հպարտության հետևանք լինել:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

08.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․