Գրքեր
Ո՞վ էր Եսթերը:

Բենիամինի ցեղից առաքինի մի աղջիկ էր, որը, որբ մնալով, հորեղբոր՝ Մուրթքեի խնամակալության ներքո էր կրթվում և բոլոր առումներով Աստծուն հնազանդ էր (Եսթ. 2:7): Սակայն երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան Երուսաղեմ է արշավում, Հեքոնիա թագավորի և ժողովրդի հետ Մուրթքեն և Եսթերն էլ են գերեվարվում Պարսկաստանի Սուսիա քաղաքը (տե´ս ՀԹ հարցը):

Մուրթքեն երազում, աղմուկի և ժխորի ձայներ լսելով, տեսնում է, որ երկու մեծ վիշապ միմյանց դեմ են պատերազմում, նրանց ձայնից  բոլոր ազգերը միավորվում են մի արդար ժողովրդի կորստյան մատնելու համար, և հիշյալ ժողովուրդը, իր առջև ծառացող վտանգը գուշակելով, աղոթում է Աստծուն և օգնություն  խնդրում։ Եվ ահա մի փոքր աղբյուրից մի մեծ գետ  է առաջանում, և արեգակն էլ ծագելով խոնարհները և ամոթխածները զորանում են, և հզորներին ու ազդեցիկներին կլանում:

Այսպիսի մի երազով Աստված Մուրթքեին հայտնում է, որ Իսրայելի ժողովուրդը մեծ նեղության և վտանգի պետք է ենթարկվի, ապա պիտի ազատի նրանց, որպեսզի իսրայելացիների հանդեպ Աստծու բարությունը հայտնի դառնալով` վտանգի կամ նեղության ժամանակ առանց հուսահատվելու բոլորն էլ ուղիղ սրտով միշտ աղոթեն` Աստծու ողորմությամբ ազատվելու: Մուրթքեն հենց այսպես էլ մեկնում է իր երազը, երբ իրապես տեղի են ունենում դեպքերը (Եսթ. 10:5):

Քանի որ պարսիկների և մարերի Արտաշես թագավորը (ոմանց կարծիքով սա ոչ թե Արտաշես Երկայնաբազուկն է, այլ Արտաշես Ուժեղը), որն այն ժամանակ այնքան էր հզորացել, որ մինչև Հնդկաստան հարյուր քսան ազգերի էր գերել և իր մայրաքաղաքն էլ տեղափոխել  Սուսիս: Սույն թագավորը, անչափ հարստության և գանձերի տիրանալով, ցանկանում է իր փառքն ու շքեղությունը ցուցադրել իր բոլոր հպատակներին և մասնավորաբար  նախարարներին և մեծամեծ իշխաններին: Այս է  պատճառը. որ իր իշխանությանը ենթակա և իրեն ծառայող դատավորներին և կառավարիչ իշխանավորներին մի մեծ խնջույքի է հրավիրում, որի նմանը մինչ այդ ոչ մեկը չէր տեսել, և որը վեց ամիս է տևում:

Մանավանդ խնջույքի սրահը զարդարում է ոսկով, արծաթով, մարգարիտով և այլ թանկարժեք գոհարներով: Նմանապես Սուսիս քաղաքի բոլոր բնակիչներին՝ մեծից փոքր, հրավիրում է իր խնջույքին, որ վեց օր է տևնում, նույն ձևով էլ նրա թագուհին՝ Ասթինեն, կանանց է հրավիրում խնջույքի: Յոթերորդ օրը, երբ Արտաշեսը  քիչ ավելի էր արբած, Ասթինե թագուհուն լուր է ուղարկում, որ անձամբ ներկայանա խնջույքին, քանի որ թագուհին անչափ գեղեցիկ էր, և ցանկանում է նրան բազմությանը ցուցադրել, իբր թե իրեն է´լ ավելի փառք ու պարծանք լինի, սակայն թագուհին, չհավանելով սույն անպատշաճ հրավերը, մերժում է  ամուսնու հրավերը:

