Գրքեր

Ս. Գրիգոր Տաթևացուն պատկերող դիմանկարչական արվեստը

Ս. Գրիգոր Տաթևացուն ներկայացնող պատկերներն օժտված են կերպարը բնորոշող գծերով: Նրա իրական նկարից բացի, հետագա դարերում ստեղծվել են տարբեր պատկերներ՝ Ս. Գրիգոր Տաթևացին իբրև գիտնական, մանկավարժ, փիլիսոփա, երաժիշտ և այլն:

Դիմանկարները սրբապատկերի ժանրին պատկանող ստեղծագործություններ են, որոնք հոգևոր բովանդակություն են կրում: 1449թ. նկարազարդված «Մեկնութիւն Դաւթի սաղմոսների» ձեռագրում (№ 1203) պատկերված է Ս. Գրիգոր Տաթևացու դիմանկարը: Դիմանկարային նմանությունն անկասկած է: Այն հայկական գրքային գեղանկարչության մեջ հազավագյուտ դիմանկարներից մեկն է, հայ միջնադարյան արվեստի բացառիկ հուշարձաններից: Հայկական մանրանկարչության մեջ կան թերթեր, որ իրենց որակով եզակի են և ոչ մի կերպ չեն հարմարվում որևէ դպրոցի: Այդպիսիններից է «Ս. Գրիգոր Տաթևացին աշակերտների հետ» պատկերը: Դա մի փոքրիկ թերթիկ է (18,4x13սմ), կարված Ղրիմի Կաֆա քաղաքում (Թեոդոսիա) ընդօրինակված ձեռագրում:

Աշակերտներով շրջապատված Ս. Գրիգոր Տաթևացու դիմանկարին անդրադարձել են մի շարք գիտնականներ: Վ. Ղազարյանը այն համարում է «իր արվեստով նոր և պալեոլոգյան ու գոթական արվեստների վերջին շրջանի ժամանակակիցն ու մրցակիցը»: Գեղարվեստական մեծ ճաշակի ու երևակայության, կրոնական խոր գիտելիքների տեր և Ս. Գրիգոր Տաթևացու բազմակողմանի գործունեությանը ծանոթ նկարչին հաջողվել է մարմնավորել «խարիսխ հաւատոյ եւ հիմունք եկեղեցւոյ» պատվանվանը արժանացած սրբի կերպարի այս երկու կողմերը:

Նկարը սրճագույն պարզ շրջանակի մեջ է: Հայտնի փիլիսոփայի՝ Տաթևի համալսարանի վանահոր, րաբունապետի խոշոր չափերով ֆիգուրը պատկերված է տաճարի ֆոնի վրա՝ քսան վեղարավոր աշակերտներով շրջապատված, իսկ նրա գլխավերևում՝ ոսկեգույն խորքի վրա, երեք բոլորակներից՝ կենտրոնականում աղոթող Աստվածածնի և Մանկան, աջից՝ Քրիստոսի, ձախից՝ Պետրոս առաքյալի կիսանդրիներն են: Աղոթող Աստվածածինը պատկերված է նուրբ ու գեղեցիկ գծերով, լուսաշող դեմքով, Քրիստոսի ձեռքին էլ տեսնում ենք երկար ձողով կարմիր խաչ, որը ահեղ դատաստանի նշան է, իսկ Քրիստոսի խոսքի համաձայն (Մատթ. 16:18-19) եկեղեցու վեմ համարվող Պետրոս առաքյալը պատկերված է Ավետարանը ձեռքին, որ փրկության ճանապարհն է ցույց է տալիս: Ոսկե երկինքը հատվում է շինություններով (կիլիկյան բաց և մուգ կապույտներով՝ երկթեք տանիքներով, հետադարձ հեռանկարով բազիլիկներ, դրանց միջև՝ երկհարկ կառույցներ՝ աշտարակներով կամ զանգակատներով): Ս. Գրիգոր Տաթևացին պատկերված է վարդապետի վեղարով՝ հենված ցուպին: Դիմանկարը աչքի է ընկնում խորապես անհատականացված դիմագծերով, որոնք համընկնում են գիտնականի դիմագծերի բանավոր նկարագրությանը: Այս թերթը իր արվեստով նոր է և պալեոլոգյան ու գոթական արվեստների վերջին շրջանի ժամանակակիցն է ու մրցակիցը: Այստեղ օրգանապես ձուլված են պայմանականը (Ս. Գրիգոր Տաթևացին իր աշակերտներից մեծ է նկարված և ճակատային-մոնումենտալ դիրքով իշխում է նրանց վրա) և վերարտադրությունը՝ սրածայր վեղարներով աշակերտները կենդանի կեցվածքներով ու հարուստ ժեստերով են օժտված (ձեռքերը շատ աշխույժ են և բնական արտահայտիչ շարժումներով), դեմքերը հարուստ են խառնվածքներով ու արտահայտություններով, մարմինները մոնումենտալ են՝ քողարկված վեղարի, փարաջայի և ներքին հագուստների տակ, և բազմապիսի կեցվածքներով, որ ավելի ռեալիստական են թվում նույնիսկ կիլիկյան մանրանկարների համեմատությամբ: Վանական մթնոլորտը բնական է: Կերպարների տարածական տեղաբաշխումը, մարմինների գրեթե քանդակային ձևերը նոր, թարմ շունչ են բերում:

Մեծ գիտնական ու մանկավարժ Ս. Գրիգոր Տաթևացու չափազանցված չափերն ընդգծում են այն հարգանքն ու նշանակությունը, որ ժամանակակիցներն ու հաջորդները տալիս էին հայ մշակույթի փառաբանված գործչին: Եթե Տաթևացու (հետազոտողները տեսնում են դիմապատկերային նմանություն) հուզական բազմազան արտահայտություններով ու ժեստերով վեղարավոր աշակերտների կերպարները, պայմանականությամբ հանդերձ, իրական են ու ճշմարտացի, ապա երկնայինի պատկերումը՝ կապված Տաթևացու սրբակենցաղ վարքի հետ, ամբողջությամբ համապատասխանում է սրբանկարչության ավանդական կանոնին՝ պատկերագրական հորինվածքի և խորհրդանշական բովանդակության իմաստով:

Է. Կորիմազյանը մանրանկարը վերագրում կամ նմանեցնում է Ղրիմում ստեղծված «Հարանց վարքը» ընդօրինակած և պատկերազարդած Թադեոս Ավրամենցուն (Երուսաղեմ, Հայկական պատրիարքարան 285, 1430թ.): Վեջինիս մանրանկարների հետ հիշյալ դիմանկարն ունի անառարկելի նմանություն: Թադեոսի ձեռագիրը, նվիրված անապատականներին, եզակի է ոչ միայն հայկական, այլև առհասարակ քրիստոնեական ավանդույթում: Ձեռագրի մասնագետ Ն. Սթոունը Թադեոս Ավրամենցուն ներկայացնում է իբրև Հովհան Որոտնեցու և Ս. Գրիգոր Տաթևացու ուսմունքը կրողի, որն իր գործը կատարելիս օգտվել է ոչ միայն հայերեն, այլև հունարեն ձեռագրերից:

Իսկ «Ս. Գրիգոր Տաթևացին և նրա աշակերտները» մանրանկարը գունային և միաժամանակ վանականների խմբի դեմքերի մանրամասնումով, այսինքն՝ ճգնավորական կերպավորումով միակ զուգահեռը գտնում է հիշյալ «Հարանց վարքի» մանրանկարներում:

Ոճական առումով վանականների դեմքերի մանրամասն մշակումը, կոլորիտը մուգ և բաց ումբրաներով, դեմքերի ներշնչված արտահայտությունը, առանձին դեմքերի անհատականացումը, հատկապես Ս. Գրիգոր Տաթևացու, Բյուզանդիայում նույն ժամանակ տեսնում ենք Հովհաննես Կանտակուզինի արքայական և վանական կերպավորումներով (1370-1375), (Կ. Պոլիս, Փարիզ, Ազգային գրադարան, հուն. 1242), XV դ. ֆրանսիական և նիդերլանդական ժամագրքերում՝ մահվան մեսսաների (հոգեհանգիստների) նկարներում (մարշալ Բուսիկոյի և Վան Էյկ եղբայրների ժամագրքերում և այլն):

