Գրքեր
Սավուղը Սամվելի հանդիմանությանը տալի՞ս է որևէ պատասխան:

Չի տալիս: Մանավանդ ձեռնամուխ է լինում եռանդուն  գործելու. նա նորից Գաբաա է գնում, որպեսզի որդու՝ Հովնաթանի հետ թշնամուն դիմակայի: Սակայն զորքը ցրված լինելով` նրա մոտ ընդամենը վեց հարյուր մարդ կար, և սրանք նույնպես զենք չունեին: Քանի որ այն ժամանակ թշնամին, զորեղ լինելով, իսրայելացիներին թույլ չէր տալիս երկաթագործությամբ զբաղվել, որպեսզի զենք չունենան, մինչև անգամ հարկադրված՝ հողագործության գործիքները թշնամուն էին պատրաստել տալիս:

Այս էր պատճառը, որ Սավուղից և Հովնաթանից բացի՝ զինվորների ձեռքին սուր և նիզակ չկար, իսկ մնացյալ զորքը ստիպված էր նետերով, պարսատիկով, լախտերով և երկրագործական զանազան գործիքներով պատերազմելու, և այս վիճակը պակաս չէր վհատեցնում ժողովրդին, որը կռվից խույս էր տալիս:

Թեև Հովնաթանը տեղյակ էր ժողովրդի խիստ տկար այս վիճակին, սակայն այն ժամանակ թշնամին  տարածվել էր Իսրայելում և սկսել էր շատ վայրեր քանդել և ավերել: Նա  հույսն Աստծու զորությանը և օգնությանն է դնում, և խոստովանելով, որ Աստծու համար բազմությունը նշանակություն չունի, և Նա կարող է Իրեն հավատարիմներին պաշտպանել, երբ նրանք քիչ են ու սակավաթիվ, իր կապարճակիր ծառային ասում է. «Գնանք թշնամու կողմը, եթե մեզ տեսնելով` մի´ եկեք, հե´տ գնացեք ասելու լինեն, չգնանք, իսկ եթե ասեն` եկե´ք,  հարձակվենք» (Ա Թագ. 14:6):

Երբ այսպիսի կատարյալ հավատով զինված` Հովնաթանը, հորից գաղտնի, գաղտագողի անցնելով կիրճերով, նեղ կիրճ է մտնում, այնտեղ գտնվող զինվորները տեսնելով ձայնում են`եկե´ք, որից խրախուսված` Հովնաթանն իսկույն բացահայտորն ասպարեզ է դուրս գալիս և նետով ու քարերով թշնամուց քսան մարդ սպանում: Սա տեսնելով, իսրայելացիների հարձակվելու վախից` թշնամու բանակում իրարանցում և աղմուկ է սկըսվում, և մանավանդ Աստված նրանց սրտերում երկյուղ և սարսափ է գցում (Ա Թագ. 14:15), բոլորովին ապշում են, և մեծ խառնաշփոթությունը  գնալով սաստկանում է:

Գաբաայում գտնվող Սավուղի հսկողները, թշնամու բանակի սույն աղմկալից վիճակը տեսնելով,  նրան են  հասցնում, և նա  հրամայում է ստուգել զորքը ` պարզելու, թե իրենցից ով է գնացողը, և երբ Հովնաթանին ու նրա կապարճակրին չեն գտնում, Սավուղը ցանկանում է Աբիա քահանայի միջոցով Աստծուն հարցնել (այն ժամանակ տապանակը ժողովրդի հետ էր):

Մինչ նա  խոսում է, թշնամու բանակի աղմուկը հետզհետե սաստկանում է, ուստի երբ իր զորքով հապճեպ պատերազմի վայր է հասնում, թշնամիները,  խառնաշփոթ վիճակում, սկսում են միմյանց կոտորել: Միևնույն ժամանակ շրջակայքում գտնվող փախստական և թաքնված իսրայելացիներն էլ գալով` Սավուղի մոտ տասը հազար զորք է հավաքվում:

Այն ժամանակ, երբ բոլորը միահամուռ թշնամու վրա են հարձակվում, Սավուղը, հաղթանակի տենչով համակված, առանց մտաբերելու, որ զորքն անոթի է, անեծքով կարգադրում է` այդ օրը մինչև երեկո առանց կերակուր ուտելու կռվեն, որպեսզի թշնամուց կատարյալ վրեժ լուծի:

