Գրքեր
Հարց 39 - Ի՞նչ է տների բորոտությունը:

Պատասխան – Գիտնականներից ոմանք փիլիսոփայորեն են մեկնում տների բորոտությունը: Նրանք գտնում են, թե պատի քարերի անհարմար շարքից է լինում: Պատճառն այն է, որ աղի, բորակի և ծծմբի մասնիկներն օդի խոնավությունից թուլանում են և միշտ ներս վազելով քարերի բարակ ծակոտկենների միջով՝ ուտում-մաշում են քարի գոյացության մածուցիկ հատվածները, որոնցով քարի ամուր կտորները փշրվում են ավազի պես: Դրանից կանաչ ու կարմիր բծեր են տարածվում պատի երեսին, ինչպես բորոտությունը մարմնի վրա: Երբ պատի երեսի ծեփն սկսում է թափվել և տհաճ բորակ ու շոգիներ են դուրս գալիս պատերից տան մեջ՝ ապականելով օդը, զանազան հիվանդությունների պատճառ են դառնում բնակվողների համար: Եթե նման տների համար հոգ չտարվի ու երկար մնան այդպես, թե՛ տունը վտանգի մեջ կլինի, թե՛ այդ խոնավության շատությունը կապականի բնակիչներին:

Բայց Սուրբ Գրքի մեկնիչներից ոմանք ասում են, թե ինչպես իսրայելցիների նորանշան պատիժները, նույնպես և սա Աստծո կողմից մեղքերի պատճառով նրանց տրված մասնավոր պատիժ է: Այս մեկնությամբ հաստատվում է Մովսեսի խոսքը, որ ասում է Աստծո առջև. «Երբ դուք մտնեք քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրև սեփականություն եմ տալու, և ձեր սեփականությունը հանդիսացող այդ երկրի տներում բորոտության վարակ տարածեմ…» (Ղևտ. 14:34):

Այդ տների բորոտությունը բոլորովին տարբեր թունավոր դրսևորում ուներ: Այժմյան  փիլիսոփաների ասածի պես՝ այնպիսի մասնիկներ էին, որ ոչ միայն պատերի, այլև տան բնակիչների և ունեցվածքի վրա կարող էին իրենց վարակով ներգործել և վարակիչ հիվանդության պատճառ դառնալ: Դրա համար Մովսեսը հրամայեց տունը հիմքից քանդել, իսկ շինանյութը չօգտագործել՝ ո՛չ քարը և ո՛չ փայտը: Վերջապես տների բորոտությունը պատիժ են համարում, այլ ոչ՝ բնական երևույթ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․