Երբեմն նույն անձնավորության նկարը հանդիպում է տարբեր ժամանակներում ու տարբեր վայրերում ընդօրինակված ձեռագրերում: Դրանք հաճախ աչքի են ընկնում նկարիչներից յուրաքանչյուրին հատուկ մասնակի շեղումներով: Ս. Գրիգոր Տաթևացու և նրա սաների պատկերը (XV դ.) ծաղկող Սահակ Վանեցին XVII դարում ընդօրինակել է Բաղեշում: Այս երկու նկարներում ևս բոլորովին այլ են թե՛ Ս. Գրիգոր Տաթևացու և թե՛ նրա աշակերտների կերպարները. դա ոչ միայն նկարիչների ոճական ու կատարողական վարպետության, այլև նրանց ապրած ժամանակի ու միջավայրի տարբերությունների արդյունքն է:

Որքան էլ նշանակալից են 18-րդ դարի հայ գեղանկարիչ, մանրանկարիչ Հովնաթան Հովնաթանյանի թեմատիկ աշխատանքները, որքան էլ նրանք զարգացման մի նոր աստիճան են հայ գեղանկարչության մեջ, բայց և այնպես, Հովնաթանյանի ստեղծագործական տարերքը միաֆիգուր կտավներն են: Նրա վրձնին է պատկանում Ս. Գրիգոր Տաթևացու դիմանկարչական աշխատանքը: Ինչպես Հովնաթանի մյուս աշխատանքներում, այստեղ ևս տեսնում ենք նկար ստեղծելու նրա ինքնատիպությունը: Նա զուսպ է, լակոնիկ, յուրատիպ շեշտադրումներով: Նկարիչը ստեղծեց դեմքի պատկերման իր ոճը, իր նկարելաձևը, իր հասկացողությունը: Մի փոքր նեղ ծնոտ, կլորացված կարմրագույն այտեր, նուրբ, բարակ երիզով դեմքը կիսող քիթ, մանգաղաթև խիտ սև հոնքեր, թեթև ժպիտով դրոշմված փոքրիկ բերան, հաստ կոպերով ընդգծված նշաձև աչքեր, դեմքի ձևերի նուրբ անցումներ: Այսպիսին է հովնաթանյանական «դիմանկարը»: Դիմանկարչական աշխատանքներում որքան էլ Հովնաթանին օգնության գային զանազան ձեռագրերում պահպանված դիմանկար-մանրանկարները կամ նախորդների ստեղծած դիմանկարները՝ զանազան եկեղեցիներում, բոլոր դեպքերում այդ աշխատանքները հայ իրականության մեջ մնում են որպես ազգային մտավորականության կարևորագույն դեմքերին նվիրված առաջին հաստոցային պատկերումները: Եթե կոմպոզիցիոն աշխատանքներում թեմաների հովնաթանյանական մեկնաբանումները շատ ավելի ժանրային բնույթ ունեն, ապա դիմանկարներում գերակշռում է մոնումենտալության զգացողությունը: Կերպարների արտաքինում հոյակապ են վերարտադրված զգեստների զարդանախշերը, կերպասների, գավազանների, թանկարժեք քարերի նյութականությունը: Բոլոր դիմանկարներն ունեն նույն մակերեսը՝ շուրջ երկու մետր բարձրությամբ: Կրկնվում է ընդհանուր կոմպոզիցիան. ֆիգուրները՝ կանգնած ճակատային դիրքով, գլուխները փոքր-ինչ թեք, հոգևորականների հագուստներով, գլուխների շուրջը՝ լուսապսակներ, ձեռքերին՝ գավազան կամ Ավետարան: Այդ միանման կերպարները չունեն անհատական գծեր: Տարբերությունը զուտ արտաքին հատկանիշների մեջ է: Հայ իրականության մեջ փաստորեն առաջինը Հովնաթան Հովնաթանյանն է ստեղծում հանդիսավոր դիմանկարի օրինակներ:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

19.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․