Արդարև, այս կարգադրությունից հետո ոչ մեկը ոչ թե կերակուր, այլ նույնիսկ իրենց անցած վայրերից ծառի խոռոչներում մեղուների պատրաստած մեղրից էլ չի համարձակվում ուտել, միայն թե սաստիկ քաղցած լինելով` այդ տեղերով  քրթմնջալով էին անցնում: Սակայն Հովնաթանը, որը չէր լսել հոր պատվիրանը, նիզակի ծայրով վերցնում է մեղրից, ուտելուն պես հոգնությունը փարատվելով` աչքերը բացվում են:

Այն ժամանակ զորքից մեկը Հովնաթանին հիշեցնում է Սավուղի հրամանը, և սա, հոր այդ կարգադրությունն ընդհանրապես չհավանելով, համարձակվում է ասել. «Եթե ես, մի քիչ մեղր ուտելով, աչքերս բացեցի և զորացա, նույնպես  եթե զորքը այսօր իրենց կողոպուտից ուտեր, շատ թշնամի կկոտորեր»: Այն օրը զորքը, չափազանց քաղցած և հոգնած,  երեկոյան չի կարողանում դիմանալ քաղցին, և դրա պատճառով էլ իրենց կողոպտած անասուններից մորթելով` առանց համբերելու, արյան հետ միասին ուտում են, որն օրենքով բացարձակապես արգելված էր: Սավուղը ժողովրդի այս մեղքի մասին իմանալուն պես մի մեծ քար է բերել տալիս և հրամայում, որ այդ քարի վրա մորթելով` սպասեն` ամբողջ արյունը հոսի, նոր ուտեն: Ապա այդ քարը սեղան է դարձնում  նա, ով մինչ այդ սեղան չէր կառուցել:

Թեպետ այդ օրը իսրայելացինեը շատ թշնամիներ են կոտորում, սակայն Սավուղն այդքանով չի բավարարվում, այլ զորքին հրամայում է, որ այդ գիշեր էլ հետապնդեն նրանց և բոլորին կոտորելով` ավերեն և կողոպտեն: Այս հրամանին զորքը համաձայն էր, սակայն քահանան առաջարկում է նախ Աստծուն հարցնել, և երբ հարցնում են, Աստված չի պատասխանում:

Սավուղը ցանկանում է իմանալ, թե ում մեղքի պատճառով Աստված չի պատասխանում, և մեղավորին գտնելու համար այնքան է համառում, որ իրեն ու իր որդի Հովնաթանին էլ ժողովրդի շարքում դնելով` վիճակ է գցում` Աստծուն խնդրելով, որ եթե ինքը կամ Հովնաթանը հանցավոր են, հայտնի, իսկ եթե հանցավորը ժողովրդից է, ների: Երբ նորից վիճակ են գցում, հայտնի է դառնում, որ ժողովուրդը հանցանք չունի, այն ժամանակ Սավուղը պահանջում է, որ իր և Հովնաթանի համար էլ վիճակ գցեն` հայտարարելով, որ մեղավորը պիտի մեռնի:

Հիրավի, ժողովուրդը այս վճռին համաձայն չէր, քանի որ վտանգվում էր երկու կարևոր մարդկանց կյանք, սակայն Սավուղի համառությամբ նորից վիճակ գցելով` Հովնաթանի հանցանքը հաստատվում է, որը մահվան է դատապարտվում: Սավուղը հարցնում է որդուն, թե ինչ հանցանք է գործել, և Հովնաթանը պատասխանում է. «Մի փոքր մեղր կերա, և դրա համար ես հիմա պիտի մեռնեմ» (Ա Թագ. 14:43):

Ճշմարիտ է` Սավուղը չի ցանկանում Հովնաթանի մահը, սակայն նրա հանցանքը  հաստատվելով` նորից երդումով վճռում է, որ մեռնի: Այս անգամ նաև ժողովուրդն է դեմ  լինում և թույլ չի տալիս, որ Հովնաթանը մեռնի, այլ առ Աստված արված աղոթքներով և պաղատանքներով ժողովուրդն ազատում և փրկում  է նրա կյանքը:

Լա´վ մտապահիր. երկուսն էլ՝  Սավուղն ու Հովնաթանը, հաղթանակի փափագով իրենց հույսն ու վստահությունը զորքի վրա են դնում, մեկն ասում է` թող զորքը հաց չուտի, որ ժամ առաջ կոտորի թշնամուն, մյուսն էլ ասում է` թող զորքն ուտի, որ կազդուրվելով թշնամուն շուտափույթ կոտորի: Այս պարագայում երկուսն էլ սխալվում են, քանի որ հաղթանակն ամբողջովին Աստծու կամքից է կախված:

Քանի որ ինչպես Սավուղի վերաբերյալ Սուրբ Գիրքն է գրում, որ սխալվել է (Ա Թագ. 14:24), այդպես էլ Հովնաթանի հանցավոր լինելը վիճակ գցելով է հայտնի դառնում: Սակայն ոչ թե մեղր ուտելու համար էր, քանի որ կերել էր` հրամանը չլսելով, և լսելուց հետո այլևս չէր կերել, այլ հոր հրամանին հակառակ խոսելով, նրան զորքի առջև բամբասելու և նրա արարքը քննադատելու համար:

Մանավանդ զորքը Սավուղի այդ կարգադրությունից դժգոհ էր, և հավանական է` Հովնաթանի խոսքերից խրախուսված` այն օրը` երեկոյան, միսն արյան հետ ուտելու համարձակություն էր ստացել:

Խրա´տ ընդունիր.  Սավուղն առանց գործը լրջորեն քննելու, անեծքով հրաման արձակելով, Հովնաթանի կյանքը ծանր և մահաբեր վտանգի ենթարկելուց բացի, ամբողջովին կոտորել և կողոպտել ցանկանալով, թշնամուն էլ փախչելու հնարավորություն է տալիս: Քանի որ Աստծուց պատասխան չստանալով և չհամարձակվելով թշնամու վրա հարձակվելու և հալածելու`  պարտավորվում է շրջվել և վերադառնալ իր տեղը:

Այնուհետև Սամվելը Աստծու հրամանով Սավուղին ասում է. «Գնա´, ամաղեկացիների´ն հարվածիր, նրանցից  մարդ և անասուն ողջ չթողնելով` նրանց ունեցվածքն ու բնակարաններն էլ կոչնչացնես»: Քանի որ իսրայելացիների` Եգիպտոսից դուրս գալու և Երուսաղեմի երկիր գալու ժամանակ Ամաղեկի ցեղն առանց իրավունքի պատերազմելու  պատճառով Աստված վճռում է նրան լիովին ջնջել (տե՛ս Երրորդ դար, ԾԷ հարցը):

Թեև այն ժամանակներից մինչև Սավուղի օրերը չորս հարյուր տարվա չափ ժամանակ էր անցել, և Աստված, այդքան ժամանակ համբերելով, նրանց չի պատժում, սակայն այդ անզգամ և ամբարիշտ ցեղը,  ուղղվել չցանկանալուց բացի, օրըստօրե ավելի շատ չարիք է գործում, և նրանց մեղքի չափը լցվելու պատճառով ցանկանում է, որ նախապես տրված վճիռը Սավուղի ձեռքով կատարվի, որպեսզի իրավունքն ու արդարությունը վերջապես հաղթանակեն:

Սակայն Սավուղը նախ կինեցիներին, որոնք սահմանակից էին ամաղեկացիներին և անապատում իսրայելացիների հանդեպ գութ և մարդասիրություն էին ցուցաբերել, հայտնում է, որ հեռանան այդ սահմաններից, որպեսզի ամաղեկացիներին հարվածելու ժամանակ  չվնասվեն:

Դու Աստծու արդարադատությա՛նը նայիր. քանի որ իսրայելացիներին չարիք պատճառող ազգը բնաջնջում է, իսկ բարիք և մարդասիրություն ցույց տվող ժողովուրդներն ամեն վտանգից զերծ և ազատ են մնում:

Արդ, Սավուղը, չորս հարյուր երեսուն հազար զորք գումարելով, հանկարծ հարձակվում է ամաղեկացիների երկրի վրա և թեև բոլորին` այր ու կին, մեծ և փոքր, կոտորում է, բայց նրանց Ագագ անունով թագավորին ողջ բռնելով` չի ցանկանում սպանել: Նաև կոտորում է նրանց տկար և անպիտան անասուններին, սակայն լավերին պահում է, այդպես էլ նրանց ունեցվածքի անարժեք մասը ոչնչացնում է, իսկ թանկարժեքը` պահում:

Եվ քանի որ Սավուղի սույն կենցաղը որոշակիորեն հակառակ էր Աստծու հրամանին, մանավանդ Ագագ թագավորին կենդանի թողնելու համար  հանցավոր է դառնում: Բացի դրանից` հպարտանում է, կարծես իր զորությամբ էր հաղթանակը վաստակել, և Կարմեղոս լեռան մոտ գալու ժամանակ իր անվամբ կոթող է կանգնեցնում (Ա Թագ. 15:12) և ապա անմիջապես Գաղգաղա գնում:

Աստված, բարկանալով հիշյալի այսպիսի անկարգ և շեղ վարքից, Սամվելին հայտնում է, որ նրան թագավորությունից զրկելու է: Սամվելը ողջ այդ գիշերը տրտմությամբ անցկացնելուց և Աստծուն աղոթելուց հետո` վաղ առավոտյան, Գաղգաղա է գնում, որտեղ Սավուղը կողոպտված և հափշտակված անասուններից զոհ էր մատուցում: Նամանավանդ Սամվելը դեռ չխոսած` իբր թե կատարած գործն անթերի է, մի հպարտ եղանակով հայտնում է, թե Աստված ինչ իրեն հրամայել է, լիովին կատարել է:

Սամվելը, անասունների ձայները լսելով, երբ հարցնում է, թե ինչ ձայներ են, Սավուղը պատասխանում է, որ ժողովուրդն է դրանք բերել` զոհաբերելու: Սույն պատասխանով նա կամենում է իրեն արդարացնել, բայց նրա հանցանքը հայտնի լինելով` Սամվելն ասում է. «Դու փոքր ցեղից էիր, Աստված քեզ թագավոր կարգեց, ինչո՞ւ   նրա հրամանները չլսեցիր և ավար վերցնելով` պարտազանց եղար»:

Այս հանդիմանությունից հետո զղջալու փոխարեն նորից է առարկում, թե Աստծու հրամանները կատարել է, և ժողովուրդն է անասունները բերել` զոհաբերելու: Սամվելը պատասխանում է. «Աստծուն հնազանդվելը զոհ մատուցելուց ավելի ընդունելի է, դու  Աստծու խոսքը մերժեցիր, Աստված էլ  քեզ թագավորությունից մերժեց» (Ա  Թագ. 15:22):

Թեպետ սույն սպառնալիքներից Սավուղը ակամա զղջում է, բայց նորից  իրեն արդարացնելու տենչանքով պատրվակ է բերում ժողովրդից վախենալը, և ապա կեղծավորությամբ ներում խնդրելով` ցանկանում է, որ Սամվելի հետ գնա` Աստծուն երկըպագություն մատուցելու:

Սամվելը չի ցանկանում նրա հետ գնալ և երբ ցանկանում է հետ դառնալ, Սավուղը նրա պատմուճանի քղանցքից է բռնում, արգելելու պահին պատմուճանը պատռվում է, այն ժամանակ Սամվելն ասում է. «Աստված այսօր, քեզնից թագավորությունդ պատռելով, քեզնից լավագույնին պիտի տա», սակայն նա, դարձյալ չզղջալով, խնդրում է, որ Սամվելն իր հետ գնա:

Բայց ոչ թե ի պատիվ և ի սեր Աստծու և իր արարքների համար անկեղծորեն զղջալու պատճառով է թախանձում Սամվելին, որ նա իր հետ երկրպագելու գնա, այլ որպեսզի ժողովրդի առջև Սամվելը փառավորի իրեն և իր պատվին պակասություն չլինի:

Դու Սավուղի թշվառ վիճակի´ն նայիր. որովհետև, մինչ Աստծու երեսից արդեն ընկած լինելով, թագավորությունը ուրիշին տրվելու վճիռն արդեն արձակվել էր, ինքը դեռևս ցանկանում է մարդկանց շրջանում հարգանք և պատիվ գտնել. ահա այսպիսին է հպարտ և անմիտ մարդու վիճակը:

Խրա´տ ընդունիր.  որտեղ աստվածային հրամանների դեմ են գործում, այնտեղ պետությունը չի կարող կանգուն մնալ և անպատճառ կորստյան է մատնվում: Այո՛, Սամվելն այս անգամ էլ է Սավուղի հետ գնում, բայց ոչ թե նրա փառքի, այլ մանավանդ ամաղեկացիների Ագագ թագավորին սպանելով` Աստծու հրամանը կատարելու համար, քանի որ նրան իր մոտ բերել տալով` սպանելուց անմիջապես հետո վերադառնում է իր տեղը, Սավուղը նույնպես իր տեղն է գնում: Այնուհետև Սամվելը մինչև մահ այլևս Սավուղին չի տեսնում:

Թող օրինակ վերցնեն բոլոր նրանք, ովքեր Աստծու հրամաններին հակառակ են շարժվում և գործում, քանի որ Սավուղի այդպիսի ապօրինի կենցաղավարությամբ և համարձակությամբ ոչ միայն ինքն է զրկվում թագավորությունից, այլև այն գերդաստանը, որին պատկանում էր, և այն ցեղը, որից սերում էր, ինչպես ցույց են տալիս հետայսու կատարված դեպքերը:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․