Գրքեր
Որո՞նք էին Մովսեսի առաջ քաշած պատճառները:

Առաջին՝ ինքն իրեն այդպիսի մեծ պաշտոնի արժանի չէր տեսնում, որով որպես դեսպան պարտավոր էր գնալ թագավորի մոտ և նրա առջև խոսել: Այս պատճառով խոնարհությամբ հարցնում է. «Ես ո՞վ եմ, որ Եգիպտոսի հզոր թագավորին ներկայանամ և իսրայելացիներին Եգիպտոսից հանել համարձակվեմ» (Ելք 3:11): Մովսեսի այս խոսքից Աստված խոստանում է նրա հետ լինել. որպեսզի համարձակություն և քաջալերանք ստանա: Նույնպես հայտնում է, որ Իսրայելը անպատճառ Եգիպտոսից պետք է դուրս գա և այս լեռան վրա երկրպագի Աստծուն:

Երկրորդ՝ առարկում է, որ Իսրայելի ժողովրդի մոտ գնալով և «ձեր հայրերի Աստվածը ինձ ձեզ մոտ ուղարկեց ասելու ժամանակ, երբ հարցնեն ի՞նչ է նրա անունը, ի՞նչ պիտի պատասխանեմ»: Այս խոսքին Աստված պատասխանում է. «Ինքն է, որ Է, հավիտենական Էակ, որպեսզի կռապաշտների կուռքերի նման արարած չկարծեն Իսրայելի Աստծուն, այլ իմանան, որ Նա է երկնքի և երկրի Արարիչը և բոլոր արարածների Տերն ու Ստեղծողը, Նա է Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»:

Քանի որ խոստացել էր Քանանի երկիրը Աբրահամին, Իսահակին և Հակոբին տալ, այս պատճառով է նրանց անունները հիշում, որպեսզի հայտնի դառնա, որ նրանց արված խոստումը անպատճառ պիտի կատարվի: Քանի որ ինչպես Ինքը հավիտենական և անփոփոխ է, նույնպես և Իր խոստումները հավատարիմ և հաստատ լինելով, տրված խոստումը գործի դնելու համար Մովսեսին ուղարկում է Եգիպտոս:

Այստեղ լավ մտապահիր Մովսեսին տրված առանձնահատուկ շնորհն ու ողորմությունը: Արդարև Աստված երևաց Աբրահամին, Իսահակին և Հակոբին, սակայն Իր անունը նրանց չհայտնեց (Ելք 6:3): Արդ, մեծ շնորհ և փառք է Մովսեսի համար, որին Աստված հայտնեց Իր անունը: Դարձյալ, քանի որ փարավոնը, չցանկանալով թողնել Իսրայելին, վերջապես պետք է պատժվեր, ուստի Մովսեսին պատվիրում է, որ նրա մոտ գնալով, թույլտվություն խնդրելիս, այլ պատճառ չհայտնի, այլ միայն Աստծուն պատարագ մատուցելու նպատակով երեք օրվա ճանապարհ պիտի գնան դեպի անապատ:

Պատվիրում է նաև, որ Եգիպտոսից դուրս գալու ժամանակ դատարկաձեռն դուրս չգան, այլ յուրաքանչյուրը իր հարևանից ոսկի, արծաթ և այլ զարդեղեն և հանդերձներ խնդրելով զարդարեն իրենց զավակներին: Այսպիսի պատվիրան է տալիս Մովսեսին, որպեսզի իմանալով, որ իսրայելացիները ստուգությամբ պիտի դուրս գան Եգիպտոսից, այլ նաև որպեսզի առարկություն չհարուցի: Սակայն Մովսեսը դարձյալ հարցնում է, թե եթե իր խոսքին չհավատալով ասեն. «Աստված քեզ չհայտնվեց», ի՞նչ պատասխան տա նրանց: Այս անգամ Աստված հրաշագործության զորություն է շնորհում Մովսեսին, որ եթե իր խոսքին չհավատան, թող հրաշք գործի, որպեսզի հավատան:

Քանի որ Մովսեսը, հովիվ լինելով, ձեռքում գավազան ուներ, Աստված ասում է նրան. «գավազանը ձեռքիցդ թող», երբ նա թողեց, գավազանը իսկույն օձ դարձավ, որին տեսնելով Մովսեսը սկսեց փախչել, սակայն նրան հրամայվում է բռնել օձի պոչից, երբ բռնում է, իսկույն առաջվա նման գավազան է դառնում: Դարձյալ Աստված նրան հրամայում է ձեռքը ծոցը մտցնել, երբ նա ձեռքը ծոցը մտցնելուց հետո հանում է, տեսնում է, որ ձեռքը բորոտվել է: Նորից հրամայում է, որ ձեռքը ծոց մտցնի, նա էլ դնում է, և հանելով տեսնում է, որ բորոտությունը բոլորովին անցել է:

Որպեսզի Մովսեսը ամեն առումով ապահով լինի, Աստված հայտնում է նրան, որ եթե առաջին հրաշագործությանը չհավատան, երկրորդին կհավատան և եթե երկրորդին էլ չհավատան, այն ժամանակ գետից ջուր վերցրու և երկրի վրա թափիր, և այն ջուրը ցամաքի վրա թող արյան փոխարկվի:

Արդարև Աստված նորից ու նորից Իր բարձր կամքը հայտնեց Մովսեսին, որը թեև խոնարհաբար ինչքան էլ առարկեց և պատասխանները ստացավ, սակայն այս անգամ էլ նա սկսեց աղաչանքով առարկել, որ ինքը նրբաձայն և ծանրալեզու է, և հետևաբար մի այդպիսի կարևոր և մեծ պաշտոն ստանձնելուն անընդունակ և անկարող է (Ելք 3:10), որին էլ Աստված պատասխանում է, թե Ես քո բերանը պիտի բացեմ, և ինչ որ պետք է և արժանի է խոսել՝ խելամիտ պիտի դարձնեմ քեզ: Այսուհանդերձ, Մովսեսը դարձյալ պաղատանքներով խնդրում է, որ իր փոխարեն ավելի համարձակախոս մեկին ուղարկի (Ելք 3:13), այն ժամանակ Աստված բարկությամբ նրա մեծ եղբորը՝ Ահարոնին է տրամադրում, որին Մովսեսը Աստծո կողմից հաղորդի ինչ որ անհրաժեշտ է և Ահարոնն էլ ժողովրդին փոխանցի:

Այս պարագայում մի՛ կարծիր, որ Մովսեսը իր ազգի համար նեղություններ հանձն առնել չցանկանալու պատճառով այսպիսի առարկություններ է անում, այլ խոնարհ սիրտ ունենալու պատճառով մեծությունից խույս տալ է ցանկանում, սակայն որքան նա իր խոնարհությունն է հայտնում, Աստված նույնքան առաջարկում է իր օգնությունը հայտնապես բազմապատկել: Վերջապես Մովսեսը հանձն առնելով գնալ Եգիպտոս, գավազանն էլ է վերցնում, որպեսզի հարկ եղած դեպքում դրանով հրաշքներ գործի, ինչպես որ Աստված հրամայել էր:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․