Իրոք, Արտաշեսի այս հրամանը անպատշաճ էր, սակայն մարդը հարբած ժամանակ անկարող է իրեն պատշաճ պահելու, ուստի երբ Ասթինեն չի գալիս, բարկանում է և տրտմում: Դու աշխարհիկ և մարմնավոր ուրախության վախճանը տե´ս. որովհետև թագավորի խնջույքը, որի ընթացքում այդքան փառք ու շքեղություն է ցուցադրվում, տխուր վերջաբան է ունենում, քանի որ բազմությունը ցրվելուց անմիջապես հետո Արտաշեսն իր նախարարների առաջարկում է դատաստան անել, թե Ասթինե թագուհու` իր թագավոր ամուսնու հանդեպ ցույց տված այդ անհնազանդության փոխարեն ինչ է անհրաժեշտ անել, և նրանք պատասխանում են, որ եթե թագուհին անպատիժ մնա, բոլոր կանայք, հետևելով նրա օրինակին, այսուհետև կհանդգնեն իրենց տղամարդկանց չհնազանդվել:

Ուստի այնժամ Արտաշես թագավորը Աստթինե թագուհուն տիկնությունից զրկելուց հետո ամենուրեք հրահանգում է, որ այսուհետև բոլոր կանայք անպատճառ հնազանդ լինեն իրենց ամուսիններին: Ապա նորից նույն նախարարների խորհրդով հրամայում է գեղեցիկ աղջիկների հավաքել, որպեսզի նրանց միջից ում  հավանի, Ասթինեի փոխարեն թագուհի կարգի: Աստծու տնօրինությամբ վերոհիշյալ Եսթերն էլ, որ Մուրթքեի մոտ էր բնակվում, ընդգրկվում է ընտրված աղջիկների մեջ. ըստ սովորության՝ տեղ և պաշտոնյա են հատկացնում, որ մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ կրթությունն էլ տրվի:

Դարձալ Աստծու ողորմածությամբ Եսթերը, կատարելությամբ և գեղեցկությամբ գերազանցելով մյուս աղջիկներին, բոլորի համար պատվելի և ընդունելի լինելուց բացի, Արտաշեսին էլ է դուր գալիս, և կնության առնելով` թագուհի է հռչակում նրան: Արդարև, այս առիթով թագավորն այնպես է ուրախանում, որ իր բոլոր պալատականներին և զինվորներին հրավիրելով, յոթ օր մեծ ցնծությամբ հարսանիք անելուց բացի, բոլոր հպատակների ուրախության համար  հրամայում է թեթևացնել բարձր հարկերը:

Նկատի՛ր. Եսթերը` որբ և գերի  աղջիկ, թեև թագուհի է  դառնում, սակայն իր առաքինի վարքը չի փոխում և նախկինի նման խոնարհությամբ միշտ հնազանդ է լինում Աստծու օրենքներին, միայն թագավորին չի հայտնում, որ ինքն իսրայելացի է և Մուրթքեի ազգականը, ինչպես որ վերջինս խորհուրդ էր տվել: Մուրթքեն էլ  նրա մասին տեղեկություն իմանալու համար հաճախակի պալատ է գալիսս, թագուհուն հավատարիմ և մտերիմ Առնաթև անունով մեկից միշտ տեղեկություններ իմանալով և իր վիճակն էլ հայտնելով՝ բոլոր առումներով հանգիստ են լինում:

Այդ ընթացքում արքունի պալատական պահապաններից երկուսը, որոնց անուններն էին Դավիթ և Թարրա, Արտաշես թագավորի հանդեպ ոխակալություն ունենալով, սպանելու մտադրությամբ համաձայնության են գալիս: Մուրթքեն, մի հնարով նրանց մտադրությունն իմանալով, Եսթերի միջոցով տեղեկացնում է թագավորին, որն էլ քննելուց և նրանց խոստովանությունը լսելուց հետո կախել է տալիս նրանց: Այսպիսով, Մուրթքեի հավատարմությունը պարզ դառնալով` արքունական մատյանում արձանագրում են, որպեսզի նրա լավությունը անմոռաց մնա:

Արտաշեսը Համան անունով մի նախարար է ունենում, որն ամաղեկացի էր, և արքունի պալատականների և նախարարների մեջ շատ նշանավոր լինելով` թագավորը նրա փառքն ու պատիվը բարձրացնելու համար հրամայում է, որ նրա բոլոր հպատակները նրա առջև հարգանքով խոնարհվեն և երկրպագեն, սակայն Մուրթքեն չի երկրպագում, քանի որ սովոր էր միայն Աստծուն երկրպագելու, միևնույն պատիվը մարդկանց տալ, իրավացիորեն, անպատշաճ և մեղք էր համարում:

Սակայն Համանը, անչափ հպարտ և ինքնահավան անձ լինելով, մեծապես բարկանում է, և Մուրթքեի պատճառով որոշում, որ Արտաշեսին ենթակա բոլոր հրեաներին կոտորի և նրանց ունեցվածքն էլ արքունի գանձարան վերցնի: Եվ քանի որ թագավորը, Համանին վստահելով, անձնատուր էր եղել նրան, ուստի հրեաների մասին նրա բոլոր չարախոսություններին հավատալով` հրամայում է, նրա կամքի համաձայն, բոլոր իսրայելացիներին կոտորել: Թեև Համանի խոստացած տասը հազար քսակ դրամը մերժվում է, սակայն հրովարտակով որոշված օրը բոլոր հրեաներին` տղամարդ, կին և մանուկ, բոլորն էլ կոտորվում են, նրանց ունեցվածքն էլ գրավվում:

Արդարև, հիշյալ հրամանը, որ ուղղված էր գավառապետներին, ամեն կողմ տարածվելով, բոլորին հայտնի է դառնում, և որոշված օրվան են սպասում՝ հրամանը կատարելու: Ամենուր լսվում են հրեա ժողովրդի ողբալի աղաղակներն ու հառաչանքները, որոնք, երկինք բարձրանալով, հասնում են Աստծուն` շարժելով Նրա գութն ու ողորմությունը: Քանի որ այս պարագայում նրանք, հանցավոր չլինելով, հանիրավի  այսպիսի բարբարոս հրաման և իրենց կոտորածի վճիռը լսելուն պես, զգեստները պատռելով և քուրձեր հագնելով, իրենց գլխին մոխիր լցնելով, սուգ են անում:

Նույն ձևով էլ Սուսիս քաղաքում հրովարտակը կարդալուց հետո Մուրթքեն, հանդերձը պատռելով, քուրձ է հագնում և գլխին մոխիր ցանելով` քաղաքում բարձրաձայն աղաղակում է. «Ինչո՞ւ եք անիրավացիորեն ցանկանում կոտորել իմ ազգը, որը ընդհանրապես հանցանք չունի»: Այսպիսի սգավորի հանդերձանքով և մեծ տրտմությամբ արքունական պալատի դրսի կողմում, կանանց դռան մոտ է քայլում, որպեսզի իր ողբն ու հեծեծանքը լսողները թագուհուն տեղեկացնեն, քանի որ թագավորական պալատ սգազգեստ մտնելը սովորություն չէր:

Արդարև, Եսթերն իմանում է Մուրթքեի տրտմաթախիծ վիճակի մասին և շատ է տխրում, ուստի վերոհիշյալ Առնաթևին ուղարկում է, որ եղելությունը ստույգ հասկանա, միևնույն ժամանակ հագուստներ էլ է ուղարկում, որպեսզի սգավորի հագուստներով չշրջի, սակայն Մուրթքեն չի համաձայնում: Ապա մեկ առ մեկ բացատրելով Համանի չար մտքերն ու նպատակը` հրովարտակի օրինակն էլ  է տալիս, որ տա Եսթերին, և պատվիրում է, որ բարեխոս լինի իր ազգի փրկության համար և մանավանդ աղոթքով Աստծուն աղաչի:

