Գրքեր

Կարմիր կիրակի

«Ես եկի զի զկեանս ունիցին և առաւել եւս ունիցին»։           

«Ես եկա, որ կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհաննես 10։10)։

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր ի Հիսուս Քրիստոս.

Այսօր հետհարության շրջանի Կարմիր կիրակին է։ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է բոլոր սուրբ նահատակներին, որոնց արյամբ ցողվեցին եկեղեցու հիմքերը։ Հավատքի այդ անմնացորդ նվիրյալներին աննահանջ կերպով առաջնորդում էր իրենց սերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նկատմամբ։ Նրանց չէին սարսափեցնում ո՛չ մահը, ո՛չ երկրային բարիքների կորուստը, ո՛չ գազանների ճիրաններն ընկնելը, ո՛չ էլ մարդկային դաժան խոշտանգումները։ Նրանք մեզ կտակեցին ճշմարիտ հավատք ու սեր առ Աստված։ Հեթանոսների համար անհասկանալի էին քրիստոնյաների նվիրվածությունը իրենց Աստծուն և հավատքը՝ արժանանալու երկնային փառաց պսակին։ Նրանց տարօրինակ էր թվում նաև Քրիստոսի հետևորդների ժուժկալությունը, սակավապետությունը, անընչաքաղցությունը, երկրային կյանքի բարիքներից հրաժարումը, նահատակվելու պատրաստ լինելը։ Քրիստոնյաներին չէին գայթակղում նաև նրանց խոստացված երկրային հարստություններն ու պարգևները, նույնիսկ՝ ազատությունն ու կյանքը։ Նրանք նախընտրում էին կյանքը Քրիստոսի հետ և չէին սարսափում մահից ու անմարդկային պատիժներից։ Այդպիսի սրբերից են Հռիփսիմյանց կույսերը՝ Սուրբ Գայանեի գլխավորությամբ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Սուրբ Հռիփսիմեն իր ընկերուհիների հետ հրաժարվել էր աշխարհային հաճույքներից և նվիրվել Երկնային Տիրոջ ծառայությանը։ Աստվածային զորությամբ նա հաղթեց Տրդատ թագավորին, սակայն աննկարագրելի խոշտանգումների ենթարկվեց հեթանոսների կողմից, որի համար պատժվեց հայոց արքան։  

Սուրբ Հռիփսիմյանք նահատակվեցին, սակայն դարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնասյուները, հայ ժողովրդի՝ բոլոր ժամանակների բարեխոսները։ Նրանք առիթ դարձան Տրդատ թագավորի, նրա ընտանիքի ու արքունիքի և ողջ հայ ժողովրդի դարձի, մկրտության ու փրկության։

Տրդատ թագավորը Սուրբ Գրիգոր Լուսավորչին փորձում է հարկադրել երկրպագել կուռքերին և հրաժարվել Ճշմարիտ Աստծու նկատմամբ ունեցած հավատքից, սակայն ապարդյուն։ Սուրբն անդրդվելի էր իր հավատքի ու համոզմունքների մեջ։ Տասներեք տարվա կյանքը վիրապում օձերի ու կարիճների հետ նրան չդարձրին անհավատ, և նա երբեք չդժգոհեց իրեն բաժին հասած նեղություններից ու տանջանքներից։ Այլ, ընդհակառակը, նա աղոթքով անցկացրեց այդ երկարուձիգ տարիները և Աստծու նախախնամությամբ դուրս եկավ այդտեղից և մի ողջ ժողովրդի փրկության ճանապարհը ցույց տվեց։

Սուրբ նահատակների օրինակները բազմաթիվ են թե՛ մարդկության պատմության մեջ և թե՛ ի մասնավորի հայոց պատմության մեջ։ Երեկ՝ ապրիլի 24-ին, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի հիշատակության օրն էր։ Ամենաաղետալի էջը մեր ժողովրդի պատմության մեջ։ Սակայն հերթական էջը, որ փաստում է մեր ժողովրդի հավատարմությունը Աստծուն և քրիստոնեական հավատքին։ Հայությունը կորցրեց նախնիներից ժառանգված իր հայրենիքի մի հատվածը, սակայն որպես ժողովուրդ, որի գոյությունն էին ցանկանում վերացնել, չոչնչացավ, իր հավատքը չուրացավ, մնաց իբրև հայ քրիստոնյա։

