Գրքեր
Հիսուսն ինչո՞ւ հովիվների այրում ծնվեց:

Իջևանելու տեղ չգտնելու պատճառով: Որովհետև ինչպես Գ. հարցում հիշատակվեց, քանի որ ամեն մարդ պարտական էր իր ծննդավայրում տոմարի մեջ արձանագրվելու, ուրիշ տեղերում բնակվող բոլոր բեթղեհեմցիներն օր առաջ եկել էին գրանցվելու, որի պատճառով դատարկ տուն չէր մնացել: Այդուհանդերձ, այս պարագայում ևս խորհրդավոր նպատակ կար. քանի որ նույն այրում եզ ու էշ կային, կատարվեց Ամբակում մարգարեի մի կանխասացությունը, թե՝ «Երկու կենդանիների միջև պիտի ճանաչվես դու»:

Նմանապես, Եսայի մարգարեի այն խոսքը, թե՝ «Եզն իր տիրոջը, էշը իր տիրոջ մսուրը ճանաչեց, իսկ Իսրայելը ինձ չճանաչեց», կարելի է պատշաճ կերպով այսպես մեկնել: Հիսուսի ծննդյան ժամանակ բնակարան և  տուն չգտնելով՝ Բեթղեհեմից դուրս մի այրում ծնվելու անհրաժեշտությունը նշան էր, որ հրեաները չպիտի ընդունեին իրեն իբրև Փրկչի: Բացի սրանից, Հիսուսն իբրև քաջ հովիվ եկել էր գտնելու կորուսյալ ոչխարներին, այսինքն՝ մեղավոր մարդկությանը. այս պատճառով հովիվներին պատկանող մի անշուք այրում ծնվեց:

Մանավանդ խոնարհ և աղքատ մի մարդու նման այրում ծնվելով և մսուրի մեջ դրվելով՝ Հիսուսը բոլոր մարդկանց առաքինության և անձնուրացության դաս և օրինակ է տալիս, որպեսզի աշխարհիկ զվարճությունը, հարստությունը և մեծությունն արհամարհելով՝ միշտ խոնարհ լինեն սրտով և արքայության  անվախճան ուրախությունը, մեծությունն ու փառքը  փափագեն կատարյալ հավատով:

Ուրեմն խորհի՛ր և խորամո՛ւխ եղիր, որ թեև Հիսուսը՝ մեր Փրկիչը, աղքատի կերպարանքով աշխարհ եկավ, բայց վերոհիշյալի համաձայն՝ նրա ծննդյան ժամանակ հրեշտակները, մեծ փառքով երկնքից երկիր իջնելով և  նրա ծնունդը ողջ մարդկության ուրախության ու փրկության պատճառ հռչակելով, հաստատեցին, որ նա է ամենակարող և ամենքի Տերը՝ երկնավոր թագավորը: Այդպես էլ երեք իմաստուն թագավորները, հեռավոր երկրներից Հիսուսին երկրպագելու գալով, ցույց տվեցին, որ նա պետք է բոլորի վրա իշխի, և որ նրա իշխանությունն ու թագավորությունը վախճան չունեն:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․