Գրքեր
Ինչո՞ւ հրաման տրվեց, որ իսրայելացիները տների շեմերին գառան արյունով նշան դնեն:

Նրանց տները եգիպտացիների տներից զանազանելու համար: Քանի որ Աստված հրեշտակին ուղարկելով պիտի կոտորել տար եգիպտացիների անդրանիկներին, ուստի հրեշտակի եկած ժամանակ նշված տները անցնելով՝ միայն եգիպտացիների տները պիտի մտներ: Ահա՛ այս պատճառով այն գիշերը եբրայերեն «պասեք» կամ «պասգա» կոչվեց, որը զատվել է նշանակում, ինչպես որ հայերենում՝ Զատիկը:

Սակայն մի կարծեք, որ նշան չտրվեր, հրեշտակը չէր կարողանա զանազանել, այլ այս հրամանը տրվեց, որպեսզի հիշյալ գառը Քրիստոսի օրինակը լիներ: Ինչպես որ ապրիլի տասին գառը պատրաստելով՝ չորս օր հետո մորթեցին և առանց ոսկորները կոտրելու խորովելով կերան, և ապա եգիպտացիների անդրանիկ որդիների կոտորվելուն պես՝ ազատվեցին, այնպես էլ մեր Փրկիչը ապրիլ ամսվա ծաղկազարդի օրը «օվսաննայով» Երուսաղեմ գալով, չորս օր հետո վերնատան մեջ սուրբ պատարագի խորհուրդը կատարեց, որի հաջորդ օրը խաչի վրա առանց ոսկորները կոտրտվելու արյուն թափեց և իր անպարտական մահով մեղքի առաջին պատճառին՝ սատանային պատժելով մարդկությանը փրկեց:

Դարձյալ, մեջքներին գոտի կապած, ոտքերին կոշիկ հագած և գավազանը ձեռքերին շտապով գառն ուտելը նշանակում էր, որ հաջորդ օրը անպատճառ Եգիպտոսից պետք է դուրս գան, սակայն հոգևոր մտքով դա քրիստոնյաների օրինակն է: Քանի որ գոտին քաջություն և արիություն է նշանակում, կոշիկը՝ ճանանապարհորդություն, իսկ գավազանը իշխանությունն է հայտնի դարձնում, որը սուրբ խաչի զորությամբ է լինում: Եվ ինչպես որ գառան արյունով իսրայելացիների տների դռներին նշան դրվելով՝ նրանք մահվանից ազատվեցին, նույնպես քրիստոնյաները՝ Քրիստոսի սուրբ արյամբ գնված և սուրբ Խաչի նշանով կնքված լինելով, հոգևոր մահվանից ազատվեցին:

Դարձյալ, բաղարջ հացով գառն ուտելը Քրիստոսի կույս մորից ծնվելու նշանն էր, ինչպես որ սուրբ պատարագի խորհուրդը բաղարջ հացով է կատարվում: Իսկ դառնահամ հազարն ուտելը Քրիստոսի կրած չարչարանքն էր ցույց տալիս:

Արդ, ինչպես Իսրայելի ժողովուրդը Քրիստոսի չարչարանքների և սուրբ պատարագի պատկերն ու օրինակը գործադրելով՝ փարավոնի ձեռքից և Եգիպտոսից ազատվեցին և Երուսաղեմ գնացին, նույնպես քրիստոնյաները՝ Քրիստոսի օրենքները հավատքով կատարելու ժամանակ սատանայի ձեռքից և դժոխքից ազատվելով, երկնային Երուսաղեմ, այսինքն արքայություն են գնում: Քանի որ Եգիպտոսը՝ դժոխքի, փարավոնը՝ սադայելի, իսրայելացիներին չարչարող եգիպտացիները դևերի օրինակներն են: Պետք է իմանալ, որ եգիպտացիների բոլոր թագավորների անունները փարավոն չէին, այլ նրանց հատուկ առանձին անուններից բացի «փարավոն» բառը որպես տիտղոս էր տրվում նրանց, քանի որ «փարավոն» բառը եգիպտերեն թագավոր է նշանակում:

Դարձյալ, քանի որ Աստված Իսրայելի փրկության համար եգիպտացիների անդրանիկներին կոտորեց, այս պատճառով Մովսեսն Աստծո հրամանով իսրայելացիներին պատվիրում է, որպեսզի իրենց անդրանիկ որդիներին Աստծուն ընծայելով, նրանց փոխարեն մի տարեկան գառ պատարագեն, և անկարողները երկու տատրակ կամ աղավնի նվիրեն: Այս մասին տե՛ս Թվեր գրքի երրորդ գլուխում, որտեղ գրված է, որ Իսրայելի փոխարեն, Իսրայելի անդրանիկ որդիները՝ Ղևտացիները մասնավորապես Իրեն տրվելով՝ խորանի ծառայությանը հատկացված մի դասակարգ կազմեցին:

Նույնպես եգիպտացիների առաջինը ծնված անասուններին կոտորելու համար, Մովսեսը իսրայելացիներին պատվիրում է, որ իրենց անասունների առաջին ծնվածներին Աստծուն նվիրեն որպես ընծա: Իսկ այն կենդանու փոխարեն, որը սննդի համար անպետք է, ուտելի կենդանի տան զոհի համար: Այս պատվերը այն նպատակով արվեց, որ Եգիպտոսից հրաշքով իրենց ազատվելը միշտ իրենց մտքում անմոռաց պահելով, Աստծո բարերար ողորմությունը որդուց որդի հիշատակելով՝ Աստծուց միշտ շնորհակալ և գոհ լինեն:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․