Առայսօր մեր ժողովուրդը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նման տարվում է Գողգոթա, կրկին խաչն է բարձրացվում, կրկին հրեաների բազմությունը գոռում է. «Խաչը հանի՛ր նրան, խաչը հանի՛ր նրան», պիղատոսները նայում են և անտարբերությամբ ձեռքերը լվանում։ Խաչն է հանվում մեր ժողովուրդը, սակայն Աստծու նախախնամությամբ հարությունը անխուսափելի է, որովհետև Տերը իր ժողովրդին չի թողնում։ Կարմիր կիրակին քրիստոնյաների պարտության ու դատապարտված լինելու, մահվան ու քրիստոնեության թշնամիների հաղթանակի արձանագրում չէ։ Կարմիր կիրակին Զինվորյալ եկեղեցու պատմությունն է, որ դառնում է Հաղթանակած եկեղեցի։ Կարմիր կիրակին Աստծու ընտրյալների ժամանակավոր չարչարանքների ու փառաց պսակի արժանանալու մասին է։ Այն ցույց է տալիս, որ Քրիստոսի և սուրբ նահատակների արյամբ ու զոհաբերությամբ վեր է հառնում տիեզերական եկեղեցին, վեր է հառնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, վեր է հառնում հայ ժողովուրդը՝ պատմելու Աստծու գործերն ու Աստծու փառքը, որովհետև Աստված երբեք չի լքում իր ժողովրդին, ոչ միայն չի լքում, այլև պսակում է փառաց պսակով։

Այդպես էլ, սիրելինե՛ր, մենք հավատում ենք, որ վերջին Արցախյան պատերազմի մասնակից նահատակների արյունը խառնվել է բոլոր դարերի ու ժամանակների սրբերի արյանը։ Նրանք այդ սուրբ նահատակներից են, որ զոհվեցին հանուն հայրենիքի, հայրենակիցների և արդեն Տիրոջ պատրաստած օթևաններում են։ Եղբայրներ ու որդիներ, հայրեր ու ամուսիններ քաջաբար և անվախորեն նետվեցին ռազմաճակատ՝ արգելելու մեր ժողովրդի հերթական կոտորածը դարավոր թշնամու կողմից։ Քրիստոնեական անմնացորդ սիրո, անձնվիրումի, զոհաբերության կատարյալ օրինակներով նրանք փաստեցին, որ իրենց հավատքը խոսք չէ, գեղեցիկ բառեր չեն, նախնիներից մնացած անպետք ժառանգություն չէ, այլ գործ է, ազնիվ վարք է, անկեղծ արարք է։

Չնայած զոհվելուն և հայրենիքի մի մասի կորստին՝ մենք՝ որպես քրիստոնյաներ, այս ամենը դեռևս վերջ չենք համարում։ Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում՝ ամեն կողմից ճնշված ենք, բայց ոչ ընկճված, կարոտյալ ենք, բայց ոչ հուսահատ, հալածված ենք, բայց ոչ լքված, չարչարված ենք, բայց ոչ մեռած (Բ Կորնթացիներ 4։8, 9), քանի որ հավատում ենք հարությանը, Քրիստոսի՛ հարությանը, մեր ժողովրդի հարությանը և Կանաչ կիրակիին։ Կարմիր կիրակիի հետ մշտապես գոյակցում է և Կանաչ կիրակին։ Կա զոհաբերություն, կա և հարություն։ Քրիստոս պատարագվում է, այնուհետև հարություն առնում։ Թափված արյունը անժառանգ և անծիլ չի մնում։ Մենք հավատում ենք Աստծու նախախնամությանը, մենք հավատում ենք հարությանը, հավատում ենք, որ Գողգոթայում ծիծաղողները ապշահար են մնում Քրիստոսի թափուր գերեզմանի առջև և անզոր են Տիրոջ նախախնամության առջև։ Մենք չենք վախենում, որովհետև հավատում ենք Քրիստոսի խոսքերին. «Ես եկա, որ կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհաննես 10։10)։

Աստված թույլ չի տա առաջինը քրիստոնեությունը իբրև պետական կրոն ընդունած իր ժողովրդի կործանումը, թշնամիները դեռևս կտեսնեն հարություն առած հայ ժողովրդին, քանի որ մենք միշտ էլ փաստել ու վկայել ենք մեր աներեր հավատքը առ Աստված։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

               

25.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․