Երբ Առնաթևը Մուրթքեի խնդրանքն ու պատվերը և բոլոր խոսքերը հայտնում է Եսթերին, նա ցանկանում է ամեն գնով ազատել իր ժողովրդին: Սակայն օրենք կար, որ եթե այր կամ կին առանց հրաման ստանալու թագավորի սենյակ մտնեն, մահվան պիտի ենթարկվեն, և միայն այն մարդն էր փրկվում, որին թագավորը պարզում էր իր ոսկյա գավազանը: Եսթերը, երեսուն օր շարունակ թագավորի մոտ կանչված չլինելով, երկյուղում է գնալ, և այս երկյուղի մասին հայտնում է Մուրթքեին: Մուրթքեն պատասխանում է. «Միայն քո փրկության մասին մի´ մտածիր, այլ մանավանդ ազգիդ ազատության մասի´ն խորհիր. գուցե Աստված այսօրվա համար է քեզ թագուհի դարձրել»:

Երբ Եսթերը սույն պատասխանն է ստանում, լուր է ուղարկում, որ ժողովրդին պատվիրի` երեք օր ու գիշեր ծոմապահությամբ Աստծուն աղոթ-աղաչանքներ մատուցեն: Ինքն էլ իր նաժիշտի հետ ծոմապահությամբ Աստծու օգնությունը աղաչելուց հետո խոստանում է ներկայանալ թագավորին:

Հիրավի, Մուրթքեի պատվերի համաձայն, Սուսիս քաղաքի բոլոր հրեաները ծոմապահությամբ աղաչում են Աստծուն, սակայն թագուհին էլ, իր հերթին աղոթքի կանգնելով, խոստովանում է մինչ այդ օրերը Աստծու` իսրայելացիների հանդեպ կատարած բարությունները և ողորմությունը, մանավանդ որ միայն Նա է ամենակալ, և բոլորը Նրա հրամաններին են սպասում, ամեն ինչ հայտնի է Նրան, և ոչ մեկը չի կարող նրա հրամաններին ընդդիմանալ. այս ամենը մեկ առ մեկ խոստովանելով` սրտահույզ հառաչանքներով աղոթում և խնդրում է Աստծուն, որ ժողովրդի հանցանքները ներելով` ազատի թշնամուց  և նրանց տրտմությունը ուրախության վերածի:

Հետո Եսթերը, հանդերձը հանելով, քուրձ է հագնում և գլխին մոխիր և աղբ ցանելով` դարձյալ արտասուքներով և թախանձագին պաղատանքներով Աստծու օգնությունն է հայցում, և շատ ու շատ է աղերսում, որ չխնայի Իր ողորմությունը և փրկի Իր ժողովրդին ներկա տագնապալից և անհուսալի վիճակից, ինչպես  մանրամասնորեն պարզաբանված է Սուրբ գրքում:

Երրորդ օրը թագուհու զգեստները հագնելով և բոլոր զարդարանքները դնելով՝ անասելի շքեղ տեսք է ստանում և Աստծու ողորմությանն ապավինելով` երկու աղախինների հետ շարժվում է  թագավորական պալատը: Նաժիշտներից մեկը նրա զգեստների քղանցքն էր բռնել, իսկ մյուսի ձեռքին ինքը` թագուհին էր հենվել: Եվ քանի որ գործող օրենքի հակառակ է գնում թագավորի մոտ, այնտեղ հասնելուն պես երկյուղից սփրթնում է, և աղախնին հենվելով`ոտքի վրա մնալու ուժը նվազում:

Թագավորը նրան տեսնելուն պես թեև մի բարկացկոտ շարժում է անում, սակայն Աստված իսկույն սանձահարում է նրա բարկությունը (Եսթ. 15:14), թագավորը, հեզությամբ իջնելով աթոռից, բռնում է նրան, որ վայր չընկնի: Ապա թագավորը սկսում է աղաչանքներով և հուսադրող խոսքերով խոսել և մխիթարել նրան` ասելով. «Ի՞նչ եղավ քեզ, Եսթե´ր, ես քո եղբայրն եմ, համարձա´կ եղիր, չես մահանա, քանի որ երկուսիս հրամանն էլ մեկ է», և ոսկե գավազանը պարզելով` համբուրում է նրան:

Այն ժամանակ Եսթերը, մի քիչ ուշքի գալով, ասում է. «Քեզ Աստծու հրեշտակի նմանեցնելով` վախեցա», և նորից ընկնում է: Թագավորը, նորից աղաչելով, ասում է. «Ասա´, Եսթե´ր, ի՞նչ ես խնդրում, մինչև իսկ թագավորությանս կեսը կտամ քեզ», և կրկնում է: Նույն պահին Արտաշեսի պալատականներն էլ են ներս գալիս, և նրանք էլ են խնդրում` ասելով. «Խոսի՛ր, մի´ վախեցիր»: Եսթերը պատասխանում է. «Այսօր ինձ համար  նշանավոր օր է, եթե իմ թագավոր տիրոջը հաճելի է, այսօր  թող Համանի հետ միասին հրավերս ընդունի»: Թագավորը, իսկույն կանչելով Համանին, խնջույքի է գնում: Ուտել- խմելուց հետո Արտաշեսը թագուհուն ասում է. «Խնդրի´ր, ինչ որ ուզում ես»: Թագուհին դարձյալ աղաչում է, որ հաջորդ օրը նորից Համանի հետ իրեն պատիվ անի և գա հյուրասիրության:

Դու Համանի չարությո´ւնը տես. նա, ով արդեն իսկ հպարտ էր, այժմ առավել ևս հպարտացած, թագուհու խնջույքից դուրս գալով,  Մուրթքեին տեսնելուն պես չափազանց զայրանում է: Տուն գնալով` կանչում է կնոջն ու սիրելիներին և նրանց պատմում, որ թագուհու հյուրասիրությունից է վերադառնում, և որ մանավանդ վաղն էլ է հրավիրված, և թագուհին, իրենից և թագավորից բացի, ոչ մեկին չի կանչել, և սնափառությամբ ինքն իրեն գովելուց հետո ավելացնում է. «Այս բոլոր պատիվները ինձ հաճելի չեն, քանզի Մուրթքեին եմ միշտ տեսնում պալատում»:

Ներկաները, նրա զայրույթը ավելի ևս գրգռելով, ասում են. «Հրամայի´ր, որ հիսուն կանգուն երկարությամբ մի կախաղան պատրաստեն և վաղը թագավորից խնդրի´ր, որ Մուրթքեն կախվի այդ փայտից, և դու էլ գնա խնջույքին և ուրախացի´ր»: Արդարև, այս առաջարկը Համանին հաճելի է թվում և ըստ այդմ իսկույն պատրաստել է տալիս:

Սակայն դու Աստծու արդարությո´ւնը տես. Համանն անօրինաբար է հաջորդ օրը Մուրթքեին կախաղան հանելու ցանկություն ունենում, Աստծու դատաստանով և վճռով Մուրթքեն ազատվելով՝ հենց ինքը` Համանն է այդ նույն կաղախանից կախվում:

Աստվածային կարգադրությամբ հենց այդ գիշեր թագավորի քունը փախչում է, և ժամանակ անցկացնելու համար ատենադպրին կարդալ է տալիս արքունական արձանագրությունների մատյանը: Ատենադպիրը զուգադիպությամբ կարդում է այն հատվածը, որում Մուրթքեի հավատարմության և նրա կյանքի դեմ դավադրության մասին էր գրված, ինչպես վերը հիշատակվել է:

Այն ժամանակ թագավորը հարցնում է. «Մենք Մուրթքեին ի՞նչ բարիք արեցինք՝ իր հավատարմության փոխարեն», ներկա  ծառաները պատասխանում են. «Նրա հավատարմությունը քեզ հայտնի դարձավ, սակայն դեռևս բարիք չես արել նրան»: Արտաշեսը մտադրվում է Մուրթքեին դիրքի կամ պատվի արժանացնել, սակայն դրա վերաբերյալ ցանկանում է իր խորհրդական նախարարներից էլ խորհուրդ հարցնել, որպեսզի ըստ արժանվույն փառավորի նրան:

Երբ առավոտ կանուխ Համանը արքունիք է գալիս, որպեսզի Մուրթքեին կախաղան հանելու հրաման ստանա, թագավորը, տեղեկանալով նրա գալստյան մասին, կանչել է տալիս և հարցնում. «Ի՞նչ պետք է անել այն մարդուն, որին ցանկանում եմ  մեծարել»: Համանը, որ շատ հպարտ էր և բոլոր պալատականներից ավելի պատիվ ուներ, կարծելով, որ  խոսքն իրեն է վերաբերում, շտապում է պատասխանելու. «Այն մարդուն, որին թագավորը ցանկանում է փառավորել, պետք է թագավորի զգեստն հագցնել և բազմեցնել թագավորի նժույգին, մի մեծ նախարար էլ, սանձից բռնած, պիտի քայլի քաղաքով, և միևնույն ժամանակ մունետիկը  ձայնի. «Թագավորն այսպես է փառավորում այն անձնավորությանը, որին սիրում է»»: Արտաշեսն այդ առաջարկը լսելուն պես պատասխանում է. «Լա´վ ասացիր, գնա´ և ինչպես ասացիր, այդպես էլ արա´ իմ հավատարիմ ծառա հրեա Մուրթքեին»:

Այստեղ կարելի է պատկերացնել Համանի թշվառ վիճակը. նա, ով Մուրթքեի մահն էր տենչում, ստիպված է լինում ժամանակավորապես ձիապանի նման նրա առջևով գնալու, քանի որ խոսքը հետ վերցնել չկարողանալով` կամա թե ակամա հանձն է առնում Մուրթքեի առջևից գնալ, և մեծ փառքով քաղաքում շրջեցնելուց հետո պարտավոր է լինում նորից արքունիք բերել և ձիուց իջեցնել ու կոտրված սրտով և թախծոտ հոգով  տուն վերադառնալ: Երբ տխուր դեպքը պատմում է կնոջն ու սիրելիներին, նրանք, որ նախապես տրամադրել էին Համանին, որ Մուրթքեին կախաղան հանի, այս անգամ ասում են. «Քանի որ Մուրթքեն այսպիսի աստիճանի և պատվի հասավ, պետք է հնազանդվես նրան, քանի որ Աստված նրա հետ է»: Մինչ նրանք խոսում էին, թագավորի կողմից երկու մարդ է գալիս` նրան թագուհու ընթրիքին կանչելու: Թեև Մուրթքեի փառավորվելու համար Համանի սիրտը կոտրված էր, բայց և այնպես թագավորի հետ միայնակ Եսթերի հրավերքին ներկա լինելը մի փոքր մխիթարում է նրան:

Ուստի փութաջանորեն շտապում է՝ ուրախ դեմքով ներկայանալու թագավորին, և երբ հյուրասիրության ժամանակ ուտում, խմում և զվարթանում են, թագավորը կրկին ու  կրկին Եսթերին առաջարկում է խնդրել, ինչ ցանկանա: Այն ժամանակ թագուհին սրտառուչ եղանակով պատասխանում է. «Եթե Ձերդ ողորմածությունը կկամենա, ազատի´ր ինձ և իմ ազգին»: Այո´, մինչ այժմ չէր հայտնել, որ ինքը հրեա է, սակայն այժմ հարկադրված խոստովանում է:

Քանի որ հրեաները մահվան էին դատապարտվել, ուստի ինքն էլ ցանկանում է հասկացնել, որ ինքն էլ, նույն ցեղից լինելով, մահվան է պարտական, որպեսզի իր պատճառով ազգին էլ ազատագրի: Երբ թագավորը, այդ խոսքերից զարմացած, հարցնում է. «Ո՞վ է, որ մի այդպիսի բան է հանդգնել անելու»: Եսթերը Համանի երեսին ասում է. «Ահա այս թշնամին և այս չար Համանն է հանդգնել խորհելու»: Թագավորը, իսկույն փոխելով դեմքի արտահայտությունը, մի զայրալից ակնարկ ուղղելով Համանին, դուրս է գալիս խնջույքից. մերձակայքում մի ծաղկած բուրաստան է լինում, և նա շտապում է՝ այնտեղ  մտնելու և սրտի բարկությունը մեղմելու:

Երբ թշվառ Համանը, թագուհու ոտքերն ընկած, իր ազատություն էր խնդրում, թագավորը նորից ներս է մտնում և, Համանին Եսթերի մոտ տեսնելով, բարկությամբ գոչում է. «Այնքան ես առաջ գնացել, որ իմ կնոջ վրա էլ ես համարձակվում բռնանալ»: Համանը, թագավորի ահեղ բարկությունից շվարելով և ոտքի վրա մնալու կարողությունը կորցնելով, անմիջապես ընկնում է երեսնիվայր: Այն ժամանակ թագավորի սպասավորներից մեկն ասում է. «Համանը հիսում կանգուն երկարությամբ մի փայտ է տնկել իր այգում, որպեսզի թագավորի հրամանով Մուրքեին այդտեղից կախել տա»:

Արտաշես թագավորը սույն խոսքերը լսելուն պես հրամայում է, որ Համանին իսկույն կախեն, և իսկույն կախում են նույն այն փայտից, որը պատրաստել էր Մուրթքեի համար: Ահա այսպես է վերջանում նախանձ մարդու կյանքը, ինչպես  գրված է. «Ոսկի տառերով թող ամեն ոք գրի սա. ամեն ոք ինքն է ընկնում, եթե այլոց համար է փոս փորում»:

Երբ ամբարտավան և անգութ Համանը ոչնչանում է, թագավորի բարկությունն անցնելով` Համանի ողջ ունեցվածքը Եսթերին է պարգևում, մանավանդ իմանալով, որ Մուրթքեն Եսթերի ազգականն է, թագավորական կնիքը նրան է հանձնում, ինչպես  նախկինում Համանին էր հանձնել: Եսթերն էլ իր ունեցվածքի վերակացու նրան է կարգում և Համանի ունեցվածքի եկամուտների կառավարումն էլ նրան  հանձնում:

Հետո հրեաների ազատության համար Եսթերը նորից է խնդրում արքային, որը հրամայում է, որ Եսթերն ու Մուրթքեն ինչ հրաման ցանկանում են, արձակեն: Արդարև, նրանց խնդրանքի համաձայն, բոլոր գավառների կառավարիչներին հրամաններ են ուղարկվում` հետևյալ բովանդակությամբ. «Հրեա ժողովրդին պատժելու համար սրանից առաջ գրված հրամանը ջնջված է. այսուհետև ոչ մեկը նրանց չվնասի և նրանց ունեցվածքին չմոտենա. նրանք ամեն ինչով ազատ պիտի լինեն, ընդհակառակը, նրանց թշնամիները թող ոչնչանան Համանի նման, որն անհավատարիմ էր թագավորին և հրեաներին էլ թշնամի էր. նա մեր հրամանով կորավ, և Եսթեր թագուհու և Մուրթքեի հավատարմությունն էլ հայտնի դարձավ»: Սույն հրամանը Սուսիս քաղաքում էլ կարդացվելով` հրեաները, հրովարտակի համաձայն, կոտորում են իրենց թշնամիներին, որոնց մեջ էին նաև Համանի բոլոր որդիներին:

Ուշադրությո´ւն դարձրու. իսրայելացիները նախապես ինչքան տրտմում են, սակայն այս անգամ ստույգ մահվանից և բոլոր վտանգներից ազատվելով` է´լ ավելի են ուրախանում և Աստծու մարդասիրությունը չմոռանալու համար իրենց ազատվելու օրը ամեն տարի տոնում են մինչև այսօր: Ահա այսպես կատարվում է Մուրթքեի երազը, որովհետև վերոհիշյալ երկու վիշապները խորհրդանշում էին Համանին և Մուրթքեին, փոքրիկ աղբյուրը Եսթերն էր, քանի որ նա, գերի աղջիկ լինելով, թագավորի կին և թագուհի է դառնում, մի մեծ գետի նման մեծ զորություն ձեռք բերելով` նրա միջոցով հրեաները հաղթում են իրենց ոխերիմ թշնամուն:

Արդ. մինչ այժմ պատմածներից պարզ է դառնում, որ Եսթերը, Մուրթքեն և բոլոր հրեաները, Աստծու ողորմությունը հուսալով, սուգ պահելով և ծոմապահությամբ քուրձ հագնելով և սրտագին հառաչանքներով և արտասվալից աղոթելով, ոչ միայն մահվանից են ազատվում են, այլև մեծ պատիվ և փառք են ձեռք բերում:


 
 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․