Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Երանելի հայր Արսենի աշակերտ հայր Դանիել Փարանացին պատմեց և ասաց. «Մեր հայր Արսենը պատմեց մեզ ոմն սկյութացու մասին և ասաց. «Բարեգործության մեծ վաստակ ուներ, սակայն հա­վատքի մեջ խորացած չէր և տգիտության պատճառով հանցանքի մեջ էր ընկնում և ասում էր. «Հացը, որ ընդունում ենք, բնությամբ Քրիս­տոսի մարմինը չէ»: Այս բանը լսեցին երկու ծերեր, որոնք գիտեին նրա բարի վարքն ու գործերը, և հասկացան, որ անմեղությամբ է ասում այդ խոսքը, գնացին նրա մոտ և ասացին. «Հա՛յր, մեկի մասին մի ան­հավատալի բան լսեցինք, որ ասում է, թե հացը, որ ընդունում ենք, ոչ թե բնությամբ Քրիստոսի մարմինն է, այլ՝ Քրիստոսի մարմնի օրինա­կը»: Իսկ ծերն ասաց. «Ե՛ս եմ, որ ասում եմ այդ»: Եվ աղաչեցին նրան ու ասացին. «Այդպես մի՛ մտածիր, հա՛յր, այլ այնպես, ինչպես մեզ ավանդեց Սուրբ Ընդհանրական Եկեղեցին. «Հավատում ենք, որ այս հացը, որ ընդունում ենք, Քրիստոսի մարմինն է ճշմարիտ և ոչ՝ օրինակը», ինչպես, օրինակ, հողը, վերցնելով երկրից, Աստված ստեղծեց մարդուն` ըստ Իր պատկերի, և ոչ ոք չի կարող ասել, թե ըստ Աստծո պատկերի չէ, նույնպես և անհասանելի է խորհուրդը, որ ասաց. «Հացն իմ մարմինն է և բաժակը` իմ արյունը (Մատթ. ԻԶ, 26-27, Մարկ. ԺԴ, 22-23, Ղուկ. ԻԲ, 19-20, Հովհ. Զ, 52-56)», և մենք ճշմարտապես հավատում ենք, որ Քրիստոսի մարմինն ու արյունն է»: Իսկ ծերն ասաց. «Եթե ճշմարիտ հայտնություն չստանամ, չեմ հավատա դրան»: Նրանք ասացին. «Պա­ղատենք այս շաբաթ Աստծուն այս խորհրդի համար, և, հուսանք առ Աստված, որ կհայտնի մեզ»: Ծերը խնդությամբ ընդունեց այս խոսքե­րը, և յուրաքանչյուրը գնաց իր խուցը: Ծերը պաղատում էր Աստծուն և ասում. «Տե՛ր, դու գիտես, որ չարամտությամբ չէ, որ թերամտե­ցի. որպեսզի տգիտությամբ չմոլորվեմ, հայտնի՛ր ինձ, Տե՛ր Հիսուս Քրիստոս»: Իսկ մյուս ծերերը աղաչում էին Աստծուն և ասում. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, հայտնի՛ր ծերին այս խորհուրդը, որ հավատա և չկորցնի իր վաստակը»: Եվ Աստված լսեց երեքի պաղատանքն էլ: Երբ շաբաթը լրացավ, կիրակի օրը եկան եկեղեցի, և բացվեցին նրանց իմացական աչքերը. երբ նշխարները դրեցին սուրբ սեղանի վրա, երեքին էլ այն իբրև մանուկ երևաց: Երբ երեցը կամենում էր բեկանել հացը, ահա Տիրոջ հրեշտակը` սուրը ձեռքին, իջնելով երկնքից` մորթեց ման­կանը, արյունը հեղեց բաժակի մեջ, և երբ երեցը բեկանում էր հացը և մանրում, հրեշտակը ևս կտրատում և մանրում էր մանկանը: Երբ եկան հաղորդություն առնելու սուրբ նշխարներից, ծերին տվեց միայն արյունոտ հում միս: Եվ երբ տեսավ ծերը, զարհուրեց, բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, որ այս հացը Քո մարմինն է և բաժակը` Քո արյունը»: Եվ նույն պահին միսը նրա ձեռքին հաց դարձավ` ըստ խորհրդի, և հաղորդվելով` գոհացան Աստծուց: Եվ ծե­րերն ասացին սկյութացուն. «Աստված գիտե մարդկանց բնությունը, որ հում միս չեն կարող ճաշակել. դրա համար իր մարմինը փոխարկեց հացի, արյունը` գինու, իսկ ովքեր հավատով են ընդունում` դառնում են Աստծո որդիներ»: Եվ գոհացան Աստծուց ծերի համար, որ չթողեց կորսվի նրա վաստակը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

27.12.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․