Գրքեր
Հարց 82 – Դանիելի մարգարեության մեջ Նաբուգոդոնոսոր թագավորի մասին ասվում է. «Նա հալածվեց ու վտարվեց մարդկանց միջից, ինչպես արջառ՝ նա խոտ էր ուտում, և նրա մարմինը թրջվեց երկնքի ցողից, մինչև որ նրա մազերը երկարեցին առյուծի մազերի չափ, և նրա եղունգները՝ թռչունների մագիլների պես»: Արդյոք ամբողջությա՞մբ գազան դարձավ:

Պատասխան – Ոմանք կարծում են, որ մարդկային գոյացությունը պահպանվեց և միայն մարմնի արտաքին ձևը փոխակերպվեց՝ վայրեի անասունի նման: Մի մասն էլ գտնվում է, թե ամենևին իրական փոփոխություն տեղի չունեցավ մարմնի որևէ մասի հետ կապված, այլ արտաքին երևույթը միայն այլակերպվեց: Այդպես պատահում է կախարդության ժամանակ, իրերի նախնական կերպերն այլայլվելով՝ ամեն ինչ փոխված է թվում: Թագավորին տեսնողները ևս ասում են, թե իրենց վայրենի անասունի նման էր երևում, սակայն իրականում նա այդպիսին չէր:

Ոմանք այս երկու կարծիքից զատ, ասում են, թե իրավամբ անասունի նմանություն չստացավ և ոչ էլ տեսնողներն էին նրան այդպես տեսնում կամ այդպես էր երևում, այլ միայն խելացնոր լինելով, ինքն իրեն վայրենի անասուն էր համարում, որի պատճառով և անասունի կերակուր էր ուտում, անասունի բնի մեջ բնակվում, անասնական կենսակերպ վարում: Սակայն աստվածաբան վարդապետները Նաբուգոդոնոսորի երազի մասին ասում են, որ այն վերաբերում էր երևացած ծառի արմատի շառավղին, երբ ասվում է՝ բաց թողեք երկաթե և պղնձե լարերով պատված:

Իսկ Դանիելը, որ մեկնում է երազը, այդ երկաթների մասին լռում է: Երկնքից եկած ձայնը, որ լսեց Նաբուգոդոնոսորն արթուն ժամանակ, ևս այդ երկաթները չի հիշատակում: Շատ ծանր էր թագավորի փախչելը և անտառում պահվելը, եթե կապված լիներ երկաթալարով: Ուրեմն երևում է, որ Նաբուգոդոնոսորը չի կապվել, իսկ երազին երևացած երկաթալարերը պարզ այլաբանություն էին, որ ցույց էին տալիս, թե յոթը տարվա մեջ նա անտառներից չպիտի դուրս գա, այլ աներևույթ զորությամբ այնտեղ պետք է կապված մնա:

Աստվածաբանները հավելում են, թե այն երազում ասվում է. «Նրա մարդկային սիրտը թող փոխվի, և գազանի սիրտ տրվի նրան»: Երազի աստվածուսույց մեկնիչն իր մեկնության մեջ չի քննարկում այդ բառերը, առանձին բացատրություն ևս չի տալիս, այլ ընդհանրապես ասում է. «Թող գազանների հետ բնակվի անապատում և որպես արջառ թող խոտ տրվի նրան»: Այդ բառերը չեն կրկնվում նաև Նաբուգոդոնոսորին երկնքից հասած ձայնի մեջ: Սրանից պետք է հասկանալ, որ սա ևս այլաբանորեն է ասվել, որպեսզի գուշակությամբ ավելի հաստատվի գազանների հետ անապատում բնակվելը: Անապատում բնակվողին հարկավոր չէր կերպարանքի ո՛չ ներքին և ո՛չ արտաքին այլափոխություն և իր կամ մեկ ուրիշի անուրջի մեջ երևալ այլափոխված:

Նաև ասվում է, թե «անապատի գազանների հետ երկրի խոտից բաժին ունենա»: Այս բառերից հայտնի է դառնում այն ամենը, որ սահմանվել էր Նաբուգոդոնոսորին՝ նմանվել անասունի, այսինքն՝ խոտ ուտել, որ առանց մշակության, ինքնուրույն է բուսնում: Այլ կերպ չի երևում Նաբուգոդոնոսորի՝ անասունի նմանվելը, բացի կերակրից, այսինքն՝ խոտ էր ուտում: Սրանից ելնելով՝ հարկավոր չէ ասել, թե չորս ոտքերի վրա անասունի նման խոտ է կրծում: Կամ ամենևին պարտադիր չէ հիմար կամ խելագար լինել՝ խոտ, այսինքն՝ ծառի բողբոջ կամ արմատ ուտելու համար: Հարկ էր, որ ինքն իրեն անասուն համարեր, որովհետև կյանքն ազատելու համար Նաբուգոդոնոսորն ստիպված եղավ փախչել և պահվել անտառում՝ չերևալով մարդկանց և ուտելով անտառում գտնվածը:

Եթե ոմանց ասածի նման ինքն իրեն վայրենի անասուն համարեր և անասունի ախորժակ ունենար, այն անտառը նրա համար զբոսավայր կլիներ, ուր նրան ուղարկել էր Աստված՝ պատժելու համար: Եթե խելքը գցած լիներ և չգիտակցեր իր մարդ լինելը, անկարող էր անասնական հիմարության մեջ Աստծուն մտաբերել և ոչ էլ իր ուշացած զղջումը մեղք կհամարվեր, քանզի հիմար լինելով՝ դարձի գալու և զղջալու ազատ իշխանություն չուներ:

Հիրավի մարդկային հիմարությամբ էր տառապում, քանզի երկար ժամանակ իր համառությունը շարունակելով՝ ներքուստ պատուհասվեց, չփորձեց արագորեն խոնարհվել Աստծո առջև: Այսպիսի հիմարություն ընդհանրապես բոլոր մեղավորներն էլ ունեն, որոնք մեծ մոլորության մեջ մնում են երկար ժամանակ: Թեպետ միշտ զղջալու հնարավորություն ունեն, սակայն չեն զղջում: Հետևում են իրենց չար սովորությանը, քան՝ բանականության լույսին: Դա ոչ թե անտեղյակությունից է կամ անձնիշխանություն չունեն, այլ չեն կամենում իրենց ինքնատիրապետել: Եթե Նաբուգոդոնոսորը, նրանց ասածի նման, հիմարացել էր և իրեն վայրենի անասունի տեղ էր դրել, թեպետ թշվառ էր և, իր թշվառությունը չգիտակցելով, նեղսրտում էր, չընկալելով իր տանջանքը, ուստի այդ պատիժն իր համար հանգիստ էր համարում ու զվարճություն: Այսպես են հիմարության սովորական գործերը, որ միշտ խելացնոր եղողներն են բացահայտում:

Նաբուգոդոնոսորի սրտի անպատմելի նեղությունն ու դառնությունն այն էր, որ իր համար պատիժ էր իրեն մարդ զգալը, թագավոր լինելը և երկյուղում էր ժողովրդի ապստամբությունից, որի ժամանակ, իր կարծիքով, պիտի սպանեին իրեն: Դրա համար ակամա փախել էր, բնակվում էր գազանների հետ և անասունի պես խոտ էր ուտում: Լսելով այն ահարկու ապստամբության աղմուկը, որով միաբանվել էին իր դեմ, անասելի երկյուղով փախավ քաղաքից, գնաց, բույն դրեց անտառի ծառերի մեջ և այնտեղ մնաց՝ մարդկանց աչքից հեռու, երկնքի ցողի տակ, կրեց անձրևի, ձյան, օդի ջերմությունն ու ցուրտը և վնասակար բոլոր հողմերը:

Որոշ ժամանակ անց հանդերձները մաշվեցին և մերկ մնաց: Գլխի ու մորուքի մազերն առյուծի մազերի նման խառնվեցին, եղունգները թռչունի մագիլների նմանվեցին, դեմքը նիհարեց, չորացավ, մարմինն օդի խստությունից պղնձագույն դարձավ ու ցամաքեց: Գրեթե նմանվեց մորթով պատված մեռելի ոսկորների: Միայն թե կենդանի հոգի ուներ վրան, իսկ մարմնի ողջ ձևն այլանդակվել էր: Բոլոր աստվածաբաններն ասում են, թե միայն այսպես էր փոխվել Նաբուգոդոնոսոր թագավորի կերպարանքը, այն էլ ոչ միանգամից, այլ կամաց-կամաց, քանզի նաև ինքը՝ Նաբուգոդոնոսորը, այլ տեսակի փոփոխության մասին չի խոսում, երբ պատմում է գլխին եկածները: Նաև հասարակության կարծիքն է, որ թագավորի նախնական կերպարանքն ու ձևը չայլափոխվեցին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․